• Մեր մասին
  • Ինչպես խոսել երեխայի հետ սեռականության մասին
  • Ինչպես հղել մեզ հարց
  • Կապ
[email protected]
Login

Login
ՍեռականությունՍեռականություն
  • Մեր մասին
  • Ինչպես խոսել երեխայի հետ սեռականության մասին
  • Ինչպես հղել մեզ հարց
  • Կապ

Տղաների անձնական հիգիենա

Խորհուրդներ տղաների անձնական հիգիենայի վերաբերյալ

Անձնական հիգիենան կարևոր դեր է խաղում տարբեր տեսակի հիվանդությունների ու վարակների կանխարգելման հարցում, և այն միայն մաքուր արտաքին տեսք ունենալու մասին չէ:

  • Ձեռքերի խնամք
    Պետք է ձեռքերը լվանալ ուտելուց առաջ, լոգարանից օգտվելուց հետո, նորածնին կամ հիվանդ մարդուն խնամելուց կամ ցանկացած այլ գործողությունից առաջ և հետո, այսինքն՝ բոլոր այն դեպքերում, երբ մանրէների տարածվելը շատ հավանական է: Ձեռքերը լվանալը հիվանդությունները կանխելու ամենահեշտ և արդյունավետ միջոցներից մեկն է:
  • Լոգանք
    Ամենօրյա լոգանքը կարևոր է, քանի որ դրա շնորհիվ մեր մաշկը մաքուր, թարմ ու առողջ է մնում, իսկ օրվա ընթացքում մաշկի վրա կուտակված բակտերիաները, կեղտն ու քրտինքը մաքրվում են: Սպորտով զբաղվելու դեպքում մարզվելուց հետո ցնցուղ ընդունելն ու ավելորդ քրտինքն ու բակտերիաները լվանալը հատկապես կարևոր է, քանի որ դրանք կարող են գրգռվածություն կամ վարակներ առաջացնել:
  • Արտաքին սեռական օրգանների լվացում
    Կարևոր է արտաքին սեռական օրգանները լվանալ առնվազն օրը մեկ անգամ տաք ջրով ու զգայուն մաշկի համար նախատեսված անհոտ օճառով՝ սեռական օրգանների հատվածում մաշկի գրգռվածությունից խուսափելու նպատակով:
  • Անձնական օգտագործման իրեր
    Նույնիսկ մտերիմ ընկերների կամ ընտանիքի անդամների հետ չի կարելի փոխանակել այնպիսի անձնական իրեր, ինչպիսիք են ներքնազգեստը, սրբիչները, ածելիները կամ ատամի խոզանակները: Դրանց փոխանակումը կարող է մանրէներ, բակտերիաներ ու վարակներ տարածել:
  • Խնամքի միջոցներ
    Պետք է խուսափել բուրավետ օճառներ կամ ինտիմ քսուքներ օգտագործելուց, որովհետև դրանք երբեմն պարունակում են քիմիական նյութեր, որոնք կարող են գրգռել զգայուն հատվածները: Կարելի է օգտվել մանկական ու առանց հոտի օճառներից, որոնք նուրբ են ու մաշկի համար վնասակար չեն:
  • Ներքնազգեստ
    Պետք է կրել միայն մաքուր ներնքնազգեստ ու փոխել այն ամեն օր: Սինթետիկ գործվածքները իրենց մեջ են պահում ջերմությունն ու խոնավությունը և բարենպաստ պայմաններ են ստեղծում բակտերիաների ու սնկերի զարգացման համար: Այդ իսկ պատճառով ներքնազգեստը պետք է լինի բամբակյա, քանի որ բամբակը կանխարգելում է մանրէների ներթափանցումը ու մաշկն ավելի թարմ է պահում: Նաև շատ կարևոր է լողազգեստն ու ներքնազգեստը միայն չոր վիճակում հագնելը, որովհետև խոնավությունը կարող է նպաստել սնկային հիվանդությունների առաջացմանը:
  • Սեռական առողջություն
    Սեռական ակտիվ կյանքով ապրողները սեռավարակներից խուսափելու համար պետք է պաշտպանվեն, իսկ վարակվելու դեպքում էլ պետք է համապատասխան բուժում ստանան:

Ծնողի դերը

Շատ կարևոր է, որ ծնողները ազատ ու անկաշկանդ խոսեն իրենց երեխաների հետ անձնական հիգիենայի կարևորության մասին և վաղ տարիքից սովորեցնեն հիգիենայի պահպանման բոլոր ձևերը՝ ձեռքերը լվանալուց մինչև սեռական օրգանների խնամք: Տղաների ծնողների մոտ կարող են մտահոգություններ առաջանալ, թե կոնկրետ ինչպիսի խնամք պետք է իրականացվի սեռական օրգանների հատվածում, հատկապես եթե երեխան թլփատված չէ: Ստորև տրամադրում ենք հստակ ուղեցույցներ, թե ինչպես իրականացնել տղաների առնանդամի հիգիենան:

  • Առնանդամի հիգիենա
    Նորածին երեխայի առնանդամը բաղկացած է գլանաձև մարմնից և գլխիկից: Առնանդամը ծածկված է շարակցական մաշկի շերտով: Մաշկի այն հատվածը, որը ծածկում է գլխիկը, կոչվում է ծայրային թլիպ: Ծայրային թլիպը կազմված է արտաքին և ներքին շերտերից:
    Ծնվելուց առաջ ծայրային թլիպը և գլխիկը զարգանում են որպես մեկ հյուսվածք: Ծայրային թլիպն ամուր կպած ու գրեթե սերտաճած է գլխիկին, բայց տարիների ընթացքում այն թուլանում է ու անջատվում գլխիկից:
  • Ծայրային թլիպի դերը
    Տղաները ծնվում են ծայրային թլիպով: Այն առնանդամը ծածկող մաշկն է, որը պաշտպանում է զգայուն գլխիկը հատկապես նորածինների դեպքում, երբ մեզի ու կղանքի հետ հաճախակի շփումը կարող է առաջացնել գլխիկի գրգռվածություն: Մշակութային, կրոնական կամ հիգիենայի նկատառումներից ելնելով՝ որոշ ծնողներ թլպատում են իրենց երեխային, սակայն բժշկական տեսանկյունից այն ընդհանրապես պարտադիր չէ: Թլպատումը չի ազդում առնանդամի ընդհանուր ֆունկցիայի վրա: Այնպիսի բարդություններ, ինչպիսիք են գլխիկի բորբոքումը՝ բալանիտը, կամ միզածորանի վարակը, կարող են լինել ինչպես թլպատված, այնպես էլ չթլպատված տղաների մոտ:
  • Ծայրային թլիպի հետ քաշվելը
    Ինչպես արդեն գիտենք, ծայրային թլիպն ու գլխիկը ձևավորվում են որպես մեկ հյուսվածք և անջատվում ժամանակի ընթացքում: Փոքր երեխայի, երբեմն նույնիսկ պտղի մոտ ժամանակ առ ժամանակ կարելի է էրեկցիա նկատել, որի նպատակներից մեկն է ձգել ծայրային թլիպի մաշկը և այդպիսով օգնել դրա անջատմանը գլխիկից: Ոչ մի դեպքում չի կարելի թլիպը հետ քաշել․ դա կարող է վնասել: Եթե ծայրային թլիպը երեխայի մոտ փոքր տարիքում հեշտությամբ հետ չի քաշվում, կարիք չկա անհանգստանալու, որովհետև դա շեղում չէ, և ժամանակի ընթացքում այն ինքնըստինքյան տեղի կունենա: Կան երեխաներ, որոնք քաշում են թլիպը դեպի դուրս, բայց անգամ այս դեպքում անհանգստանալ պետք չէ, որովհետև դրա մեջ ոչ մի վտանգավոր բան չկա:
  • Երբ տեղի կունենա անջատումը
    Թլիպի անջատման հստակ սահմանված տարիք չկա․ յուրաքանչյուրի մոտ այն կարող է լինել կյանքի տարբեր փուլերում: Այն կարող է տեղի ունենալ երեխայի ծնվելուց օրեր, շաբաթներ, ամիսներ կամ տարիներ անց: Իհարկե, տղաների 50%-ի մոտ ծայրային թլիպն անջատվում է գլխիկից մինչ 5 տարեկան հասակը, սակայն այդ ամենը կարող է ձգվել մինչև 10 տարեկանը, ու անհանգստանալու կարիք բնավ չկա, որովհետև դա շատ բնական է: Ծայրային թլիպի լայնանալու և հետ քաշվելու մեջ կարևոր դեր են խաղում հորմոնները, որոնք սկսում են մեծ քանակությամբ արտադրվել սեռական հասունացման շրջանում: Հետևաբար նորմալ է, որ այս պրոցեսը կարող է ավարտվել տղաների սեռական հասունացման ավարտի հետ՝ մոտավորապես 18 տարեկանում: Շատ հազվադեպ, բայց այնուամենայնիվ լինում են այնպիսի դեպքեր, երբ հասուն տղամարդիկ, առանց որևէ խնդիր ունենալու, ապրում են չանջատված թլիպով, և դա նույնպես բնական է։
  • Ինչ է սմեգման
    Սմեգման սպիտակ, պանրանման գոյացություն է, որը առաջանում է թլիպի տակ մաշկի բջիջների բնական փոխարինման և ճարպագեղձերի արտադրած յուղերի հետևանքով։ Այն լիովին բնական է և չի պահանջում մաքրման որևէ հատուկ գործողություն։ Քանի որ թլիպը ժամանակի ընթացքում աստիճանաբար հետ է քաշվում, սմեգման ինքնաբերաբար դուրս է գալիս։ Մինչև թլիպի ամբողջական հետքաշումը սմեգման մաքրելու անհրաժեշտություն ընդհանրապես չկա։
  • Թլիպի հիգիենա
    Թլիպի խնամքը պարզ է ու չի պահանջում հատուկ միջոցներ կամ մաքրող հեղուկներ և, բնականաբար, պետք չէ փորձել այն հետ քաշել ու մաքրել։ Իսկ արտաքին մաքրման համար բավարար է օճառով ու ջրով թեթև լվանալը։
  • Թլիպի վաղաժամ հետքաշման վտանգները
    Թլիպը վաղաժամ  հետքաշումը կարող է մի շարք խնդիրներ առաջացնել. Վնասվածք և վարակ
    Հետ քաշելու հետևանքով կարող է պատռվել հյուսվածքը, ինչն էլ իր հերթին կարող է վերքեր առաջացնել ու վարակի աղբյուր դառնալ՝ հաշվի առնելով կղանքի հետ առնչվելու մեծ հավանականությունը:
    Կպումներ և սպիներ
    Պատռվածքը կարող է կպումներ առաջացնել, ինչի հետևաքնով ծայրային թլիպը ամուր կպչում է գլխիկին և հետքաշման ընթացքում մշտական խնդիրներ առաջացնում:
    Պարաֆիմոզ
    Վաղաժամ հետքաշումը կարող է բերել նրան, որ թլիպը չկարողանա հետ գալ իր առաջնային վիճակին՝ օղակելով գլխիկն ու խոչընդոտելով արյան հոսքը, ինչն էլ կարող է առաջացնել այտուց: Այս դեպքում ծնողները կարող են այտուցը մեղմել՝ դրա վրա տեղադրելով սառը թրջոց և փորձելով հետ բերել թլիպը իր հին դիրքին: Բայց չկարողանալու դեպքում պարտադիր է դիմել բժշկի օգնությանը, որովհետև դա չափազանց վտանգավոր է գլխիկի համար, և չբուժված պարաֆիմոզը կարող է լուրջ բարդությունների հանգեցնել:
  • Կարմրություն և գրգռվածություն (Բալանիտ)
    Թլիպի կարմրությունը շատ տարածված է հատկապես տակդիր կրող երեխաների մոտ: Դա կարող է պայմանավորված լինել միզուղիներից և կղանքից առաջացած գրգռվածությամբ կամ օճառի մնացորդներով, որոնք լվացումներ անելուց հետո հավաքվում են թլիպի տակ: Քանի որ տակդիրները չեն թողնում, որ խոանվությունը դուրս գա, այդ իսկ պատճառով կարող են ավելի խորացնել իրավիճակը: Գրգռվածությունից խուսափելու համար պետք է հաճախ փոխել տակդիրները, երբեմն երեխային տակդիր չհագցնել, խուսափել մաշկի այնպիսի գրգռիչներից, ինչպիսիք են փրփուրով լոգանքը, օճառը, քլորով ջուրը, որոշ լվացքի փոշիները, և ըստ բժշկի ցուցումների՝ օգտագործել հակաբորբոքային քսուքներ: Եթե թլիպը շարունակում է կարմրած մնալ, ցավոտ է ու ուռած, ապա պետք է դիմել մանկաբույժի:
  • Ֆիմոզ
    Թլիպի ամբողջությամբ հետ չքաշվելը կոչվում է ֆիմոզ: Երեխաների մոտ ֆիզիոլոգիական ֆիմոզը բնական է և սովորաբար անցնում է ինքնուրույն ու առանց հատուկ բուժման: Այն ծառայում է որպես պատնեշ՝ կանխելով մանրէների ներթափանցումը միզուղու բացվածք: Միայն այն դեպքում, երբ ֆիմոզը շարունակվում է սեռական հասունությունից հետո կամ առաջացնում է խնդիրներ՝ կապված, օրինակ, վարակի կամ միզելու դժվարության հետ, պետք է դիմել բժշկական խորհրդատվության: Որոշ դեպքերում կարող են նշանակվել տեղային ստերոիդային քսուքներ կամ թեթև ձգողական վարժություններ: Թլպատման կարիք հազվադեպ է լինում և նշանակվում է միայն այն դեպքում, երբ բուժումներն արդյունավետ չեն:
  • Միզելու ընթացքում թլիպի ուռածություն
    Երբեմն միզելիս թլիպը կարող է ուռչել և նմանվել փուչիկի: Սա տեղի է ունենում այն ժամանակ, երբ թլիպը սկսում է առանձնանալ գլխիկից, սակայն դրա բացվածքը դեռ բավականաչափ լայն չի լինում: Այս երևույթը սովորաբար երեխային անհանգստություն չի պատճառում և սկսում է անհետանալ, երբ թլիպը ավելի շարժունակ է դառնում: Այնուամենայնիվ, եթե փքվածությունը այնքան մեծ է, որ սահմանափակում է մեզի հոսքը, ապա պետք է դիմել բժշկի:
  • Առնանդամի հիգիենան թլիպի հետքաշումից հետո
    Երբ թլիպը դառնում է շարժունակ, ճիշտ հիգիենայի համար անհրաժեշտ է նրբորեն հետ քաշել թլիպը, լվանալ առնանդամի գլխիկը, թլիպի ներքին մաշկը, ապա հետ բերել թլիպը իր սկզբանական դիրքին՝ օգտագործելով նուրբ օճառ և ջուր: Սա պետք է լինի երեխայի հիգիենայի կանոնավոր մասը, և երբ նա մի փոքր ավելի մեծ լինի, շատ կարևոր է սովորեցնել, թե ինչպես պետք է ճիշտ մաքրի ու խնամի իր սեռական օրգանները:
  • Երբ դիմել բժշկի
    Պետք է դիմել մանկաբույժի, եթե`
    -երեխան դժվարանում է միզել,
    -միզելիս թլիպը չափազանց ուռչում է և խանգարում մեզի հոսքին,
    -թլիպը կամ գլխիկը մշտապես կարմիր են, ուռած կամ ցավոտ,
    -բացի սովորական սմեգմայից՝ կա արտասովոր արտադրություն,
    -թլիպը հետ է քաշվում, բայց չի վերադառնում իր բնական դիրքին (պարաֆիմոզ):
  • Ամփոփում
    Երեխայի առնանդամի խնամքը բավականին հեշտ է ու պարզ: Նրա լոգանքի ժամանակ առնանդամը պետք է դրսից լվանալ օճառաջրով և ցայել: Պետք չէ հետ քաշել ծայրային թլիպը, քանի որ այն գրեթե սերտաճած է գլխիկին, և դա կարող է ոչ միայն ցավ ու արյունահոսություն առաջացնել, այլև լրջորեն վնասել առնանդամը: Ծայրային թլիպի բնականոն անջատումը գլխիկից կարող է տարիներ տևել: Երբ Ձեր տղան բավականաչափ մեծ լինի, իրեն պետք է սովորեցնել ճիշտ խնամել ու մաքրել իր սեռական օրգանները:

Հաճախ տրվող հարցեր

  • Հարց. Առնանդամի ճիշտ հիգիենայի հետ կապված տարբեր կարծիքներ կան: Արդյոք ճիշտ է առնանդամի գլխիկի մաշկը հետ քաշելն ու լվանալը:
  • Պատասխան. Պետք է սպասել մինչև առնանդամի ծայրի մաշկը՝ թլիպը, ինքնուրույն հետ քաշվի: Միայն հետ քաշվելուց հետո կարելի է թլիպը մաքրել՝ նրբորեն հետ քաշելով: Ծնողներ կան, որոնք շատ վաղ տարիքից հետ են քաշում թլիպն ու մաքրում առնանդամի գլխիկը, ինչը ճիշտ չէ և կարող է առաջացնել արյունահոսություն, առնանդամի բորբոքումներ կամ կպումներ: Առնանդամը պետք է միայն արտաքնապես լվանալ և համբերատար սպասել, մինչ թլիպն ինքնուրույն հետ քաշվի:

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ

© 2016 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս, ռադիո եւ հեռուստաընթերցումների դեպքում, հղումը serakanutyun.org-ին պարտադիր է: Serakanutyun.org- ի հեղինակային հոդվածները, լուսանկարներն արտատպելու համար պարտադիր է ստանալ գրավոր համաձայնությունը:

  • Մեր մասին
  • Ինչպես խոսել երեխայի հետ սեռականության մասին
  • Ինչպես հղել մեզ հարց
  • Կապ