• Մեր մասին
  • Ինչպես խոսել երեխայի հետ սեռականության մասին
  • Ինչպես հղել մեզ հարց
  • Կապ
[email protected]
Login

Login
ՍեռականությունՍեռականություն
  • Մեր մասին
  • Ինչպես խոսել երեխայի հետ սեռականության մասին
  • Ինչպես հղել մեզ հարց
  • Կապ

Ինչպես խոսել երեխայի հետ սեռականության մասին

Ի՞նչու ենք վախենում խոսել սեռականության մասին

Միշտ չէ, որ հեշտ է խոսել սեռականության մասին, հաճախ մենք ցանկություն ունենք խոսելու, բայց չգիտենք, թե ինչպես խոսել այդ մասին, քանի որ մեզ  ուղեկցում է այն վախը, թե խոսելով մենք մեր երեխաներին դնում ենք ռիսկային իրավիճակի մեջ, որ իրենք շուտ կնախաձեռնեն սեռական ակտիվությունը, որ խնդիրներ կունենան և այլն: Շատ անգամ դեռահասները խոստովանում են, որ ծնողները մեծ ազդեցություն ունեն իրենց սեռական որոշումների վրա: Ապացուցված է, որ իրենց երեխաների հետ սեքսի, սեռականության հարցերի շուրջ զրուցող ծնողների երեխաներն ավելի ուշ են սկսում սեռական կյանքը, ավելի պաշտպանված և տեղեկացված են լինում: Հակառակը`չխոսելով մենք կարող ենք կորցնել մեր երեխաների  վստահությունը և արդյունքում տեղեկատվություն չտալով ոչ թե պաշտպանենք մեր երեխաներին, այլ նրանց կանգենցնենք չպաշտպանված իրավիճակների առջև: Միևնույնն է շատերին է հետաքրքրում սեռականության թեման և դա միանգամայն նորմալ և առողջ երևույթ է /կարևոր է ծնողներին հիշեցնել, երբ իրենք փոքր էին` ինչ էր իրենց հետաքրքրում/: Ամեն դեպքում պատանիները, դեռահասները փորձելու են գտնել իրենց հուզող հարցերի պատասխաններն այլ աղբյուրներից, երբեմն նաև ոչ վստահելի (համացանցային  կայք էջեր, որոնք հասանելի են բոլորին, ընկերներ, ովքեր ևս չունեն տեղեկատվություն կամ երբեմն ունեն սխալ տեղեկատվություն և երբեմն էլ իրենք կարող են ունենալ սեռական հարաբերություն, որպեսզի իմանան, թե ինչ է դա իրենից ներկայացնում): Շատ հետազոտություններ ցույց են տվել, որ դեռահասները շատ ավելի սեռապես ակտիվ են, քան ծնողները կարող են ենթադրել: Ծնողների դերը իրապես կարող է փոփոխություն մտցնել՝ կառուցելով ամուր հարաբերություններ: Տվյալ հարաբերությունները կարևոր են դեռահասության շրջանում անցանկալի հղիությունների և ՍՃՓՎ-ների/սեռական ճանապարհով փոխանցվող վարակներ/նվազեցման գործում:

Ի՞նչպես կարող եմ խոսել սեռականության մասին

Շատ հաճախ ծնողները կամ հարազատները չեն կողմնորոշվում, թե ինչպես խոսել, ինչ ասել և ինչպես դա ասել, որի  արդյունքում որոշում են լռել: Սա ամենևին ճիշտ լուծում չէ, հակառակը`պետք է կարողանալ վստահության շրջանակ ստեղծել երեխայի և ծնողի միջև, տրամադրել ճիշտ և գրագետ տեղեկատվություն: Երբեք չի կարելի մերժել պատասխանել երեխաների հարցերին կամ մեղադրել նրանց`ծնողներին նմանատիպ հարցեր տալու համար: Նույնիսկ երեք տարեկան երեխայի մոտ են առաջանում հարցեր սեռականության վերաբերյալ, իսկ շարունակաբար պատասխան չստանալու դեպքում այլևս կարող են չհարցնել և գտնել  իրենց  հարցերի պատասխաններն ուրիշներից կամ ուրիշ տեղերից: Պետք է հիշել, որ հարցն իր մեջ չի պարունակում այլ մտքեր, շատերը վախենում են, որ իմանալով թե ինչ է սեռական հարաբերությունը, երեխան կցանկանա փորձել այն, սակայն փորձը ցույց է տվել հակառակը: Դա սովորական հետաքրքրություն է: Ահա մի քանի խորհուրդներ, որոնք կօգնեն Ձեզ այդ հարցում.

  • Կարևոր է տիրապետել ճիշտ տեղեկատվության և ազատ խոսել, չկաշկանդվել և չամաչել:
  • Երբեք չքննադատել տրված հարցի համար, քաջալերել և խթանել հնչեցնել իրենց հուզող ու անհանգստացնող բոլոր հարցերը:
  • Լավ է, երբ շուտ ես սկսում խոսել երեխաների հետ սեռականության մասին, բայց եթե ուշացնում եք կարևորը սկսելն է, երբեք ուշ չէ:
  • Սկզբում հնարավոր է երեխայի հետ շփման ժամանակ առաջանա անհարմարության զգացում, սակայն ժամանակի ընթացքում խոսակցությունը կդառնա ավելի հեշտ:

Կան բազմաթիվ ճանապարհներ խոսակցությունը սկսելու համար: Օրինակ հեռուստատեսությամբ կարող է ինչ-որ երգ կամ հաղորդում լինել դեռահասության մասին, մարմնի կառուցվածքի կամ հղի կնոջ մասին: Այս բոլոր օրինակները լավ առիթներ են խոսակցություն սկսելու համար: Ահա մի օրինակ, թե ինչպես է հայրը սեռականության մասին խոսելու վստահություն ձեռք բերում իր աղջկա մոտ:

https://www.plannedparenthood.org/parents/talking-to-kids-about-sex-and-sexuality տեսահոլովակի հղումն է:

Ե՞րբ է պետք սկսել խոսել սեռականության մասին

Որոշ մարդիկ կարծում են, որ պետք է պլանավորել քննարկվող նյութը և երեխայի հետ քննարկել այն մեկ անգամ, սակայն ավելի ճիշտ է դա անել հետզհետե և քննարկել բոլոր թեմաներն ամբողջ կյանքի ընթացքում: Ճիշտ է, երեխաների հետ անհրաժեշտ է սկսել խոսել վաղ տարիքից, որպեսզի նրանց  մոտ զարգանա հարգանք դիմացինի հանդեպ: Լավ կլինի սկսել խոսակցությունը մարմնի մասերից կամ հարց ուղղել` արդյոք իրենք գիտեն, թե ինչու տղաներն ու աղջիկներն ունեն տարբեր սեռական օրգաններ: Կարևոր է նաև խոսակցության ընթացքում հաշվի առնել երեխայի տարիքը և խոսակցությունը համապատասխանեցնել տարիքի հետ: Օրինակ, երբ հինգ տարեկան երեխան հարցնում է` ինչ է ծննդաբերությունը` պետք է ասել, որ ծննդաբերությունն այն երևույթն է, երբ բալիկը դուրս է գալիս մայրիկի փորիկից, իսկ տաս տարեկանին կարելի է բացատրել, որ բալիկը զարգանում է ամբողջ ինը ամիսների ընթացքում և այդ ընթացքը կոչվում է հղիություն, ներկայացնել ավելի մանրամասն: Մի անհանգստացեք, եթե դեռ չեք սկսել զրուցել երեխայի հետ սեռականության մասին: Կարող եք սկսել այսօրվանից, երբեք ուշ չէ, կարևորն այն է, որ միանգամից շատ տեղեկատվություն չտրամադրեք: Տեղեկատվություն տրամադրելը պետք է արվի քայլ առ քայլ: Եղեք բաց հարցերի քննարկման համար:

Ի՞նչ տեղեկատվություն ես պետք է հաղորդեմ իմ երեխաներին

Կարևոր է հաղորդել ճշգրիտ տեղեկատվություն, բացատրել ինչ է սեռականությունը և ինչ է սեռական հարաբերությունը, խոսել ՍՃՓՎ-ի/սեռական ճանապարհով փոխանցվող վարակներ/ և հակաբեղմնավորման մեթոդների մասին:

  • Կարևոր է նախապես պլանավորել, թե ինչ տեսակի ուղերձներ և արժեքներ ենք ուզում փոխանցել մեր երեխաներին և մեր քննարկումը կառուցել այդ հիմքի վրա: Օրինակ, եթե մենք կարծում ենք, որ սեռերի տարբերությունները կայանում են միայն սեռական օրգանների տարբերության մեջ և ոչ մի այլ հարցում, մենք մեր քննարկվող նյութը և օրինակները նման կերպ պետք է կառուցենք. խոսենք այն մասին, որ և’ տղաները, և’ աղջիկները կարող են հագնել նույն հագուստը, կամ շփվել իրենց ընկերների հետ, նույն մասնագիտություններն ընտրել և այլն:
  • Տալ տարիքին համապատասխան հասանելի տեղեկատվություն:
  • Խոսել հնարավորինս պարզ և մատչելի լեզվով` չօգտագործելով դժվար տերմիններ:
  • Միշտ ճշտել՝ արդյոք երեխան հասկացել է քննարկվող նյութը, թե ոչ, եթե ոչ, ապա փորձել նորից առավել հեշտ բառերով բացատրել, բերել օրինակներ, քաջալերել, որպեսզի երեխան կարողանա անկաշկանդ հարցադրումներ կատարի:

Ի՞նչպես ես կարող եմ մեր խոսակցությունը դարձնել առավել հարմարավետ

Շատ անգամ ինչպես ծնողները, այնպես էլ երեխաները կաշկանդվում են քննարկել սեռականության վերաբերյալ թեմաներ և դա բնական է՝ հաշվի առնելով հասարակության մեջ գործող կարծրատիպերն ու արգելքները: Պետք է կոտրել սառույցը՝ ասելով օրինակ, թե Դուք գիտեք, որ փոքր-ինչ անհարմարություն կարող եք զգալ երկուստեք` նման թեմաներ քննարկելիս, բայց դուք սիրում եք Ձեր երեխային, հոգ եք տանում նրա մասին և ցանկանում եք,  որպեսզի նա լինի պաշտպանված, այս ամենը հաշվի առնելով` անհրաժեշտ է կարողանալ խոսել և քննարկել: Արգելքի հաղթահարման բանալին  խոսակցությունները շարունակական դարձնելն է, որի շնորհիվ  ժամանակի ընթացքում քննարկումները կարող են լինել ավելի բաց և անկաշկանդ:

Լսելու ունակություն: Կարևոր է  սովորել լսել, թե ինչ են խոսում  մեր երեխաները, կարող ենք չհամաձայնել նրանց հետ, սակայն  պետք է հանգիստ լսել` առանց քննադատելու և փորձել ուշադրություն դարձնել այն փաստին, թե  ինչ են խոսում նրանք: Երբեք պետք չէ ասել, որ նրանք հիմարություն են խոսում և փորձել լռեցնել նրանց: Հիշեք սեփական անձին այդ տարիքում` մտաբերելով,  թե ինչ հարցեր էին անհանգստացնում այդ ժամանակ կամ ինչ հարցեր էին ծագում, որ հաճախ հնարավոր չէր հարցնել` ամենամեծ ցանկության դեպքում իսկ: Կարևոր է որոշ ժամանակ հատկացնել լսելուն և միայն հարցեր տալուն, որպեսզի ցույց տաք, որ իրոք երեխաներն այնքան սիրված են ծնողի կողմից,  որ ծնողը  փորձում է հասկանալ նրանց մտածելակերպն ու զգացմունքները: Կարելի է ասել, որ երեխայի զգացմունքները լիովին հասկացվում են `նշելով, որ իրենց տարիքում նույնը զգացել եք նաև Դուք, որով և կստեղծվի վստահություն երկուսի միջև:

Ի՞նչպես պատասխանել երեխայի հարցերին, որոնք վերաբերում են սեռական հարաբերություններին և սեռականությանը

Մեր երեխաները շատ հարցեր են ուղղում մեզ սեռականության մասին շատ տարբեր պատճառներով՝ ոմանք հետաքրքրասիրությունից ելնելով, ոմանք ցանկանում են կողմնորոշվել ինչ որոշում կայացնել, ոմանք էլ ցանկանում են հասկանալ այն ինչ զգում են իրենք նորմալ է, թե ոչ. սակայն  ինչ նպատակով էլ, որ տվյալ հարցն ուղղվում է, անհրաժեշտ է տալ ճշգրիտ և փաստացի պատասխաններ: Ահա մի քանի խորհուրդներ, որոնք կարևոր են կիրառել.

  • Երբեք մի պատասխանեք հարցին երկար և բարդ, տվեք կարճ և հասկանալի պատասխան: Եթե կան բառեր, որոնք երեխաները չգիտեն, բացատրեք դրանց նշանակությունը: Պատասխանելուց հետո կարող եք քաջալերել իրենց տալու ավել հարցեր, օրինակ ասելով՝ “Կան էլի հարցեր, որ կուզենայիր ինձ տալ”:
  • Ճշտեք` հասկացել են, թե ոչ. հարցրեք,- “Արդյոք ես պատասխանեցի քո բոլոր հարցերին”:

Նորմալ է, եթե ծնողը չգիտի այն հարցի պատասխանը, որը տալիս է իրեն երեխան: Պետք է անկեղծ լինել և ասել, որ հարցի պատասխանը չունեք, բայց կարող եք միասին ճշտել՝ օգտվելով գրքերից կամ համացանցային տեղեկատվությունից: Դա կօգնի երեխային հասկանալու, թե ինչպես ճիշտ գտնել հարցի պատասխանները ճիշտ աղբյուրներից:

Որո՞նք են այն հարցերը, որ տալիս են նախադպրոցական տարիքի երեխաները

Օրինակներ

  • Հարց – Ինչպե՞ս է երեխան մտել քո փորի մեջ:

Պատասխան – Երբ կինը բալիկ է ունենում իր փորիկի մեջ, դա կոչվում է հղիություն: Կան մայրիկներ, ովքեր իրենց փորիկի մեջ հատուկ տեղում ունեն փոքրիկ ձվիկներ, բայց կան նաև մայրիկներ, ովքեր չունեն և դա ևս նորմալ է: Իսկ հայրիկներն իրենց մեջ ունեն հատուկ սերմեր, և երբ ծնողներն իրար շատ սիրում են`հայրիկի սերմերից մեկը կարող է գնալ և կպնել մամայի ձվիկներից մեկին և բալիկը սկսի մեծանալ: Այս ամենը կարող եք նաև նկարել գունավոր մատիտներով:

  • Հարց – Սա ի՞նչ է /ցույց է տալիս կուրծքը կամ մարմնի մի ուրիշ մաս

Պատասխան – Սրանք կոչվում են կրծքեր, տարիքի հետ կարող են մեծանալ`շատ կամ քիչ, ամեն մեկի մոտ տարբեր է: Կա՞ն ուրիշ հարցեր:

  • Հարց – Ինչու՞ ես ունեմ առնանդամ, իսկ դու՝ ոչ /եթե հարցը մայրիկին է վերաբերվում/ Պատասխան – Տղաներն ունենում են առնանդամ, իսկ կանայք՝ հեշտոց, տղաների և աղջիկների սեռական օրգանները տարբերվում են:

Որո՞նք են այն հարցերը, որ կարող են տալ դպրոցականները

Օրինակներ

  • Հարց – Նորմա՞լ է, երբ ես ինքս ինձ ուսումնասիրում եմ, ձեռք եմ տալիս մարմնիս մասերին

Պատասխան – Այո’, նորմալ է, բայց մենք պետք է սովորենք մեզ ուսումնասիրել, երբ մենք մենակ ենք:

  • Հարց – Ինչպե՞ս է մարդը վարակվում ՄԻԱՎ-ով:

Պատասխան – ՄԻԱՎ-ը վիրուս է, որը ներթափանցում է մարդու արյան մեջ: ՄԻԱՎ-ը լինում է վարակած մարդու արյան[1], սեռական օրգանների հեղուկների, ինչպես նաև կրծքի կաթի մեջ: Դրա համար մարդիկ վարակվում են տարբեր ուղիներով: Բայց դու կարող ես պաշտպանված լինել՝ օգտագործելով միայն միանվագ ներարկիչներ և պահպանակ ցանկացած սեռական հարաբերության ժամանակ: Լավ է, որ օդա-կաթիլային ճանապարհով այդ վիրուսը չի փոխանցվում, և դու չես կարող վարակվել վիրուս ունեցող մարդուն գրկելիս, կողքը նստելիս կամ նրա սպասքից օգտվելիս:

  • Հարց – Տղաներն ունենու՞մ են արդյոք դաշտանային ցիկլ

Պատասխան – Ո’չ, միայն աղջիկներն են ունենում դաշտանային ցիկլ. իսկ դու ի±նչ գիտես դաշտանի մասին, կուզես մի քիչ խոսենք այդ մասին:

  • Հարց – Ի՞նչ է նշանակում գեյ

Պատասխան – Կան մարդիկ, ում գրավում են նույն սեռի ներկայացուցիչները, դա կոչվում է նույնասեռականություն: Կան մարդիկ, ում գրավում են  հակառակ սեռի ներկայացուցիչները, դա կոչվում է տարասեռականություն և կան մարդիկ, ում երկու սեռերն էլ գրավում են և դա կոչվում է երկսեռականություն: Երեքն էլ սեռային կոմնորոշման նորմալ դրսևորումներ են: Կա՞ն այլ հարցեր:

Որո՞նք են այն հարցերը, որ կարող են տալ դեռահասները

Մեծանալով դեռահասները կարող են տալ ավելի բարդ հարցեր:

Օրինակներ

  • Հարց – Ե՞րբ են ավարտվում դեռահասության ժամանակ տեղի ունեցող փոփոխությունները:

Պատասխան – Դժվար է հստակ տարիք նշել, յուրաքանչյուրի մոտ այն անհատական բնույթ է կրում: Տեսականորեն նշում են 12-16 տարեկան:

  • Հարց – Ո՞րքան մեծ է դառնալու իմ կուրծքը:

Պատասխան – Անհատական է, շատ տարբեր կարող են լինել՝ լիմոնի չափից մինչև նարնջի չափ և կյանքի ընթացքում կարող են փոփոխվել:

  • Հարց – Ճի՞շտ է, որ աղջիկը չի կարող հղիանալ առաջին սեռական հարաբերությունից:

Պատասխան – Ո’չ, ճիշտ չէ, եթե չես օգտագործում հակաբեղմնավորիչներ, ապա կարող ես հղիանալ նույնիսկ առաջին սեռական հարաբերությունից:

  • Հարց – Պե՞տք է անպայման սեռական հարաբերություն ունենալ, եթե սիրում եք իրար:

Պատասխան – Ո’չ, սեռական հարաբերությունը հարաբերությունների մի մասն է կազմում միայն, ունենալու որոշումը կարևոր և պատասխանատու որոշում է, շատ բաներ պետք է նախապես մտածել և հաշվի առնել, օրինակ` ինչպես եք ուզում պաշտպանվել, կամ արդյոք հոգեբանորեն պատրաստ եք դիմելու այդ քայլին, թե ոչ: Շատ մարդիկ կան, ովքեր սիրում են իրար, բայց չեն ունենում սեռական հարաբերություն և սա նորմալ է: Կարծու±մ ես, որ սիրահարված ես/ըստ հարցերի բնույթի կարևոր է հասկանալ երեխան արդյոք գտնվում է մանիպուլյացիոն ազդեցության տակ, թե ոչ/: Օրինակ այս հարցը երեխան կարող է ուղղել, որպեսզի հասկանա, թե ինչպիսի ընտրություն է պետք կատարել. հնարավոր է, որ առկա հարաբերություններում կան բռնության տարրեր, օրինակ զուգընկերը ստիպում է ունենալ սեռական հարաբերություն` ասելով. «եթե սիրում ես` ապացուցիր»: Կարևոր է բացահայտել և խոսել այս մասին:

  • Հարց – Կուսաթաղանթ կորցնելը ցավո՞տ է:

Պատասխան – Ո’չ, պարտադիր չէ: Որոշ կանայք կարող են ունենալ ցավ կամ ճնշվածության զգացում, որոշ կանայք ոչ մի ցավ չզգալ, սա կախված է այն հանգամանքից, թե արդյոք կինը լարվածություն կամ կաշկանդվածություն զգում է, թե ոչ:

Ո՞րն է ծնողի դերը

Կարևոր է՝

  • Խոսել այն մասին, ինչի մասին որ չի խոսվում. սեռականության հիմնահարցեր
  • Պաշտպանել երեխային ճիշտ տեղեկատվությամբ
  • Սովորեցնել ինչ է սեռական պատասխանատվությունը. խոսելով սեռական հարաբերությունների մասին շատ կարևոր է երեխային փոխանցել այն միտքը, թե որքանով է երեխան պատրաստ ունենալ սեռական հարաբերություն, սովորեցնել, որ բացի հաճույքից, կարող են լինել նաև անցանկալի հետևանքներ, որոնց ինքը պետք է պատասխանատվորեն մոտենա և պատրաստ լինի թե հոգեպես, թե ֆիզիկապես:
  • Սովորեցնել հարգել սեփական «ես»-ը և դիմացինի ցանկությունները
  • Սովորեցնել «Ոչ» բառին. փոքր տարիքից սկսած անհրաժեշտ է երեխային սովորեցնել, որ եթե նա չի ցանկանում դիմացինն իրեն համբուրի կամ գրկի, ապա կարող է թույլ չտալ, ինչպես նաև սովորեցնել, որ եթե մի բան իրեն դուր չի գալիս, անպայման դրա մասին հայտնի:
  • Փոխանցել կարևոր արժեքներ /սեր հարգանք հոգատարություն/

Ինչպես խոսել հաշմանդամություն ունեցող երեխաների հետ սեռականության մասին

Կան երեխաներ, ովքեր ունեն քրոնիկ հիվանդություն կամ հաշմանդամություն: Դրանք կամ տեսանելի չեն, ինչպես շաքարախտը կամ էպիլեպսիան, կամ էլ բացահայտ են, ինչպես մկանային դիստրոֆիան կամ Դաունի համախտանիշը: Հաշմանդամություն ունենալը կարող է հեռու պահել մեր սեռականության շատ կողմերի հետ շփումից, քանի որ հասարակության մեջ ընդհանրապես ընդունված չէ խոսել հաշմանդամություն ունեցող անձանց սեռականության մասին: Որոշ քրոնիկ հիվանդություններ ու հաշմանդամության տեսակներ, ինչպես քրոնիկ հոգնածության համախտանիշը, ողնաշարի որոշ վնասվածքները, ուղեկցվում են ցավով և հնարավոր է, որ սեռական հարաբերության ցանկություն ունենալու դեպքում էլ ի վիճակի չլինի հանդուրժել որևէ հպում: Ոմանք էլ բացահայտել են, որ սեռական օրգանների անմիջական գրգռումն օգնում է պատնեշել ցավը և մտքերը դրանից:

Սեռականության մասին զրույցը կարող է նպաստավոր և օգտակար լինել Ձեր երեխային, ով ունի մտավոր կամ ֆիզիկական զարգացման հետ կապված որոշ խնդիրներ: Խոսակցության դրական ազդեցությունը ոչ միայն սեռականության վերաբերյալ գիտելիքների ավելացումն է, այլև հնարավորություն է ստեղծում սովորելու, զարգանալու և որոշ կարևոր հմտություններ ձեռք բերելու: Այն օգնում է երիտասարդներին հասկանալ և ճանաչել մի շարք վտանգավոր հարաբերություններ և կանխել վերջիններս, ինչպես նաև օգնում է ինքնավստահության և ինքնաճանաչման բարձրացմանը:

Երիտասարդները, ովքեր ունեն զարգացման որոշակի խնդիրներ, պետք է ստանան սեռականության վերաբերյալ տարիքին և զարգացմանը համապատասխան տեղեկատվություն: Սա կարող է երբեմն որոշակի դժվարություններ առաջացնել ծնողների համար, քանի որ այդքան էլ շատ չէ տեղեկատվությունն այն տեխնիկաների մասին, որոնք օգտագործվում են ուսուցանելու հենց զարգացման խնդիրներ ունեցող երեխաներին, այնուամենայնիվ, կարևոր է որոշակի ջանքեր գործադրել և փորձել դրանք գտնել: Ահա մի քանի խորհուրդներ և միջոցներ, որոնք կարող եք կիրառել Ձեր խոսակցությունն սկսելու համար

  • Օգտագործեք շատ նկարներ ցուցադրության համար: Կարող եք օգտագործել բարեկամների կամ հարազատների ֆոտո ալբոմները և այդպիսով սկսեք խոսակցությունը հարաբերությունների և սոցիալ փոխհարաբերությունների մասին: Եթե Ձեր երեխան կույր է, կարող եք իրեն հիշեցնել որոշ Ձեր ծանոթների մասին և այդպիսով սկսել խոսակցությունը, օրինակ, հարաբերությունների կարևորության մասին:
  • Օգտագործեք կրկնողություններ կարճ տեղեկատվություն փոխանցելու ժամանակ: Փորձեք ստուգել հասկացել է արդյոք Ձեր երեխան այն տեղեկատվությունը, որը հաղորդել եք իրեն` հղելով տարբեր իրավիճակային հարցեր: Կրկնեք կարևոր մտքերը նաև այլ ձևերով, օրինակ սեռականության մասին որևէ հեռուստահաղորդում դիտելիս:
  • Նկարեք, տպեք կամ գնեք մարմնի պատկերներով մի պաստառ կամ գիրք և փորձեք տվյալ ձևով ցույց տալ և բացատրել, թե որ օրգանը որտեղ է գտնվում և ինչ ֆունկցիա է կատարում:
  • Անձնական հիգիենայի կամ դաշտանային ցիկլի մասին խոսելիս տեղեկատվությունը տրամադրեք քայլ առ քայլ համոզվելով, արդյոք հասկացել է երեխան: Եթե զգում եք, որ Ձեր ասածները կարող են անհասկանալի թվալ, փորձեք գրի առնել և միասին հետևել դրանց, հարկ եղած դեպքում կարող եք նաև անձնական օրինակով գործնական դարձնել տրամադրված նյութը: Շատ կարևոր է և’ աղջիկներին, և’ տղաներին պատմել, թե ինչ փոփոխություններ են սպասվում իրենց օրգանիզմում սեռական հասունացման շրջանում: Եթե Ձեր երեխան չունի ձեռքեր և ուզում է ուսումնասիրել իր սեռական օրգանները, փորձեք օգնել իրեն և բացատրել, որ դա կարող է անել նաև հայելիով, հայելին դնել դիմացը և ծանոթանալ: Եթե Ձեր երեխան կույր է, կարող է չնկատել, թե երբ է սկսվել դաշտանը: Եթե նկատում եք շորի վրա արյան հետքեր, զգուշացրեք իրեն և ցույց տվեք`ինչպես կարող է իրեն խնամել այդ ընթացքում: Նույնը տղայի դեպքում. կարող է չհասկանալ ինչ է երազախաբությունը և թացության զգացումը կարող է շփոթել մեզի կամ այլ բանի հետ: Կարևոր է բացատրել, որ սա ևս նորմալ և բնական երևույթ է, բնական զարգացման մաս է կազմում:
  • Հաճախակի կրկնեք այն տեղեկատվությունը, որը տալիս եք, միշտ գովերգեք և քաջալերեք Ձեր երեխային:
  • Միշտ կիրառեք տրված տեղեկատվությունը, միայն այս տարբերակով համոզված կլինեք արդյոք Ձեր երեխան ունի տվյալ հմտությունը, թե՝ ոչ:
  • Օգտագործեք առկա տեղեկատվական ռեսուրսները, եթե տարածքում կան գրադարաններ, որտեղ կան գրքեր կամ վիդեո հոլովակներ, թե ինչպես պետք է խոսել երեխաների հետ սեռականության մասին, օգտվեք տվյալ հնարավորությունից:
  • Կապ պահեք այլ ծնողների հետ, ովքեր ևս ունեն սահմանափակ կարիքներ կամ զարգացման խնդիրներ ունեցող երեխաներ: Փորձեք կիսվել Ձեր փորձով և Դուք էլ լսեք մյուսներին և փորձեք նաև ներգրավվել այլ մարդկանց, օրինակ ուսուցիչների, խնամողների, ովքեր անմիջական կապ ունեն երեխաների շփման հետ հարցերում:
  • Ճանաչեք և արժևորեք Ձեր երեխայի զգացմունքները և փորձեք հասկանալ նրան:
  • Մի վախեցեք ասել, որ չգիտեք իր հարցի պատասխանը, բայց փորձեք ճշտել և իրեն էլ ներգրավել այդ պրոցեսի մեջ:

Հաճախ տրվող հարցեր

  • Սխալ պատկերացում. Հաշմանդամություն ունեցող անձանց մարմիններն ամոթալի են: Շատ հասարակություններում կանանց արժևորում են իրենց մարմնի հստակ պատկերով, և եթե այն “ստանդարտ” պատկերացումների մեջ չի ներառվում, ապա համարվում է, որ տվյալ կինն իրավունք չունի ամուսնանալու կամ զուգընկեր ունենալու, քանի որ գրավիչ չի համարվում:
  • Սխալ պատկերացում. Հաշմանդամություն ունեցող անձինք չեն կարող ունենալ սեռական ցանկություն: Ինչպես և ոչ հաշմանդամություն ունեցող անձինք, այնպես էլ հաշմանդամություն ունեցող անձինք կարող են ունենալ սեռական ցանկություններ:
  • Սխալ պատկերացում. Հաշմանդամություն ունեցող անձինք միշտ սեռական հարաբերությունների կարիք ունեն: Ինչպես և բոլորի մոտ, հաշմանդամություն ունեցող անձանց սեռական ցանկությունները կարող են տարբերվել, ոմանք կարող են ավելի հաճախ ունենալ ցանկություն, ոմանք` ավելի քիչ:

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ

© 2016 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս, ռադիո եւ հեռուստաընթերցումների դեպքում, հղումը serakanutyun.org-ին պարտադիր է: Serakanutyun.org- ի հեղինակային հոդվածները, լուսանկարներն արտատպելու համար պարտադիր է ստանալ գրավոր համաձայնությունը:

  • Մեր մասին
  • Ինչպես խոսել երեխայի հետ սեռականության մասին
  • Ինչպես հղել մեզ հարց
  • Կապ