• Մեր մասին
  • Ինչպես խոսել երեխայի հետ սեռականության մասին
  • Ինչպես հղել մեզ հարց
  • Կապ
[email protected]
Login

Login
ՍեռականությունՍեռականություն
  • Մեր մասին
  • Ինչպես խոսել երեխայի հետ սեռականության մասին
  • Ինչպես հղել մեզ հարց
  • Կապ

Կնոջ սեռական օրգաններ

Կնոջ սեռական օրգան

Մարդու սեռական և վերարտադրողական օրգանները բաժանվում են արտաքին և ներքին մասերի: Առանձնացվում են կնոջ և տղամարդու սեռական և վերարտադրողական օրգաններ: Գոյություն ունեն այնպիսի դեպքեր, երբ մարդիկ ծնվում են որևէ օրգանի կամ օրգանների բացակայությամբ, սակայն մեծամասնության դեպքում մարդիկ ծնվում են տվյալ օրգանների առկայությամբ:

Կնոջ արտաքին սեռական և վերարտադրողական օրգաններն են՝

mmm

  • Մեծ սեռաշուրթեր. դրանք մաշկային ծալքեր են, որ ծածկում են փոքր շուրթերը և հիմնականում կատարում են պաշտպանողական ֆունկցիա՝ պաշտպանելով ամբողջ արտաքին սեռական օրգանները: Մեծ սեռաշուրթերի գույնը և չափը տարբեր կանանց մոտ կարող է տարբեր լինել և մի սեռաշուրթը մյուսից նույնպես կարող է տարբերվել: Սեռական ցանկության ժամանակ մեծ սեռաշուրթերի գույնը և չափը կարող է փոփոխվել և արտահայտիչ դառնալ: Մեծ սեռաշուրթերը պատված են մազածածկույթով, այն ունի իր դերը և նշանակությունը: Մազածածկույթը պաշտպանում է սեռաշուրթերի մաշկն անմիջական հպումներից:
  • Փոքր սեռաշուրթեր. դրանք գտնվում են հեշտոցի բացվածքի շուրջ և ծածկված են մեծ սեռաշուրթերով։ Ի տարբերություն մեծ սեռաշուրթերի` օժտված չեն մազածածկույթով և առավել զգայուն են, քանի որ ունեն բազմաթիվ նյարդեր, որոնք նպաստում են սեռական հաճույք զգալուն: Փոքր սեռաշուրթերը ևս կարող են տարբերվել միմյանցից. կարող են ներս ընկած լինել մեծ սեռաշուրթերի արանքում կամ կարող են լինել ավելի դուրս եկած և արտահայտիչ: Փոքր սեռաշուրթերի երկայնքով տեղակայված են բարտոլինյան գեղձերը, որոնց աշխատանքի շնորհիվ կանայք ունենում են հեշտոցային արտադրություն: Փոքր սեռաշուրթերն ևս կարող են այտուցվել սեռական ցանկության ժամանակ:
  • Հեշտոցամուտք. այն բացվածքն է, որը հանդիսանում է մուտք դեպի հեշտոց:
  • Միզանցք. հեշտոցամուտքից առավել փոքր անցք է և մուտքն է դեպի միզապարկ, որտեղ մեզը պաշարվում է նախքան միզարձակումը: Քանի որ միզանցքը շատ մոտ է հեշտոցամուտքին, միզանցքի շրջանում բակտերիաները հեշտությամբ կարող են մտնել հեշտոց և առաջացնել բորբոքում: Այդ պատճառով, կարող եք միզապարկը դատարկել սեռական հարաբերությունից առաջ և հետո, ինչպես նաև մաքուր պահեք սեռական օրգանները:
  • Հետանցք. այն ուղիղ աղու բացվածքն է, հաստ աղու ելքը, որտեղից դուրս է գալիս արտաթորանքը:
  • Ծլիկ /կլիտոր/. այն փոքր թմբիկ է և գտնվում է մեծ և փոքր սեռաշուրթերի արանքում: Ծլիկն ունի երկար արմատներ, որոնք հասնում են մինչև հեշտոցի մեկ երրորդ հատվածը և կպած են հեշտոցի ներքին պատերին, այնպես որ ծլիկը շատ ավելի մեծ է, քան թվում է։ Ծլիկի հիմնական և միակ ֆունկցիան սեռազգացողություն ապահովելն է: Ի տարբերություն տղամարդկանց` կանայք ի վիճակի են ունենալ երկու տեսակի սեռական հաճույքներ /օրգազմ/՝ ծլիկային և հեշտոցային: Երբ կնոջ սեռական ցանկությունը բարձրանում է, ծլիկն ավելի կոշտանում և չափերով մեծանում է:

Կնոջ ներքին սեռական և վերարտադրողական օրգաններն են՝

aaa

Կրծքագեղձեր. մեզանից շատերը ժամանակ չեն տրամադրում առավել լավ ծանոթանալու սեփական կրծքագեղձերին և հասկանալու դրանց դերն ու նշանակությանը: Ինչպես և մատնահետքերը, երկու կրծքագեղձերը նույնպես միմյանց չեն կարող նման լինել և կատարյալ զույգ գոյություն չունի: Եթե երբեք ձեր կրծքագեղձերը չեք դիտարկել հայելու դիմաց, ապա այժմ փորձեք դա անել: Կարևոր է պատկերացում կազմել սեփական կրծքագեղձերի նորմայի մասին, քանի որ դրանց տեսքն ու կառուցվածքը փոփոխության են ենթարկվում դաշտանային ցիկլի ընթացքում և կնոջ տարիքի հետ մեկտեղ: Ձեր կրծքագեղձերը կարող են ունենալ կոշտ և փափուկ հատվածներ, տարբեր հյուսվածքաբանություն և զգայունությամբ օժտված տարբեր հատվածներ: Կրծքագեղձերի կանոնավոր կերպով հետազոտումը Ձեզ կօգնի տեղեկանալու Ձեր օրգանիզմին բնորոշ անհատական առանձնահաստկությունների  մասին, ինչպես նաև հայտնաբերելու նորմայից դուրս թվացող որևէ երևույթ: Հայելու դիմաց կրծքագեղձերը զննելիս կարող եք տեսնել, որ դրանք տարբերվում են միմյանցից չափերով և ձևով: Երբեմն աջ կուրծքն ավելի փոքր է կամ էլ հակառակը: Եթե ժամանակի ընթացքում ուսումնասիրեք Ձեր կրծքերը, ապա կտեսնեք որ դրանք դառնում են ավելի թույլ և կախված, քանի որ Ձեր մաշկը տարիքի հետ կորցնում է առաձգականությունը, իսկ կաթնագեղձերը փոքրանում են: Քանի որ կրծքագեղձերը գտնվում են ձվարանային հորմոնների ազդեցության դաշտում, դուք կարող եք տեսնել դրանց արտառոց կազմափոփոխությունները դաշտանային ցիկլի տարբեր շրջաններում: Այսպես` դաշտանի ավարտից անմիջապես հետո Ձեր կրծքագեղձերը կարող են լինել ավելի մեծ, իսկ նախադաշտանային օրերին՝ առավել լարված: Հղիության և կրծքով կերակրման շրջանում կրծքագեղձերը զգալիորեն մեծանում են: Դրանք կարող են ուռչել և լարվել սեռական գրգռման ժամանակ: Պատանեկության շրջանում դիտվող սեռական հորմոնների զգալիորեն ակտիվացման հետ մեկտեղ յուրաքանչյուր կրծքագեղձում սկսում է զարգանալ և չափսերով մեծանալ կաթնարտադրող համակարգը: Վերարտադրողական ամբողջ ցիկլի ընթացքում յուրաքանչյուր կին ունենում է մոտավորապես նույն քանակի կաթնարտադրող հյուսվածքներ: Կրծքագեղձերը պատված են ճարպային և շարակցական հյուսվածքներով: Կրծքագեղձերի չափսերի տարբերությունը պայմանավորված է նրանցում ճարպային հյուսվածքի քանակից: Սրանով է բացատրվում այն, որ կրծքերի մեծությունը կապ չունի դրանց սեռազգացողության կամ նրանցում արտադրվող  կաթի քանակության հետ:

  • Հեշտոց. այն 8-12 սմ երկարությամբ մկանային խողովակաձև օրգան է, որի վերին հատվածում արգանդի վզիկն է  /արգանդի ստորին հատվածը/, իսկ ստորին հատվածը /հեշտոցամուտք/ բացվում է դեպի դուրս: Հեշտոցն ուղի է հանդիսանում դաշտանային արյան դուրս մղման, սեռական հարաբերության և բնական ծննդաբերության համար: Քանի որ հեշտոցը մկանային օրգան է, ապա կնոջ լարվելու ընթացքում այն կարող է չափերով փոքրանալ ու լարվել և հակառակը, եթե կինը հանգիստ է իրեն զգում և բարձր է սեռական ցանկությունը, ապա այն կարող է լայնանալ, բացվել և փոքր-ինչ խոնավանալ: Շատ կանայք, բայց ոչ բոլորը, հաճույք են զգում հեշտոցի մի մասի գրգռվելիս։ Այս մասը գտնվում է հեշտոցի մեկ երրորդ հատվածում և կոչվում է Ջ կետ: Նորմալ է ունենալ սպիտակավուն կամ անգույն հեշտոցային արտադրություն, որն ուղեկցվում է առանց հոտի կամ թեթև կաթնաթթվային հոտով: Հիվանդագին երևույթների ժամանակ հեշտոցային արտադրությունը կարող է շատանալ և տարբեր դրսևորումներ ստանալ` փոխել գույնը և հոտը, բաղադրությունը և տեսքը:
  • Արգանդ. այն սովորաբար 7-9 սմ երկարությամբ և 5 սմ լայնությամբ սնամեջ, տանձաձև մկանային օրգան է, որտեղ հղիության ժամանակ զարգանում է սաղմը և պտուղը: Այն գտնվում է որովայնի խոռոչի ներքևի մասում՝ միզապարկի և ուղիղ աղու միջև։ Արգանդը բաղկացած է երկու հատվածներից՝ վզիկից, որը ներքևից բացվում է հեշտոցի վերևի մասում և մարմնից, որը արգանդի հիմնական մասն է կազմում: Արգանդի մարմինը շատ առաձգական է և հղիության ընթացքում մեծանում է տասնյակ անգամ` տեղավորելու մեծացող պտուղը, այնուհետև հղիությունից հետո վերադառնում է իր նախնական չափերին:
  • Արգանդափողեր. 10-13 սմ երկարության նեղ խողովակներ են, ձգվում են արգանդից աջ և ձախ՝ դեպի ձվարաններ: Արգանդափողերն իրենց պատերի կծկման շնորհիվ ծառայում են ձվաբջիջները ձվարաններից քաշելու և արգանդ հասցնելու համար: Արգանդափողերը միշտ շարժման մեջ են, այսպես ասած միշտ պարում են, որի շնորհիվ էլ կատարում են իրենց ֆունկցիան: Ձվաբջջի բեղմնավորումը սերմնաբջիջով տեղի է ունենում հենց արգանդափողերից մեկում, ապա բեղմնավորված ձվաբջիջը տեղափոխվում է արգանդ, որտեղ այն ամրանում է արգանդի պատին: Երբեմն բեղմնավորված ձվաբջիջն ամրանում է արգանդափոխին, որը կարող է շատ վտանգավոր լինել կնոջ համար։ Այն կոչվում է արտարգանդային հղիություն։ Այս երևույթը հազվադեպ է տեղի ունենում և լինում է կնոջ մոտ հիմնականում չբուժված սեռավարակների տարածման դեպքում:
  • Ձվարաններ. նուշի չափ փոքր, օվալաձև գեղձեր են, որոնք գտնվում են արգանդի երկու կողմերում: Ձվարաններն արտադրում են սեռական հորմոններ և ֆոլիկուլներ (պարկիկներ)` որտեղ տեղադրված են ձվաբջիջներ: Տղամարդիկ շարունակաբար սերմնաբջիջներ են արտադրում, ի տարբերության կանանց, ովքեր ծնվում են բոլոր իրենց ձվաբջիջներով և իրենց կյանքի ընթացքում չեն արտադրում նոր ձվաբջիջներ
  • Միզապարկ, որտեղ հավաքվում է մեզը:
  • Կուսաթաղանթ. հեշտոցի բացվածքը մասնակիորեն ծածկված է բարակ հյուսվածքով, որն ունի մի քանի անցքեր և կոչվում է կուսաթաղանթ։
    Կուսաթաղանթի չափը և ձևը տարբեր կանանց մոտ տարբեր է լինում։ Պարզ չէ՝ կուսաթաղանթը ինչ ֆունկցիա է կատարում, նախկինում համարվում էր, որ կուսաթաղանթը պաշտպանողական ֆունկցիա ունի և պաշտպանում է մանրէների ներթափանցումը դեպի հեշտոց, սակայն այն չի հաստատվել: Կանանց մեծ մասն ունի կուսաթաղանթ, որը ձգված է կամ պատռվում է առաջին սեռական հարաբերությունից հետո, սակայն պարտադիր չէ, որ կուսաթաղանթը պատռվի առաջին սեռական հարաբերությունից։ Այն կարող է պատռվել նաև այլ հանգամանքներից, օրինակ՝ մարզանքից կամ տամպոն տեղադրելիս։ Դրա համար անհնար է կուսաթաղանթի առկայությունով կամ բացակայությունով պարզել աղջիկն ունեցել է սեռական հարաբերություն, թե՝ ոչ։ Կանայք կան, ովքեր բոլորովին չեն արյունահոսում և ցավ չեն ունենում առաջին հարաբերությունից։ Կան կանայք, ովքեր նաև ծնվում են առանց կուսաթաղանթի և սա բոլորովին նորմալ երևույթ է: Կարևոր է իմանալ, որ կուսաթաղանթը բոլոր կանանց մոտ միատեսակ  չի լինում:

Ծնողի դերը

Կարևոր է իմանալ, որ մեր երեխաները, երբ մի փոքր մեծանում են, սկսվում է ուսումնասիրության շրջանը, սկսում են ուսումնասիրել իրենց մարմինը, ձեռքերը, ոտքերը, ամբողջ մարմինը և մենք ևս մեր վերաբերմունքով պետք է ցույց տալ, թե որքան կարևոր են բոլոր օրգանները և չպետք է պատժել կամ քննադատել, երբ իրենք ուսումնասիրում են իրենց սեռական օրգանները, շոշափում են, ձեռք են տալիս: Սա բոլորովին նորմալ երևույթ է և կազմում է անձի զարգացման ճանաչողական պրոցեսի մի մասը: Կարևոր է բոլոր օրգանները, այդ թվում նաև սեռական օրգաններն անվանել իրենց ճիշտ անուններով, քանի որ, երբ մենք օրինակ ձեռքերին ասում ենք ձեռք, բայց առնանդամին կամ հեշտոցին տարբեր անվանումներ ենք հորինում կամ ընդհանրապես ոչինչ չենք ասում, իրենց մոտ կարող է ձևավորվել ամոթի կամ այնպիսի զգացում, որ սեռական օրգանները բոլորովին կարևոր չեն՝ ի համեմատ մյուս օրգանների. դա կարող է ազդել իրենց հետագա սեռականության զարգացման ընթացքի վրա: Օրինակ, երբ ծնողները հաճախ կերակրում են իրենց երեխաներին, ասում են բաց բերանդ կամ սա քո բերանն է, նույն օրինակը կարող ենք կիրառել, երբ փոխում ենք տակդիրը, ճիշտ անունը տալ. ես հիմա կմաքրեմ քո հեշտոցը կամ առնանդամը: Այս մոտեցումն արդեն կձևավորի մեր երեխաների մոտ ճիշտ վերաբերմունք սեռականության վերաբերյալ և իրենք կդիտեն այն որպես սովորական և բնական երևույթ: Փորձեք սովորեցնել նաև, որ սեփական մարմնի ինքնաճանաչումը կարևոր շրջան է երեխայի համար և փորձեք սովորեցնել, թե ինքն ինչպես կարող է ուսումնասիրել իր սեռական օրգանները: Կարող եք բացատրել Ձեր երեխային, որ նա կարող է օգտվել հայելուց և ուսումնասիրել իր արտաքին սեռական օրգանները մի վայրում, որտեղ նա մենակ է և հանգիստ է իրեն զգում: Դա կօգնի իրեն ինքնաճանաչման և ինքնավստահության բարձրացման հարցում:

Հաճախ տրվող հարցեր

Հարց – Ճի՞շտ է արդյոք միշտ մաքրել սեռական օրգանների հատվածում տեղակայված մազածածկույթը:

  • Պատասխան – Ճիշտ է, թե սխալ դու ինքնդ պետք է որոշես կախված այն բանից, թե ինչպես ես քեզ հանգիստ զգում: Միայն պետք է հիշես, որ սեռական օրգանների և աճուկի շրջանում տեղակայված մազերը շատ բնական են և կարիք չկա միշտ հեռացնել դրանք, քանի որ իրենք կատարում են պաշտպանողական ֆունկցիա`պաշտպանում են մեղմացնելով անմիջական հպումները մաշկի հետ: Եթե մազերը քեզ այնուամենայնիվ խանգարում են, կարող ես սովորական եղունգի մկրատով զգուշորեն կտրատել: Իսկ եթե որոշել ես հեռացնել, ապա ընտրիր ամենաանվտանգ մեթոդը քո մարմնի և մաշկի համար՝ խուսափելով տարատեսակ գունային և լազերային էպիլյացիաներից, քանի որ վերջիններս որոշակի քանակով ճառագայթ են լուսարձակում և դեռ լիովին ապացուցված չէ նման մեթոդների անվտանգությունը:
  • Հարց – Կուսաթաղանթի պատռվելը սեռական հարաբերության ժամանակ միշտ ցավո՞տ է:
  • Պատասխան – Ո’չ, միշտ չէ, որ ցավոտ է կուսաթաղանթ կորցնելը, երբեմն դու կարող ես անգամ չզգալ, թե ինչպես պատռվեց քո կուսաթաղանթը: Կուսաթաղանթի ձևը և տեղակայումը յուրաքանչյուր կնոջ մոտ տարբեր է, անգամ լինում են այնպիսի դեպքեր, երբ սեռական հարաբերության ժամանակ կուսաթաղանթը կարող է չպատռվել և պատռվել ավելի ուշ:
  • Հարց – Ես վախենում եմ, որ իմ առաջին հարաբերության ժամանակ կուսաթաղանթս չպատռվի և արյուն չգա: Ինչպե՞ս պետք է ապացուցեմ զուգընկերոջս, որ ես կույս եմ:
  • Պատասխան – Ընդհանրապես առաջին հարաբերության ժամանակ կուսաթաղանթը միշտ չէ, որ պարտադիր է պատռվի և ուղեկցվի արյունով: Երբեմն լինում են դեպքեր, որ կուսաթաղանթը կարող է պատռվել առանց արյան հոսքի կամ ընդհանրապես չպատռվի կամ նաև պատռվի այլ հանգամանքներից, օրինակ որոշ տեսակի մարմնամարզությունների ժամանակ կամ տամպոնը սխալ տեղադրելիս, ուստի երբեք չես կարող նախապես իմանալ, թե ինչ կկատարվի հարաբերության ժամանակ: Առհասարակ, եթե Ձեր հարաբերություններն ամուր են և առկա է փոխվստահություն ու փոխհարգանք միմյանց նկատմամբ, ապա որևէ կերպով քո զուգընկերոջը որևէ բան ապացուցելու կարիք չկա: Անկախ նրանից դու կին ես, թե տղամարդ, դու ինքդ պետք է որոշես ունենաս սեռական հարաբերություններ, թե՝ ոչ, և եթե դու սեռապես ակտիվ ես եղել մինչ ամուսնությունը, սա բոլորովին նորմալ է և քո որոշումն է, որը նաև պետք է հարգի քո զուգընկերը: Եթե կարևորում ես մինչ ամուսնությունը կույս լինելու հանգամանքը, սա ևս քո անհատական որոշումն է: Եթե հարաբերության ժամանակ արյուն չի գալիս վերջում դա դեռևս չի նշանակում, որ դու կույս չես, ուղղակի հաճախ մարդիկ կուսաթաղանթի և կուսության վերաբերյալ ունեն սխալ տեղեկատվություն, որը քո մեղավորությունը չէ:
  • Հարց – Նորմա՞լ է, որ հեշտոցից արտադրություն է գալիս:
  • Պատասխան – Ա’յո,  միանշանակ նորմալ և առողջ պրոցես է: Պետք է ուշադրություն դարձնել արտադրության հոտին և գույնին: Եթե արտադրությունը սպիտակավուն կամ թափանցիկ է և ուղեկցվում է կաթնաթթվային հոտով, ապա անհանգստանալու կարիք չկա: Արտադրության հետ կապված փոփոխությունները կարող են տեղի ունենալ դաշտանային ցիկլի ընթացքում և դա նորմալ է։  Եթե նկատում եք անսովոր արտադրություն, տհաճ հոտ սեռական օրգաններից, ցավ կամ քոր, բշտիկներ սեռական օրգանների շրջանում, ցավ միզելիս կամ սեռական հարաբերության ընթացքում, գրիպի նման ախտանշաններ, գերհոգնածություն կամ արտադրության հետ կապված փոփոխություններ, ապա զուգընկերոջ հետ հարաբերություն ունենալուց առաջ, անպայման այցելիր քո բժշկին։
  • Հարց – Արդյո՞ք նորմալ է, երբ կրծքերը և պտուկները տարբերվում են իրարից:
  • Պատասխան – Ա’յո, նորմալ է: Յուրաքանչյուր մարդու կրծքերի չափերը կարող են տարբերվել միմյանցից և բնության մեջ շատ քիչ են հանդիպում այնպիսի դեպքեր, երբ երկու կրծքերը լիովին հավասար են: Պտուկները ևս կարող են տարբերվել, մեկի մոտ կարող է դուրս եկած պտուկներ լինեն, մյուսի մոտ՝ ներս ընկած, ինչպես նաև գույնի և չափի փոփոխություններ էլ կարող են լինել: Եթե պտուկը դուրս եկած էր և հետո ներս ընկած դարձավ, ապա կարող է նշանակել, որ կրծքի հետ կապված խնդիր կա։ Այդ դեպքում այցելեք Ձեր բժշկին։
  • Հարց – Արդյո՞ք ճիշտ է թլպատել տղաներին:
  • Պատասխան – Կարևոր է հասկանալ, թե ինչ նպատակով ենք մենք ուզում տղաներին թլպատել: Հաճախ ծնողները կարծում են, որ սա հիգիենայի կարևոր մաս է կազմում, սակայն դա այդպես չէ: Ճիշտ չէ երեխայի փոխարեն որոշում կայացնել հեռացնել իր մարմնի մի հատված և սա մարմնի անձեռնմխելիության կարևոր հիմնահարցերից մեկն է հանդիսանում: Տղամարդու առնանդամն օժտված է մաշկով և առնանդամի գլխիկի մաշկն ի ծնե ավելի փակ է լինում, ժամանակի ընթացքում այն ետ է քաշվում և այդ ժամանակից սկսած պետք է հետևել, որ մաշկի տակ չհավաքվեն աղի մնացորդներ՝ պարբերաբար մաքրելով և լվանալով:  Թլպատման կարիք չկա, պետք է հետևել և սովորեցնել ճիշտ հիգիենայի կանոններին: Դեպքեր են լինում, երբ երեխաները չեն կարողանում միզել բորբոքման կամ կարմրածության պատճառով, այդ դեպքում անհրաժեշտ է դիմել բժշկի:
  • Հարց – Որտեղի՞ց է դուրս գալիս տղամարդու մեզը:
  • Պատասխան – Ի տարբերություն կանանց, ում միզանցքը գտնվում է հեշտոցից ավելի վերև և առանձին անցք է համարվում, տղամարդիկ միզում են առնանդամի անցքից, որտեղից դուրս է գալիս ինչպես մեզը, այնպես էլ սերմնահեղուկը:
  • Հարց – Տղաներն ունե՞ն կուսաթաղանթ:
  • Պատասխան – Ոչ, տղաները չունեն կուսաթաղանթ:

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ

© 2016 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս, ռադիո եւ հեռուստաընթերցումների դեպքում, հղումը serakanutyun.org-ին պարտադիր է: Serakanutyun.org- ի հեղինակային հոդվածները, լուսանկարներն արտատպելու համար պարտադիր է ստանալ գրավոր համաձայնությունը:

  • Մեր մասին
  • Ինչպես խոսել երեխայի հետ սեռականության մասին
  • Ինչպես հղել մեզ հարց
  • Կապ