• Մեր մասին
  • Ինչպես խոսել երեխայի հետ սեռականության մասին
  • Ինչպես հղել մեզ հարց
  • Կապ
[email protected]
Login

Login
ՍեռականությունՍեռականություն
  • Մեր մասին
  • Ինչպես խոսել երեխայի հետ սեռականության մասին
  • Ինչպես հղել մեզ հարց
  • Կապ

Աղջիկների անձնական հիգիենա

Խորհուրդներ աղջիկների անձնական հիգիենայի վերաբերյալ

Անձնական ճիշտ հիգիենան կարևոր է ընդհանուր առողջության և բարեկեցության համար: Այն կարող է կանխել առողջական բազմաթիվ խնդիրներ և նպաստել առողջ կյանքին:

  • Ձեռքերի խնամք
    Անհրաժեշտ է լվանալ ձեռքերը սնունդն ընդունելուց, բնական կարիքները հոգալուց, նորածնին կամ հիվանդին խնամելուց առաջ և հետո:
  • Արտաքին սեռական օրգանների խնամք
    Ամեն օր պետք է լվանալ արտաքին սեռական օրգանները մեղմ, առանց հոտի օճառով և տաք ջրով: Ցանկալի է խուսափել ուժեղ հոտով կամ կոպիտ քիմիական նյութեր պարունակող օճառներից, քանի որ դրանք կարող են գրգռել զգայուն մաշկը:
    Հեշտոցը լվանալիս ձեռքի շարժումները պետք է ուղղվեն դեպի վերև, իսկ հետանցքը լվանալիս՝ դեպի պոչուկ: Սա օգնում է կանխելու հետանցքից բակտերիաների մուտքը հեշտոց կամ միզուկ և նվազեցնում է վարակների վտանգը:
  • Ներքին լվացումներ
    Անհրաժեշտ է զերծ մնալ հեշտոցային ներքին լվացումներից, որովհետև հեշտոցը պահպանում է օգտակար բակտերիաների բնական հավասարակշռությունը և առողջ pH մակարդակը, որը կարող է խախտվել ներքին լվացումներ անելու պատճառով, ինչն էլ կարող է գրգռվածության, քորի կամ բորբոքման պատճառ դառնալ:
  • Անձնական օգտագործման իրեր
    Չի կարելի փոխանակել այնպիսի անձնական իրերը, ինչպիսիք են ներքնազգեստը, սրբիչը, ատամի խոզանակը, եթե անգամ տվյալ անձնավորությունը ընտանիքի անդամ է կամ մտերիմ ընկեր:
  • Անձնական խնամքի միջոցներ
    Պետք է հնարավորինս խուսափել բուրավետ օճառներից կամ ինտիմ քսուքներից, որովհետև դրանք երբեմն պարունակում են այնպիսի քիմիական նյութեր, որոնք կարող են գրգռել զգայուն հատվածները: Կարելի է օգտագործել մանկական անհոտ օճառներ, որոնք նուրբ են ու մաշկի համար վնասակար չեն:Չի կարելի օգտագործել ամենօրյա միջադիրներ, քանի որ դրանք չեն թողնում, որ մաշկը շնչի, և իրենց քիմիական բաղադրության պատճառով կարող են առաջացնել քոր, այրոց և ալերգիկ ռեակցիաներ:

    Դաշտանի ընթացքում անհրաժեշտ է փոխել միջադիրը կամ տամպոնը 2-4 ժամը մեկ և, իհարկե, կարևոր է օգտագործել բամբակե անհոտ միջադիրներ, որպեսզի մաշկը չգրգռվի:

  • Ներքնազգեստ
    Պետք է կրել միայն մաքուր ներնքնազգեստ ու փոխել այն ամեն օր: Սինթետիկ գործվածքները իրենց մեջ են պահում ջերմությունն ու խոնավությունը, ինչն էլ բակտերիաների ու սնկերի զարգանալու համար բարենպաստ պայմաններ է ստեղծում: Այդ իսկ պատճառով ներքնազգեստը պետք է լինի բամբակյա, քանի որ բամբակը կանխարգելում է մանրէների ներթափանցումը ու մաշկն ավելի թարմ պահում: Նաև շատ կարևոր է լողազգեստն ու ներքնազգեստը միայն չոր վիճակում հագնելը, որովհետև խոնավությունը կարող է նպաստել սնկային հիվանդությունների առաջացմանը:
  • Սեռական առողջություն
    Սեռական կյանքով ապրող կանանց մեծ մասի մոտ սեռական գրգռման ժամանակ առաջանում է հեշտոցային արտադրուկ: Այս բնական քսանյութը ոչ միայն հեշտոցը պաշտպանում է տարբեր վարակներից, այլև սեռական հարաբերությունը դարձնում է ավելի անցավ՝ կանխելով հեշտոցի վնասվածքները: Սակայն գոյություն ունեն նաև խոնավացնող քսանյութեր, որոնք անհրաժեշտության դեպքում կարելի է օգտագործել՝ սեռական հարաբերությունը ավելի հարմարավետ դարձնելու համար:Սեռական ճանապարհով փոխանցվող վարակները (ՍՃՓՎ) տարածված են, և դրանց վաղաժամ հայտնաբերումն ու բուժումը շատ կարևոր է ու առանցքային․ չբուժված սեռավարակները կարող են հանգեցնել լուրջ բարդությունների, այդ թվում՝ անպտղության և ՄԻԱՎ-ի հավանականության բարձրացման: Բակտերիալ բազմաթիվ սեռավարակներ կարելի է բուժել հակաբիոտիկներով, իսկ վիրուսային վարակները բուժվում են դեղորայքով: Բժշկական կանոնավոր զննումները, անվտանգ ու պաշտպանված սեռական հարաբերությունները օգնում են կանխելու կամ էլ վաղ հայտնաբերելու վարակները:
  • Մազահեռացում
    Ցայլքի մազահեռացումը անհատական ​​ընտրություն է, և յուրաքանչյուրը պետք է որոշի՝ իր հարմարավետությունից և նախասիրություններից ելնելով: Այնուամենայնիվ, կարևոր է նշել, որ ցայլքի մազերի հեռացումը բժշկական տեսանկյունից անհրաժեշտ չէ և երբեմն կարող է հանգեցնել մաշկի գրգռման: Այդ հատվածում աճող մազերը պաշտպանում են սեռական օրգանները՝ նվազեցնելով շփումը հագուստի հետ և կանխելով ներքնազգեստի հետ անմիջական շփումը, ինչը կարող է նվազեցնել գրգռվածությունն ու անհանգստությունը: Քանի որ ցայլքի հատվածը շատ զգայուն է, սափրելը կարող է առաջացնել գրգռվածություն, քոր կամ փոքր կտրվածքներ: Պետք է նաև զգույշ լինել մազահեռացման մյուս տեսակները կիրառելիս և ընտրել մաշկին ու օրգանիզմին համապատասխան մեթոդ: Կարելի է եղունգների համար նախատեսված փոքր մկրատով պարբերաբար զգուշորեն կտրել այդ հատվածի մազերը՝ առանց դրանք ամբողջությամբ հեռացնելու:

Ծնողի դերը

Շատ կարևոր է, որ ծնողներն իրենց երեխաների հետ քննարկեն հիգիենայի կարևորությունը և սովորեցնեն այդ ամենին վաղ տարիքից․ անձնական խնամքի մասին բաց ու պարզ շփումը կարող է զարգացնել առողջ սովորություններ և հիգիենայի նկատմամբ դրական վերաբերմունք:

Հաճախ տրվող հարցեր

  • Հարց. Արդյոք անհրաժեշտ է օրը մի քանի անգամ լվանալ սեռական օրգանները:
  • Պատասխան. Ո՛չ, դրա կարիքը չկա: Սեռական օրգաններն անհրաժեշտ է լվանալ օրը մեկ անգամ, և դա լիովին բավարար է:
  • Հարց. Ե՞րբ ու ո՞ր դեպքերում է պետք սեռական օրգանների ներքին լվացումներ անել:
  • Պատասխան. Սեռական օրգանների ներքին լվացում անելու կարիք և անհրաժեշտություն չկա, քանի որ հեշտոցն ունի ինքնալվացման ֆունկցիա: Այն իր ներսում ունի հատուկ թթվային միջավայր, որը կարող է խախտվել ներքին լվացումների պատճառով և առաջ բերել մի շարք առողջական խնդիրներ: Միայն որոշակի սեռավարակների կամ սնկային հիվանդությունների դեպքում բժիշկը կարող է նշանակել ներքին լվացում:
  • Հարց. Արդյոք ճիշտ է ամենօրյա միջադիրներ օգտագործելը:
  • Պատասխան. Ո՛չ, քանի որ միջադիրները պարունակում են քիմիական բաղադրիչներ և կարող են ալերգիկ ռեակցիաներ առաջացնել, ինչպես նաև խախտել հեշտոցի միկրոֆլորան: 

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ

© 2016 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս, ռադիո եւ հեռուստաընթերցումների դեպքում, հղումը serakanutyun.org-ին պարտադիր է: Serakanutyun.org- ի հեղինակային հոդվածները, լուսանկարներն արտատպելու համար պարտադիր է ստանալ գրավոր համաձայնությունը:

  • Մեր մասին
  • Ինչպես խոսել երեխայի հետ սեռականության մասին
  • Ինչպես հղել մեզ հարց
  • Կապ