Անձնական հիգիենան կարևոր դեր է խաղում տարբեր տեսակի հիվանդությունների ու վարակների կանխարգելման հարցում, և այն միայն մաքուր արտաքին տեսք ունենալու մասին չէ:
- Ձեռքերի խնամք
Պետք է ձեռքերը լվանալ ուտելուց առաջ, լոգարանից օգտվելուց հետո, նորածնին կամ հիվանդ մարդուն խնամելուց կամ ցանկացած այլ գործողությունից առաջ և հետո, այսինքն՝ բոլոր այն դեպքերում, երբ մանրէների տարածվելը շատ հավանական է: Ձեռքերը լվանալը հիվանդությունները կանխելու ամենահեշտ և արդյունավետ միջոցներից մեկն է: - Լոգանք
Ամենօրյա լոգանքը կարևոր է, քանի որ դրա շնորհիվ մեր մաշկը մաքուր, թարմ ու առողջ է մնում, իսկ օրվա ընթացքում մաշկի վրա կուտակված բակտերիաները, կեղտն ու քրտինքը մաքրվում են: Սպորտով զբաղվելու դեպքում մարզվելուց հետո ցնցուղ ընդունելն ու ավելորդ քրտինքն ու բակտերիաները լվանալը հատկապես կարևոր է, քանի որ դրանք կարող են գրգռվածություն կամ վարակներ առաջացնել: - Արտաքին սեռական օրգանների լվացում
Կարևոր է արտաքին սեռական օրգանները լվանալ առնվազն օրը մեկ անգամ տաք ջրով ու զգայուն մաշկի համար նախատեսված անհոտ օճառով՝ սեռական օրգանների հատվածում մաշկի գրգռվածությունից խուսափելու նպատակով: - Անձնական օգտագործման իրեր
Նույնիսկ մտերիմ ընկերների կամ ընտանիքի անդամների հետ չի կարելի փոխանակել այնպիսի անձնական իրեր, ինչպիսիք են ներքնազգեստը, սրբիչները, ածելիները կամ ատամի խոզանակները: Դրանց փոխանակումը կարող է մանրէներ, բակտերիաներ ու վարակներ տարածել: - Խնամքի միջոցներ
Պետք է խուսափել բուրավետ օճառներ կամ ինտիմ քսուքներ օգտագործելուց, որովհետև դրանք երբեմն պարունակում են քիմիական նյութեր, որոնք կարող են գրգռել զգայուն հատվածները: Կարելի է օգտվել մանկական ու առանց հոտի օճառներից, որոնք նուրբ են ու մաշկի համար վնասակար չեն: - Ներքնազգեստ
Պետք է կրել միայն մաքուր ներնքնազգեստ ու փոխել այն ամեն օր: Սինթետիկ գործվածքները իրենց մեջ են պահում ջերմությունն ու խոնավությունը և բարենպաստ պայմաններ են ստեղծում բակտերիաների ու սնկերի զարգացման համար: Այդ իսկ պատճառով ներքնազգեստը պետք է լինի բամբակյա, քանի որ բամբակը կանխարգելում է մանրէների ներթափանցումը ու մաշկն ավելի թարմ է պահում: Նաև շատ կարևոր է լողազգեստն ու ներքնազգեստը միայն չոր վիճակում հագնելը, որովհետև խոնավությունը կարող է նպաստել սնկային հիվանդությունների առաջացմանը: - Սեռական առողջություն
Սեռական ակտիվ կյանքով ապրողները սեռավարակներից խուսափելու համար պետք է պաշտպանվեն, իսկ վարակվելու դեպքում էլ պետք է համապատասխան բուժում ստանան: