• Մեր մասին
  • Ինչպես խոսել երեխայի հետ սեռականության մասին
  • Ինչպես հղել մեզ հարց
  • Կապ
[email protected]
Login

Login
ՍեռականությունՍեռականություն
  • Մեր մասին
  • Ինչպես խոսել երեխայի հետ սեռականության մասին
  • Ինչպես հղել մեզ հարց
  • Կապ

Ինչպես խոսել երեխայի հետ սեռականության մասին

Ինչու ենք վախենում խոսել սեռականության մասին

Միշտ չէ, որ հեշտ է խոսել սեռականության մասին: Հաճախ մենք ցանկություն ունենք խոսելու, բայց չգիտենք, թե դա ինչպես անենք: Վախենում ենք ու մտածում, որ դրանով մեր երեխաներին դնում ենք վտանգավոր վիճակի մեջ՝  դրդելով նրանց վաղաժամ սեռական ակտիվ կյանքի: Շատ անգամ դեռահասները խոստովանում են, որ ծնողները մեծ ազդեցություն ունեն իրենց սեռական որոշումների վրա: Ապացուցված է, որ իրենց երեխաների հետ սեքսի, սեռականության հարցերի շուրջ զրուցող ծնողների երեխաներն ավելի ուշ են սկսում սեռական կյանքով ապրել և ավելի պաշտպանված ու տեղեկացված են լինում:

Հակառակը, չխոսելով կարող ենք հեշտությամբ կորցնել մեր երեխաների  վստահությունը և իրենց ճշգրիտ տեղեկություն չտալով՝ արդյունքում ոչ թե պաշտպանենք մեր երեխաներին, այլ նրանց դնենք չպաշտպանված ու վտանգավոր իրավիճակների մեջ: Միևնույն է, շատերին է հետաքրքրում սեռականության թեման, և դա միանգամայն նորմալ ու առողջ երևույթ է: Ծնող ժամանակ պետք է հաճախ հիշել այն թեմաները, որոնք մեզ հետաքրքրում էին, երբ փոքր էինք կամ էլ դեռահաս: Ամեն դեպքում պատանիներն ու դեռահասները միշտ էլ փորձելու են գտնել իրենց հուզող հարցերի պատասխաններն այլ աղբյուրներից, երբեմն՝ նաև ոչ վստահելի առցանց հարթակներից, որոնք այսօր հասանելի են բոլորին, կամ ընկերներից ու ծանոթներից, որոնք իրենց հերթին հաճախ չունեն հավաստի տեղեկություններ կամ էլ այն, ինչ գիտեն, սխալ է ու հեռու իրական լինելուց: Երբեմն էլ ոմանք իրենց հուզող հարցերի պատասխանները գտնելու համար կարող են ունենալ սեռական հարաբերություններ:

Շատ հետազոտություններ ցույց են տվել, որ դեռահասները սեռապես շատ ավելի ակտիվ են, քան ծնողները կարող են ենթադրել: Ծնողների դերը իրապես կարող է փոփոխություն մտցնել՝ կառուցելով առողջ հարաբերություններ ու ամուր վստահություն: Տվյալ հարաբերությունները կարևոր են դեռահասության շրջանում անցանկալի հղիությունների և սեռական ճանապարհով փոխանցվող վարակների նվազեցման հարցում:

Չնայած բոլոր մտավախություններին և անհանգստություններին՝ ծնողների համար կարևոր է հաղթահարել իրենց ներքին վախերը և իրենց երեխաների հետ սեռականության մասին բաց ու անկեղծ զրույցներ ունենալ: Ճշգրիտ տեղեկության տրամադրումը, վստահելի հարաբերությունների զարգացումն ու սեռականության նկատմամբ առողջ վերաբերմունքի խթանումը կարող են երեխաներին օգնել հաղթահարելու հասունանալու ընթացքում առաջացող բարդությունները:

Ինչպես կարող եմ խոսել սեռականության մասին

Շատ հաճախ ծնողները կամ հարազատները չեն կողմնորոշվում, թե ինչպես խոսել, ինչ և ինչպես դա ասել, ինչի արդյունքում էլ որոշում են լռել: Սա ամենևին ճիշտ լուծում չէ, հակառակը, պետք է կարողանալ վստահության շրջանակ ստեղծել երեխայի և իրենց՝ ծնողների միջև, տրամադրել ճիշտ և գրագետ տեղեկություն: Երբեք չի կարելի մերժել ու չպատասխանել երեխաների հարցերին կամ մեղադրել նրանց`ծնողներին նմանատիպ հարցեր տալու համար: Նույնիսկ երեք տարեկան երեխայի մոտ են առաջանում հարցեր սեռականության վերաբերյալ, իսկ շարունակաբար պատասխան չստանալու դեպքում երեխաները կարող են դադարել հարցնելուց և  իրենց  հարցերի պատասխանները գտնել ուրիշների միջոցով կամ այլ աղբյուրներից: Պետք է հիշել, որ հարցն իր մեջ չի  պարունակում կողմնակի մտքեր։ Շատերը վախենում են, որ իմանալով, թե ինչ է սեռական հարաբերությունը, երեխան կցանկանա փորձել այն, սակայն փորձը ցույց է տվել հակառակը՝ դա սովորական հետաքրքրություն է: Ահա մի քանի խորհուրդներ, որոնք կօգնեն Ձեզ այդ հարցում.

  • Կարևոր է ճիշտ և գրագետ տեղեկություն ունենալ, ազատ խոսել, չկաշկանդվել ու չամաչել:
  • Երբեք չքննադատել տրված հարցի համար, այլ քաջալերել և խթանել, որպեսզի Ձեզ հետ կիսվի իրեն հուզող ու անհանգստացնող բոլոր հարցերով:
  • Ցանկալի է սեռականության մասին երեխայի հետ խոսելը վաղ տարիքից սկսել, բայց ուշացնելու դեպքում էլ կարևորը սկսելն է․ երբեք ուշ չէ:
  • Սկզբում հնարավոր է երեխայի հետ շփման ժամանակ առաջանա անհարմարության զգացում, սակայն ժամանակի ընթացքում զրուցելը կդառնա ավելի հեշտ ու բնական:

Կան բազմաթիվ ճանապարհներ զրույցը սկսելու համար: Օրինակ, հեռուստատեսությամբ կարող է ինչ-որ երգ կամ հաղորդում լինել դեռահասության մասին, մարմնի կառուցվածքի կամ հղի կնոջ մասին: Այս բոլոր օրինակները լավ առիթներ են զրույցը սկսելու համար:

Երբ է պետք սեռականության մասին խոսել սկսել

Որոշ մարդիկ կարծում են, որ պետք է պլանավորել քննարկվող նյութը և երեխայի հետ զրուցել մեկ անգամ, սակայն ավելի ճիշտ է զրուցել ոչ թե մեկ անգամ, այլ պարբերաբար ու ցանկալի է դա սկսել վաղ տարիքից: Թեմաները պետք է զարգացնել աստիճանաբար՝ հաշվի առնելով երեխայի տարիքը:

Հետևողականություն
Երեխաները շատ հետաքրքրասեր են, և փոքր տարիքից նրանց կարող են հետաքրքրել տարբեր թեմաներ, օրինակ, թե որտեղից են հայտնվում երեխաները: Շատ կարևոր է օգտվել այս հնարավորությունից ու իրենց հասկանալու ունակությանը համապատասխան պարզ ու մատչելի պատասխաններ տալ:

Վաղ տարիք
Երբեք վաղ չէ երեխայի մոտ սեռականության նկատմամբ առողջ վերաբերմունքի հիմք դնել: Կարող եք սկսել մարմնի մասերի ճիշտ անունները սովորեցնելուց ու տարիքին համապատասխան բառապաշարով բացատրել, թե, օրինակ, ինչ է համաձայնությունը, կամ թե ինչ են աձնական սահմանները:

Նախասեռահասունություն
Երեխաները մոտենում են սեռական հասունացմանը սովորաբար 8-ից 10 տարեկանում, և դա լավ ժամանակ է մարմնական փոփոխությունների, վերարտադրողական համակարգերի և հարաբերությունների հուզական կողմերի մասին ավելի մանրամասն զրույցներ ունենալու համար:

Սեռական հասունություն
Սեռական հասունացումը նշանակալի իրադարձություն է, որի ընթացքում երեխայի մարմինը ենթարկվում է բազմաթիվ փոփոխությունների: Սա իդեալական ժամանակ է քննարկելու այնպիսի թեմաներ, ինչպիսիք են դաշտանը և սեռական զարգացման ֆիզիկական և հուզական կողմերը:

Շարունակական քննարկումներ
Շատ կարևոր է երեխայի հասունացման ամբողջ ընթացքում ունենալ շարունակական քննարկումներ: Միշտ ցու՛յց տվեք, որ աջակցում եք իրեն, որ միշտ պատրաստ եք ազնիվ պատասխանելու բոլոր հարցերին, ցրելու կասկածները: Խրախուսե՛ք նրան Ձեզ դիմելու իր հարցերով կամ մտահոգություններով և ցու՛յց տվեք, որ նա կարող է միշտ վստահել Ձեզ, հատկապես երբ խոսքը հավաստի տեղեկություն ստանալու մասին է:

Հիշե՛ք, որ սեռականության մասին խոսելը մեկանգամյա զրույց չէ, այլ շարունակական երկխոսություն, որը երեխայի մեծանալու և հասունանալու ընթացքում շարունակաբար զարգանում է: Լինելով անկեղծ և ազնիվ ու հարգելով Ձեր երեխայի պատրաստակամությունը՝ Դուք կարող եք օգնել նրան՝ զարգացնելու  իր անձի և մյուսների հետ փոխհարաբերությունների առողջ ընկալումը: Մի՛ անհանգստացեք, եթե դեռ չեք սկսել զրուցել երեխայի հետ սեռականության մասին: Կարող եք սկսել այսօրվանից․ երբեք էլ ուշ չէ: Կարևոր է միանգամից չտրամադրել շատ տեղեկություններ․ դա պետք է արվի աստիճանաբար և երեխայի տարիքը հաշվի առնելով:

Ինչ գիտելիքներ պիտի փոխանցեմ իմ երեխաներին

Սեռականության մասին գիտելիքները, որոնք Դուք տալիս եք Ձեր երեխաներին, պետք է համապատասխանեն նրանց տարիքին և լինեն դյուրըմբռնելի:

Վաղ մանկություն (0-5 տարեկան)

  • Սովորեցրե՛ք Ձեր երեխային մարմնի մասերի՝ ներառյալ սեռական օրգանների ճիշտ անունները:
  • Բացատրե՛ք մարմնի հիմնական գործառույթները, ինչպիսիք են ուտելը, քնելը և զուգարան գնալը:
  • Սովորեցրե՛ք նրանց անձնական սահմանների և համաձայնության մասին:
  • Փաստացի բացատրություններ տվե՛ք այն հարցերին, թե որտեղից են երեխաները հայտնվում, օրինակ՝ երեխաները զարգանում են մայրիկի փորիկի ներսում՝ հատուկ տեղում, որը կոչվում է արգանդ:

  Տարրական դպրոց (6-11 տարեկան)

  • Քննարկե՛ք սեռական հասունացման այս շրջանում տեղի ունեցող ֆիզիկական այնպիսի փոփոխությունները, ինչպիսիք են մարմնի կտրուկ աճը, մարմնի տարբեր հատվածներում մազածածկույթի հայտնվելը և դաշտանը:
  • Բացատրե՛ք վերարտադրողականության կենսաբանական փուլերը՝ ներառյալ բեղմնավորումը, հղիությունը և ծննդաբերությունը: Եվ այս ամենը արե՛ք օգտագործելով տարիքին համապատասխան բառապաշար:
  • Քննարկե՛ք համաձայնության և առողջ հարաբերությունների թեման՝ ընդգծելով հարգանքի, անկեղծ հաղորդակցվելու և անձնական սահմանների կարևորության մասին:
  • Սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության վերաբերյալ հարցերին պատասխանե՛ք նույն պատրաստակամությանբ՝ ընդգծելով, որ մարդիկ տարբեր են և բոլորն էլ արժանի են հարգանքի:

    Միջնակարգ դպրոց (12-14 տարեկան)

  • Տրամադրե՛ք սեռական հասունացման և դեռահասության շրջանում տեղի ունեցող հորմոնալ փոփոխությունների մասին ավելի մանրամասն տեղեկություններ։
  • Քննարկե՛ք հարաբերությունների հուզական կողմերը՝ ներառյալ սիրահարվածությունն ու ռոմանտիկ զգացմունքները:
  • Խոսե՛ք անվտանգ սեռական հարաբերությունների մասին: Զրուցե՛ք անցանկալի հղիության և սեռական ճանապարհով փոխանցվող վարակների մասին՝ ընդգծելով պաշտպանության և պատասխանատու որոշումների կայացման կարևորությունը:
  • Անդրադարձե՛ք առցանց անվտանգության վերաբերյալ հարցերին՝ ընդգծելով թվային ոլորտում առողջ սահմանների և հարգանքի կարևորությունը:

Ավագ դպրոց (15-18 տարեկան)

  • Տրամադրե՛ք լիարժեք տեղեկություն սեռական առողջության մասին՝ քննարկելով սեռական ակտիվության, սեռավարակների, հղիության վտանգի ու հետևանքների վերաբերյալ թեմաները:
  • Խոսե՛ք սեռականության հուզական և հոգեբանական կողմերի մասին՝ ներառյալ մտերմությունը, համաձայնությունը, անկեղծ հաղորդակցությունը և առողջ հարաբերությունները:
  • Զրուցե՛ք այնպիսի նուրբ թեմաներից, ինչպիսիք են սեռական կողմնորոշումը, գենդերային ինքնությունը և սեռական բազմազանությունը՝ ընդգծելով հարգանքի կարևորությունը:
  • Միշտ խոսե՛ք անձնական սահմաններ դնելու և սեռական հարաբերության վերաբերյալ տեղեկացված որոշումներ կայացնելու մասին:
  • Քննարկե՛ք սեռական հարաբերության իրավական կողմերը՝ ներառյալ համաձայնության տարիքը, ինչպես նաև սեռական ոտնձգությունների, հարձակման և շահագործման վերաբերյալ օրենքները:

Այս քննարկումների ընթացքում խրախուսե՛ք Ձեր երեխային հարցեր տալու, արտահայտելու իր զգացմունքները և հանգիստ կիսվելու իր մտահոգություններով: Տրամադրե՛ք ճշգրիտ տեղեկություն, վերացրե՛ք իր ունեցած սխալ պատկերացումները և միշտ ընդգծե՛ք սեռականությանն առնչվող հարցերում հարգանքի, անկեղծ հաղորդակցվելու և պատասխանատվության կարևորության մասին:

Ինչպես կարող եմ մեր զրույցներն ու քննարկումներն ավելի հարմարավետ դարձնել

Ստեղծե՛ք հարմարավետ և անկեղծ միջավայր, որտեղ ձեր երեխան ցանկացած թեմայի շուրջ խոսելիս իրեն ապահով կզգա՝ ներառյալ այնպիսի նուրբ թեման, ինչպիսին է սեռականությունը: Որպեսզի ավելի հարմարավետ լինի թե՛ Ձեզ համար և թե՛ երեխայի, ներառե՛ք այս թեմայի շուրջ զրույցներն ու քննարկումները Ձեր ամենօրյա շփման մեջ, այլ ոչ թե խոսեք ինչ-որ հատուկ դեպքերում՝ այն դարձնելով պաշտոնական իրադարձություն: Պետք է երեխային լսել սովորել: Երբեմն կարող եք համաձայն չլինել իր հետ, սակայն կարևոր է հանգիստ լսել՝ առանց քննադատելու և կտրուկ արձագանքելու: Պետք է ուշադրություն դարձնել, թե կոնկրետ ինչով է նա հետաքրքրված, բայց երբեք չճնշել մեր կարծիքով, որպեսզի նա ավելի հեշտությամբ խոսի ու հարցեր տա:

Բնականաբար, ոչ մի դեպքում չի կարելի ասել, որ նրա ասածը հիմարություն է, կամ փորձել նրան լռեցնել, որովհետև մի անգամ կորցնելով վստահությունը՝ շատ դժվար կկարողանաք այն վերականգնել, երբեմն էլ բնավ չեք կարողանա: Զրույցների ընթացքում եղե՛ք հանգիստ և համբերատար բացատրեք նրան մտահոգող ցանկացած հարց: Առավելագույնս նրբանկա՛տ եղեք և փորձե՛ք մեղմորեն ուղղել նրա սխալ պատկերացումները, երբ զգում եք, որ դրա կարիքը կա: Ավելի վստահելի  մթնոլորտ ստեղծելու համար կարող եք Ձեր երեխային հավաստիացնել, որ իրեն հուզող հարցերը բնական են ու նորմալ, որովհետև իր տարիքում Ձեզ նույնպես հետաքրքրել է այդ ամենը: Հետևելով այս պարզ քայլերին՝ Դուք կարող եք ստեղծել ջերմ և աջակցող մթնոլորտ, որտեղ սեռականության մասին խոսելը ձեր ընտանիքի համար կլինի բնական ու հարմարավետ:

Ինչպես պատասխանել երեխաների՝ սեռական հարաբերություններին և սեռականությանը վերաբերող հարցերին

Երեխաների հետաքրքրությունը սեռական հարաբերությունների և սեռականության նկատմամբ շատ բնական է, իսկ հարցեր տալու ցանկությունը կարող է ունենալ տարբեր պատճառներ: Նախ՝ երեխաները շատ հետաքրքրասեր են, ուստի անընդհատ փորձում են հասկանալ իրենց մարմինն ու շրջապատող աշխարհը: Հետո՝ հասունանալու ընթացքում  սկսում են հասկանալ, որ աղջիկների և տղաների միջև կան հստակ ֆիզիոլոգիական տարբերություններ, ինչն էլ իր հերթին սեռական անատոմիայի և վերարտադրողականության մասին տարատեսակ հարցերի պատճառ է դառնում: Նրանց համար առանցքային կարևորություն ունի հասկանալը շրջապատող աշխարհն ու իրենց դերն այդ աշխարհում, և սեռականության մասին գիտելիքներ ստանալը կազմում է այս բնական փնտրտուքի մի մասը: Հարցերին պատասխանելիս շատ կարևոր է լինել հետևողական ու վերջում հարցնել, թե արդյոք ունի այլ հարցրեր, որ կցանկանար տալ, և արդյոք պատասխանեցիք իր բոլոր հարցերին: Որոշակի հարցերի պատասխաններ չիմանալու դեպքում, ինչը բնական է, պետք է ազնիվ լինել, խոստովանել, որ չունեք պատասխաններ, բայց կարող եք փորձել մասին գտնել՝ օգտագործելով երեխայի տարիքին համապատասխան ռեսուրսներ: Սա էլ իր հերթին կօգնի երեխային, որ սովորի ճիշտ աղբյուրներից տեղեկություն գտնել:

Հարցեր, որոնք կարող են տալ 2-5 տարեկան երեխաները

Այս տարիքի երեխաներին սովորաբար բավարարում են կարճ ու պարզ պատասխանները: Երբ նրանք հետաքրքվում են, թե որտեղից են հայտնվում երեխաները, կարելի է ուղղակի ասել, որ երեխաները մեծանում են մայրիկի փորիկի մեջ՝ հատուկ տեղում, և հետո դուրս գալիս հեշտոցից: Մնացած բոլոր դեպքերում, երբ երեխան շարունակում է հետաքրքրություն դրսևորել և փորձում է ավելի շատ բան իմանալ, կարող եք պատասխանել հետևյալ կերպ․

Երեխան․ – Ինչպե՞ս են երեխաները մտնում մայրիկների փորիկների մեջ:

          Ծնողը․ – Երբ մայրիկներն իրենց փորիկի մեջ բալիկ են ունենում, դա կոչվում է հղիություն: Մայրիկներն իրենց փորիկի հատուկ տեղում ունեն փոքրիկ ձվիկներ, իսկ հայրիկներն իրենց մեջ ունեն հատուկ սերմեր: Երբ ծնողներն իրար շատ են սիրում, հայրիկի սերմերից մեկը միանում է մայրիկի ձվիկներից մեկին, և այդ պահից սկսած՝ փորիկի մեջ սկսում է մեծանալ երեխան:

Այս ամենը կարող եք նաև նկարել գունավոր մատիտներով:

Շատ հաճախ նախադպրոցական տարիքի երեխաները հետաքրքրվում են մարմնի մասերով և մատնանշելով իր կամ դիմացինի մարմնի ինչ-որ հատված՝ կարող են հարցնել, թե դա ինչ է և ինչպես է կոչվում:

Երեխան․ – Սա ի՞նչ է:

          Ծնողը․ – Սրանք կրծքեր են ու կանանց մոտ տարիքի հետ սկսում են մեծանալ, երբեմն՝  շատ, երբեմն էլ՝ ոչ այնքան, որովհետև ամեն մեկի մոտ դրանք կարող են տարբեր լինել:

Այս տարիքային խմբի երեխաներին շատ բնորոշ են սեռական օրգանների ու դրանց տարբեր լինելու մասին հարցերը:

Երեխան․ – Ինչու՞ ես առնանդամ ունեմ, իսկ դու՝ ոչ:

Ծնողը․ – Տղաների և աղջիկների սեռական օրգանները տարբեր են: Տղաներն ունենում են առնանդամ, իսկ աղջիկները՝ հեշտոց:

Հարցեր, որոնք կարող են տալ 6-11 տարեկան երեխաները

Երեխան․ – Իսկ ի՞նչ է դաշտանը, տղաները կարո՞ղ են ունենալ դրանից:

Ծնողը․ – Դաշտան ունենում են միայն կանայք ու աղջիկները: Այն լինում է ամեն ամիս և սովորաբար տևում է 5-7 օր, որի ընթացքում մարմինն ազատվում է ներսում հավաքված արյունից: Սա աղջիկների մեծանալու ընթացքի բնական մասն է կազմում:

Երեխան․ – Նորմա՞լ է, որ  ինքս ինձ ուսումնասիրում եմ ու ձեռք եմ տալիս մարմնիս մասերին:

Ծնողը․ – Այո´, իհարկե: Մեր մարմինը շատ մասեր ունի ու նորմալ է դրանցով հետաքրքրվելը, բայց մենք պետք է սովորենք ուսումնասիրել մեզ, երբ մենակ ենք:

Հարցեր, որոնք կարող են տալ 12-14 տարեկան դեռահասները

Դեռահասը․ – Ինչպե՞ս է մարդը վարակվում ՄԻԱՎ-ով:

Ծնողը․ – ՄԻԱՎ-ը վիրուս է, որը ներթափանցում է մարդու արյան մեջ տարբեր ճանապարհներով՝ հիմնականում չպաշտպանված սեռական հարաբերության միջոցով կամ ՄԻԱՎ վարակակրի հետ նույն ներարկիչն օգտագործելու դեպքում: Այն լինում է վարակված մարդու արյան, սեռական օրգանների հեղուկների, ինչպես նաև կրծքի կաթի մեջ: ՄԻԱՎ-ը թուլացնում է մարդու իմունային համակարգը ու դժվարացնում պայքարը ուրիշ վարակների դեմ: Սակայն համապատասխան բուժում ստանալու դեպքում ՄԻԱՎ ունեցողը կարող է երկար ու առողջ կյանք ունենալ: Հիշի՛ր, որ ՄԻԱՎ-ը օդակաթիլային ճանապարհով չի փոխանցվում, և դու չես կարող վարակվել վիրուս ունեցող մարդուն գրկելիս, կողքին նստելիս կամ նրա հետ նույն սպասքից օգտվելիս:

Դեռահասը․ – Ի՞նչ է նշանակում գեյ:

Ծնողը․ – Կան մարդիկ, որոնց գրավում են նույն սեռի ներկայացուցիչները, և դա կոչվում է նույնասեռականություն: Կան մարդիկ, որոնց գրավում են հակառակ սեռի ներկայացուցիչները, և դա կոչվում է տարասեռականություն: Կան մարդիկ էլ, որոնց երկու սեռերն էլ գրավում են ու դա անվանում են երկսեռականություն: Երեքն էլ սեռային կոմնորոշման բնական դրսևորումներ են: Կարևոր է հասկանալ, որ սերը տարբեր է լինում, և յուրաքանչյուրն արժանի է սիրելու ու սիրված լինելու այնպիսին, ինչպիսին կա:

 

Հարցեր, որոնք կարող են տալ 15-18 տարեկան դեռահասները

Հասունանալու ընթացքում դեռահասները ենթարկվում են ֆիզիկական, զգացմունքային և ճանաչողական փոփոխությունների: Հենց այդ պատճառով էլ իրենց հետաքրքրությունը իրենց մարմնի, հարաբերությունների կամ սեռականությանը վերաբերող թեմաների նկատմամբ շատ բարձր է լինում: Կարևոր է ստեղծել անկաշկանդ ու աջակցող միջավայր, որտեղ դեռահասին հեշտ ու հարմարավետ կլինի կիսվել իր հարցերով կամ մտահոգություններով:

Դեռահասը․ – Ե՞րբ են ավարտվում դեռահասության ժամանակ տեղի ունեցող փոփոխությունները:

          Ծնողը․ – Դժվար է հստակ տարիք նշել, որովհետև յուրաքանչյուրի մոտ այն անհատական բնույթ է կրում, բայց եթե ընդհանրացնենք, ապա աղջիկների մոտ՝ մոտավորապես տասներեքում, իսկ տղաների մոտ՝ տասնհինգում:

Դեռահասը․ – Որքա՞ն է մեծանալու կուրծքս:

Ծնողը․- Դա շատ անհատական է, որովհետև յուրաքանչյուր մարդու  մարմին ձևավորվում է տարբեր ձևով: Եվ հիշի՛ր, որ չկա կրծքի լավ ու վատ չափ:

Դեռահասը․ – Ճի՞շտ է, որ աղջիկը չի կարող հղիանալ առաջին սեռական հարաբերությունից:

          Ծնողը․ – Ո՛չ, ճիշտ չէ՛: Եթե չես օգտագործում հակաբեղմնավորիչներ, ապա կարող ես հղիանալ նույնիսկ առաջին սեռական հարաբերությունից:

Դեռահասը․ – Անպայմա՞ն է սեռական հարաբերություն ունենալը, եթե սիրում եք իրար:

Ծնողը․ – Ո՛չ, սեռական հարաբերությունը ռոմանտիկ հարաբերությունների միայն մի մասն է: Դա կարևոր և պատասխանատու քայլ է, որովհետև նախապես պետք է շատ բաներ հաշվի առնել, օրինակ`ինչպես պաշտպանվել, կամ հոգեբանորեն դրան արդեն պատրա՞ստ եք, թե՞ առայժմ ոչ:

Պետք է ուշադրություն դարձնել հարցերի բնույթին, որովհետև կարևոր է հասկանալ՝ դեռահասը գտնվո՞ւմ է մանիպուլյացիոն ազդեցության տակ, թե՞ ոչ: Հնարավոր է, որ հարաբերություններում կան բռնության տարրեր, օրինակ՝ զուգընկերը ստիպում է սեռական հարաբերություն ունենալ`ասելով, որ եթե սիրում է իրեն, ապա պիտի ապացուցի և այլն: Հարցեր կան, որոնք նա կարող է տալ՝ հասկանալու համար, թե ինչ ընտրություն պետք է անի: Կարևոր է հասկանալ հարցի ենթատեքստն ու խոսել այդ մասին:

Դեռահասը․ – Կուսաթաղանթ կորցնելը ցավո՞տ է:

Ծնողը․ – Միշտ չէ, որ ցավոտ է: Որոշ կանանց համար առաջին սեռական հարաբերությունը կարող է անհարմար կամ ցավոտ լինել, իսկ մյուսների համար՝ ոչ: Ոմանք էլ կարող են սեռական օրգանների հատվածում ճնշման զգացում ունենալ: Հիշի՛ր, որ սեռական հարաբերությունը պիտի տեղի ունենա միայն այն ժամանակ, երբ երկու զուգընկերն էլ պատրաստ են, ցանկանում են ու հստակ համաձայնություն են տալիս: Կուզե՞ս ավելի մարնամարսն խոսել այս թեմայի շուրջ:

Ծնողի դերը

Սեռականության վերաբերյալ երեխայի ճիշտ գիտելիքներ ունենալու հարցում ծնողների դերը կենսական կարևորություն ունի: Ծնողներն ուղիղ կապ ունեն սեռականության վերաբերյալ երեխայի համոզմունքների հետ, դրա հանդեպ ունեցած վերաբերմունքի և վարքագծի ձևավորման հարցում:

Անկաշկանդ հաղորդակցություն ու աջակցության ցուցաբերում
Սեռականությանը առնչվող թեմաների վերաբերյալ քննարկումները ծնողները պետք է սկսեն երեխայի վաղ տարիքից: Նրա համար պետք է զգայուն թեմաներ քննարկելու և տարբեր տեսակի հարցեր տալու ապահով տարածք ստեղծեն: Պետք է խոսեն այն ամենի մասին, ինչի մասին չի խոսվում, և իրենց երեխայի համար պետք է լինեն աջակցության աղբյուր:

Ճշգրիտ տեղեկության տրամադրում
Ծնողները պետք է երեխային ֆիզիոլոգիայի, վերարտադրողականության, սեռական առողջության և հարաբերությունների մասին ճշգրիտ և տարիքին համապատասխան տեղեկություն տրամադրեն՝ օգնելով նրանց սեռականության վերաբերյալ համապարփակ պատկերացում կազմելու:

Արժեքների և համոզմունքների փոխանցում
Սեռականության, հարաբերությունների, համաձայնության, հարգանքի և պատասխանատվության վերաբերյալ իրենց արժեքներն ու համոզմունքները ծնողները հնարավորություն ունեն փոխանցելու իրենց երեխային՝ դրանով իսկ նրան առաջնորդելով գրագետ որոշումներ կայացնելու:

Անձնական սահմանների հաստատում
Ամրապնդե՛ք նրա մոտ այն գաղափարը, որ կարևոր է սահմաններ հաստատել և «ո՛չ» ասել ցանկացած այն իրավիճակներում, երբ իրեն անհարմար կամ անապահով է զգում:

Ինչպես խոսել սեռականության մասին հաշմանդամություն ունեցող երեխաների հետ

Կան երեխաներ, որոնք ունեն քրոնիկ հիվանդություններ կամ հաշմանդամություն: Դրանք երբեմն տեսանելի չեն (շաքարախտ կամ էպիլեպսիա), երբեմն էլ բացահայտ են ու աչքի ընկնող (մկանային դիստրոֆիա կամ Դաունի համախտանիշ): Կան քրոնիկ հիվանդություններ և հաշմանդամության տեսակներ (քրոնիկ հոգնածության համախտանիշ կամ ողնաշարի որոշ վնասվածքներ), որոնք ուղեկցվում են սուր ցավերով, և անգամ սեռական հարաբերության ցանկություն ունենալու դեպքում էլ որևէ ֆիզիկական շփում ունենալը դառնում է անհնար: Սակայն լինում են նաև դեպքեր, երբ սեռական օրգանների անմիջական գրգռումն օգնում է պատնեշել ցավն ու դրա մասին մտքերը:

Եթե Ձեր երեխան ունի մտավոր կամ ֆիզիկական զարգացման հետ կապված որոշ խնդիրներ, ապա սեռականության մասին զրույցները կարող են նպաստավոր և օգտակար լինել նրա համար: Այս թեմաների շուրջ տարբեր քննարկումների դրական ազդեցությունը ոչ միայն ապահովում է սեռականության վերաբերյալ գիտելիքներ ունենալը, այլև որոշ կարևոր հմտություններ ձեռք բերելու և զարգացնելու հնարավորություն է տալիս:
Այն երեխաները, որոնք ունեն զարգացման որոշակի խնդիրներ, պետք է սեռականության վերաբերյալ տարիքին և զարգացմանը համապատասխան գիտելիքներ ստանան: Սա երբեմն կարող է ծնողների համար որոշակի դժվարություններ առաջացնել, որովհետև չկա բավականաչափ տեղեկություն բոլոր այն հատուկ միջոցների մասին, որոնք օգտագործվում են զարգացման խնդիրներ ունեցող երեխաներին այդ ամենը հնարավորինս մատչելի ձևով  ուսուցանելու համար:

Ստորև ներկայացնում ենք հաշմանդամություն ունեցող երեխաների հետ սեռականության վերաբերյալ քննարկումներ ունենալու մի քանի խորհուրդներ․

  • Կարող եք օգտագործել բարեկամների, հարազատների կամ ծանոթ մարդկանց նկարները ու խոսել միջանձնային հարաբերությունների և դրանց կարևորության մասին: Եթե Ձեր երեխան կույր է, կարող եք նրան հիշեցնել ինչ-որ ծանոթի մասին և այդպիսով սկսել քննարկումը:
  • Ժամանակ առ ժամանակ իրավիճակային տարբեր հարցեր տալով՝ փորձեք ստուգել, թե արդյոք նա հասկացել է այն, ինչն իր հետ քննարկել եք: Կարող եք նաև ստուգող հարցեր տալ նրան, օրինակ, սեռականության մասին որևէ հեռուստահաղորդում դիտելիս:
  • Նկարե՛ք կամ գնե՛ք մարմնի պատկերներով պաստառներ ու գրքեր և դրանց միջոցով փորձե՛ք նրան բացատրել, թե որ օրգանը որտեղ է գտնվում և կոնկրետ ինչ գործառույթ ունի:
  • Եթե Ձեր երեխայի համար անձնական հիգիենայի կամ դաշտանային ցիկլի մասին տեղեկությունը դժվարընկալելի է, ապա կարող եք որոշ բաներ գրել և ժամանակ առ ժամանակ միասին կարդալ:
  • Եթե Ձեր երեխան չունի ձեռքեր և ուզում է ուսումնասիրել իր սեռական օրգանները, կարելի է նրան ասել, որ դա անելու համար կարող է հայելի օգտագործել:
  • Եթե Ձեր երեխան կույր է, ապա կարող է չնկատել, որ իր դաշտանը սկսվել է: Պետք է նրբանկատորեն ասել նրան դրա մասին և սովորեցնել, թե ինչպես կարող է իրեն խնամել այդ օրերին: Տղաները երազախաբությունը կարող են շփոթել մեզի հետ: Պետք է բացատրել, որ դա բնական երևույթ է և իրենց զարգացման բնականոն մասն է կազմում:
  • Հաճախակի կրկնե՛ք այն ամենը, ինչ սովորեցնում ենք, և միշտ քաջալերե՛ք ու գովաբանեք նրան:
  • Հետաքրքրվե՛ք, թե արդյոք մոտակայքում կա՞ համապատասխան գրականությամբ գրադարան, և փորձե՛ք առավելագույնս օգտագործել Ձեզ հասանելի բոլոր միջոցները:
  • Կա՛պ պահպանեք այլ ծնողների հետ, որոնք նույնպես զարգացման խնդիրներով երեխաներ ունեն: Կիսե՛ք Ձեր փորձը և անպայման լսե՛ք մյուսների փորձառությունների մասին:
  • Այդ ամենի մեջ փորձե՛ք ներգրավել ուսուցիչներին կամ խնամողներին, այսինքն՝ բոլոր այն անձանց, որոնք ամենօրյա և անմիջական շփում ունեն Ձեր երեխայի հետ:

Սխալ պատկերացումներ հաշմանդամություն ունեցող անձանց մասին

  • Հաշմանդամություն ունեցող մարդու մարմինը տգեղ է:

Շատ հասարակություններում կանանց արժևորում են իրենց մարմնի հստակ պատկերով, և եթե այն ընդունված պատկերացումների մեջ չի տեղավորվում, ապա համարվում է, որ տվյալ կինն իրավունք չունի ամուսնանալու կամ զուգընկեր ունենալու, քանի որ գեղեցիկ չէ: Սա շատ սահմանափակ ընկալում է, որովհետև չկան գեղեցկության համընդհանուր չափանիշներ, և մարդկանց ընկալումները շատ տարբեր են. ինչ-որ մեկի համար գեղեցիկը ուրիշի համար կարող է այդքան էլ գեղեցիկ չլինել և հակառակը:

  • Հաշմանդամություն ունեցող անձինք չեն կարող ունենալ սեռական ցանկություն:

Այս պատկերացումն ընդհանրապես չի համպատասխանում իրականությանը, որովհետև ինչպես հաշմանդամություն չունեցող, այնպես էլ ունեցող անձինք կարող են սեռական ցանկություն ունենալ:

  • Հաշմանդամություն ունեցող անձինք միշտ սեռական հարաբերության ցանկություն ունեն:
    Ինչպես բոլորի մոտ, այնպես էլ հաշմանդամություն ունեցող անձանց մոտ սեռական ցանկությունը կարող է տարբեր լինել․ ոմանք կարող են ավելի հաճախ ունենալ ցանկություն, ոմանք էլ`ավելի հազվադեպ:

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ

© 2016 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս, ռադիո եւ հեռուստաընթերցումների դեպքում, հղումը serakanutyun.org-ին պարտադիր է: Serakanutyun.org- ի հեղինակային հոդվածները, լուսանկարներն արտատպելու համար պարտադիր է ստանալ գրավոր համաձայնությունը:

  • Մեր մասին
  • Ինչպես խոսել երեխայի հետ սեռականության մասին
  • Ինչպես հղել մեզ հարց
  • Կապ