• Մեր մասին
  • Ինչպես խոսել երեխայի հետ սեռականության մասին
  • Ինչպես հղել մեզ հարց
  • Կապ
[email protected]
Login

Login
ՍեռականությունՍեռականություն
  • Մեր մասին
  • Ինչպես խոսել երեխայի հետ սեռականության մասին
  • Ինչպես հղել մեզ հարց
  • Կապ

Հակաբեղմնավորիչ մեթոդներ

Բեղմնավորում

1

Բեղմնավորումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ տղամարդու սերմնաբջիջը միավորվում է կնոջ ձվաբջջի հետ: Այս միավորումը հանգեցնում է բեղմնավորված ձվաբջջի առաջացմանը, որը կոչվում է զիգոտ: Սա համարվում է հղիության առաջին փուլը:
Բայց լավ կլինի սկսել ամենասկզբից:

Ձվաբջիջներ
Կանայք ծնվում են մոտավորապես 1-2 միլիոն չհասունացած ձվաբջիջներով: Այնուամենայնիվ, իրենց վերարտադրողական կյանքի ընթացքում այս ձվաբջիջներից միայն մոտ 400-ն են հասունանում ու արտազատվում ձվարաններից, և հենց այդ ժամանակ է հնարավոր դառնում դրանց բեղմնավորումը:

Օվուլյացիա կամ ձվազատում
Յուրաքանչյուր ամիս մեկ ձվաբջիջ է ձվազատվում, այսինքն՝ դուրս է գալիս ձվարանից, անցնում է արգանդափողերից մեկով, որտեղ էլ բեղմանվորվելու համար հանդիպում է սերմնաբջջին: Եթե ​​բեղմնավորում տեղի չի ունենում, ապա ձվաբջիջը ներծծվում է կամ էլ դուրս գալիս դաշտանի ժամանակ:

Բեղմնավորում
Բեղմնավորումը տեղի է ունենում արգանդափողում, երբ սերմնահեղուկը հաջողությամբ թափանցում է ձվաբջիջ: Բեղմնավորումից հետո զիգոտը՝ բեղմնավորված ձվաբջիջը, սկսում է իր ճանապարհորդությունը դեպի արգանդի խոռոչ: Այս գործընթացը սովորաբար տևում է 3-ից 5 օր:

Սերմնաբջջի գոյատևում
Սերմնաժայթքման ժամանակ սովորաբար արտազատվում է 250-500 միլիոն սերմնաբջիջ: Ելնելով պայմաններից՝ դրանք կարող են գոյատևել կնոջ վերարտադրողական համակարգում 3-ից 5 օր, երբեմն էլ՝ մինչև 7 օր: Թեև ձվաբջիջը կարող է բեղմնավորվել միայն օվուլյացիայից հետո 12-ից 24 ժամվա ընթացքում, սակայն այն կարող է բեղմնավորվել նաև օվուլյացիայից 5-7 օր առաջ տեղի ունեցած սեռական հարաբերության և կնոջ օրգանիզմում սերմնաբջջի երկար գոյատևման շնորհիվ:

Հղիության հավանականություն
Իհարկե, օվուլյացիայի, այսինքն՝ ձվազատման ժամանակ հղիանալու հավանականությունը ամենաբարձրն է, սակայն հնարավոր է նաև հղիանալ բոլոր այն դեպքերում, երբ սերմնահեղուկը կուտակվում է հեշտոցի ներսում կամ դրա մոտ: Բանն այն է, որ սերմնահեղուկը կարող է արգանդի վզիկի միջով անցնել և հասնել արգանդ ու արգանդափողեր:

Հղիության վաղ փուլեր
Բեղմնավորված ձվաբջիջը  արգանդափողից շարժվում է դեպի արգանդի խոռոչ ու դրան զուգընթաց տրոհվում է և վերածվում բազմաբջիջ սաղմի: Բեղմնավորումից հետո՝ սովորաբար 5-7 օրվա ընթացքում, այն հասնում է արգանդ և տեղադրվում արգանդի լորձաթաղանթի մեջ:

Ընտանիքի պլանավորում և հակաբեղմնավորիչ միջոցներ

Ընտանիքի պլանավորումը երեխա ունենալու ճիշտ ժամանակի ընտրությունն է, ինչպես նաև անցանկալի հղիությունից պաշտպանվելու լավագույն մեթոդի ընտրությունը: Ընտանիքի պլանավորումը կարելի է կիրառել կյանքի տարբեր փուլերում: Ենթադրենք՝ դուք դեռ պատրաստ չեք երեխա ունենալուն․ այս դեպքում հակաբեղմնավորիչների օգտագործումը հղիությունը կանխելու լավագույն միջոցն է: Ընտանիքի պլանավորումը նաև կարևոր է երեխա ունենալուց հետո․ մասնագետները խորհուրդ են տալիս հղիությունների միջև դադար առնել 2-ից 5 տարի՝ մոր և երեխայի առողջության պահպանման համար:

Ծնելիության վերահսկման մեթոդների մեծ մասը անվտանգ և արդյունավետ է բայց որոշ մարդիկ, ելնելով տարբեր կարծրատիպերից կամ գրագետ տեղեկության պակասից, վարանում են դրանք օգտագործել: Ստորև բերված են մի քանի ընդհանուր պատճառներ, թե որ դեպքերում են մարդիկ խուսափում օգտվել հակաբեղմնավորիչ միջոցներից, ինչպես նաև այդ մարտահրավերները հաղթահարելու առաջարկություններ:

Հակաբեղմնավորիչների օգտագործման խոչընդոտները

  • Խոչընդոտ
    Այդ թեմայի շուրջ զուգընկերոջ հետ խոսելիս ամոթի կամ անհարմարության զգացում:
    Լուծում
    Անկաշկանդ զրույցներն ու քննարկումները, թե հակաբեղմնավորման կոնկրետ որ միջոցն է զույգի համար ամենահամապատասխանը, միանշանակ օգտակար են և ճիշտ որոշում կայացնելու համար պարտադիր: Որոշ տղամարդիկ կարող են մտածել, թե հակաբեղմնավորման պլանավորումը միայն կնոջ պարտականությունն է, բայց դա ամենևին էլ այդպես չէ, և միասին որոշումներ կայացնելը շատ կարևոր է:
  • Խոչընդոտ
    Զուգընկերներից մեկը չի ցանկանում հակաբեղմնավորիչ օգտագործել։
  • Լուծում
    Երբեմն դա պայմանավորված է տեղեկացված չլինելով կամ սխալ տեղեկություն ունենալով: Օգտակար է իմանալ տարբեր հակաբեղմնավորիչների մասին և ընտրել այն տարբերակը, որը երկուսին էլ համապատասխանում է: Հարաբերության ժամանակ հակաբեղմնավորիչների օգտագործումը մեկը մյուսին արգելելը համարվում է վերարտադրողական վերահսկողություն կամ չարաշահում, ինչն էլ ինքնին բռնության տեսակ է: Նման դեպքերում պետք է զանգահարել թեժ գիծ կամ դիմել մասնագետի համապատասխան աջակցություն ստանալու համար:
  • Խոչընդոտ
    Շատերը հրաժարվում են բժշկի դիմելուց՝ այդ կերպ փորձելով խուսափել ավելորդ ծախսերից: Կան դեպքեր, երբ կանայք, առաջնորդվելով հասրակության մեջ գոյություն ունեցող թյուր, կարծրատիպերով ու արգելքներով, ամեն կերպ խուսափում են գինեկոլոգին այցելելուց և հետազոտումներ անելուց։

Լուծում
Իրականում անցանկալի հղիության դեպքում  դրա արհեստական ընդհատումը՝ աբորտը, թե՛ ֆինանսապես, թե՛ հոգեպես և թե՛ ֆիզիկապես ավելի ծանր ու դժվար է, քան հակաբեղմնավորիչ օգտագործելը կամ գինեկոլոգին այցելելը։ Այստեղից էլ հետևություն, որ բժշկին այցելելը լավագույն տարբերակն է:

  • Խոչընդոտ
    Կա տարածված կարծիք, որ հակաբեղմնավորիչները օրգանիզմի համար վնասակար են։

Լուծում
Մարդկանց մեծամասնությունը կարող է օգտագործել հակաբեղմնավորիչներ՝ իրեն առանց որևէ առողջական վտանգի տակ դնելու։ Կարևոր է հասկանալ, որ հակաբեղմնավորիչները անպտղություն չեն առաջացնում: Սեռական ճանապարհով փոխանցվող վարակները կամ հղիության արհեստական բազմաթիվ ընդհատումները կարող են ավելի վնասակար լինել ապագայում հղիանալու համար քան հակաբեղմնավորիչները: Հուսալի հակաբեղմնավորիչներով պաշտպանվելը լավագույն միջոցն է չպլանավորված հղիությունից խուսափելու համար:

Ժամանակակից հակաբեղմնավորիչ միջոցներ

Ժամանակակից հակաբեղմնավորիչ միջոցները գործում են երկու հիմնական եղանակով․ կանխում են ձվարաններից ձվի արտազատումը՝ օվուլյացիան, և արգելափակում են սերմնահեղուկի հասնելը ձվաբջջին:

Ժամանակակից հակաբեղմնավորիչ միջոցներից Հայաստանում հասանելի են պահպանակները, ներարգանդային պարույրը (ՆԱՊ), հորմոնային հաբերը, ներարկվող հակաբեղմնավորիչները և բեղմնականխման քիմիական միջոցները, որոնք ոչնչացնում են սերմնահեղուկը: Գոյություն ունեն նաև բեղմնականխման հաբեր այն կանանց  համար, որոնք չպաշտպանված սեռական հարաբերություն են ունեցել և ցանկանում են խուսափել հղիանալուց: Կան նաև հակաբեղմնավորման անդառնալի մեթոդներ, որոնց  պատճառով կանայք և տղամարդիկ այլևս երբեք չեն կարող պտղաբեր լինել:

Պահպանակներ

2

Գոյություն ունեն երկու տեսակի պահպանակներ՝ կանանց և տղամարդկանց։ Կախված պահպանակի տեսակից՝ սեռական հարաբերության ժամանակ այն կրում են կա՛մ հեշտոցի մեջ, կա՛մ առնանդամի վրա։ Դրանք արգելափակում են սերմնահեղուկի մուտքը հեշտոց և այդպիսով կանխում հղիությունը: Ճիշտ օգտագործման դեպքում տղամարդկանց պահպանակներն ունեն 99% արդյունավետություն, իսկ կանանց պահպանակները՝ 95%: Պահպանակաները հակաբեղմնավորման նաև այն միակ միջոցն են, որոնք ոչ միայն կանխում են անցանկալի հղիությունը, այլ պաշտպանում են սեռական ճանապարհով փոխանցվող վարակներից (ՍՃՓՎ):

Կանանց պահպանակներ
Կանանց համար նախատեսված պահպանակները խողավակաձև են և ունեն երկու օղակներ՝ արտաքին (բաց ծայր) և ներքին (փակ ծայր): Բաց ծայրը տեղադրվում է հեշտոցամուտքում, իսկ փակ ծայրը կարող է հասնել մինչև արգանդի պարանոց: Այս պահպանակները կատարում են բոլոր գործառույթները, ինչ տղամարդկանց համար նախատեսվածները՝ պաշտպանում են անցանկալի հղիությունից և սեռավարականերից: Սակայն այս պահպանակները պարզապես հակաբեղմնավորման միջոց չեն, այլ հնարավորություն, որ կանայք կարողանան ամբողջովին վերահսկել իրենց սեռական առողջությունը: Եթե ​​որևէ պատճառով տղամարդ զուգընկերը չի ցանկանում օգտագործել պահպանակ, կինը կարող է պաշտպանվել՝ օգտագործելով կանանց համար նախատեսված պահպանակ:

Որոշ մշակույթներում, այդ թվում նաև Հայաստանում, շատ կանայք մեծացել են սեփական մարմնին և հատկապես սեռական օրգաններին չդիպչելու կարծրատիպերով կամ արգելքներով: Կանանց համար նախատեսված պահպանակ օգտագործելու վախը հիմնականում բխում է այս կարծրատիպերից, որովհետև սերտորեն կապված է սեռական օրգանների հետ: Սակայն այս վախը հաղթահարելու համար կարելի է այն ընկալել որպես ինքնախնամքի և սեփական առողջության մասին հոգ տանելու մի ձև, ինչպես ատամները մաքրելը կամ դեմքը լվանալը:

Օգտագործման ձևը

  • Պարտադիր է ստուգել և համոզվել, որ պահպանակը ժամկետանց չէ: Այն պետք է պահել զով ու չոր տեղում՝ արևի ուղիղ ճառագայթներից հեռու:
  • Փաթեթը եզրի երկայնքով պետք է զգուշորեն բացել մատներով և խուսափել մկրատ օգտագործելուց, որովհետև այն կարող է վնասել պահպանակը:
  • Հարմարավետ դիրք ընդունելուց հետո պետք է ներքին օղակը սեղմել մատների միջև և նրբորեն հրել այն հեշտոց, որքան հնարավոր է խորը՝ տամպոն տեղադրելու նման: Արտաքին օղակը կմնա հեշտոցից դուրս՝ ծածկելով վուլվայի մի մասը։
  • Սեռական հարաբերությունից հետո պետք է զգուշորեն պտտել արտաքին օղակի բաց ծայրը, որպեսզի սերմնահեղուկը դուրս չհոսի ու մնա պահպանակի ներսում, և նրբորեն դուրս հանել այն հեշտոցից:
  • Օգտագործած պահպանակը պետք է փաթեթել անձեռոցիկով կամ թղթով և նետել աղբարկղը։
  • Յուրաքանչյուր պահպանակ օգտագործվում է միայն մեկ անգամ, և սեռական հարաբերություն ունենալիս անհրաժեշտ է ամեն անգամ օգտագործել նորը:

Տղամարդկանց պահպանակներ
Տղամարդկանց համար նախատեսված պահպանակները հիմնականում պատրաստվում են լատեքսից, բայց դրանից ալերգիա ունենալու դեպքում հնարավոր է գնել այլ նյութերից պատրաստված պահպանակներ: Դրանք բարակ պարկիկներ են, որոնք հագցվում են էրեկտիլ վիճակում գտնվող առնանդամի վրա: Սերմնաժայթքումից հետո պահպանակը խոչընդոտում է սերմնահեղուկի թափանցումը հեշտոց՝ կանխելով անցանկալի հղիությունը կամ սեռավարակների տարածումը:

Օգտագործման ձևը

  • Պարտադիր է ստուգել և համոզվել, որ պահպանակը ժամկետանց չէ: Այն պետք է պահել զով ու չոր տեղում՝ արևի ուղիղ ճառագայթներից հեռու:
  • Փաթեթը եզրի երկայնքով պետք է զգուշորեն բացել մատներով և խուսափել մկրատ օգտագործելուց, որովհետև այն կարող է վնասել պահպանակը:
  • Սեղմել ծայրի հատվածը՝ սերմնահեղուկին տեղ թողնելու համար և հագցնել պահպանակը էրեկցիայի վիճակում գտնվող առնանդամի վրա՝ հասցնելով այն մինչև առնանդամի հիմքը:
  • Սեռական ակտից անմիջապես հետո այն պետք է զգուշորեն հեռացնել առնանդամի վրայից՝ բռնելով առնանդամի հիմքում գնտվող հատվածից, որպեսզի սերմնահեղուկը դուրս չհոսի:
  • Սեռական ակտի ժամանակ շատ հազվադեպ դեպքերում պահպանակը կարող է պատռվել, ուստի անհրաժեշտ է համոզվել, որ այն չի պատռվել, իսկ հակառակ դեպքում կին զուգընկերը պետք է հակաբեղմնավորիչ հաբեր ընդունի:
  • Օգտագործած պահպանակը պետք է հիմքից կապել, փաթաթել անձեռոցիկով կամ թղթով և նետել աղբարկղը։
  • Յուրաքանչյուր պահպանակ օգտագործվում է միայն մեկ անգամ և սեռական հարաբերություն ունենալիս անհրաժեշտ է ամեն անգամ օգտագործել նորը:
  • Յուրաքանչյուր սեռական հարաբերության համար անհրաժեշտ է միայն մեկ պահպանակ: Պետք չէ միաժամանակ մեկից ավելի պահպանակ օգտագործել․ դա իրականում ոչ թե մեծացնում է պաշտպանությունը, այլ հակառակը․ շատացնում է հավանականությունը, որ հիմնական պահպանակը կպատռվի:

Հակացուցումներ

Պահպանակը հակացուցված է միայն այն անձանց, որոնք ալերգիա ունեն լատեքսից, սակայն դա շատ հազվադեպ է լինում: Այդ դեպքում կարելի է օգտագործել պոլիուրեթային կամ պոլիիզոպրենային պահպանակներ, որոնք պատրաստված չեն լատեքսից: Բացի լատեքսային ալերգիայից՝ պահպանակներն այլ հակացուցումներ հիմնականում չունեն և կարող են անվտանգ օգտագործվել մարդկանց մեծ մասի կողմից, և մարդկանց մեծ մասը դրանք կարող է անվտանգ օգտագործել։

Առավելություններ և թերություններ

Առավելություններ

  • Ճիշտ օգտագործման դեպքում ապահովում են բարձր արդյունավետություն։
  • Պաշտպանում են անցկանկալի հղիությունից և սեռավարակներից։
  • Չեն պահանջում բժշկի կողմից տրամադրված դեղատոմս։
  • Մատչելի են ու հասանելի։
  • Հեշտ են օգտագործման մեջ։
  • Կարող են նվազեցնել վաղաժամ սերմնաժայթքումը և երկարաձգել սեռական հարաբերության հաճույքը։
  • Հազվադեպ են առաջացնում կողմնակի բարդություններ։

Թերություններ

  • Պետք է օգտագործել յուրաքանչյուր սեռական հարաբերության ժամանակ։
  • Սխալ օգտագործման դեպքում պահպանակը կարող է պատռվել կամ դուրս սահել։
  • Այն օգտագործելու համար զուգընկերոջ համաձայնությունը պարտադիր է։
  • Կարող է նվազեցնել զգայունությունը։
  • Օգտագործման ընթացքում որոշ տղամարդկանց մոտ կարող էնկատվել էրեկցիայի նվազում։
  • Որոշ դեպքերում արտաքին սեռական օրգանների շրջանում կարող են գրգռվածություն կամ քոր առաջացնել։

Ներարգանդային պարույր (ՆԱՊ)

3

Ներարգանդային պարույրը (ՆԱՊ) պլաստիկ նյութից և մետաղալարից պատրաստված T-աձև ճկուն, փոքր սարք է, ինչը բժշկի միջամտությանբ տեղադրվում է արգանդի խոռոչում՝ հղիությունը կանխելու նպատակով: Գոյություն ունեն ներարգանդային պարույրների երկու հիմնական տեսակներ: Հակաբեղմնավորման հարցում երկու տեսակն էլ ունեն գրեթե 99% բարձր արդյունավետություն:

Ներարգանդային պղնձե պարույր
Այն խանգարում է սերմնահեղուկի շարժմանը՝ խոչընդոտելով ձվաբջջի բեղմնավորումը, ինչպես նաև թույլ չի տալիս, որպեսզի բեղմնավորված ձվաբջիջը ներդրվի արգանդի լորձաթաղանթում: Առաջին մի քանի ամիսների ընթացքում դաշտանը կարող է ավելի երկարատև լինել, այն կարող է նաև առատ և ցավոտ լինել, սակայն երբ մարմինը հարմարվում է, այս ախտանիշները ժամանակի ընթացքում սովորաբար անհետանում են: Ներարգանդային պղնձե պարույրը կարելի է օգտագործվել մոտ 10-12 տարի, սակայն խորհուրդ է տրվում գինեկոլոգի մոտ տարեկան ստուգումներ անցնել՝ համոզվելու համար, որ պարույրը չի տեղաշարժվել: Ներարգանդային պարույրի այս տեսակը չի պարունակում հորմոններ և հարմար տարբերակ է այն կանանց համար, որոնք  նախընտրում են հակաբեղմնավորիչ ոչ հորմոնալ միջոցներ:

Ներարգանդային հորմոնալ պարույր
Ներարգանդային այս պարույրը արտազատում է պրոգեստերոն հորմոնի փոքր քանակություն, ինչը կանխում է օվուլյացիան և խտացնում է արգանդի վզիկի լորձը՝ դժվարացնելով սերմնահեղուկի ներթափանցումը: Այս պարույրը նաև նվազեցնում է դաշտանային արյունահոսությունը՝ այդ ընթացքը դարձնելով ավելի թեթև և քիչ ցավոտ: Այն կարելի է օգտագործել մոտ 5 տարի:

Հակացուցումներ
Նախքան ներարգանդային պարույր տեղադրելը պարտադիր է հետազոտվել և համոզվել, որ դա հարմար ու անվտանգ տարբերակ է: Տեղադրելուց հետո որոշ կանանց մոտ կարող է սրտխառնող կամ փորլուծություն առաջանալ, բայց դրանք սովորաբար անհետանում են առաջին մի քանի ամիսների ընթացքում: Եթե ​​ախտանիշները պահպանվում են երեք ամսից ավելի, կարևոր է խորհրդակցել բժշկի հետ՝ այլընտրանքային տարբերակներ գտնելու համար:

Երբ դիմել բժշկի
Խորհուրդ է տրվում տարին մեկ անգամ այցելել գինեկոլոգի՝ համոզվելու համար, որ ներարգանդային պարույրը դեռ տեղում է: Նաև պետք է դիմել բժշկի, եթե տեղադրելուց հետո անսովոր ցավ, արյունահոսություն կամ այլ ախտանիշներ կան:

Առավելություններ և թերություններ

Առավելություններ

  • Ունեն 99% արդյունավետություն։
  • Ունեն երկարաժամկետ օգտագործման հնարավորություն։
  • Սեռական հարաբերությունից առաջ կամ ընթացքում չկա հավելյալ որևէ բան օգտագործելու կարիք։
  • Ներարգանդային պղնձե պարույրը հարմար տարբերակ է կրծքով կերակրող կանանց համար։
  • Պտղաբերությունը վերականգնվում է պարույրը հեռացնելուց անմիջապես հետո։
  • Երկարատև օգտագործման դեպքում ժամանակակից հակաբեղմնավորիչ միջոցներից ամենամատչելին է։

Թերություններ

  • Չեն պաշտպանում սեռավարակներից։
  • Կարող է տեղադրվել միայն գինեկոլոգի կողմից։
  • Պղնձե պարույրը կարող է առաջացնել դաշտանային առատ և ցավոտ արյունահոսություն։
  • Շատ հազվադեպ այն կարող է դուրս մղվել արգանդից կամ սերտաճել արգանդի պատին։

Հակաբեղմնավորիչ հորմոնալ մեթոդներ

Հայաստանում գոյություն ունեն հորմոնալ հակաբեղմնավորիչների երեք հիմնական տեսակներ՝ հորմոնալ հաբեր, հորմոնալ ներարկումներ և հեշտոցային օղակ։ Ճիշտ օգտագործելու դեպքում դրանք 99%-ով արդյունավետ են: Սակայն սխալ օգտագործման դեպքում դրանց արդյունավետությունը կարող է իջնել՝ կազմելով մոտ 91-92%:

4

Հակաբեղմնավորիչ հաբեր

Հակաբեղմնավորիչ հաբերը պարունակում են սինթետիկ հորմոններ, որոնք նմանակում են կնոջ օրգանիզմում բնականորեն արտադրվող հորմոնները՝ էստրոգենը և պրոգեստերոնը: Այս հորմոնները կանխում են օվուլյացիան՝ ձվաբջիջների արտազատումը ձվարաններից, ինչպես նաև խտացնում են արգանդի վզիկի լորձը, ինչը խոչընդոտում է սերմնահեղուկի մուտքը արգանդ: Այս բոլոր գործառույթները շատ քիչ հավանական են դարձնում հղիությունը:

Օգտագործման ձևը

Հակաբեղմնավորիչ հաբեր ընդունելու լավագույն ժամանակը դաշտանի առաջին օրն է: Կան հաբեր, որոնք ազդում են խմելու առաջին իսկ օրվանից, սակայն կան նաև այնպիսի հաբեր, որոնք սկսում են ազդել խմելուց առնվազն մեկ շաբաթ անց: Շատ կարևոր է նախապես խորհրդակցել բժշկի հետ՝ ամենահարմար ու ճիշտ տարբերակն ընտրելու համար: Առավելագույն արդյունավետություն ապահովելու համար պետք է ամեն օր նույն ժամին խմել մեկ հաբ: Մեկ օր բաց թողնելու դեպքում, անհրաժեշտ է հաջորդ օրն ընդունել երկու հաբ, իսկ ժամը մոռանալու դեպքում  այն հիշելու պահին անմիջապես ընդունել հաբը:

Հակացուցումներ

Կանանց մեծ մասը կարող է օգտագործել հակաբեղմնավորիչ հաբեր՝ առանց որևէ վտանգի։ Հաբերն ընդունելուց առաջ անհրաժեշտ է դիմել բժշկի` պարզելու համար առողջական վիճակը։ Արյան բարձր ճնշում, սրտանոթային համակարգի խնդիրներ, երակների վարիկոզ լայնացում, միգրեն, ՄԻԱՎ, կրծքագեղձի քաղցկեղ կամ քաղցկեցի բարձր հավանականություն ունեցող, ինչպես նաև 35-ից բարձր ծխող կանայք չեն կարող օգտագործել հակաբեղմանվորման հորմոնալ հաբեր, այն կանայք, որոնք 35 անց են և ծխում են:

Երբ դիմել բժշկի

Սկզբնական շրջանում հաբերը կարող են առաջացնել սրտխառնոց և աննշան արյունահոսություն, որոնք վտանգավոր չեն առողջության համար։ Հարկավոր է մի քանի ամիս, որպեսզի օրգանիզմը հարմարվի հաբերին, սակայն եթե ախտանիշները շարունակական են, ապա անպայման պետք է դիմել բժշկի։ Որոշ դեղահաբեր կարող են նվազեցնել հակաբեղմնավորիչ հաբերի արդյունավետությունը, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ։

Առավելություններ և թերություններ

Առավելություններ

  • Շատ արդյունավետ են։
  • Մեղմացնում են դաշտանային արյունահոսությունն ու ցավերը։
  • Կարող են նվազեցնել դեմքի մաշկի կորյակները։
  • Նվազեցնում են ձվարանների, ինչպես նաև էնդոմետրիալ քաղցկեղի առաջացման հավանականությունը։
  • Նվազեցնում են կոնքի խոռոչի օրգանների բորբոքային հիվանդությունների հավանականությունը։
  • Չեն ազդում ապագա պտղաբերության վրա․ հնարավոր է հղիանալ հաբերի ընդունումը դադարեցնելուց անմիջապես հետո։

 

Թերություններ

  • Չեն պաշտպանում սեռավարակներից ։
  • Օգտագործման առաջին ամիսների ընթացքում կարող են առաջացնել սրտխառնոց, փսխում, գլխացավ, քաշի ավելացում, կրծքագեղձերի ցավ։
  • Որոշ կանանց մոտ կարող են առաջացնել սրտանոթային համակարգի խանգարումներ և նպաստել արյան մակարդելիության բարձրացմանը։
  • Կարող են առաջացնել տրամադրության կտրուկ փոփոխություններ։
  • Հաբերը պետք է ընդունել ամեն օր։

Հորմոնային ներարկումներ Դեպո-Պրովերա

Հորմոնային ներարկումները նույն հորմոններն են պարունակում, ինչ հորմոնային հաբերը, սակայն ավելի բարձր խտությամբ, և ապահովում են մոտ 99% արդյունավետություն: Անցանկալի հղիությունը կանխելու նպատակով կարող են ներարկվել երեք ամիսը մեկ անգամ և բժշկի կողմից:

Առավելություններ և թերություններ

Առավելություններ

  • Ունեն բարձր արդյունավետություն։
  • Ներարկվում են երեք ամիսը մեկ անգամ և հարմար են այն կանանց համար, որոնք ցանկություն չունեն կամ մոռանում են հաբեր ընդունել ամեն օր։
  • Կարող են նվազեցնել ձվարանի և արգանդի քաղցկեցի առաջացման հավանականությունը։

 

Թերություններ

  • Չեն պաշտպանում սեռավարակներից։
  • Կարող են առաջացնել սրտխառնոց, փորլուծություն, քաշի հնարավոր ավելացում։
  • Կողմնակի ազդեցությունների առաջացման դեպքում դրանք կարող են տևել 3 ամիս, մինչև ներարկման ազդեցությունը դադարի։
  • Պտղաբերությունը կարող է վերականգնվել ներարկումները դադարեցնելուց մեկ տարի անց։

 

Հեշտոցային օղ

Հեշտոցային օղը բարակ, թափանցիկ, ճկուն օղակ է, ինչը կինը ինքնուրույն կարող է տեղադրել հեշտոցի մեջ: Տեղադրված օղը երեք շաբաթվա ընթացքում դանդաղորեն կնոջ օրագնիզմ է արտազատում հորմոններ, որոնք կանխում են ձվազատումը և խտացնում են արգանդի վզիկի լորձը՝ խոչընդոտելով սերմնաբջջի մուտքը արգանդ: Հեշտոցային օղը երեք շաբաթ շարունակաբար կրելու, այնուհետև մեկ շաբաթ չօգտագործելու դեպքում կարելի է ապահովել մեկ ամսվա բեղմնականխում։ Ճիշտ օգտագործման դեպքում ապահովում է 99% արդյունավետություն:

Օգտագործման ձևը

Հեշտոցային օղը պետք է տեղադրել դաշտանը սկսվելու առաջին հինգ օրերի ընթացքում: Այն խոչընդոտող միջոց չէ, և սխալ տեղադրելը խնդիր չի առաջացնում․ էական է, որ այն գտնվի հեշտոցի մեջ: Պետք է հարմար դիրք ընդունել, բութ մատով ու ցուցամատով սեղմել օղակը և այն զգուշորեն տեղադրել հեշտոցի մեջ ճիշտ այնպես, ինչպես տեղադրում են տամպոնը: Այն պետք է հնարավորինս խորը հրել, որպեսզի անհարմարություն չպատճառի: Երբեմն կանայք չեն էլ զգացում դրա ներկայությունը:

Հակացուցումներ

Հակաբեղմնավորման այս տեսակը  կարող է որոշ չափով բարձրացնել ծխող և արյան բարձր ճնշում ունեցող կանանց սրտի կաթվածի հավանականությունը: Հեշտոցային օղն օգտագործելուց առաջ անհրաժեշտ է խորհրդակցել բուժաշխատողի հետ:

Առավելություններ և թերություններ

Առավելություններ

  • Ունի բարձր արդյունավետություն։
  • Հեշտ կիրառելի է, ապահով է և հարմար։
  • Մեկանգամյա կիրառմամբ ապահովում է մեկամսյա հակաբեղմնավորում։

Թերություններ

  • Չի պաշտպանում սեռավարակներից։
  • Որոշ կանանց մոտ կարող է բարձրացնել սրտի կաթվածի հավանականությունը։
  • Ձեռք բերելու համար անհրաժեշտ է բժշկի տված դեղատոմս։

Բեղմնականխման քիմիական միջոցներ (սերմնասպան նյութեր)

Սերմնասպան միջոցները՝ քսուքները, մոմիկները, հեշտոցային հաբերը, լուծվող թաղանթները, քիմիական նյութեր են, որոնք հեշտոցում քայքայում են սերմնաբջիջները և չեն թողնում, որ դրանք հասնեն արգանդ: Դրանց արդյունավետությունը մոտավորապես 70-80% է։ Այն կարող է փոփոխվել՝ կախված տեսակից և օգտագործման ձևից: Լավ արդյունավետության համար ցանկալի է համարդրել այդ միջոցներն ու այլ տեսակի մեթոդները։

Օգտագործման ձևը

Քանի որ սերմնասպան նյութերը տարբեր են, հետևաբար դրանց օգտագործումն էլ է տարբեր: Մոմիկի և հաբի դեպքում այն տեղադրում են հեշտոցում և որքան հնարավոր է խորը, որպեսզի մոտ լինի արգանդի պարանոցին: Անհրաժեշտ է սպասել մոտ 10-15 րոպե, որպեսզի մոմիկը կամ հաբը տարրալուծվի: Դրանք արդյունավետ են տեղադրելուց հետո ընդամենը մեկ ժամ:

Հակացուցումներ

Չի կարելի օգտագործել միայն ալերգիայի դեպքում:

Առավելություններ և թերություններ

Առավելություններ

  • Հեշտ կիրառելի են։
  • Դրանք կարող են կիրառվել սեռապես ակտիվ կնոջ կյանքի ցանկացած փուլում, անգամ կրծքով կերակրելու դեպքում։
  • Կարող են օգտագործվել նաև որպես խոնավացնող միջոց՝ լուբրիկանտ։

Թերություններ

  • Չեն պաշտպանում սեռավարակներից։

Ժամանակակից այլ հակաբեղմնավորիչների համեմատ արդյունավետությունը ցածր է։

  • Կարող են բորբոքային պրոցեսներ առաջացնել։
  • Սեռական ակտից հետո արտաքին սեռական օրգանները կարելի է լվանալ միայն 6 ժամ անց։

Շտապ բեղմնականխման հաբեր

Այս հաբերը կարելի է օգտագործել, երբ սեռական ակտի ժամանակ պատռվել է պահպանակը, երբ մոռացել եք ընդունել հակաբեղմնավորիչ հաբերը, երբ սերմնաժայթքումը տեղի է ունեցել հեշտոցի ներսում և մնացած բոլոր այն դեպքերում, երբ տեղի է ունեցել չպաշտպանված սեռական ակտ: Տվյալ դեպքում պետք է ընդունել շտապ բեղմնականխման հաբերը, որոնք պարունակում են բարձր քանակությամբ հորմոններ և նվազեցնում են հղիության զարգացման հավանականությունը: Հաբերն ընտրելիս պարտադիր է խորհրդակցել գինեկոլոգի հետ: Դրանց արդյունավետությունը կարող է հասնել մինչև 89% -ի, եթե հաբերը ընդունել են սեռական հարաբերությունից հետո՝ 72 ժամվա ընթացքում:

Օգտագործման ձևը

Շտապ բեղմնականխման հաբերը պետք է ընդունել միայն մեկ անգամ՝ սեռական հարաբերությունից անմիջապես հետո կամ 72 ժամվա ընթացքում: Նրանց կանխարգելիչ հատկությունները պահպանվում են մինչև հինգ օր։

Հակացուցումներ

Չի կարելի օգտագործել հղի կանանց:

Առավելություններ և թերություններ

Առավելություններ

  • Ճիշտ օգտագործման դեպքում բավականին արդյունավետ են։

Թերություններ

  • Չեն պաշտպանում սեռավարակներից։
  • Կիրառելի չեն և խորհուրդ չեն տրվում որպես հակաբեղմնավորման շարունակական միջոց։
  • Կարող են առաջացնել մի շարք կողմնակի ազդեցություններ՝ սրտխառնոց, փսխումներ, փորլուծություն, դաշտանային ցիկլի խանգարումներ։

Մշտական կամ անդառնալի հակաբեղմնավորում

79

Մշտական կամ անդառնալի հակաբեղմնավորումը, որը նաև հայտնի է որպես վիրաբուժական ստերիլիզացիա, օգտագործվում է թե՛ տղամարդկանց և թե՛ կանանց կողմից, որոնք համոզված են, որ չեն ցանկանում ապագայում երեխաներ ունենալ: Սա հակաբեղմանվորման ամենաարդյունավետ միջոցն է՝ մոտավորապես 100%:

Օգտագործման ձևը

Կանանց դեպքում բժիշկը վիրահատության միջոցով արգելափակում է արգանդափողերը, որպեսզի ձվաբջիջները չհասնեն արգանդ: Տղամարդկանց դեպքում բժիշկը կրկին վիրահատության միջոցով արգելափակվում է սերմնածորաններից սերմնահեղուկի անցումը։ Սրանք թեթև վիրահատություններ են, որոնք սովորաբար արվում են տեղային անզգայացմամբ:

Հակացուցումներ

Հակաբեղմնավորման այս տեսակը ընդհանուր առմամբ անվտանգ է մարդկանց մեծամասնության համար, բայց ինչպես ցանկացած վիրահատություն, այս միջամտությունը նույնպես որոշակի վտանգ է ներկայացնում: Հետևաբար շատ կարևոր է մանրամասն քննարկել բժշկի հետ: Տվյալ որոշումը պետք է կայացվի միայն այն դեպքում, եթե Դուք 100%-ով համոզված եք, որ չեք ցանկանում ապագայում կենսաբանական երեխաներ ունենալ, քանի որ այս փոփոխությունը հաճախ անդառնալի է:

Առավելություններ և թերություններ

Առավելություններ

  • Հակաբեղմանվորման ամենաարդյունավետ մեթոդն է։
  • Միջամտությունը լինում է ընդամենը մեկ անգամ։
  • Սեռական հարաբերությունից առաջ կամ ընթացքում որևէ հավելյալ գործողության կարիք չկա։
  • Լավագույն միջոցն է այն կանանց համար, որոնց տարբեր պատճառներով հակացուցված է հղիանալ։

Թերություններ

  • Չի պաշպանում սեռավարակներից։
  • Գրեթե անդառնալի միջամտություն է։
  • Պահանջվում է բժշկական միջամտություն։

Հակաբեղմնավորման բնական մեթոդներ

Հասկանալով մարմնի բնական գործընթացները՝ հնարավոր է կանխել հղիությունը, ինչն էլ համարվում է հակաբեղմնավորման բնական մեթոդ: Հակաբեղմնավորման բնական մեթոդները չեն ներառում արտաքին սարքեր կամ քիմիական նյութեր, ինչն էլ գրավում է շատերին, հատկապես այն մարդկանց, որոնք փնտրում են ավելի բնական տարբերակներ: Ճիշտ օգտագործման դեպքում այս մեթոդներն իհարկե կարող են արդյունավետ լինել, սակայն դրանք պակաս հուսալի են, քան ժամանակակից հակաբեղմնավորիչ մեթոդները:

Լակտացիոն ամենորեայի մեթոդ (ԼԱՄ)

ԼԱՄ-ը հակաբեղմնավորման բնական միջոց է, որն առաջանում է հետծննդաբերական շրջանում, երբ կինը բացառապես կրծքով է կերակրում երեխային, և նրա մոտ ժամանակավորապես բացակայում է դաշտանը: Կրծքով կերակրման ժամանակ կնոջ օրգանիզմում առաջանում են հորմոնալ փոփոխություններ, ինչի հետևանքով էլ կրկին հղիանալու հավանականությունը նվազում է: Ճիշտ և հետևողական կիրառման դեպքում այս մեթոդն ունի մոտ 98-99% արդյունավետություն, սակայն առանցքային կարևորություն ունի բացառապես կրծքով կերակրելը՝ չհամալրելով երեխայի սննդակարգը այլ մթերքներով կամ հեղուկներով:

Օգտագործման ձևը

ԼԱՄ-ը կարող է արդյունավետ լինել միայն հետևալ դեպքերում․

  • Դաշտանային ցիկլը դեռ չի վերականգնվել։
  • Երեխան վեց ամսականից փոքր է։
  • Երեխային կերակրելը բացառապես կրծքով է (օրվա ընթացքում՝ 1-4 ժամը մեկ, գիշերվա ընթացքում՝ 1-6 ժամը մեկ)։

Առավելություններ և թերություններ

Առավելություններ

  • Ճիշտ կիրառելու դեպքում ունի բարձր արդյունավետություն։
  • Այս մեթոդը չի պահանջում ոչ մի տեսակի հավելյալ ծախս։
  • Չեն օգտագործվում հորմոններ, սարքեր կամ քիմիական նյութեր։

Թերություններ

  • Չի պաշտպանում սեռավարակներից։
  • Արդյունավետ է միայն ճիշտ կիրառման դեպքում։
  • Արդյունավետ է միայն ծննդաբերությանը հաջորդող առաջին 6 ամսվա ընթացքում և միաժամանակ բացառապես կրծքով կերակրելու դեպքում։

Ընդհատված սեռական հարաբերություն (դուրսբերման մեթոդ)

Հղիությունից պաշտպավնելու այս մեթոդից օգտվելիս  տղամարդը մինչև սերմնաժայթքումը պետք է ավարտի սեռական հարաբերությունը՝ առնանդամը հեշտոցից դուրս բերելով: Սովորաբար այս միջոցը միայն  75%  արդյունավետություն ունի, որի պատճառով մեկ տարվա ընթացքում այս մեթոդը կիրառող չորս կանանցից մեկը հղիանում է: Դա բացատրվում է նրանով, որ երբեմն տղամարդը չի կարողանում  վերահսկել այն պահը, թե երբ է տեղի ունենալու սերմնաժայթքումը: Երբեմն էլ սեռական հարաբերության սկզբում՝ մինչև բուն սերմնաժայթքումը, առնանդամից կարող է մի քանի կաթիլ սերմնահեղուկ դուրս գալ, որը, թեպետ քիչ հավանական է, կարող է հասնել ձվաբջջին և այնուամենայնիվ բեղմնավորել այն:

Առավելություններ և թերություններ

Առավելություններ

  • Հավելյալ ծախսեր չի պահանջում։
  • Չունի կողմնակի ազդեցություններ։

Թերություններ

  • Չի պաշտպանում սեռավարակներից։
  • Ունի ցածր արդյունավետություն։
  • Սեռական հարաբերության ընդհատման հետևանքով նվազում է սեռական հաճույքը։

Օրացուցային մեթոդ

Օրացույցային մեթոդը ընտանիքի բնական պլանավորման մեկ այլ ձև է: Այս մեթոդը կիրառելու համար պետք է վերահսկել դաշտանային ցիկլը՝ հղիանալու բարձր հավանականություն ունեցողը օրերը բացահայտելու համար: Դրանք օվուլյացիայի օրերն են, երբ տեղի է ունենում ձվազատում, և ոչ ցանկալի հղիությունը կանխելու համար այդ օրերին պետք է խուսափել անպաշտպան սեռական հարաբերությունից՝ օգտագործելով հակաբեղմնավորիչ այլընտրանքային մեթոդներ: Ճիշտ օգտագործման և կանոնավոր դաշտանային ցիկլ ունենալու դեպքում այս օրացուցային մեթոդը կարող է լինել մինչև 95-97% արդյունավետ, իսկ սխալ կիրառման կամ անկանոն ցիկլ ունենալու դեպքում արդյունավետությունը կարող է նվազել մինչև 75%:

Օգտագործման ձևը

Այս մեթոդն օգտագործելուց առաջ պետք է առնվազն 6 ամիս հետևել դաշտանային ցիկլի տևողությանը՝ իմանալու համար՝ արդյոք այն կանոնավո՞ր է, թե՞ ոչ: Այդ ամիսների ընթացքում օրացույցի վրա պետք է նշել յուրաքանչյուր ամսվա դաշտանի առաջին օրը և հաշվել այդ օրվանից մինչև հաջորդ ամսվա դաշտանի առաջին օրը: Վեց ամիս անց պետք է միջին համեմատականով հաշվել դաշտանային ցիկլի օրերի քանակը: Եթե ցիկլը տևում է 26-32 օր, ապա հղիանալու բարձր հավանականություն կա մոտավորապես 8-րդ օրվանից սկսած մինչև 19-րդ օրը: Օրինակ, եթե դաշտանը սկսվում է հունվարի 1-ին, ապա բեղմնավորումը հավանական է հունվարի 8-ից մինչև հունվարի 19-ը: Հղիանալ չցանկանալու դեպքում այդ օրերին պետք է օգտագործել հակաբեղմնավորիչ այլընտրանքային մեթոդներ:

 

Առավելություններ և թերություններ

Առավելություններ

  • Հավելյալ ծախսեր չի պահանջում։
  • Չունի ոչ մի կողմնակի ազդեցություն։

Թերություններ

  • Չի պաշտպանում սեռավարակներից։
  • Անկանոն դաշտանային ցիկլի դեպքում կարող է արդյունավետ չլինել։
  • Պարտադիր է հետևել դաշտանային ցիկլին ամեն ամիս։
  • Հնարավոր չէ կիրառել ծննդաբերությունից հետո մի քանի ամիս, քանի դեռ դաշտանային ցիկլը չի վերականգնվել։

Հղիության արհեստական ընդհատում (աբորտ)

Հղիության արհեստական ընդհատումը բժշկական ընթացակարգ է, որի միջոցով ընդհատում են հղիությունը: Այն կարող է իրականացվել ինչպես վիրահատական ճանապարհով, այնպես էլ դեղորայքային միջամտությամբ։ Եթե չեն կիրառվում հակաբեղմնավորման միջոցներ կամ ձախողվում են, կամ էլ կինը հղիանում է առանց իր համաձայնության սեռական հարաբերությունից, ապա նա իրավունք ունի օգտվելու անվտանգ բժշկական ծառայություններից՝ հղիությունը դադարեցնելու համար: Անկախ պատճառներից՝ անվտանգ և օրինական աբորտը կանանց համար իրենց առողջությունն ու բարեկեցությունը ապահովագրելու միջոց է։

Գոյություն ունի հղիության արհեստական ընդհատման 2 տեսակ՝ վիրահատական և դեղորայքային: Վիրահատական աբորտը  պակաս վտանգավոր  է հղիության 7-12րդ շաբաթվա ընթացքում: Այն հիմնականում իրականացվում է անզգայացմամբ և տևում է մոտավորապես 15-30 րոպե, որի ընթացքում հեռացվում է արգանդի պարունակությունը պտղով հանդերձ:
Ավելի անվտանգ է համարվում հղիության դեղորայքային ընդհատումը: Այն սովորաբար կիրառվում է հղիության մինչև 8-րդ շաբաթվա ընթացքում: Դեղորայքն անհրաժեշտ է օգտագործել միայն բժշկի հսկողության տակ: Այն տևում է ավելի երկար, քան վիրահատական մեթոդը՝ մեկ շաբաթ պարբերաբար ուղեկցվող արյունահոսությամբ: Երբեք ու ոչ մի դեպքում չի կարելի օգտագործել բժշկի կողմից չնշանակված դեղորայք, քանի որ դա կարող է հանգեցնել առողջական լուրջ խնդիրների՝ թերի աբորտի, վարակի կամ նույնիսկ կյանքին սպառնացող բարդությունների:

Իրավական և էթիկական նկատառումներ

Հայաստանի Հանրապետության` «Վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» օրենքի 10-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր կին ունի հղիության արհեստական ընդհատման օրինական իրավունք։ Մինչև 12 շաբաթական հղիության դեպքում արհեստական ընդհատումը իրականացվում է կնոջ դիմումի համաձայն: Մինչև 22 շաբաթական հղիության դեպքում աբորտը կարող է իրականացվել բժշկասոցիալական ցուցումների դեպքում և կնոջ համաձայնությամբ, եթե կինը հղիացել է բռնաբարության հետևանքով, եթե իր առողջությանը վտանգ է սպառնում, եթե պտուղն ունի որոշակի արատներ, եթե կինը կամ երեխայի հայրը գտնվում են անազատության մեջ,  կամ եթե երեխայի հայրը հանկարծամահ է եղել:

Հղիության արհեստական ընդհատումն անչափահասի դեպքում կատարվում է նրա ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների համաձայնությամբ, իսկ դրանց բացակայության դեպքում՝ բժշկական հանձնաժողովի արձանագրության հիման վրա:

Խորհրդատվություն և աջակցություն

Հղիության արհեստական ​​ընդհատումից առաջ և հետո բուժհաստատությունը պարտավոր է կնոջը անվճար բժշկասոցիալական խորհրդատվություն տրամադրել: Սա երաշխավորում է, որ կանայք հակաբեղմնավորման վերաբերյալ ուղեցույցներ ստանան և հնարավորություն ունենան կանխելու ապագա անցանկալի հղիությունները: Հղիության արհեստական ​​ընդհատումից հետո հակաբեղմնավորման ժամանակակից մեթոդների անհապաղ հասանելիությունը շատ կարևոր է, քանի որ պտղաբերությունը արագ վերականգնվում է, ինչն էլ մեծացնում է չնախատեսված հերթական հղիության հավանականությունը:

Աբորտը որպես վերարտադրողական իրավունք

Հղիության արհեստական ընդհատումը կամ աբորտը յուրաքանչյուր կնոջ վերարտադրողական կարևոր իրավունքն է, ինչը նրան  թույլ է տալիս վերահսկել իր մարմինն ու իր կյանքի ընտրությունը: Աբորտի անվտանգ և օրինական ծառայություններից օգտվելու հնարավորության բացակայությունը կարող է ողբերգական հետևանքներ ունենալ՝ խթանելով անօրինական աբորտների աճը: Այն երկրներում, որտեղ աբորտն արգելված է, անօրինական աբորտները հանգեցրել են հղի կանանց մահվան աճի և վերարտադրողական լուրջ բարդությունների, որոնք կնոջը կարող են ուղեկցել կյանքի ողջ ընթացքում:
Լիցենզավորված բուժաշխատողի կողմից իրականացվող անվտանգ և օրինական աբորտը զգալիորեն նվազեցնում է կնոջ առողջությանը սպառնացող վտանգները: Հղիության արհեստական ​​ընդհատման հասանելիությունը սահմանափակելու փորձերը հաճախ հանգեցնում են նրան, որ հուսահատ կանայք փնտրում են ոչ անվտանգ այլընտրանքներ՝ վտանգի տակ դնելով իրենց առողջությունն ու կյանքը: Հետևաբար շատ կարևոր է պաշտպանել անվտանգ աբորտի իրավունքը և խթանել վերարտադրողական առողջության կրթությունը, հարգել յուրաքանչյուր կնոջ ինքնավարությունը՝ որոշումներ կայացնելու իր մարմնի և իր ապագայի վերաբերյալ:

Հոգեբանական և սոցիալական ազդեցություն

Շատ կանանց համար հղիության արհեստական ​​ընդհատման որոշումը կարող է հուզականորեն  և հոգեբանորեն բավականին բարդ լինել: Կարևոր է, որ բուժաշխատողները ոչ միայն բժշկական, այլև հոգեբանական աջակցություն տրամադրեն ընթացակարգից առաջ և հետո: Շատ մշակույթներում աբորտը խիստ դատապարտված է, ինչը կարող է ավելի բարդացնել կնոջ հուզական վիճակը: Վերարտադրողական իրավունքների մասին բաց ու կարեկցանքով լի զրույցները անհրաժեշտ են, որովհետև մեղմուն են կանանց վրա ուղիղ ազդեցություն ունեցող հասարակական ճնշումները:

Հղիության արհեստական ​​ընդհատման անվտանգ հասանելիությունը վերարտադրողական առողջության պահպանման հիմնարար տեսանկյունն է, և կարևոր է, որ կանայք տեղեկացված լինեն, ստանան աջակցություն և հնարավորություն՝ իրենց առողջության և ապագայի համար լավագույն ընտրությունը կատարելու համար:

Հղիությունը կանխարգելող ոչ արդյունավետ և վտանգավոր մեթոդներ

Տարածված են հղիությունը կանխարգելող մի քանի սխալ մեթոդներ, որոնք ոչ միայն արդյունավետ չեն, այլև երբեմն կարող են վտանգավոր լինել:

Հեշտոցի ներլվացում

Սեռական հարաբերությունից հետո հեշտոցի ներլվացումը հղիությունից խուսափելու արդյունավետ միջոց չէ: Իրականում դա կարող է խթանել սերմնահեղուկի ավելի արագ տեղաշարժումը և հանգեցնել հղիության: Բացի այդ, ներքին լվացումը խախտում է հեշտոցի բնական թթվայնության հավասարակշռությունը և բակտերիալ միջավայրը, որոնք անհրաժեշտ են առողջության պահպանման համար:

Միզարձակում

Սեռական հարաբերությունից հետո միզելը օգնում է դուրս մղել բակտերիաները, որոնք սեռական հարաբերության ժամանակ միզուկի միջոցով կարող են ներթափանցել օրգանիզմ, սակայն այն ոչ մի կերպ չի կանխարգելում հղիությունը: Միզուղիների համակարգը ամբողջովին անջատված է վերարտադրողական համակարգից: Սերմնահեղուկը ներթափանցում է հեշտոց և արգանդի վզիկի միջով անցնում արգանդ, մինչդեռ միզարձակումը ազդում է միայն միզապարկի և միզուկի վրա:

Ծնողի դերը

Հաճախ ծնողները երկմտում են խոսել իրենց երեխաների հետ սեռականության մասին՝ վախենալով, որ արհեստական հետաքրքրություն կառաջացնեն իրենց երեխաների մոտ և կդրդեն վաղաժամ սեռական ակտիվության: Սակայն որքան ավելի շատ է երեխան տեղեկացված սեռականության մասին, այնքան ավելի պատասխանատու և տեղեկացված ընտրություններ է անում և կարողանում է իրեն պաշտպանել ինչպես սեռավարակներից, այնպես էլ անցանկալի հղիությունից: Հետազոտությունները, ինչպես նաև փորձը ցույց են տալիս, որ շատ դեռահասներ սկսում են սեռական հարաբերություններ ունենալ մինչև 18 տարեկանը: Ուստի շատ կարևոր է նրանց նախապես պատրաստել սեռական հարաբերություններ ունենալուն՝ խոսել սեռական պատասխանատվությունից, բացատրել, որ սեռական հարաբերությունը հաճույքից բացի նաև պատասխանատվություն է և վտանգներ: Կարևոր է խոսել սեռավարակների և դրանց հետևանքների մասին, բացատրել թե ինչպես է պետք պաշտպանվել սեռավարակներից և անցանկալի հղիությունից՝ օգտվելով հակաբեղմնավորման մեթոդներից: Անպայման պետք է խոսել սեռավարակների ախտանշանների մասին՝ հետագայում առողջական լուրջ խնդիրներից խուսափելու համար:

Հաճախ տրվող հարցեր

  • Հարց
    Հնարավո՞ր է արդյոք հղիանալ դաշտանային ցիկլի առաջին օրերի ընթացքում, երբ ձվազատում դեռ տեղի չի ունեցել։
    Պատասխան
    Դաշտանային ցիկլի առաջին շաբաթվա ընթացքում հղիանալու հավանականությունը քիչ է, սակայն սերմնաբջիջները կարող են կնոջ օրգանիզմում ապրել 3-7 օր: Այնպես որ հնարավոր է հղիանալ նույնիսկ այդ ժամանակ։
  • Հարց

Հնարավո՞ր է հղիանալ, եթե սեռական հարաբերություն տեղի չի ունեցել։
Պատասխան
Շատ հազվադեպ հնարավոր է հղիանալ, եթե սեռական հարաբերություն չի եղել, սակայն սերմնաժայթքում է տեղի ունեցել հեշտոցի բացվածքի մոտ։

  • Հարց
    Կարելի՞ է մինչև հղիանալը հակաբեղմնավորիչ միջոցներ օգտագործել: Պատասխան
    Ա’յո, կարելի է  օգտագործել հակաբեղմնավորիչներից որևիցե մեկը, եթե առայժմ երեխաներ ունենալ չեք պլանավորում։ Այն միտքը, որ հակաբեղմնավորման միջոց օգտագործելը կարող է հետագայում հղիանալու հետ կապված բարդություններ առաջացնել, սխալ է: Բացի մշտական կամ անդառնալի հակաբեղմնավորումից՝ ցանկացած այլ միջոց օգտագործելուց հետո հնարավոր է հղիանալ։
  • Հարց
    Ներարգանդային պարույրը կարո՞ղ է արդյոք առաջացնել արգանդի պատռվածքներ, բորբոքումներ, քաշի ավելացում, ցավեր և արյունահոսություն, չբերություն կամ արտարգանդային հղիություն։
    Պատասխան
    Շատ քիչ է հավանական, որ կինը ներարգանդային պարույր օգտագործելիս առողջական խնդիր կունենա։ Հազար կանանցից միայն մեկն է պարույրը տեղադրելիս ունենում արգանդի պատռվածք։ Պարույրը չի առաջացնում բորբոքում կամ արյունահոսություն։ Այն տեղադրելու ժամանակ ընդամենը մի քանի րոպե հնարավոր է ունենալ դաշտանային ցավերին նմանվող զգացողություն։ Պարույրն օգտագործելիս կանայք չեն գիրանում․ դա միանգամայն թյուր ընկալում է։ Իսկ ինչ վերաբերում է հղիանալուն, ապա ներարգանդային պարույրը չի առաջացնում չբերություն. հանելուց անմիջապես հետո կարելի է հղիանալ։ Իհարկե պարույրի առկայության դեպքում կա արտարգանդային հղիության վտանգ, սակայն այն ավելի ցածր է, քան որևէ միջոց չօգտագործելու դեպքում։
  • Հարց
    Ճի՞շտ է, որ կնոջ օրգանիզմը կարող է չընդունել ներարգանդային պարույրը։
    Պատասխան
    Այս խնդրին հիմնականում կարող են առնչվել այն կանայք, որոնք նախկինում երբեք չեն հղիացել կամ էլ հղիության արհեստական ընդհատումից կամ ծննդաբերությունից հետո տեղադրել են պարույրը մինչև 12 շաբաթ սպասելը: Պարույրը տեղադրելուց մեկ ամիս անց կամ էլ այն տեղադրելուն հաջորդող դաշտանից հետո ցանկալի է այցելել բժշկի: Ընդհանրապես կարևոր է, որ կանայք հետազոտվեն տարին մեկ անգամ նույնիսկ այն դեպքում, եթե պարույր չեն տեղադրել։
  • Հարց
    Սեռական հարաբերության ժամանակ զուգընկերը կարո՞ղ է զգալ ներարգանդային պարույրը:
    Պատասխան
    Ո՛չ, չի կարող զգալ, որովհետև այն արգանդի վերին հատվածում է։ Պարույրն ունի փոքր թելեր՝ ստուգելու համար՝ այն ճի՞շտ տեղում է, թե՞ ոչ։ Եթե զուգընկերը զգում է թելերը, բժիշկը կարող է դրանք ավելի կարճ կտրել։

 

  • Հարց
    Ճի՞շտ է, որ հորմոնային հաբեր օգտագործելիս կինը կարող է ունենալ այնպիսի առողջական խնդիրներ, ինչպիսիք են քաղցկեղը, սրտի և երիկամների հիվանդությունները, կիստաները, գլխացավը, ոտքերի այտուցվածությունը և չբերությունը։
    Պատասխան
    Հաբերի օգտագործումը կարող է նվազեցնել քաղցկեղի որոշակի տեսակների առաջացման վտանգը, ինչպես նաև բարելավել ոսկրերի խտությունը և ապաքինել էնդոմետրիոզի երևույթները, պոլիկիստոզը, կրծքի հիվանդությունները, անեմիան և ձվարանի կիստան։ Կիստաների առաջացման վտանգն ավելի ցածր է հորմոնային հաբեր օգտագործելու դեպքում։ Գլխացավը և ոտքերի այտուցվածությունը հազվադեպ են հանդիպում և կարող են արյան մակարդման հետևանքով առաջացած ներանոթային խցանման կամ կաթվածի ախտանշաններ լինել։ Անոթների խցանման և կաթվածի վտանգն ավելի բարձր կարող է լինել հղիության ժամանակ, քան հաբեր օգտագործելու ընթացքում։ Նաև սխալ է այն պնդումը, որ հաբերն առաջացնում են չբերություն. հաբերի օգտագործումը դադարեցնելուց հետո ամենաշատը երկու ամիս անց սկսվում է ձվազատումը։ Կանանց մեծամասնությունն առանց վտանգի կարող է օգտագործել հակաբեղմնավորիչ հաբեր։ Սակայն կան որոշակի հակացուցումներ․ չի կարելի օգտագործել հորմոնային հաբեր, եթե ունեք արյան բարձր ճնշում, միգրեն, կրծքագեղձի քաղցկեղ կամ քաղցկեղի բարձր վտանգ, ՄԻԱՎ, վարիկոզ երակներ կամ 35 տարեկանից մեծ եք և ծխում եք։ Հաբեր ընդունելուց առաջ անհրաժեշտ է դիմել բժշկի՝ առողջական վիճակը պարզելու համար։

 

  • Հարց
    Ճի՞շտ է արդյոք , որ հորմոնային հաբերը գիրացնում են, խթանում են անցանկալի մազերի աճը և առաջացնում են պզուկներ։
    Պատասխան
    Ո՛չ, հորմոնային հաբերը չեն գիրացնում: Դրանց օգտագործման ընթացքում շատ դեպքերում մաշկի վիճակը բարելավվում է, իսկ անցանկալի մազերի աճը՝ դանդաղում։
  • Հարց
    Ճի՞շտ է, որ հորմոնային հաբերը պետք է օգտագործել միայն կարճ ժամանակ։ Դրանք պետք է ընդունել ամե՞ն օր, թե՞ միայն սեռական հարաբերությունից առաջ կամ հետո։
    Պատասխան
    Հորմոնային հաբերն ապահով են, և դրանք կարելի է օգտագործել երկար ժամանակ։ Հաբերի երկարաժամկետ օգտագործումը կարող է լավ ազդեցություն ունենալ առողջության վրա։ Դրանք արդյունավետ են միայն այն դեպքում, երբ օգտագործվում են ամեն օր և նույն ժամին։

 

  • Հարց
    Լսել եմ, որ պահպանակներն արդյունավետ չեն, քանի որ կարող են պատռվել սեռական հարաբերության ժամանակ։
    Պատասխան
    Անպայման պետք է ստուգել տուփի վրա նշված պիտանելիության ժամկետը։ Ընդհանրապես, օգտագործման ժամկետը 2-5 տարի է: Պահպանակը պետք է պահել զով, չոր, արևից պաշտպանված տեղում և օգտագործել մինչև ժամկետի ավարտը՝ դրա ապահովության մեջ համոզված լինելու համար:
  • Հարց
    Պահպանակները առաջացնո՞ւմ են ալերգիաներ։
    Պատասխան
    Որոշ մարդիկ կարող են ալերգիա ունենալ լատեքսից։ Եթե զգում եք, որ քոր է գալիս կամ ալերգիա ունեք, խորհրդակցե՛ք բժշկի հետ։

 

  • Հարց
    Եթե հղիության և կրծքով կերակրման պատճառով դաշտանային ցիկլը դեռ չի վերականգնվել, հնարավո՞ր է արդյոք հղիանալ։
    Պատասխան
    Կինը կարող է հղիանալ նույնիսկ այն դեպքում, երբ դաշտանային ցիկլը դեռ չի վերականգնվել, և կրծքով կերակրում է։ Միջոցը արդյունավետ է միայն այն դեպքում, երբ դաշտանային ցիկլը չի վերականգնվել, նորածինը վեց ամսականից մեծ չէ, կրծքով կերակրվում է ճիշտ պարբերականությամբ՝ օրվա ընթացքում 1-4 ժամը մեկ, իսկ գիշերը՝ 1-6 ժամը մեկ, և ուրիշ սնունդ չի ստանում, այդ թվում՝ նաև ջուր։
  • Հարց
    Հնարավո՞ր է հղիանալ, եթե զույգը որպես հակաբեղմնավորիչ միջոց նախընտրում է օգտագործել ընդհատված սեռական ակտը:
    Պատասխան
    Ճիշտ կիրառելու դեպքում ընդհատված սեռական հարաբերությունը բավականին արդյունավետ է՝ մոտ 96%։ Սակայն այս միջոցը սովորաբար միայն 75% արդյունավետություն ունի, որովհետև սերմնաժայթքումից առաջ տղամարդկանց մոտ մի քանի կաթիլ սերմնահեղուկ կարող է հոսել և հղության պատճառ հանդիսանալ: Այդ իսկ պատճառով հնարավոր է հղիանալ անգամ այն ժամանակ, երբ զուգընկերն ընդհատված սեռական հարաբերությունը ճիշտ է կիրառում։
  • Հարց
    Հղիությունից խոսափելու համար բոլոր կանայք կարո՞ղ են օգտագործել օրացուցային մեթոդը։
    Պատասխան
    Սովորաբար ձվազատումը սկսվում է դաշտանի առաջին օրվանից 14 օր հետո, բայց յուրաքանչյուր ամիս այդ օրը կարող է փոփոխության ենթարկվել։ Այդ պատճառով այս մեթոդը կիրառելի է միայն այն դեպքում, երբ կնոջ դաշտանային ցիկլը կանոնավոր է, այսինքն՝ տևում է 26-32 օր։
  • Հարց
    Սեռական հարաբերությունից հետո հեշտոցի ներքին լվացումը կամ միզարձակումը կարո՞ղ են կանխել հղիությունը։
    Պատասխան
    Սեռական հարաբերությունից հետո հեշտոցի ներլվացումն արդյունավետ չէ, քանի որ ջուրը նպաստում է, որ սերմնահեղուկը ավելի արագ բարձրանա վերև: Բացի այդ՝ այն խախտում է հեշտոցի բնական թթվայնության և բակտերիալ միջավայրի հավասարակշռությունը, ինչն էլ կարող է առողջական խնդիրներ առաջացնել։ Սեռական հարաբերությունից հետո միզելը հղիությունը չի կանխում։ Միզածորանը և հեշտոցն իրար հետ կապված չեն, և սեռական հարաբերությունից հետո հեշտոցում հավաքված սերմնահեղուկը ոչ մի առնչություն չի կարող ունենալ միզածորանի հետ։ Սեռական հարաբերությունից անմիջապես հետո միզելը պարզապես խոչընդոտում է բակտերիաների ներթափանցումը միզուղիներ։
  • Հարց
    Ինչպե՞ս կարող եմ իմանալ՝ հղի՞ եմ, թե՞ ոչ:
    Պատասխան
    Պետք է ուղադիր լինել հետևալ նախանշաններին՝ անկանոն դաշտան կամ դրա բացակայություն, զգայուն կրծքեր կամ կրծքագեղձերի մեծացում, զգայուն պտուկներ, հաճախակի միզելու ցանկություն, գերհոգնածություն, սրտխառնոց կամ փսխում, փքվածության զգացողություն, դաշտանի նման ցավեր, փոփոխական ախորժակ, զգացմունքայնություն։ Սակայն այս ախտանիշներն ունենալու դեպքում հնարավոր է հղի չլինել, քանի որ կնոջ օրգանիզմը նման փոփոխությունների է ենթարկվում նաև դաշտան ունենալուց առաջ։ Դա պարզելու համար ուղղակի կարելի է հղիության թեստ անել․ այն ապահով է և արագ պատասխան է տալիս:

 

  • Հարց
    Ինչու՞ է կարևոր պլանավորել հղիությունը։
    Պատասխան
    Անցանկալի հղիությունը կարող է ազդեցություն ունանալ երեխայի առողջության վրա։ Հղիանալուց առաջ կանայք պետք է ֆոլաթթու ընդունեն, որը երեխային պաշտպանում է ողնուղեղի հետ կապված խնդիրներից։ Նաև անհրաժեշտ է հետևել առողջարար սննդակարգի, ֆիզիկապես աշխույժ լինել, ծխախոտից և ալկոհոլից հրաժարվել, ինչպես նաև բժշկի այցելել՝ առողջական վիճակը գնահատելու համար։ Կինը կարող է չիմանալ, որ սեռավարակ ունի, ինչն էլ կարող է հանգեցնել վաղաժամ ծննդաբերության, երեխայի վարակման կամ վիժելուն:
  • Հարց
    Վտանգավո՞ր է արդյոք աբորտ իրականցնել՝ ընդունելով Սայտոտեկ դեղորայքը:
    Պատասխան
    Այն օգտագործելուց առաջ պետք է հետազոտվել՝ առողջական վիճակը գնահատելու համար։ Բժիշկը պետք է նշանակի ճիշտ չափաբաժին: Դեղատան աշխատողներն իրավունք չունեն Սայտոտեկ նշանակելու։ Այն տարբեր կանանց վրա տարբեր ազդեցություն ունի, հետևաբար պետք չէ լսել կողմնակի անձանց խորհուրդները։ Դեղորայքի սխալ օգտագործման դեպքում աբորտը կարող է ոչ միայն արդյունավետ չլինել, այլև առաջացնել ծանր արյունահոսություն, վարակ, չբերություն, իսկ երբեմն՝ նույնիսկ մահ։ Սակայն ճիշտ օգտագործման դեպքում Սայտոտեկն ունի բարձր արդյունավետություն և քիչ է հավանականությունը, որ առողջական լուրջ խնդիրներ կառաջանան։

 

  • Հարց
    Ճի՞շտ է, որ կա դեղորայք, որը կանխում է անցանկալի հղիությունը, սակայն տարբերվում է հորմոնային հաբերից։
    Պատասխան
    Գոյություն ունեն շտապ բեղմնականխման հաբեր, սակայն դրանք չեն առաջացնում դեղորայքային վիժում։ Հաբերը խոչընդոտում են ձվազատումը, ձվաբջջի և սերմաբջջի միաձուլումն ու բեղմնավորված ձվաբջջի ներթափանցումը արգանդի խոռոչ։ Շտապ բեղմնականխման հաբերը պետք է ընդունել սեռական հարաբերությունից հետո՝ 72 ժամվա ընթացքում, և որքան շուտ, այնքան լավ։ Այն հնարավոր է ձեռք բերել դեղատնից և օգտագործել՝ ըստ նշված ցուցումների։

 

  • Հարց
    Ի՞նչ կլինի, եթե չօգտագործեմ հակաբեղմնավորիչ միջոցներ կամ սխալ օգտագործեմ։
    Պատասխան
    Հակաբեղմնավորիչ միջոց չկիրառելու դեպքում հնարավոր է չպլանավորած կամ անցանկալի հղիություն ունենալ։ Անցանկալի հղիությունների մեծ մասը լինում է այն ժամանակ, երբ զույգը հակաբեղմնավորիչ միջոց չի օգտագործում կամ այն սխալ է օգտագործում։ Մեկ տարվա ընթացքում հակաբեղմնավորիչ միջոց չօգտագործող կանանց 85%ը հղիանում է։

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ

© 2016 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս, ռադիո եւ հեռուստաընթերցումների դեպքում, հղումը serakanutyun.org-ին պարտադիր է: Serakanutyun.org- ի հեղինակային հոդվածները, լուսանկարներն արտատպելու համար պարտադիր է ստանալ գրավոր համաձայնությունը:

  • Մեր մասին
  • Ինչպես խոսել երեխայի հետ սեռականության մասին
  • Ինչպես հղել մեզ հարց
  • Կապ