• Մեր մասին
  • Ինչպես խոսել երեխայի հետ սեռականության մասին
  • Ինչպես հղել մեզ հարց
  • Կապ
[email protected]
Login

Login
ՍեռականությունՍեռականություն
  • Մեր մասին
  • Ինչպես խոսել երեխայի հետ սեռականության մասին
  • Ինչպես հղել մեզ հարց
  • Կապ

Աղջիկների անձնական հիգիենա

Անձնական հիգիենա

Անձնական հիգիենան մարդու առողջության մի մասն է կազմում և շատ առողջական խնդիրներ հնարավոր է կանխել ճիշտ սննդակարգի, խնամքի, մաքրության պահպանման և հանգստի միջոցով:

Հետևյալ խորհուրդները կօգնեն Ձեզ` պահպանելու Ձեր առողջությունը:

  • Լվացե’ք Ձեր ձեռքերը սնունդն ընդունելուց, բնական կարիքները հոգալուց, նորածնին կամ հիվանդին խնամելուց առաջ և հետո:
  • Լվացե’ք արտաքին սեռական օրգաններն ամեն օր առանց օճառի կամ մեղմ հոտի օճառով և տաք ջրով:
  • Խուսափե‘ք հեշտոցի ներքին լվացումներից, քանի որ հեշտոցում առկա են մի շարք կարևոր կաթնաթթվային բակտերիաներ, որոնք նպաստում են հեշտոցում բնականոն թթվա- հիմնային միջավայրի ստեղծմանը: Հաճախակի ներքին լվացումները կարող են հանգեցնել  վերոնշյալ միկրոօրգանիզմների ոչնչացմանը` խախտելով հեշտոցի բնականոն թթվա-հիմնային միջավայրը՝ այսպիսով առաջ բերելով  քոր կամ կարմրածություն, որոնք բորբոքման նշաններ են հանդիսանում:
  • Մի օգտագործե’ք ուրիշի ներքնազգեստն ու  անձնական իրերը /օրինակ, սրբիչ, ատամի խոզանակ և այլն/, որքան էլ տվյալ անձնավորությունը Ձեզ հարազատ լինի:
  • Մի օգտագործե‘ք հոտավետ օճառներ և ինտիմ քսուքներ, քանի որ դրանց պարունակության մեջ շատ քիմիական բաղադրիչներ կան: Օգտագործեք մանկական օճառներ, որոնք չեն գրգռի Ձեր մաշկը:
  • Կրե’ք մաքուր, բամբակյա ներքնազգեստ, քանի որ բամբակը չի թողնում, որպեսզի մանրէները  ներթափանցեն օրգանիզմ և հնարավորություն է տալիս որպեսզի մաշկը շնչի:
  • Խուսափե’ք սինթետիկ արտադրանքից, դրանք մանրէների ներթափանցման համար բարենպաստ միջավայր են ստեղծում:
  • Հագե’ք լողազգեստն ու ներքնազգեստը անպայման չոր վիճակում, քանի որ խոնավության առկայության դեպքում  հնարավոր է սնկային հիվանդության առաջացում կամ սրացում:
  • Խուսափե’ք ամենօրյա միջադիրներից, քանի որ դրանք չեն թողնում, որպեսզի մաշկը շնչի և իրենց քիմիական բաղադրության պատճառով կարող են առաջացնել քոր, այրոց և ալերգիկ ռեակցիաներ:
  • Հեշտոցի լվացում կատարելու ժամանակ ձեռքն ուղղեք հեշտոցից դեպի վերև, իսկ հետանցքի լվացման ժամանակ ձեռքն ուղղեք դեպի պոչուկ, որպեսզի տարբեր միկրոբներ չներթափանցեն Ձեր հեշտոցի և միզուկի մեջ:
  • Հաճախակի դատարկեք միզապարկը` միզուղիների վարակներից խուսափելու համար:
  • Դաշտանի ընթացքում աղջիկները պետք է փոխեն միջադիրը կամ տամպոնը յուրաքանչյուր 2-4 ժամը մեկ անկախ միջադիրի լցված լինելուց:
  • Օգտագործե’ք բամբակյա և հոտավետ նյութերից զերծ միջադիրներ:
  • Սեռական գրգռման ժամանակ կանանց մեծ մասն ունենում է հեշտոցային արտադրություն, որն օրգանիզմն ինքն է ստեղծում: Անհրաժեշտության դեպքում կարող եք օգտագործել խոնավեցնող քսուքներ, որոնք չեն առաջացնում ցավ կամ անհանգստություն սեռական հարաբերության ժամանակ:
  • Ժամանակին բուժեք սեռավարակները: Սեռավարակները շատ տարածված են։ Սեռական ճանապարհով փոխանցվող վարակների չբուժման կամ ուշացած բուժման պարագայում կարող են առաջանալ վերարտադրողական առողջության հետ կապված բավական լուրջ խնդիրներ:

Աճուկի մազեր

Աճուկային հատվածի մազահեռացումը յուրաքանչյուր մարդու անձնական որոշումն է` կախված սեփական նախասիրությունից: Սակայն պետք է իմանալ, որ սեռական օրգանների մազածածկույթի սափրելն անհրաժեշտ չէ, և կարող է որոշ դեպքերում առաջացնել մաշկի թեթև գրգռում: Աճուկային հատվածի մազերը կարևոր դեր են խաղում.

  • Աճուկային հատվածի մազերը կանխում են անմիջական շփումը ներքնազգեստի հետ։
  • Աճուկի տարածքը շատ զգայուն է և անհրաժեշտ է զգուշորեն սափրել այդ հատվածը: Երբ սափրված մազերը նորից աճում են, կարող է քոր առաջանալ:
  • Աճուկային հատվածը պետք է  մաքուր պահել. լվանալիս  նախընտրելի  է օգտագործել  անհոտ օճառ և ժամանակ առ ժամանակ կարճացնել  աճուկային հատվածի մազերը ։ Մազերը պետք է ձգել և զգուշորեն կտրել՝  օգտագործելով եղունգների մկրատ։ Այնուամենայնիվ, եթե որոշել եք հեռացնել մազածածկույթը, ընտրեք Ձեր օրգանիզմի համար ամենաանվտանգ մազահեռացման մեթոդը: Մեկի համար դա կարող է լինել սափրելը, մյուսի համար այլ տարբերակ: Բայց եթե հեռացնում եք և զգում եք, որ մաշկը փոքր-ինչ բորբոքվել է, խուսափեք նույն մեթոդի կիրառումից և ընտրեք այլ տարբերակ:

Ծնողի դերը

Կարևոր է խոսել Ձեր երեխայի հետ հիգիենայի կարևորության մասին և փոքր հասակից սովորեցնել բոլոր վերը նշված հիգիենայի կանոնները:

Հաճախ տրվող հարցեր

  • Արդյո՞ք անհրաժեշտ է օրը մի քանի անգամ լվանալ սեռական օրգանները – Ոչ, սեռական օրգաններն անհրաժեշտ է լվանալ օրը մեկ անգամ, դա լիովին բավարար է:
  • Ե՞րբ է պետք կատարել սեռական օրգանների ներքին լվացումներ – Սեռական օրգանների ներքին լվացման կարիք և անհրաժեշտություն չկա, քանի որ հեշտոցն ունի ինքնալվացման ֆունկցիա: Հեշտոցն իր ներսում ունի հատուկ կաթնաթթվային միջավայր, որը կարող է խախտվել ներքին լվացումների պատճառով և առաջ բերել մի շարք առողջական խնդիրներ: Միայն որոշակի հիվանդությունների (սեռավարակներ կամ սնկային հիվանդություն) դեպքում բժիշկը կարող է նշանակել ներքին լվացում:
  • Ա՞րդյոք ճիշտ է օգտագործել ամենօրյա միջադիրներ – Ոչ, քանի որ միջադիրները պարունակում են քիմիական բաղադրիչներ և կարող են ալերգիկ ռեակցիաներ առաջացնել, ինչպես նաև խախտել հեշտոցի կաթնաթթվային միջավայրը:

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ

© 2016 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս, ռադիո եւ հեռուստաընթերցումների դեպքում, հղումը serakanutyun.org-ին պարտադիր է: Serakanutyun.org- ի հեղինակային հոդվածները, լուսանկարներն արտատպելու համար պարտադիր է ստանալ գրավոր համաձայնությունը:

  • Մեր մասին
  • Ինչպես խոսել երեխայի հետ սեռականության մասին
  • Ինչպես հղել մեզ հարց
  • Կապ