• Մեր մասին
  • Ինչպես խոսել երեխայի հետ սեռականության մասին
  • Ինչպես հղել մեզ հարց
  • Կապ
[email protected]
Login

Login
ՍեռականությունՍեռականություն
  • Մեր մասին
  • Ինչպես խոսել երեխայի հետ սեռականության մասին
  • Ինչպես հղել մեզ հարց
  • Կապ

Տղամարդու սեռական օրգաններ

Տղամարդու սեռական օրգաններ

Մարդու սեռական և վերարտադրողական օրգանները բաժանվում են արտաքին և ներքին մասերի: Առանձնացվում են կնոջ և տղամարդու սեռական և վերարտադրողական օրգաններ: Գոյություն ունեն այնպիսի դեպքեր, երբ մարդիկ ծնվում են որևէ օրգանի կամ օրգանների բացակայությամբ, սակայն մեծամասնության դեպքում մարդիկ ծնվում են տվյալ օրգանների առկայությամբ: Տղամարդու արտաքին սեռական և վերարտադրողական օրգաններն են՝

vvv

  • Առնանդամ, որը բաղկացած է երկու մասից՝ սպունգաձև մարմին և գլուխ։ Մի փոքր բացվածք կա առնանդամի գլխին, որտեղից սերմնահեղուկը և մեզը օրգանիզմից դուրս են գալիս։ Առնանդամի ներսի հյուսվածքը սպունգանման է, որպեսզի առնանդամը կարողանա մեծանալ ու փոքրանալ։ Տղաները ծնվում են թլիպով, այն առնանդամը ծածկող մաշկն է։ Որոշ տղաների թլպատում են։ Չնայած որ թլպատելու անհրաժեշտություն չկա, այնուամենայնիվ որոշ ծնողներ որոշում են թլպատել`տարբեր պատճառներ հիմք ընդունելով. մի մասը համարում է հիգիենիայի առումով ավելի ճիշտ, մյուսները թլպատում են մշակութային և սոցիալական ավանդույթներից ելնելով։ Թլպատությունը չի ազդում առնանդամի ֆունկցիայի վրա, սակայն մարմնի անձեռնմխելիության կարևոր խնդիրներից մեկն է համարվում:
  • Ամորձապարկ. մաշկային գրպան է, որը կրում է մակամորձին և ամորձիները։ Ամորձապարկում ջերմաստիճանն ավելի ցածր է, քան մարմնի ջերմաստիճանը, մոտ 32 ըստ ցելսիուսի: Սա սերմի արտադրության համար ամենաբարենպաստ ջերմաստիճանն է։ Ամորձապարկի չափը փոխվում է, որպեսզի ջերմասիճանը կարգավորվի։ Երբ մարմինը սառն է, ամորձապարկը փոքրանում է և պահում է տաքությունը։ Երբ մարմինը տաք է, ամորձապարկը մեծանում է, որպեսզի շատ տաք չլինի։ Ամորձապարկը նաև կատարում է պաշտպանողական ֆունկցիա՝ պաշտպանելով ամորձիներն արտաքին հարվածներից:
  • Ամորձիներ. տեղավորված են ամորձապարկի մեջ և արտադրում ու պահպանում են միլիոնավոր փոքրիկ սերմնաբջիջներ: Ամորձիները նաև էնդոկրին համակարգի մաս են կազմում, քանի որ նրանք արտադրում են հորմոններ, այդ թվում՝ տեստոստերոն։ Եթե անզեն աչքով նայեք, կտեսնեք, որ ամորձիներից մեկն ավելի ցածր է, քան մյուսը: Ամորձիների բարձր և ցածր լինելն ապահովում է իրար չկպնելու և ցավ չառաջացնելու հանգամանքը:
  • Մակամորձիներ.խողովակների փունջ են (յուրաքանչյուր ամորձու համար), որը միանում է սերմնածորանին։

 

Տղամարդկանց ներքին սեռական և վերարտադրողական օրգաններն են՝

  • Սերմնածորան. մկանային խողովակ է, որն անցնում է ամորձիների կողքով։ Սերմնածորանի միջով է սերմն անցնում սերմնաժայթքումից առաջ։
  • Միզուկ. սրա շնորհիվ սերմը և մեզը դուրս են գալիս առնանդամից։
  • Սերմնաբշտիկներ. սերմնաբջիջների պահեստներն են։ Կպած են սերմնածորանին և գտնվում են միզապարկի մոտ։ Սերմնաբշտիկներն արտադրում են հեղուկ, որն ապահովում է սերմի կենսունակությունը:
  • Շագանակագեղձ. գտնվում է միզապարկի և առնանդամի միջև։ Սերմնաժայթքման ժամանակ արտադրվող հեղուկը սերմի հետ է միանում, դառնում է սերմնահեղուկ և դուրս է գալիս առնանդամից։ Սերմնաբշտիկները և շագանակագեղձը հեղուկ են արտադրում, որը ապահովում է սերմի կենսունակությունը։
  • Միզապարկ. այստեղ հավաքվում է մեզը

 

Ծնողի դերը

Կարևոր է իմանալ, որ մեր երեխաները, երբ մի փոքր մեծանում են, սկսվում է ուսումնասիրության շրջանը, սկսում են ուսումնասիրել իրենց մարմինը, ձեռքերը, ոտքերը, ամբողջ մարմինը և մենք ևս մեր վերաբերմունքով պետք է ցույց տանք, թե որքան կարևոր են բոլոր օրգանները և չպետք է պատժենք կամ քննադատենք, երբ իրենք ուսումնասիրում են իրենց սեռական օրգանները, շոշափում են, ձեռք են տալիս: Սա բոլորովին նորմալ երևույթ է և կազմում է անձի զարգացման ճանաչողական պրոցեսի մի մասը: Կարևոր է բոլոր օրգանները, այդ թվում նաև սեռական օրգաններն անվանել իրենց ճիշտ անուններով, քանի որ, երբ մենք օրինակ ձեռքերին ասում ենք ձեռք, բայց առնանդամին կամ հեշտոցին տարբեր անվանումներ ենք հորինում կամ ընդհանրապես ոչինչ չենք ասում, իրենց մոտ կարող է ձևավորվել ամոթի կամ այնպիսի զգացում, որ սեռական օրգանները բոլորովին կարևոր չեն՝ ի համեմատ մյուս օրգանների. դա կարող է ազդել իրենց հետագա սեռականության զարգացման ընթացքի վրա: Օրինակ, երբ ծնողները հաճախ կերակրում են իրենց երեխաներին, ասում են բաց բերանդ կամ սա քո բերանն է, նույն օրինակը կարող ենք կիրառել, երբ փոխում ենք տակդիրը, ճիշտ անունը տալ. ես հիմա կմաքրեմ քո հեշտոցը կամ առնանդամը: Այս մոտեցումն արդեն կձևավորի մեր երեխաների մոտ ճիշտ վերաբերմունք սեռականության վերաբերյալ և իրենք կդիտեն այն որպես սովորական և բնական երևույթ: Փորձեք սովորեցնել նաև, որ սեփական մարմնի ինքնաճանաչումը կարևոր շրջան է երեխայի համար և փորձեք սովորեցնել, թե ինքն ինչպես կարող է ուսումնասիրել իր սեռական օրգանները: Կարող եք բացատրել Ձեր երեխային, որ նա կարող է օգտվել հայելուց և ուսումնասիրել իր արտաքին սեռական օրգանները մի վայրում, որտեղ նա մենակ է և հանգիստ է իրեն զգում: Դա կօգնի իրեն ինքնաճանաչման և ինքնավստահության բարձրացման հարցում:

Հաճախ տրվող հարցեր

  • Հարց – Ճի՞շտ է արդյոք միշտ մաքրել սեռական օրգանների հատվածում տեղակայված մազածածկույթը:
  • Պատասխան – Ճիշտ է, թե սխալ դու ինքնդ պետք է որոշես կախված այն բանից, թե ինչպես ես քեզ հանգիստ զգում: Միայն պետք է հիշես, որ սեռական օրգանների և աճուկի շրջանում տեղակայված մազերը շատ բնական են և կարիք չկա միշտ հեռացնել դրանք, քանի որ իրենք կատարում են պաշտպանողական ֆունկցիա`պաշտպանում են մեղմացնելով անմիջական հպումները մաշկի հետ: Եթե մազերը քեզ այնուամենայնիվ խանգարում են, կարող ես սովորական եղունգի մկրատով զգուշորեն կտրատել: Իսկ եթե որոշել ես հեռացնել, ապա ընտրիր ամենաանվտանգ մեթոդը քո մարմնի և մաշկի համար՝ խուսափելով տարատեսակ գունային և լազերային էպիլյացիաներից, քանի որ վերջիններս որոշակի քանակով ճառագայթ են լուսարձակում և դեռ լիովին ապացուցված չէ նման մեթոդների անվտանգությունը:
  • Հարց – Կուսաթաղանթի պատռվելը սեռական հարաբերության ժամանակ միշտ ցավո՞տ է:
  • Պատասխան – Ո’չ, միշտ չէ, որ ցավոտ է կուսաթաղանթ կորցնելը, երբեմն դու կարող ես անգամ չզգալ, թե ինչպես պատռվեց քո կուսաթաղանթը: Կուսաթաղանթի ձևը և տեղակայումը յուրաքանչյուր կնոջ մոտ տարբեր է, անգամ լինում են այնպիսի դեպքեր, երբ սեռական հարաբերության ժամանակ կուսաթաղանթը կարող է չպատռվել և պատռվել ավելի ուշ:
  • Հարց – Ես վախենում եմ, որ իմ առաջին հարաբերության ժամանակ կուսաթաղանթս չպատռվի և արյուն չգա: Ինչպե՞ս պետք է ապացուցեմ զուգընկերոջս, որ ես կույս եմ:
  • Պատասխան – Ընդհանրապես առաջին հարաբերության ժամանակ կուսաթաղանթը միշտ չէ, որ պարտադիր է պատռվի և ուղեկցվի արյունով: Երբեմն լինում են դեպքեր, որ կուսաթաղանթը կարող է պատռվել առանց արյան հոսքի կամ ընդհանրապես չպատռվի կամ նաև պատռվի այլ հանգամանքներից, օրինակ որոշ տեսակի մարմնամարզությունների ժամանակ կամ տամպոն տեղադրելիս, ուստի երբեք չես կարող նախապես իմանալ, թե ինչ կկատարվի հարաբերության ժամանակ: Առհասարակ, եթե Ձեր հարաբերություններն ամուր են և առկա է փոխվստահություն ու փոխհարգանք միմյանց նկատմամբ, ապա որևէ կերպով քո զուգընկերոջը որևէ բան ապացուցելու կարիք չկա: Անկախ նրանից դու կին ես, թե տղամարդ, դու ինքդ պետք է որոշես ունենաս սեռական հարաբերություններ, թե՝ ոչ, և եթե դու սեռապես ակտիվ ես եղել մինչ ամուսնությունը, սա բոլորովին նորմալ է և քո որոշումն է, որը նաև պետք է հարգի քո զուգընկերը: Եթե կարևորում ես մինչ ամուսնությունը կույս լինելու հանգամանքը, սա ևս քո անհատական որոշումն է: Եթե հարաբերության ժամանակ արյուն չի գալիս վերջում, դա դեռևս չի նշանակում, որ դու կույս չես, ուղղակի հաճախ մարդիկ կուսաթաղանթի և կուսության վերաբերյալ ունեն սխալ տեղեկատվություն, որը քո մեղավորությունը չէ:
  • Հարց – Նորմա՞լ է, որ հեշտոցից արտադրություն է գալիս:
  • Պատասխան – Ա’յո,  միանշանակ նորմալ և առողջ պրոցես է: Պետք է ուշադրություն դարձնել արտադրության հոտին և գույնին: Եթե արտադրությունը սպիտակավուն կամ թափանցիկ է և ուղեկցվում է կաթնաթթվային հոտով, ապա անհանգստանալու կարիք չկա: Արտադրության հետ կապված փոփոխությունները կարող են տեղի ունենալ դաշտանային ցիկլի ընթացքում և դա նորմալ է։  Եթե նկատում ես անսովոր արտադրություն, տհաճ հոտ սեռական օրգաններից, ցավ կամ քոր, բշտիկներ սեռական օրգանների շրջանում, ցավ միզելիս կամ սեռական հարաբերության ընթացքում, գրիպի նման ախտանշաններ, գերհոգնածություն կամ արտադրության հետ կապված փոփոխություններ, ապա զուգընկերոջ հետ հարաբերություն ունենալուց առաջ, անպայման այցելիր Ձեր բժշկին։
  • Հարց – Արդյո՞ք նորմալ է, երբ կրծքերը և պտուկները տարբերվում են իրարից:
  • Պատասխան – Ա’յո, նորմալ է: Յուրաքանչյուր մարդու կրծքերի չափերը կարող են տարբերվել միմյանցից և բնության մեջ շատ քիչ են հանդիպում այնպիսի դեպքեր, երբ երկու կրծքերը լիովին հավասար են: Պտուկները ևս կարող են տարբերվել, մեկի մոտ կարող է դուրս եկած պտուկներ լինեն, մյուսի մոտ՝ ներս ընկած, ինչպես նաև գույնի և չափի փոփոխություններ էլ կարող են լինել: Եթե պտուկը դուրս եկած էր և հետո ներս ընկած դարձավ, ապա կարող է նշանակել, որ կրծքի հետ կապված խնդիր կա։ Այդ դեպքում այցելիր քո բժշկին։
  • Հարց – Արդյո՞ք ճիշտ է թլպատել տղաներին:
  • Պատասխան – Կարևոր է հասկանալ, թե ինչ նպատակով ենք մենք ուզում տղաներին թլպատել: Հաճախ ծնողները կարծում են, որ սա հիգիենայի կարևոր մաս է կազմում, սակայն դա այդպես չէ: Ճիշտ չէ երեխայի փոխարեն որոշում կայացնել հեռացնել իր մարմնի մի հատված և սա մարմնի անձեռնմխելիության կարևոր հիմնահարցերից մեկն է հանդիսանում: Տղամարդու առնանդամն օժտված է մաշկով և առնանդամի գլխիկի մաշկն ի ծնե ավելի փակ է լինում, ժամանակի ընթացքում այն ետ է քաշվում և այդ ժամանակից սկսած պետք է հետևել, որ մաշկի տակ չհավաքվեն աղի մնացորդներ՝ պարբերաբար մաքրելով և լվանալով:  Թլպատման կարիք չկա, պետք է հետևել և սովորեցնել ճիշտ հիգիենայի կանոններին: Դեպքեր են լինում, երբ երեխաները չեն կարողանում միզել բորբոքման կամ կարմրածության պատճառով, այդ դեպքում անհրաժեշտ է դիմել բժշկի:
  • Հարց – Որտեղի՞ց է դուրս գալիս տղամարդու մեզը:
  • Պատասխան – Ի տարբերություն կանանց, ում միզանցքը գտնվում է հեշտոցից ավելի վերև և առանձին անցք է համարվում, տղամարդիկ միզում են առնանդամի անցքից, որտեղից դուրս է գալիս ինչպես մեզը, այնպես էլ սերմնահեղուկը:
  • Հարց – Տղաներն ունե՞ն կուսաթաղանթ:
  • Պատասխան – Ոչ, տղաները չունեն կուսաթաղանթ:

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ

© 2016 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս, ռադիո եւ հեռուստաընթերցումների դեպքում, հղումը serakanutyun.org-ին պարտադիր է: Serakanutyun.org- ի հեղինակային հոդվածները, լուսանկարներն արտատպելու համար պարտադիր է ստանալ գրավոր համաձայնությունը:

  • Մեր մասին
  • Ինչպես խոսել երեխայի հետ սեռականության մասին
  • Ինչպես հղել մեզ հարց
  • Կապ