• Մեր մասին
  • Ինչպես խոսել երեխայի հետ սեռականության մասին
  • Ինչպես հղել մեզ հարց
  • Կապ
[email protected]
Login

Login
ՍեռականությունՍեռականություն
  • Մեր մասին
  • Ինչպես խոսել երեխայի հետ սեռականության մասին
  • Ինչպես հղել մեզ հարց
  • Կապ

Հակաբեղմնավորիչ մեթոդներ

Բեղմնավորում

1

Բեղմնավորումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ տղամարդու սերմնաբջիջներից մեկը միանում է կնոջ ձվաբջջին։

  • Ձվաբջիջներն արտադրվում են կնոջ ձվարաններում։ Երբ աղջիկը ծնվում է, նա արդեն իսկ ունի բազմաթիվ չհասունացած ձվաբջիջներ՝ 1-2 միլիոն ձվաբջիջ։ Սակայն իր կյանքի ընթացքում այս բոլոր ձվաբջիջներից միայն 400-ն են հասունանում և արտազատվում ձվարաններից։ Այդ ժամանակ հնարավոր է դառնում ձվաբջջի բեղմնավորումը։
  • Հիմնականում ամսվա ընթացքում կնոջ մոտ մեկ ձվարանից մեկ ձվաբջիջ է արտազատվում: Այս գործընթացը կոչվում է ձվազատում կամ օվուլյացիա։
  • Ձվաբջիջը ձվարանից արտազատվելով`անցնում է արգանդափողերից մեկը։ Այստեղ է տեղի ունենում բեղմնավորումը՝ երբ ձվաբջիջը միանում է սերմնաբջջին։
  • Բեղմնավորված ձվաբջիջը 12-24 ժամվա ընթացքում արգանդափողերից տեղաշարժվում է դեպի արգանդի խոռոչ։
  • Ամեն մի սերմնաժայթքումը (էակուլյացիա) հիմնականում պարունակում է 250-500 միլիոն սերմնաբջիջ։ Սերմնաբջիջները կարող են կնոջ օրգանիզմում ապրել 3-7 օր։ Չնայած նրա, որ սերմնաբջիջը և ձվաբջիջը արգանդափողերում բեղմնավորվում են 12-24 ժամվա ընթացքում, այնուամենայնիվ, կնոջ մոտ հղիանալու հավանականությունն ավելի երկար է (մինչև մեկուկես շաբաթ)։
  • Հղիանալու հավանականությունը միշտ առկա է, երբ տղամարդն ու կինը սեռական հարաբերություն են ունենում առանց պաշտպանվելու բեղմնավորման օրերին։ Սեռական հարաբերությունը կարող է հանգեցնել հղիության, երբ սերմնահեղուկը հեշտոց է մտնում կամ սերմնաժայթքումը կատարվում է հեշտոցի բացվածքի մոտ։
  • Սերմնահեղուկը հեշտոցից ներթափանցում է արգանդի վզիկ, վզիկից արգանդ և արգանդից արգանդափողեր։ Սերմնահեղուկը հասնում է արգանդափողեր սերմաժայթքումից 2-7 օրվա ընթացքում։
  • Բեղմնավորված ձվաբջիջն արգանդափողերից շարժվում է դեպի արգանդի խոռոչ, որից հետո բեղմնավորված ձվաբջիջն ամրակցվում է արգանդի խոռոչի լորձաթաղանթին։

Ընտանիքի պլանավորում և հակաբեղմնավորիչ միջոցներ

Ընտանիքի պլանավորումը երեխա ունենալու ճիշտ ժամանակի ընտրությունն է, ինչպես նաև անցանկալի հղիությունից պաշտպանվելու լավագույն մեթոդի ընտրությունը: Ընտանիքի պլանավորումը կարելի է կիրառել կյանքի տարբեր փուլերում։ Օրինակ՝ երբ չեք ուզում երեխա ունենալ կամ դեռ պատրաստ չեք, կարելի է որևէ հակաբեղմնավորիչ միջոց օգտագործել։ Ընտանիքի պլանավորումը կարևոր է նաև այն ժամանակ, եթե նոր եք երեխա ունեցել և ուզում եք սպասել երկուսից հինգ տարի, քանի որ սա իդեալական ընդմիջումն է երկու հղիությունների միջև։ Ընդանրապես հակաբեղմնավորիչ միջոցները ապահով են, սակայն շատերը հրաժարվում են դրանցից տարբեր պատճառներով։ Տեղեկացիր այս խոչընդոտներին հետևյալ աղյուսակում.

Հակաբեղմնվորիչներ օգտագործելու խոչընդոտները 

ԽՈՉԸՆԴՈՏ– Ամոթի զգացում, որը բնորոշ է զուգընկերներին խոսել այդ թեմայով։

ԼՈՒԾՈՒՄ– Շատ անգամ տղամարդիկ տեղյակ չեն հակաբեղմնավորիչ մեթոդների մասին, մտածելով, որ դա կանանց ոլորտն է, իսկ կանայք ամաչում են տղամարդկանց առջև խոսել այս թեմայի շուրջ։ Կարևոր է, որ զույգերը կարողանան իրենց նախընտրությունները և մտահոգություններն արտահայտեն և երկուսն էլ տեղեկացված լինեն, որպեսզի միասին որոշեն, թե իրենց համար որ հակաբեղմանվորիչ մեթոդն է ցանկալի։

ԽՈՉԸՆԴՈՏ– Զուգընկերներից մեկը չի ուզում հակաբեղմնավորիչ օգտագործել։

ԼՈՒԾՈՒՄ– Հնարավոր է, որ զուգընկերը չգիտի տարբեր հակաբեղմնավորիչ միջոցների մասին։ Անհրաժեշտ է տեղեկացնել և առաջարկել այն միջոցները, որոնք հարմար են երկուսի համար։ Եթե նա տեղեկացված է, սակայն ուղղակիորեն ստիպում է, որ իր զուգընկերը չօգտագործի հակաբեղմնավորման որևէ միջոց, դա արդեն բռնություն է։ Այս դեպքերում կարող են զանգահարել թեժ գիծ ծառայություններ աջակցում ստանալու համար։

ԽՈՉԸՆԴՈՏ– Հրաժարվում են բժշկի դիմել ավելորդ ծախսերից կամ գինեկոլոգիական բազկաթոռին բարձրանալուց խուսափելու պատճառով։

ԼՈՒԾՈՒՄ– Իրականում, անցանկալի հղիության պարագայում, հղիության արհեստական ընդհատումը (աբորտը) թե՛ ֆինանսապես, թե՛ հոգեպես և թե՛ ֆիզիկապես ավելի դժվար է, քան հակաբեղմնավորիչ միջոց օգտագործելը կամ գինեկոլոգիական բազկաթոռին բարձրանալը։ Այսիպիսով` բժշկին այցելելը լավագույն տարբերակն է։

ԽՈՉԸՆԴՈՏ– Կա տարածված կարծիք, որ հակաբեղմնավորիչը կարող է վնասել օրգանիզմը։

ԼՈՒԾՈՒՄ– Մարդկանց մեծ մասը կարող է օգտագործել հակաբեղմնավորիչներ առանց վնասի։ Ոչ մի հակաբեղմնավորիչ միջոց (բացի մշտական միջոցների) չի կարող առաջացնել չբերություն։ Իրականում հղիության արհեստական բազմաթիվ ընդհատումները (աբորտները) և սեռավարակներն ավելի հաճախ կարող են ազդել հետագա պղտաբերության վրա, քան հակաբեղմնավորիչների օգտագործումը։ Այդ պատճառով անցանկալի հղիությունից պետք է պաշտպանվել հակաբեղմնավորիչ միջոցներ գործածելով։

Ժամանակակից հակաբեղմնավորիչ միջոցներ

Ժամանակակից հակաբեղմնավորիչ միջոցները գործում են երկու ճանապարհով.

  • Չեն թողնում, որ ձվաբջիջներ արտադրվեն
  • Չեն թողնում, որ սերմնահեղուկը հասնի ձվաբջջին

Ժամանակակից հակաբեղմնավորիչ միջոցներից Հայաստանում հասանելի են (սկսած ամենաարդյունավետ միջոցներից մինչև սակավ արդյունավետները) պահպանակները, ներարգանդային պարույրը (սպիրալը), հորմոնային դեղահաբերը, ներարկվող հակաբեղմնավորիչները և սերմնասպան միջոցները: Առկա են նաև ՇՏԱՊ բեղմնականխման հաբեր այն կանանց համար, ովքեր որևէ պատճառով անապահով սեռական հարաբերություն են ունեցել և չեն ուզում հղիանալ։ Գոյություն ունեն հակաբեղմնավորման մշտական կամ անդառնալի մեթոդներ, որոնց միջոցով կանայք և տղամարդիկ այլևս չեն կարող լինել պտղաբեր: Ստորև ներկայացնում ենք ավելի մանրամասն տեղեկատվություն հակաբեղմնավորիչների մասին:

Պահպանակներ

2

Ի՞նչ է պահպանակը։

Տարբերակում են երկու տեսակի պահպանակներ՝ կանացի և տղամարդու, սակայն ՀՀ-ում միայն առկա է տղամարդու պահպանակ: Պահպանակը պատրաստված է լատեքսից, որն առնանդամի վրա պետք է հագցնել սեռական հարաբերությունից առաջ, երբ առնանդամը էրեկցիայի /առնանդամի կանգ/ փուլում է։ Պահպանակները կանխում են սերմնահեղուկի մուտքը հեշտոց՝ այդպիսով կանխելով հղիությունը և սեռավարակների փոխանցումը: Պահպանակը միակ հակաբեղմնավորիչ միջոցն է, որը պաշպանում է ինչպես անցանկալի հղիությունից, այնպես էլ սեռավարակներից, մնացած բոլոր մեթոդները պաշտպանում են միայն անցանկալի հղիությունից:

Ինչպե՞ս են օգտագործում

  • Անպայման ստուգե՛ք պիտանելիության ժամկետը, որը գրված է տուփի վրա։ Ընդհանրապես օգտագործման ժամկետը 2-5 տարի է: Պահպանակը պետք է պահել զով, չոր, արևից պաշտպանված տեղում:
  • Զգուշորեն բացե՛ք տուփը ճիշտ տեղից` աշխատելով չվնասել այն և չօգտագործել մկրատ, ատամներ կամ այլ սուր կտրող գործիքներ: Պահպանակի տուփն ունի հատուկ ատամիկներ, որը հեշտությամբ բացվում է ձեռքերի օգնությամբ:
  • Գրգռված(էրեկցիա) առնանդամի գլխիկի վրա հագցրե՛ք` ճիշտ կողմով:
  • Միչև հագցնելը սեղմե՛ք պտկանման հատվածը և պահպանակը գլորեք ողջ երկարությամբ`իջեցնելով մինչև առնանդամի հիմքը:
  • Եթե օգտագործում եք խոնավեցնող քսուկ՝ խուսափե՛ք յուղային հիմքով քսուկներից, որոնք կարող են պատռել լատեքսը, օգտագործեք բնական ջրային հիմքով խոնավեցնող քսուկներ, որոնք վաճառվում են դեղատներում:
  • Սերմնաժայթքումից անմիջապես հետո՝ նախքան էրեկցիայի ավարտը, պահպանակը դուրս հանե՛ք առնանդամի հիմքից բռնելով, որպեսզի սերմնահեղուկը դուրս չթափվի պահպանակից:
  • Ստուգե՛ք պահպանակը. շատ հազվադեպ դեպքերում պահպանակը կարող է ծակ կամ վնասված լինել: Այդ դեպքում կին զուգընկերը կարող է շտապ բեղմնականխման հաբեր օգտագործել, որպեսզի խուսափի անցանկալի հղիությունից:
  • Պտկաձև գլխիկը ներքև պահած` կապեք պահպանակի հիմքը և գցեք աղբարկղը: Յուրաքանչյուր պահպանակ օգտագործվում է միայն մեկ անգամ:
  • Օգտագործեք միայն մեկ պահպանակ: Շատերը կարծում են, որ իրար վրա պահպանակներ դնելը և օգտագործելը կրկնակի պաշտպանություն է ստեղծում, սակայն միաժամանակ մի քանի պահպանակների օգտագործումը կարող է պատռել հիմնական պահպանակը և խնդիրներ ստեղծել: Ուստի, մեկ սեռական հարաբերության ժամանակ պետք է օգտագործել միայն մեկ չօգտագործած պահպանակ:

Որքանո՞վ են արդյունավետ պահպանակները

Ճիշտ օգտագործման դեպքում տղամարդու պահմանակն ունի 99% արդյունավետություն։

Որո՞նք են հակացուցումները

Պահպանակը հակացուցված է միայն այն անձանց համար, ովքեր ալերգիա ունեն լատեքսից, սակայն դա շատ հազվադեպ է հանդիպում։

Որո՞նք են առավելությունները և թերությունները

Առավելություններ`

  • Ճիշտ օգտագործման դեպքում շատ արդյունավետ են
  • Պաշտպանում են սեռավարակներից
  • Չեն պահանջում բժշկի միջամտություն
  • Էժան են ու հասանելի
  • Օգտագործելը հեշտ է
  • Կարող են նվազեցնել վաղաժամ սերմնաժայթքումը և երկարաձգել սեռական հարաբերության հաճույքը
  • Հիմնականում չունեն կողմնակի ազդեցություններ

Թերություններ`

  • Պետք է կիրառել յուրաքանչյուր սեռական հարաբերության ժամանակ
  • Սխալ օգտագործման դեպքում պահպանակները կարող են պատռվել կամ դուրս սահել
  • Պահանջվում է զուգընկերոջ համաձայնությունը
  • Կարող է նվազեցնել զգայունությունը
  • Որոշ տղամարդիկ չեն կարող էրեկցիա պահել պահպանակի օգտագործման ընթացքում
  • Հազվադեպ արտաքին սեռական օրգանների շրջանում կարող են գրգռվածություն կամ քոր առաջացնել

Ներարգանդային պարույր (սպիրալ)

3

Ի՞նչ է ներարգանդային պարույրը

Ներարգանդային պարույրը (սպիրալ) արգանդի խոռոչում տեղադրվող փոքր պլաստիկ զսպանակ է, որը կարող է կանխել հղիությունը։ Գոյություն ունեն երկու տեսակի պարույրներ, որոնք գրեթե 99%-ով արդյունավետ են։

  • Պղինձ պարունակող պարույր (պլաստիկի վրա փաթաթված պղինձ)

Պղինձը չի թողնում, որ սերմնաբջիջները շարժվեն, բեղմնավորվում կատարվի կամ ձվաբջիջը ներդրված լինի արգանդի խոռոչի լորձաթաղանթում։ Օգտագործման դեպքում առաջին մի քանի ամիսների ընթացքում դաշտանային ցիկլը կարող է լինել առատ և ցավոտ, որից հետո օրգանիզմը սովորում է օտար մարմնին։ Պղնձե պարույրը հորմոն չի պարունակում։ Կարելի է օգտագործել ամենաշատը 10-12 տարի, սակայն ամեն տարի պետք է այցելել գինեկոլոգի, որպեսզի համոզվելու` արդյոք պարույրը տեղում է:

  • Հորմոնային պարույրը (արտադրում է պրոգեստերոն հորմոնը)

Հորմոնային պարույրը բաց է թողնում շատ քիչ քանակությամբ հորմոն, որը կանխում է օվուլյացիան և թանձրացնում է վզիկի հեղուկը։ Այս տեսակի պարույրը թեթևացնում է դաշտանային ցիկլը և կարելի է օգտագործել ամենաշատը 5 տարի։

Ինչպե՞ս են օգտագործում

Բժիշկը պարույրը տեղադրում է արգանդի խոռոչում։

Ո՞րքանով է արդյունավետ այս մեթոդը

Պարույրը հակաբեղմնավորման ամենաապահով և արդյունավետ մեթոդներից մեկն է համարվում։ Հղիությունից պաշտպանում է գրեթե 99%-ով։

Որո՞նք են հակացուցումները

  • Անհրաժեշտ է, որ պարույրը տեղադրելուց առաջ բոլոր կանայք հետազոտվեն։ Մի շարք հիվանդությունների դեպքում պետք է խուսափել պարույրի տեղադրումից։
  • Պղնձե պարույրը կարող է նպաստել կնոջ դաշտանային ցավերի ուժգնացմանը և ցիկլի օրերի շատացմանը
  • Որոշ դեպքերում կարող է առաջացնել սրտխառնոց, փորլուծություն, եթե նման երևույթները շարունակվում են պարույրի տեղադրումից երեք ամիս անց ևս, ապա անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ, միգուցե այս տարբերակը տվյալ օրգանիզմի համար համապատասխան չէ:

Ե՞րբ  է պետք դիմել բժշկի

Պարույր օգտագործելիս առնվազն տարին մեկ անգամ անհրաժեշտ է այցելել գինեկոլոգի խորհրդատվության, իսկ գանգատների դեպքում ավելի հաճախ։

Որո՞նք են առավելությունները և թերությունները

Առավելություններ`

  • Շատ արդյունավետ է հղիությունը կանխելու համար (99%)
  • Իրականացում է մեկանգամյա միջամտություն և առկա է երկարաժամկետ օգտագործելու հնարավորություն
  • Սեռական հարաբերությունից առաջ կամ ընթացքում որևէ գործողություն չի պահանջվում
  • Հարմար մեթոդ է կրծքով կերակրող կանանց համար, սակայն կրծքով կերակրման ընթացքում հորմոնային պարույր խորհուրդ չի տրվում, միայն կարելի է օգտագործել պարույրի պղնձե տարատեսակը
  • Պարույրը հեռացնելուց հետո պտղաբերությունն անմիջապես վերականգնվում է
  • Պարույրը հանդիսանում է ժամանակակից հակաբեղմնավորիչ միջոցներից ամենամատչելին, եթե օգտագործվում է մեկ տարուց երկար

Թերություններ`

  • Չի պաշպանում սեռավարակներից, այդ թվում ՄԻԱՎ-ից
  • Կարող է տեղադրվել միայն մասնագետ –գինեկոլոգի կողմից
  • Պղնձե պարույրը կարող է առաջ բերել առատ և ցավոտ դաշտանային արյունահոսություն
  • Կարող է դուրս մղվել արգանդից, որը շատ հազվադեպ է լինում (1/1000 դեպքում)
  • Հազվադեպ կարող է ներաճել արգանդի պատի մեջ

Հակաբեղմնավորիչ հորմոնային մեթոդներ

Առանձնացվում են հորմոնային հակաբեղմնավորիչների երեք տեսակներ, որոնք առկա են ՀՀ-ում՝ հորմոնային հաբեր, հորմոնային ներարկումներ և հեշտոցային օղ:

Ի՞նչ է հակաբեղմնավորիչ հաբը

4

Հակաբեղմնավորիչ հաբերը կնոջ օրգանիզմում արտադրվող հորմոնների (էստրոգենի և պրոգեստերոնի) աննշան քանակություն պարունակող հաբեր են, որոնք կանխում են ձվաբջջի հասունացումը, ուստի և անհնարին են դարձնում հղիությունը։ Դրանք նաև խտացնում են արգանդի վզիկի լորձը, որը կանխում է սերմնաբջջի մուտքը արգանդ, ինչպես նաև ձվաբջջի բեղմնավորումը։

Ինչպե՞ս են օգտագործում։

Հակաբեղմնավորիչ հաբեր ընդունելու լավագույն ժամանակը դաշտանի առաջինը օրն է։ Երկու շաբաթ անընդմեջ հաբերը օգտագործելուց հետո նոր հնարավոր է ազատ սեռական հարաբերություն ունենալ զուգընկերոջ հետ։ Հաբերի արդյունավետությունը լիարժեք ապահովելու համար հարկավոր է դեղահաբերն ընդունել ամեն օր միևնույն ժամին։ Հաբը մեկ օր չխմելու դեպքում, մյուս օրն անհրաժեշտ է ընդունել երկու հատ հաբ, իսկ ժամը մոռանալու դեպքում, անմիջապես հաբն ընդունել այն ժամանակ, երբ հիշել եք: Հաբերը ընդունել չմոռանալու լավ տարբերակ է զարթուցիչ օգտագործելը, որը կհիշեցնի ընդունման ժամի մասին:

Որքանո՞վ է արդյունավետ այս մեթոդը

Ճիշտ օգտագործման դեպքում հակաբեղմնավորիչ հաբերն ունեն 99% արդյունավետություն։ Սակայն սովորաբար հակաբեղմնավորիչ հաբերի արդյունավետությունը 92% է, քանի որ կանայք միշտ չէ, որ ճիշտ են դրանք օգտագործում։

Որո՞նք են հակացուցումները

Կանանց մեծ մասը կարող է օգտագործել հակաբեղմնավորիչ հաբեր առանց վտանգի։ Հաբերն ընդունելուց առաջ անհրաժեշտ է դիմել բժշկի` պարզելու համար առողջական կարգավիճակը։ Կանայք չեն կարող օգտագործել հորմոնային մեթոդներ, եթե ունեն արյան բարձր ճնշում, սրտանոթային համակարգի խնդիրներ, երակների վարիկոզ լայնացում, միգրեն, ՄԻԱՎ, կրծքի քաղցկեղ և քաղցկեղի բարձր վտանգ կամ էլ 35 տարեկանից բարձր են և ծխում են։

Ե՞րբ դիմել բժշկի։

Սկզբնական շրջանում հաբերը կարող են առաջացնել սրտխառնոց և աննշան արյունահոսություն, որը վտանգավոր չէ առողջության համար։ Մի քանի ամիս է անհրաժեշտ, որ օրգանիզմը հարմարվի հաբերին։ Եթե ախտանշանները շարունակական են, պետք է դիմել բժշկի։ Որոշ դեղահաբեր կարող են նվազեցնել հակաբեղմնավորիչ հաբերի արդյունավետությունը, այդ պատճառով անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ։

Որո՞նք են հաբերի առավելությունները և թերությունները

Առավելություններ`

  • Շատ արդյունավետ են (92-99%),
  • Մեղմացնում են դաշտանային ցիկլի ցավը
  • Կարող են նվազեցնել դեմքի մաշկի բշտիկների քանակը
  • Նվազեցնում են դաշտանային արյունահոսության քանակը
  • Նվազեցնում են ձվարանների և արգանդի լորձաթաղանթի քաղցկեղի առաջացման հավանականությունը
  • Նվազեցնում են կոնքի խոռոչի օրգանների բորբոքային հիվանդությունների հավանականությունը
  • Չեն ազդում պտղաբերության վրա: Հաբերի ընդունումը դադարեցնելուց կարճ ժամանակ անց կինը կարող է հղիանալ

Թերություններ`

  • Օգտագործման առաջին ամիսների ընթացքում կարող են առաջացնել սրտխառնոց, փսխում, գլխացավ, քաշի աննշան ավելացում, կրծքագեղձերի ցավ
  • Չեն պաշպանում սեռավարակներից, այդ թվում նաև ՄԻԱՎ-ից
  • Կարող են առաջացնել սրտանոթային համակարգի որոշ խանգարումներ և նպաստել արյան մակարդելիության բարձրացմանը
  • Կարող են առաջացնել տրամադրության անկում
  • Պետք է ամեն օր մեկ հաբ ընդունել, սակայն առկա է հաբը մոռանալու վտանգը

Հորմոնային ներարկումներ Դեպո-Պրովերա

5

Հորմոնային ներարկումները նույն հորմոններն են պարունակում, ինչ հորմոնային հաբերը, սակայն ավելի բարձր խտությամբ: Կարող են ներարկվել ամեն երեք ամիսը մեկ անգամ բժշկի կողմից` կանխելով անցանկալի հղիությունը:

Առավելություններ`

  • Արդյունավետ են մոտ 99 տոկոսով:
  • Կատարվում է ամեն երեք ամիսը մեկ անգամ և այդ ընթացքում կինը պաշտպանված է անցանկալի հղիությունից:
  • Կարող է նվազեցնել ձվարանի և արգանդի քաղցկեցի առաջացման հավանականությունը:

Թերություններ՝

  • Չի պաշտպանում սեռավարակներից և ՄԻԱՎ-ից:
  • Կարող է առաջ բերել սրտխառնոց, փորլուծություն, քաշի հնարավոր ավելացում:
  • Եթե առաջ է բերում կողմնակի ազդեցություններ, ապա դրանք կարող են երկար տևել:

Հեշտոցային օղ

6

Հեշտոցային օղը բարակ, թափանցիկ ճկուն օղակ է, որը տեղադրվում է հեշտոցի մեջ հղիությունը կանխելու նպատակով: Հեշտոցային օղակը տեղադրվում է կնոջ կողմից, հեշտոցում մնում է երեք շաբաթ շարունակ, իսկ հետո մեկ շաբաթով դուրս է հանվում և ցանկության դեպքում տեղադրվում նորը: Այն ապահովում է մեկ ամսվա հակաբեղմնավորում: Այն դանդաղորեն էստրոգեն և պրոգեստերոն է արտադրում, օրգանիզմում կանգնեցնում է ձվազատումը և խտացնում արգանդավզիկի լորձը՝ ստեղծելով պատնեշ ձվաբջիջների բեղմնավորման համար:

Ի՞նչպես օգտագործել: Հեշտոցային օղակը պետք է տեղադրել դաշտանը սկսվելու առաջին հինգ օրերի ընթացքում: Հեշտոցային օղակ տեղադրելը շատ նման է տամպոն կամ խտրոց տեղադրելուն: Հեշտոցային օղակը պատնեշային մեթոդ չէ, այդ իսկ պատճառով էլ սխալ տեղադրելը խնդիր չէ: Կինը պետք է կքանստի կամ կանգնի` մեկ ոտքը բարձրացրած կամ էլ՝ պառկի, բութ մատով և ցուցամատով սեղմվում է օղակը և զգուշորեն այն տեղադրվում հեշտոցի մեջ: Օղակը պետք է բավականաչափ խորը տեղադրվի, որպեսզի հարմարավետ լինի: Երբեմն այն իրեն բոլորովին զգացնել չի տալիս:

Ո՞րքանով է արդյունավետ այս մեթոդը

Հեշտոցային օղակն ունի 99 տոկոս արդյունավետություն, եթե կիրառվում է ճշգրտորեն:

Առավելություններ՝

  • Հեշտ է կիրառել, ապահով է և հարմար
  • Մեկ անգամյա կիրառմամբ ապահովում է հակաբեղմնավորում մի ամբողջ ամիս
  • Չի խոչընդոտում սեռական անսպասելիությանը

Թերություններ՝

  • Չի պաշտպանում սեռավարակներից և ՄԻԱՎ-ից
  • Որոշ կանանց մոտ առկա է սրտամկանի ինֆարկտի և կաթվածի փոքր վտանգ
  • Անհրաժեշտ է բժշկի կողմից տրված դեղատոմս

Սերմնասպան միջոցներ

7

Ի՞նչ է սերմնասպան միջոցը

Սերմնասպան միջոցները նյութեր են (քսուկներ, մոմիկներ, հեշտոցային հաբեր), որոնք ոչնչացնում են սերմնաբջիջները՝ նախքան դրանց արգանդ հասնելը:

Ինչպե՞ս են օգտագործում

Սերմնասպան քսուկները կամ մոմիկները պետք է տեղադրվեն սեռական հարաբերությունից առնվազն 15 րոպե առաջ հեշտոցի մեջ և այն արդյունավետ է ընդամենը 1 ժամ: Եթե սեռական հարաբերությունից առաջ մեկ ժամից ավել է անցել, պետք է տեղադրել սերմնասպան միջոցի նոր չափաբաժին։

Ո՞րքանով է արդյունավետ այս մեթոդը

Ճիշտ կիրառելու դեպքում 82-85% է։ Սովորաբար՝ միայն 71%։

Որո՞նք են հակացուցումները։

Չպետք է օգտագործել միայն այն դեպքում, երբ կինը կամ տղամարդն ալերգիա ունեն, որը հազվադեպ է հանդիպում։

Որո՞նք են առավելությունները և թերությունները։

Առավելություններ

  • Սերմնասպան միջոցները հեշտ է կիրառել

Թերություններ

  • Այլ ժամանակակից հակաբեղմնավորիչների համեմատ արդյունավետությունը ցածր է,
  • Կարող են բորբոքային պրոցեսներ առաջացնել
  • Չեն պաշտպանում սեռավարակներից և ՄԻԱՎ-ից

Շտապ բեղմնականխման հաբեր

8

Ի՞նչ է շտապ բեղմնականխման հաբը

Երբեմն կարող է տեղի ունենալ չնախատեսված սեռական հարաբերություն, որի ընթացքում զուգընկերները չեն պաշտպանվում կամ հակաբեղմնավորման տվյալ տեսակը խափանվում է, օրինակ պահպանակը պատռվում է: Տվյալ ժամանակ կինը կարող է գործածել շտապ բեղմնականխման հաբեր, որոնք պարունակում են բարձր քանակությամբ հորմոններ, որը նվազեցնում է հղիության զարգացման հավանականությունը:

Ինչպե՞ս են օգտագործում

Շտապ բեղմնականխման հաբերը պետք է ընդունել միայն մեկ անգամ սեռական հարաբերությունից անմիջապես հետո կամ 72 ժամվա ընթացքում: Նրանց կանխարգելիչ հատկությունները պահպանվում են մինչև հինգ օր։ Անհրաժեշտ է վերցնել դեղատնից և հետևել գրված ցուցումներին։

Ո՞րքանով է արդյունավետ այս մեթոդը

Սովորաբար շտապ բեղմնականխման հաբերը 88-95% արդյունավետություն ունեն։

Որո՞նք են հակացուցումները

  • Չպետք է օգտագործել, եթե հղիությունն արդեն հաստատվել է։

Առավելություններ և թերություններ

Առավելություններ

  • Ճիշտ օգտագործման դեպքում շատ արդյունավետ են
  • Այլընտրանքային միջոց է ազատ սեռական հարաբերության դեպքում

Թերություններ

  • Որպես շարունակական հակաբեղմնավորման մեթոդ՝ կիրառելի չեն և խորհուրդ չեն տրվում
  • Չեն պաշտպանում սեռավարակներից, պաշտպանում են միայն անցանկալի հղիությունից
  • Կարող են առաջ բերել մի շարք անցանկալի կողմնակի ազդեցություններ՝ սրտխառնոց, փսխումներ, փորլուծություն, հաջորդ դաշտանի խանգարումներ

Մշտական կամ անդառնալի հակաբեղմնավորման միջոցներ

79

Որո՞նք են մշտական հակաբեղմնավորման միջոցները

Մշտական հակաբեղմնավորման մեթոդը կամ վիրաբուժական ստերիլիզացիան այն միջոցներն են, որոնք կանայք կամ տղամարդիկ կարող են օգտագործել, որպեսզի այլևս կինը չհղիանա։

Ինչպե՞ս են օգտագործում

Կիրառվում են թե’ կանանց, թե’ տղամարդկանց դեպքում: Կնոջ մոտ արգելափակում են այն խողովակները, որոնց միջով ձվաբջիջը մուտք է գործում արգանդ, իսկ տղամարդու մոտ սերմնաժայթքման ժամանակ արգելափակվում է սերմնածորաններից սերմնահեղուկի անցումը։

Որքանո՞վ է արդյունավետ այս մեթոդը

Մշտական միջոցները հակաբեղմնավորման ամենաարդյունավետ մեթոդներից են։ Հղիությունից պաշտպանում է գրեթե 100%-ով։

Որո՞նք են հակացուցումները

Կանանց և տղամարդկանց մեծ մասի համար ապահով է. սակայն ինչպես բոլոր բժշկական միջամտությունները, այնպես էլ , ստերիլիզացիայի իրականացման դեպքում առկա են որոշակի վտանգներ: Անպայման խոսե՛ք Ձեր բժշկի հետ և որոշեք արդյոք ապահով մեթոդ է Ձեզ համար, թե՞ ոչ։

Որո՞նք են առավելությունները և թերությունները

Առավելություններ

  • Շատ արդյունավետ է հղիությունը կանխելու համար (գրեթե100%)
  • Մեկ անգամյա միջամտություն է ամբողջ կյանքի համար
  • Սեռական հարաբերությունից առաջ կամ ընթացքում որևէ գործողություն չի պահանջվում
  • Լավ միջոց է այն մարդկանց համար, ում հղիությունը հակացուցված է տարբեր պատճառներով

Թերություններ

  • Լավ միջոց չէ այն մարդկանց համար, ովքեր 100%-ով վստահ չեն, որ հետագայում բնական ճանապարհով կուզենան երեխա ունենալ, քանի որ այս փոփոխությունը մեծամասամբ անդառնալի է
  • Չի պաշպանում սեռավարակներից, այդ թվում ՄԻԱՎ-ից
  • Բժշկական ընթացակարգ է պահանջում

Բնական հակաբեղմնավորիչ միջոցներ

Բնական հակաբեղմնավորման միջոցներն այն հակաբեղմնավորման մեթոդներն են, որոնք մարդիկ կարող են օգտագործել հղիությունը կանխելու համար։ Բնական միջոցները հիմնականում նույնքան արդյունավետ չեն, որքան ժամանակակից միջոցները, չնայած ճիշտ օգտագործելու դեպքում որոշ միջոցներ ունեն բարձր արդյունավետություն։  Հակաբեղմնավորման բնական մեթոդ են համարվում, քանի որ որևէ բան արտաքին աշխարհից չի գործածվում, միայն հաշվի են առնվում որոշ հաշվարկներ:

Լակտացիոն Ամենոռեայի Մեթոդ ԼԱՄ /կրծքով կերակրման միջոցով անցանկալի հղիության կանխարգելում/

10

Ի՞նչ է ԼԱՄ–ը

ԼԱՄ-ը հակաբեղմնավորման բնական միջոց է, որը կարելի է օգտագործել ծննդաբերությունից հետո կրծքով կերակրման ժամանակ ձվազատումը կանխելու համար։ Կրծքով կերակրման ժամանակ կնոջ օրգանիզմում արտադրվում է հատուկ հորմոն, որը միառժամանակ կնոջը պաշտպանում է բեղմնավորումից:

Ինչպե՞ս են օգտագործում

ԼԱՄը կարող եք օգտագործել, եթե միայն կրծքով եք կերակրում և հետևում եք տվյալ 4 կանոններին՝

  • Դաշտանային ցիկլը չի վերականգնվել
  • Երեխան մինչև վեց ամսական է
  • Կրծքով պարբերաբար եք կերակրում՝օրվա ընթացքում մեկից չորս ժամը մեկ և գիշերվա ընթացքում մեկից վեց ժամը մեկ, եթե անգամ մի քանի րոպե եք կերակրում
  • Երեխան բացառապես կրծքով է սնվում, այսինքն՝ որևէ հավելասնունդ, այդ թվում ջուր կամ ծծակ չի օգտագործում

Որքանո՞վ է արդյունավետ այս մեթոդը

Ճիշտ և հետևողական օգտագործման դեպքում այս մեթոդն ունի բարձր արդյունավետություն (98-99%), սակայն արդյունավետ չէ կանոններին չհետևելու դեպքում։

Որո՞նք են առավելությունները և թերությունները։

Առավելություններ

  • Շատ արդյունավետ միջոց է, եթե ճիշտ կիրառվի
  • Ծախսեր չի պահանջում

Թերություններ

  • Չի պաշտպանում սեռավարակներից, այդ թվում և ՄԻԱՎ-ից
  • Միջոցը կարելի է կիրառել միայն կանոնների պահպանման դեպքում

Ընդհատված սեռական հարաբերություն

11

Ի՞նչ է ընդատված սեռական հարաբերությունը

Ընդհատված սեռական հարաբերությունն այն է, երբ տղամարդն իր առնանդամը դուրս է հանում հեշտոցից նախքան սերմնաժայթքումը՝ հղիությունը կանխելու նպատակով։

Որքանո՞վ է արդյունավետ այս մեթոդը

Սովորաբար այս միջոցը միայն  75%  արդյունավետություն ունի, որի պատճառով մեկ տարվա ընթացքում այս մեթոդը կիրառելու դեպքում չորս կանանցից մեկը հղիանում է: Դա բացատրվում է նրանով, որ երբեմն տղամարդը չի կարող վերահսկել այն պահը, երբ տեղի է ունենալու սերմնաժայթքում և երկրորդ՝ հաճախ մինչև բուն սերմնաժայթքումը սեռական հարաբերության սկզբում առնանդամից կարող է մի քանի կաթիլ սերմնահեղուկ դուրս գալ, որը քիչ հավանականությամբ, բայց այնուամենայնիվ, կարող է հասնել ձվաբջջին և բեղմնավորել այն:

Որո՞նք են առավելությունները և թերությունները

Առավելություններ

  • Ծախսեր չի պահանջում
  • Չունի կողմնակի ազդեցություն

Թերություններ

  • Նվազեցնում է զույգերի սեռական հաճույքի զգացողությունը, քանի որ դեռևս հարաբերությունը չավարտված տղամարդը ստիպված պետք է դուրս հանի առնանդամը հեշտոցից
  • Ունի ձախողման համեմատաբար բարձր ցուցանիշ: Տղամարդիկ հեշտորեն սխալվում են, քանի որ դժվար է ճիշտ իմանալ, թե երբ սերմնաժայթքում տեղի կունենա
  • Չի պաշտպանում սեռավարակներից և ՄԻԱՎ-ից

Օրացուցային միջոց

12

Ի՞նչ է օրացուցային մեթոդը

Ըստ օրացուցային մեթոդի՝անհրաժեշտ է հետևել, թե որո՞նք են հղիանալու համար վտանգավոր օրերը։ Եթե օգտագործում եք այս մեթոդը՝ որպես չհղիանալու միջոց, ապա վտանգավոր օրերի ընթացքում չպետք է սեռական հարաբերություն ունենալ կամ պետք է պահպանակ կամ այլ հակաբեղմնավորման մեթոդ օգտագործել։

Ինչպե՞ս են օգտագործում

  • Այս մեթոդն օգտագործելուց առաջ կանայք առնվազն 6 ամսվա ընթացքում պետք է հետևեն իրենց դաշտանային ցիկլի օրերը, որպեսզի իմանան՝ դաշտանը կանոնավո՞ր է, թե՞ ոչ։ Վեց ամսվա ընթացքում օրացույցի վրա նշե՛ք դաշտանի առաջին օրերը և հաշվեք դաշտանի առաջին օրից մինչև հաջորդ ամսվա Ձեր դաշտանի առաջին օրը: Տվյալ թիվը կլինի Ձեր դաշտանային ցիկլի օրը: Այնուհետև անհրաժեշտ է հաշվել մնացած բոլոր ամիսների դաշտանային ցիկլի օրերը և միջին համեմատականով դուրս բերել դաշտանային ցիկլի օրը:
  • Եթե դաշտանային ցիկլը 26-32 օր է տևում, ապա կարող եք օրացուցային մեթոդը օգտագործել։ Բեղմնավորման օրերը սկսվում են դաշտանի առաջին օրից մեկ շաբաթ հետո և 11-րդ օր ներառյալ։ Օրինակ՝ եթե կանոնավոր դաշտանային ցիկլ ունեք, որը սկսվում է հունվարի 1-ին, ապա բեղմնավորման օրերն են հունվարի 8-19: Բեղմնավորման օրերի ընթացքում չպետք է սեռական հարաբերություն ունենալ կամ պետք է պահպանակ օգտագործել, եթե չեք ուզում հղիանալ:

Որքանո՞վ է արդյունավետ այս մեթոդը

Եթե կանոնավոր դաշտանային ցիկլ ունեք և ճիշտ հաշվեք օրերը, ապա օրացուցային մեթոդը 95-97%  արդյունավետ է։ Սովորաբար արդյունավետությունը միայն  75-90% է։

Որո՞նք են առավելությունները և թերությունները

Առավելություններ

  • Ոչ մի կողմնակի ազդեցություն չունի
  • Ծախսեր չի պահանջում

Թերություններ

  • Օրացուցային մեթոդ օգտագործելը, մանավանդ անկանոն դաշտանային ցիկլի դեպքում, կարող է ճշգրիտ չլինել: Շատ գործոններ են ազդում ձվազատման վրա, ներառյալ՝ հիվանդությունները և սթրեսը
  • Անհրաժեշտ է համոզել զուգընկերոջը՝ սեռական հարաբերություն չունենալ կամ պահպանակ օգտագործել ռիսկային օրերի ընթացքում
  • Պետք է հետևել դաշտանային ցիկլին ամեն ամիս
  • Չի պաշտպանում սեռավարակներից և ՄԻԱՎ-ից
  • Ծննդաբերությունից հետո մինչև երեք ամիս շարունակ կանոնավոր դաշտան չտեսնեք, ապա չեք կարող կիրառել այս մեթոդը

Մեթոդներ և վարքագծեր կան, որոնք արդյունավետ չեն հղիությունը կանխելու համար և կարող են նույնիսկ վտանգավոր լինել

  • Սեռական հարաբերությունից հետո հեշտոցի ներսի լվացումն արդյունավետ չէ և անգամ վտանգավոր է, քանի որ ջրով լվացումը կնպաստի, որ սերմնահեղուկը առավել արագ բարձրանա վերև: Բացի այդ այն խախտում է հեշտոցի բնական թթվայնության և բակտերիալ ֆլորայի հավասարակշռությունը, որը կարող է առաջացնել բորբոքում և տհաճ հոտ։
  • Սեռական հարաբերությունից հետո միզելը նույնպես հղիությունը չի կանխում։ Միզածորանը և հեշտոցն իրար հետ կապված չեն և սեռական հարաբերությունից հետո հեշտոցում հավաքված սերմնահեղուկը ոչ մի առնչություն չի կարող ունենալ միզածորանի հետ։ Սեռական հարաբերությունից հետո միզելը պարզապես որոշ չափով կկանխի բակտերիաների ներթափանցումը միզուղիներ։

Հղիության արհեստական ընդհատում (աբորտ)

Հղիության արհեստական ընդհատումը (աբորտ) բժշկական ընթացակարգ է հղիությունն ընդհատելու համար, որը կարող է իրականացվել վիրահատական ճանապարհով կամ դեղորայքային միջամտությամբ։ Անցանկալի հղիությունների մեծ մասը տեղի է ունենում այն ժամանակ, երբ զույգը հակաբեղմնավորիչ միջոց չի օգտագործում կամ սխալ է օգտագործում։ Մեկ տարվա ընթացքում կանանց 85%-ը, ովքեր հակաբեղմնավորիչ միջոց չեն կիրառում, հղիանում են։ Հիշե՛ք, որ պաշտպանվելը անցանկալի հղիությունը կանխելու լավագույն միջոցն է: Սակայն, եթե կինն ունենում է անցանկալի հղիություն որևէ պատճառով, օրինակ՝ հակաբեղմնավորիչ մեթոդն արդյունավետ չի եղել,  զույգերը մոռացել են որևէ միջոց օգտագործել, կամ առանց կնոջ ցանկության է տեղի ունեցել սեռական հարաբերությունը, կամ այլ հանգամանք, կնոջ իրավունքն է դիմել աբորտի և ստանալ հղիության անվտանգ ընդհատման բուժծառայություններ։ Կարևոր է նշել, որ հակաբեղմնավորման բոլոր ժամանակակից միջոցները կարելի է օգտագործել աբորտից անմիջապես հետո` պաշպանվելու մեկ այլ անցանկալի հղիությունից և հղիանալ այն ժամանակ, երբ հարմար է և ցանկալի։

Առանձնացնում են վիրահատական և դեղորայքային աբորտի տեսակներ: Վիրահատական աբորտը թույլատրվում է հիմնականում մինչև հղիության 12 շաբաթական ժամկետը և իրականացվում է բժշկի կողմից: Վիրահատական մեթոդը հիմնականում իրականացվում է անզգայացմամբ և տևում է մոտավորապես 30 րոպե: Դեղորայքային մեթոդը կարող է իրականացվել մինչև 8 շաբաթական հղիության պարագայում և պետք է կիրառել միայն բժշկի նշանակմամբ տրված դեղորայքը: Դեղորայքային աբորտը տևում է ավելի երկար քան վիրահատական մեթոդը և ընթանում է պարբերաբար արյունային արտադրությամբ, որը մոտ մեկ շաբաթ անց կտրվում է: Երբեք մի օգտագործեք առանց բժշկի նշանակման դեղորայք որևէ այլ մարդու խորհրդով, քանի որ կարող եք վնասել Ձեզ և Ձեր առողջությունը:

Ըստ «Վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքի մասին» ՀՀ Օրենքի, հոդված 10-ի` յուրաքանչյուր կին ունի հղիության արհեստական ընդհատման իրավունք:

Հղիության արհեստական ընդհատումը մինչև հղիության 12 շաբաթական ժամկետը կատարվում է կնոջ դիմումի համաձայն:

Հղիության արհեստական ընդհատումը մինչ հղիության 22 շաբաթական ժամկետը կարող է կատարվել բժշկա-սոցիալական ցուցումների դեպքում՝ կնոջ համաձայնությամբ, օրինակ եթե կինը բռնաբարության է ենթարկվել և արդյունքում հղիացել է, եթե կնոջ առողջությանը վտանգ է սպառնում, եթե պտուղն ունի որոշակի արատներ, եթե կինը կամ երեխայի հայրը գտնվում են անազատության մեջ, եթե երեխայի հայրը հանկարծամահ է եղել:

Հղիության արհեստական ընդհատումն անչափահասի դիմումով կատարվում է նրա ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների համաձայնությամբ, իսկ դրա անհնարինության դեպքում՝ բժշկական հանձնաժողովի արձանագրության հիման վրա:

Հղիության արհեստական ընդհատումից առաջ եւ հետո առողջապահական հաստատությունը կնոջը տրամադրում է անվճար բժշկա-սոցիալական խորհրդատվություն՝ անցանկալի հղիությունից պաշտպանվելու միջոցների ընտրության վերաբերյալ, որը կարող է պահանջել յուրաքանչյուր կին:

Հղիության արհեստական ընդհատումը կամ աբորտը յուրաքանչյուր կնոջ վերարտադրողական կարևոր իրավունքն է, որը պետք կայացնի միայն կինը՝ ելնելով իր կարգավիճակից: Աբորտի արգելումը ցույց է տալիս, որ այն կարող է հանգեցնել բավական բարդ և ողբերգական հետևանքների, օրինակ կանանց մահվան տոկոսի ավելացման կամ բարդ վերարտադրողական հետևանքների, որոնք կարող են ուղեկցվել ամբողջ կյանքի ընթացքում, քանի որ փորձը ցույց է տալիս, որ այն երկրներում, որտեղ աբորտն արգելված է, կանայք դիմում են ոչ օրինական ճանապարհով իրականացվող աբորտների, որոնք էլ բավական վտանգավոր են կնոջ առողջության համար:

Ծնողի դերը

Հաճախ ծնողները երկմտում են խոսել իրենց երեխաների հետ սեռականության մասին՝ վախենալով, որ արհեստական հետաքրքրություն կառաջացնեն իրենց երեխաների մեջ և նրանց “կդրդեն” սեռական հարաբերությունների նախաձեռնման, սակայն զարգացած երկրների փորձը ցույց է տալիս, որքան ավելի շատ է ճշգրիտ տեղեկատվությունը երեխաների շրջանում սեռականության մասին, այնքան պատասխանատու և տեղեկացված ընտրություն են նրանք կատարում և կարողանում են իրենց պաշտպանել ինչպես սեռավարակներից, այնպես էլ անցանկալի հղիությունից: Փորձը ցույց է տալիս, որ 18 տարին չբոլորած դեռահասներն արդեն մուտք են գործում դեպի սեռական հարաբերություններ, ուստի շատ կարևոր է նրանց սեռական հարաբերություններին նախապատրաստել նախապես, բացատրել, թե ինչ է սեռական պատասխանատվությունը և որ բացի սեռական հաճույքից կան նաև որոշակի հետևանքներ, որոնք կարող են ի հայտ գալ: Կարևելի է խոսել սեռավարակների և դրանց հետևանքների մասին, խոսել թե ինչպես կարող են իրենք իրենց պաշտպանել՝ օգտագործելով հակաբեղմնավորման մեթոդներ, որոնք կպաշտպանեն սեռավարակներից և հղիությունից: Կարևոր է նաև երեխաներին տալ տեղեկատվություն սեռավարակների ախտանշանների մասին, որպեսզի ժամանակին նկատեն և դիմեն բժշկի լուրջ հետևանքներից խուսափելու համար:

Հաճախ տրվող հարցեր

Հարց– Հնարավո՞ր է հղիանալ, նույնիսկ այն ժամանակ, երբ ձվազատում դեռ տեղի չի ունեցել, այսինքն՝ եթե դաշտանային ցիկլի առաջին օրերի ընթացքում է ազատ հարաբերություն տեղի ունեցել։

Պատասխան– Չնայած ավելի քիչ է հավանականությունը, որ կինը կհղիանա դաշտանային ցիկլի առաջին շաբաթվա ընթացքում, սակայն սերմնաբջիջները կարող են կնոջ օրգանիզմում ապրել 3-7 օր, այնպես որ հնարավոր է հղիանալ նույնիսկ այդ ժամանակ։

Հարց– Հնարավո՞ր է հղիանալ, եթե սեռական հարաբերություն տեղի չի ունեցել։

 Պատասխան– Եթե սերմնաժայթքումը տեղի է ունենում հեշտոցի բացվածքի մոտ, հնարավոր է հղիանալ, չնայած այն շատ հազվադեպ է լինում։

Հարց– Կարելի՞ է  հակաբեղմնավորիչ միջոցներ օգտագործել մինչև հղիանալը։

Պատասխան– Ա’յո, կարելի է որևէ հակաբեղմնավորիչ միջոց օգտագործել, եթե ուզում եք սպասել մինչ երեխա ունենալը կամ չեք ուզում երեխաներ ունենալ։ Տարածված է այն առասպելը, որ չի կարելի հակաբեղմնավորման միջոց օգտագործել, եթե հետագայում ցանկանում եք հղիանալ: Ցանկացած միջոց (բացի մշտական միջոցներից) օգտագործելուց հետո հնարավոր է հղիանալ։

Հարց– Ներարգանդային պարույրը (սպիրալը) առաջացնո՞ւմ է առողջական խնդիրներ, օրինակ՝ արգանի պատռվածք, բորբոքում, կիստա, գիրություն, ցավ և արյունահոսություն, չբերություն և արտարգանային հղիություն։

Պատասխան– Ներարգանդային պարույրի (սպիրալը) օգտագործումից քիչ  հավանական է, որ կինը ինչ-որ առողջական խնդիր կունենա։ Հազար կանանցից միայն մեկն է պարույրը տեղադրելիս ունենում արգանդի պատռվածք։ Պարույրը չի առաջացնում բորբոքում և կիստա։ Միայն վարակ ունենալու դեպքում մեծանում է այլ վարակների փոխանցման վտանգը։ Պարույրը չի առաջացնում ցավ և արյունահոսություն։ Կինը կարող է զգալ դաշտանային ցավերին նմանվող ցավեր պարույր տեղադրելու ժամանակ, սակայն միայն մի քանի րոպե, որից հետո անցնում է անհանգստությունը։ Պարույրն օգտագործելիս կանայք չեն գիրանում, դա միանգամայն թյուր ընկալում է։ Իսկ ինչ վերաբերում է հղիանալուն, ապա ներարգանդային պարույրը չի առաջացնում չբերություն. հանելուց հետո կարելի է անմիջապես հղիանալ։ Չի առաջացնում նաև արտարգանային հղիություն։ Նախ՝ պարույրի օգտագործման դեպքում չնչին է հղիության առաջացման հավանականությունը։ Պարույրի առկայության դեպքում հղիության ժամանակ արտարգանդային հղիության ռիսկ կա, սակայն այն ավելի ցածր է, քան որևէ միջոց չօգտագործելու դեպքում։ Միայն որևէ վարակ, արգանդի շեղում կամ պղնձից ալերգիա ունեցող կանանց չի թույլատրվում պարույր օգտագործել։ Մնացած դեպքերում կանայք կարող են այն օգտագործել։ Անհրաժեշտ է, որ պարույր տեղադրելուց առաջ բոլոր կանայք հետազոտվեն։

Հարց- Ճի՞շտ է, որ կնոջ օրգանիզմը ներարգանդային պարույրը (սպիրալը)կարող է չընդունել։

Պատասխան– Հիմնականում ներարգանդային պարույրը (սպիրալը) 3-10% կանանց մոտ է արտահայտվում։ Սա ավելի շատ հանդիպում է այն կանանց մոտ, ովքեր երբեք չեն հղիացել կամ չեն սպասել, որ մինչ պարույրի տեղադրումը ծննդաբերությունից կամ հղիության արհեստական ընդհատումից (աբորտից) հետո անցնի 12 շաբաթ։ Պարույրը տեղադրելուց մեկ ամիս հետո ցանկալի է այցելել բժշկի։ Ընդհանրապես ավելի լավ կլինի բժշկի այցելել պարույրը տեղադրելուն հաջորդող դաշտանից հետո։ Ցանկալի է, որ բոլոր կանայք հետազոտվեն տարին մեկ անգամ նույնիսկ այն ժամանակ, եթե պարույր չեն տեղադրում։

Հարց- Զուգընկերը ներարգանդային պարույրը (սպիրալը) զգո՞ւմ է սեռական հարաբերության ժամանակ։

Պատասխան– Զուգընկերը չի կարող զգալ պարույրը, որովհետև այն արգանդի վերին հատվածում է։ Պարույրն ունի փոքր թելեր, որպեսզի ստուգեք՝ այն ճիշտ տեղում է, թե ոչ։ Եթե զուգընկերը զգում է թելերը, Ձեր բժիշկը կարող է թելերն ավելի կարճ կտրել։

Հարց– Ճի՞շտ է, որ հորմոնային հաբեր օգտագործելիս կինը կարող է ունենալ առողջական խնդիրներ, ինչպիսիք են քաղցկեղ, սրտի և երիկամների հիվանդություններ, կիստաներ, գլխացավ, ոտքերի այտուցվածություն և չբերություն։

Պատասխան– Հաբերի օգտագործումը կարող է նվազեցնել քաղցկեղի որոշակի տեսակների առաջացման վտանգը, ինչպես նաև բարելավել ոսկրերի խտությունը և ապաքինել էնդոմետրիոզի երևույթները, պոլիկիստոզը, կրծքի հիվանդությունները, անեմիան և ձվարանի կիստան։ Կիստանների առաջացման վտանգն ավելի ցածր է հորմոնային հաբեր օգտագործելու դեպքում։ Գլխացավը և ոտքերի այտուցվածությունը հազվադեպ են հանդիպում և կարող են արյան մակարդման հետևանքով առաջացած ներանոթային խցանման կամ կաթվածի ախտանշաններ լինել։ Անոթների խցանման և կաթվածի վտանգն ավելի բարձր կարող է լինել հղիության ժամանակ, քան հաբեր օգտագործելու ընթացքում։ Նաև առասպել է այն պնդումը, որ հաբերն առաջացնում են չբերություն. հաբերի օգտագործումը դադարեցնելուց հետո ամենաշատը երկու ամիս անց սկսվում է ձվազատումը։ Կանանց մեծամասնությունն առանց վտանգի կարող է օգտագործել հակաբեղմնավորիչ հաբերը։ Սակայն, առկա են որոշակի հակացուցումներ։ Չի կարելի օգտագործել հորմոնային հաբեր, եթե ունեք արյան բարձր ճնշում, միգրեն, կրծքագեղձի քաղցկեղ և քաղցկեղի բարձր վտանգ, ՄԻԱՎ, վարիկոզ երակներ կամ 35 տարեկանից բարձր տարիք ունեք և ծխում եք։ Հաբեր ընդունելուց առաջ անհրաժեշտ է դիմել բժշկի, որպեսզի պարզեք ձեր առողջական վիճակը։

Հարց– Հորմոնային հաբերը կանանց գիրացնո՞ւմ են ու նպաստո՞ւմ են արդյոք անցանկալի մազերի աճին և պզուկների առաջացմանը։

Պատասխան– Հակառակը՝ օգտագործելու ընթացքում կանայք չեն գիրանում և շատ դեպքերում մաշկը լավանում է, իսկ մազերի աճը՝ դանդաղում։

Հարց– Ճի՞շտ է, որ հորմոնային հաբերը պետք է օգտագործել միայն կարճ ժամանակ, օրինակ՝ մի քանի շաբաթ, իսկ հետո դադարեցնել։ Դրանք պետք է ընդունել ամեն օ՞ր, թե՞ միայն սեռական հարաբերությունից առաջ կամ հետո։

Պատասխան– Հորմոնային հաբերն ապահով են և կարող են օգտագործվել երկար ժամանակ։ Դրանց երկարաժամկետ օգտագործումը կարող է բարերար ազդեցություն ունենալ առողջության վրա։ Հաբերն արդյունավետ կլինեն միայն այն ժամանակ, եթե ընդունվեն ամեն օր միևնույն ժամին։ Հաբերի միայն մեկից-երկու շաբաթ անընդմեջ ընդունումից հետո է սկսվում դիտվել դրանց արդյունավետությունը։

Հարց– Լսել եմ, որ պահպանակներն արդյունավետ չեն, քանի որ անցքեր ունեն։ Ճի՞շտ է։

Պատասխան– Պահպանակը հազվադեպ է անցքեր ունենում։ Անպայման ստուգե՛ք պահպանակի պիտանելիության ժամկետը, որը գրված է տուփի վրա։ Ընդհանրապես օգտագործման ժամկետը 2-5 տարի է: Պահպանակը պետք է պահել զով, չոր, արևից պաշտպանված տեղում, և օգտագործել մինչև ժամկետի ավարտը, որպեսզի համոզված լինեք նրա ապահով լինելու մեջ

Հարց– Պահպանակները առաջացնո՞ւմ են ալերգիաներ։

Պատասխան– Որոշ մարդիկ կարող են ալերգիա ունենալ լատեքսից, բայց մեծամասամբ կարող են օգտագործել առանց որևէ խնդրի։ Եթե զգում եք, որ քոր է գալիս կամ ալերգիա ունեք, խորհրդակցե՛ք բժշկի հետ։

Հարց– Եթե հղիության և կրծքով կերակրման պատճառով դաշտանը դեռ չի վերականգնվել, հնարավո՞ր է հղիանալ։

Պատասխան– Կինը կարող է հղիանալ նույնիսկ այն ժամանակ, երբ դաշտանը դեռ չի վերականգնվել և կրծքով կերակրում է։ Հիշե՛ք, որ կրծքով կերակրումը, որպես հակաբեղմնավորիչ միջոց օգտագործելու դեպքում, գործում է չորս կանոն ։ Միջոցը արդյունավետ է միայն այն ժամանակ, երբ դաշտանային ցիկլը չի վերականգնվել, նորածինը վեց ամսականից մեծ չէ, կրծքով կերակրում եք ճիշտ պարբերականությամբ (օրը մեկից չորս ժամը մեկ և գիշերը մեկից վեց ժամը մեկ) և երեխան ուրիշ սնունդ չի ստանում, այդ թվում նաև ջուր։

Հարց– Հնարավո՞ր է հղիանալ, եթե զույգերն օգտագործում են ընդհատված սեռական հարաբերություն (երբ տղամարդն առնանդամը հանում է սերմնաժայթքումից առաջ)։

Պատասխան– Ճիշտ կիրառելու դեպքում ընդհատված սեռական հարաբերությունը բավականին արդյունավետ է, մոտ 96%։ Սակայն, սովորաբար այս միջոցը միայն 75% արդյունավետություն  ունի, որի պատճառով մեկ տարվա ընթացքում այս մեթոդը կիրառելու դեպքում չորս կանանցից մեկը հղիանում է։ Սերմնաժայթքումից առաջ տղամարդկանց մոտ մի քանի կաթիլ սերմ է հոսում, այդ պատճառով հնարավոր է հղիանալ նույնիսկ այն ժամանակ, երբ զուգընկերն ընդհատված սեռական հարաբերությունը ճիշտ է կիրառում։ Ճիշտ օգտագործելու համար զուգընկերները պետք է հաղորդակցվեն, ինչպես նաև պահանջվում է փորձառու զուգընկեր, ով լավ գիտի իր մարմինը։

Հարց– Բոլոր կանայք կարո՞ղ են օգտագործել օրացուցային մեթոդը չհղիանալու համար։

Պատասխան– Սովորաբար ձվազատումը սկսվում է դաշտանի առաջին օրից 14 օր հետո, բայց այդ օրը կարող է փոխվել յուրաքանչյուր ամիս, մանավանդ, եթե չկա կանոնավոր դաշտանային ցիկլ։ Այդ պատճառով այս մեթոդը կիրառելի է միայն այն դեպքում, երբ կնոջ դաշտանը կանոնավոր է, այսինքն ցիկլի տևողությունը 26-32 օր է (դաշտանային ցիկլը դաշտանի առաջին օրից մինչև հաջորդ դաշտանի առաջին օրն ընկած ժամանակահատվածն է)։

Հարց– Արդյո՞ք սեռական հարաբերությունից հետո հեշտոցի ներսի լվացումը կամ միզելը կարող են կանխել հղիությունը։

Պատասխան– Սեռական հարաբերությունից հետո հեշտոցի ներսի լվացումն արդյունավետ չէ, քանի որ ջուրը նպաստում է, որպեսզի սերմնահեղուկը ավելի արագ բարձրանա վերև: Բացի այդ այն խախտում է հեշտոցի բնական թթվայնության և բակտերիալ ֆլորայի հավասարակշռությունը, ինչն էլ կարող է առաջացնել բորբոքում և տհաճ հոտ։ Սեռական հարաբերությունից հետո միզելը նույնպես հղիությունը չի կանխում։ Միզածորանը և հեշտոցն իրար հետ կապված չեն և սեռական հարաբերությունից հետո հեշտոցում հավաքված սերմնահեղուկը ոչ մի առնչություն չի կարող ունենալ միզածորանի հետ։ Միզելը սեռական հարաբերությունից հետո պարզապես որոշ չափով կկանխի բակտերիաների ներթափանցումը միզուղիներ։

Հարց– Ինչպե՞ս կարելի է հասկանալ, որ առկա է հղիություն։

Պատասխան– Պետք է զգուշանալ, եթե առկա են հղիության հետևյալ նշանները, օրինակ՝ անկանոն դաշտան կամ դաշտանի բացակայություն, թեթև կամ ավելի կարճատև դաշտան, զգայուն կրծքեր կամ կրծքագեղձերի մեծացում, զգայուն պտուկներ, հաճախակի միզելու ցանկություն, գերհոգնածություն, սրտխառնոց կամ փսխում, փքվածության զգացողություն, դաշտանի նման ցավեր, փոփոխական ախորժակ, զգացմունքայնություն։ Սակայն այս ախտանիշների դեպքում, հնարավոր է նաև որ հղիություն չլինի, քանի որ Ձեր օրգանիզմը նման փոփոխությունների է ենթարկվում դաշտան ունենալուց առաջ։ Այս հանգամանքը կարելի է հստակ ճշգրտել, եթե իրականացվի հղիության թեստ, որն ապահով է և արագ պատասխան է տալիս:

Հարց– Ինչո՞ւ է ցանկալի պլանավորել հղիությունը և կանխել անցանկալի հղիությունները։

Պատասխան– Անցանկալի հղիությունը կարող է ազդեցություն ունանալ երեխայի առողջության վրա։ Հղիանալուց առաջ կանայք պետք է ֆոլաթթու ընդունեն, որը երեխային պաշտպանում է ողնուղեղի հետ կապված խնդիրներից։ Նաև անհրաժեշտ է հետևել առողջարար սննդակարգի, ֆիզիկապես աշխույժ լինել, ծխախոտից և ալկոհոլից խուսափել, ինչպես նաև բժշկի այցելել առողջական վիճակը գնահատելու համար։ Կինը կարող է չիմանալ իր օրգանիզմում սեռավարակի առկայության մասին և անցանկալի հղիության դեպքում վաղաժամ ծննդաբերության, երեխայի վարակման կամ վիժելու վտանգը մեծանում է

Հարց– Վտանգավո՞ր է արդյոք դեղորայքային աբորտը (Սայթոթեք դեղամիջոցի կիրառմամբ)։

Պատասխան– Սայթոթեքը կարելի է օգտագործել տանը, սակայն օգտագործելուց առաջ պետք է հետազոտվել առողջական վիճակը գնահատելու համար։ Բժիշկը պետք է նշանակի ճիշտ չափաբաժին. դեղատան աշխատողներն իրավունք չունեն սայթոթեք նշանակել։ Սայթոթեքը տարբեր կանանց վրա տարբեր ազդեցություն ունի, հետևաբար չպետք է լսել կողմնակի անձանց խորհուրդները։ Դեղորայքի սխալ օգտագործման դեպքում աբորտը կարող է ոչ միայն արդյունավետ չլինել, այլև առաջացնել ծանր արյունահոսություն, վարակ, չբերություն և հազվադեպ նույնիսկ մահ։ Սակայն, ճիշտ օգտագործման դեպքում սայթոթեքն ունի բարձր արդյունավետություն և քիչ է հավանականությունը, որ առողջական լուրջ խնդիրներ կառաջանան։

Հարց– Ճի՞շտ է, որ առկա է դեղորայք, որը կանխում է անցանկալի հղիությունը, սակայն տարբերվում է հորմոնային հաբերից։

Պատասխան– Երբեմն ազատ սեռական հարաբերություն է լինում, երբ զուգընկերները զգույշ չեն կամ չեն պլանավորում։ Եթե արդեն ունեցել եք չպլանավորված ազատ սեռական հարաբերություն, կարող եք շտապ բեղմնականխման հաբեր օգտագործել, որը նվազեցնում է հղիության հավանականությունը։ Շտապ բեղմնականխման հաբերը չեն առաջացնում դեղորայքային վիժում։ Հաբերը խոչընդոտում են ձվազատմանը, ձվաբջջի և սերմաբջջի միաձուլմանն ու բեղմնավորված ձվաբջջի ներթափանցմանը դեպի արգանդի խոռոչ։ Շտապ բեղմնականխման հաբերը պետք է ընդունել սեռական հարաբերությունից  72 ժամվա ընթացքում, որքան շուտ, այնքան լավ և նրանք կանխարգելիչ ուժ ունեն սեռական հարաբերությունից սկսած մինչև հինգ օր։ Այն պետք է ձեռք բերել դեղատնից և հետևել գրված ցուցումներին։

Հարց– Ի՞նչ կլինի, եթե չօգտագործեմ հակաբեղմնավորիչ միջոցներ կամ սխալ օգտագործեմ։

Պատասխան-Եթե չեք կիրառում հակաբեղմնավորիչ միջոց, կարող եք չպլանավորած կամ անցանկալի հղիություն ունենալ։ Անցանկալի հղիությունների մեծ մասը տեղի է ունենում այն ժամանակ, երբ զույգը հակաբեղմնավորիչ միջոց չի օգտագործում կամ սխալ է օգտագործում։ Մեկ տարվա ընթացքում հակաբեղմնավորիչ միջոց չգործածող կանանց 85%ը հղիանում է։

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ

© 2016 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս, ռադիո եւ հեռուստաընթերցումների դեպքում, հղումը serakanutyun.org-ին պարտադիր է: Serakanutyun.org- ի հեղինակային հոդվածները, լուսանկարներն արտատպելու համար պարտադիր է ստանալ գրավոր համաձայնությունը:

  • Մեր մասին
  • Ինչպես խոսել երեխայի հետ սեռականության մասին
  • Ինչպես հղել մեզ հարց
  • Կապ