Մարդու սեռական և վերարտադրողական օրգանները բաժանվում են արտաքին և ներքին մասերի: Առանձնացվում են կնոջ և տղամարդու սեռական և վերարտադրողական օրգաններ: Գոյություն ունեն այնպիսի դեպքեր, երբ մարդիկ ծնվում են որևէ օրգանի կամ օրգանների բացակայությամբ, սակայն մեծամասնության դեպքում մարդիկ ծնվում են տվյալ օրգանների առկայությամբ: Տղամարդու արտաքին սեռական և վերարտադրողական օրգաններն են՝
- Առնանդամ, որը բաղկացած է երկու մասից՝ սպունգաձև մարմին և գլուխ։ Մի փոքր բացվածք կա առնանդամի գլխին, որտեղից սերմնահեղուկը և մեզը օրգանիզմից դուրս են գալիս։ Առնանդամի ներսի հյուսվածքը սպունգանման է, որպեսզի առնանդամը կարողանա մեծանալ ու փոքրանալ։ Տղաները ծնվում են թլիպով, այն առնանդամը ծածկող մաշկն է։ Որոշ տղաների թլպատում են։ Չնայած որ թլպատելու անհրաժեշտություն չկա, այնուամենայնիվ որոշ ծնողներ որոշում են թլպատել`տարբեր պատճառներ հիմք ընդունելով. մի մասը համարում է հիգիենիայի առումով ավելի ճիշտ, մյուսները թլպատում են մշակութային և սոցիալական ավանդույթներից ելնելով։ Թլպատությունը չի ազդում առնանդամի ֆունկցիայի վրա, սակայն մարմնի անձեռնմխելիության կարևոր խնդիրներից մեկն է համարվում:
- Ամորձապարկ. մաշկային գրպան է, որը կրում է մակամորձին և ամորձիները։ Ամորձապարկում ջերմաստիճանն ավելի ցածր է, քան մարմնի ջերմաստիճանը, մոտ 32 ըստ ցելսիուսի: Սա սերմի արտադրության համար ամենաբարենպաստ ջերմաստիճանն է։ Ամորձապարկի չափը փոխվում է, որպեսզի ջերմասիճանը կարգավորվի։ Երբ մարմինը սառն է, ամորձապարկը փոքրանում է և պահում է տաքությունը։ Երբ մարմինը տաք է, ամորձապարկը մեծանում է, որպեսզի շատ տաք չլինի։ Ամորձապարկը նաև կատարում է պաշտպանողական ֆունկցիա՝ պաշտպանելով ամորձիներն արտաքին հարվածներից:
- Ամորձիներ. տեղավորված են ամորձապարկի մեջ և արտադրում ու պահպանում են միլիոնավոր փոքրիկ սերմնաբջիջներ: Ամորձիները նաև էնդոկրին համակարգի մաս են կազմում, քանի որ նրանք արտադրում են հորմոններ, այդ թվում՝ տեստոստերոն։ Եթե անզեն աչքով նայեք, կտեսնեք, որ ամորձիներից մեկն ավելի ցածր է, քան մյուսը: Ամորձիների բարձր և ցածր լինելն ապահովում է իրար չկպնելու և ցավ չառաջացնելու հանգամանքը:
- Մակամորձիներ.խողովակների փունջ են (յուրաքանչյուր ամորձու համար), որը միանում է սերմնածորանին։
Տղամարդկանց ներքին սեռական և վերարտադրողական օրգաններն են՝
- Սերմնածորան. մկանային խողովակ է, որն անցնում է ամորձիների կողքով։ Սերմնածորանի միջով է սերմն անցնում սերմնաժայթքումից առաջ։
- Միզուկ. սրա շնորհիվ սերմը և մեզը դուրս են գալիս առնանդամից։
- Սերմնաբշտիկներ. սերմնաբջիջների պահեստներն են։ Կպած են սերմնածորանին և գտնվում են միզապարկի մոտ։ Սերմնաբշտիկներն արտադրում են հեղուկ, որն ապահովում է սերմի կենսունակությունը:
- Շագանակագեղձ. գտնվում է միզապարկի և առնանդամի միջև։ Սերմնաժայթքման ժամանակ արտադրվող հեղուկը սերմի հետ է միանում, դառնում է սերմնահեղուկ և դուրս է գալիս առնանդամից։ Սերմնաբշտիկները և շագանակագեղձը հեղուկ են արտադրում, որը ապահովում է սերմի կենսունակությունը։
- Միզապարկ. այստեղ հավաքվում է մեզը