Ձեռնաշարժությունը սեփական սեռական օրգանների խթանումն է, որն իրականացվում է հաճույքի և սեփական հարմարավետության համար: Ձեռնաշարժությունը նորմալ և բնական երևույթ է և ինքնաճանաչման մաս է կազմում, որը կարող է սկսվել դեռևս սաղմնային շրջանում, երբ օրինակ արական պտուղները կարող են շոշափել իրենց սեռական օրգանները ինքնաճանաչման նպատակներից ելնելով: Երեխան կարող է ձեռնաշարժությամբ զբաղվել օրը մի քանի անգամ, կամ շաբաթը մեկ անգամ: Ձեռնաշարժությունը կարող է ավելի հաճախակի բնույթ ստանալ, երբ երեխայի քունն է տանում կամ ձանձրանում է որևէ բանից կամ գտնվում է սթրեսի մեջ:

Երեխաները զարգանում են ինչպես ֆիզիկապես, սոցիալապես, հուզականորեն, այնպես էլ սեռապես: Սեռականությունը երեխայի զարգացման կարևոր մաս է կազմում և հաճախ ձեռնաշարժությունը շատ մանկահասակների և նախադպրոցականների շրջանում նորմալ վարքագիծ է: Երեխաների մեծ մասը բացահայտում է, թե ինչ է ձեռնաշարժությունը, երբ սկսում են ուսումնասիրել իրենց մարմինը` ներառյալ սեռական օրգանները: Ձեռնաշարժությունն օգնում է երեխաներին ավելի լավ զգալ, որոշ երեխաներ ավելի հաճախ են ձեռնաշարժությամբ զբաղվում, երբ իրենք այդքան ուրախ չեն, դա օգնում է իրենց լիցքաթափվել:
Երբ երեխան բացահայտում է, թե ինչ է ձեռնաշարժությունը, հազվադեպ է նա լիովին դադարեցնում այն: Ձեռնաշարժությունը կյանքի տարբեր ժամանակահատվածներում կարող է տարբեր հաճախականությամբ ի հայտ գալ: Մոտավորապես 5-6 տարեկան հասակում երեխաներն արդեն սովորում են և գիտակցում, որ ձեռնաշարժությամբ պետք է զբաղվեն այն այն ժամանակ, երբ մենակ են սենյակում: Դեռահասության շրջանում այն դառնում է կանոնավոր գործողություն`ի պատասխան այն հորմոնային ակտիվության, որը լինում է սեռական հասունացման շրջանում:
Առհասարակ “սեռականություն” թեման բավականին փակ թեմա է մեր հասարակության համար: Չնայած շատ ծնողներ զբաղվել կամ շարունակում են զբաղվել ձեռնաշարժությամբ, այնուամենայնիվ, նրանց դժվար է խոսել ձեռնաշարժության մասին: Հաճախ այն նախապաշարմունքները, որոնք կապված են սեռականության հետ, մարդկանց ստիպում են մտածել, որ իրենք սխալ կամ ամոթալի բան են անում, երբ հաճույք են ստանում` հպվելով իրենց մարմիններին:
- Ձեռնաշարժության ընթացքում երեխաները սովորում են բացահայտել իրենց մարմինը, սովորում են, թե ինչպես է այն աշխատում:
- Ծնողների դրական արձագանքը կարող է օգնել երեխաներին` գնահատելու իրենց մարմիններն առանց ամոթխածության:
- Ձեռնաշարժությունն օգնում է այն երեխաներին, ովքեր ունեն քնելու հետ կապված խնդիրներ:
- Ձեռնաշարժությունը սովորեցնում է անձին ճանաչելու իր կարիքները և դա հետագայում կարող է նրանց օգնել` իրենց ապագա սեռական կյանքն առավել հաճելի և լիարժեք դարձնելու համար:
Ձեռնաշարժությունը չի առաջացնում ոչ մի առողջական խնդիրներ, իհարկե, եթե պահպանվում են անվտանգության մի շարք կանոններ: Կարևոր է ձեռնաշարժությամբ զբաղվելուց առաջ ձեռքերը լվանալ և չօգտագործել սուր կամ կոպիտ իրեր, քանի որ վերջիններս կարող են վնասել ներքին սեռական օրգանները, օրինակ միզուղիները, կամ հեշտոցի պատերը: Կարևոր է, որ մեծահասակները երբեք բացասական չհակազդեն ձեռնաշարժության երևույթին՝ մեղադրելով երեխային այլասերվածության մեջ: Ծնողի բացասական արձագանքը կարող է հանգեցնել մի շարք անձնային խնդիրների, օրինակ` մեղքի զգացում կամ հետագայում կարող է առաջացնել սեռական բարդույթներ:
- Դրեք Ձեր առջև իրական նպատակներ: Անհնար է և պետք էլ չէ արգելել երեխային զբաղվել ձեռնաշարժությամբ: Ընդունեք այն փաստը, որ ձեռնաշարժությունը երեխայի սեռականության մի մասն է կազմում և Ձեր երեխան վայելում է այդ պրոցեսը: Սակայն կարող եք վերահսկել, թե որտեղ է Ձեր երեխան զբաղվում ձեռնաշարժությամբ և ինչ իրեր է օգտագործում դրա համար: Բացատրեք, որ սա մի անձնական գործողություն է, որն ինքը պետք է անի, երբ մենակ է սենյակում կամ լոգասենյակում: Բացատրեք նաև, որ սա չպետք է անեն ուրիշ երեխաների առջև կամ ուրիշներին, ինչպես նաև ուրիշներն էլ չպետք է անեն իր առջև կամ իրեն ձեռք տան: Դուք կարող եք ասել Ձեր երեխային, որ նորմալ է, երբ դու քո ննջարանում ձեռնաշարժություն ես անում, երբ օրինակ հոգնած ես: Երբ դուք լիովին արհամարհում եք ձեռնաշարժությունը և ընդհանրապես չեք խոսում դրա մասին, Ձեր երեխայի մոտ տպավորություն կարող է ստեղծվել, որ սա մի բան է, որով ինքը կարող է զբաղվել ցանկացած վայրում և ցանկացածի ներկայությամբ: Ուստի, շատ կարևոր է խոսել Ձեր երեխայի հետ և բացատրել բոլոր կանոնները: Անտեսեք ձեռնաշարժությունը քնի ժամերին: Հանգիստ թողեք Ձեր երեխային այս ժամերին և առանց դուռը թակելու ննջասենյակ մի մտեք` ստուգելու, թե ինչով է զբաղվում: Մի արգելեք, որ Ձեր երեխան պառկի փորի վրա և ձեռքերը ոտքերի արանքը դնի:
- Կանոնակարգեք Ձեր երեխայի ձեռնաշարժությունն այլ ժամերին: Եթե զգում եք, որ Ձեր երեխան օրվա մեծ մասը զբաղված է ձեռնաշարժությամբ, ապա պետք է փորձեք շեղել իր ուշադրությունը այլ գործողությունների վրա: Պետք է առաջին հերթին բացառեք այն խնդիրները, որոնք կարող են առաջանալ, օրինակ, ֆիզիոլոգիական: Ստուգեք Ձեր երեխայի սեռական օրգանների մաշկի վիճակը` բորբոքման նշաններ ի հայտ բերելու նպատակով, որի պատճառով երեխան պարբերաբար կարող է ձեռքը տանել դեպի իր սեռական օրգանները, կամ միգուցե երեխայի մոտ անհարմարավետության զգացում է առաջանում տաբատից կամ ներքնազգեստից և անհրաժեշտ է այն փոխել: Բացառելով բոլոր նման գործոնները՝ փորձեք շեղել երեխայի ուշադրությունը` նշելով, որ դուք հասկանում եք, որ ձեռնաշարժությունը կարող է իրեն հաճույք պատճառել, որից նա իրեն լավ է զգում, բայց այդ ժամանակ նա կորցնում է`այլ հետաքրքիր խաղերով զբաղվելու հնարավորությունը, որոնք ևս կարող են հաճույք և բերկրանք պարգևել: Քննարկեք տվյալ մոտեցումը երեխայի խնամողի հետ: Խնդրեք Ձեր երեխայի խնամողին կամ ուսուցչին հակազդել երեխայի ձեռնաշարժությանը՝ շեղելով երեխայի ուշադրությունը, եթե դա նրանց մոտ չի ստացվում, ուրեմն պետք է երեխայի ուշադրությունը սևեռել ասելով, որ Դուք ցանկանում եք, որպեսզի երեխան Ձեզ միանա կոնկրետ աշխատանքի կամ խաղի համար:
- Ավելացրեք ֆիզիկական շփումը Ձեր երեխայի հետ: Որոշ երեխաներ ավելի շատ են ձեռնաշարժությամբ զբաղվում, երբ քիչ են ջերմություն ստանում իրենց խնամողներից: Օրվա ընթացքում փորձեք մեկ ժամ հատկացնել Ձեր երեխային` ծնող-երեխա շփման և և ջերմության փոխանակման համար:
- Հատկապես սեռահասունության շրջանում կարող եք նկատել, որ Ձեր երեխան ամբողջ օրը շարունակ ֆիքսված է տվյալ գործողության վրա, որը կարող է խոչընդոտել նրա բնականոն գործունեությանն ու շփմանը։ Այս դեպքում խոսեք երեխայի հետ և հասկացեք ձեռնաշարժության պատճառը: Միգուցե երեխան ունի որոշակի խնդիրներ և այս ճանապարհով փորձում է բարձրացնել ինքնագնահատականը: Ուշադրություն շեղելն այս տարիքում անօգուտ է: Ավելի լավ է պարզ խոսել հարցի շուրջ: Պարզ և բաց քննարկելն ավելի կմտերմացնի և կբարձրացնի վստահությունը ծնողի նկատմամբ: Կարևոր է չքննադատել և չմեղադրել երեխային:
Հաճախակի հանդիպող սխալներ ծնողների կողմից: Ամենահաճախ հանդիպող սխալն այն է, որ ծնողները ստիպում են երեխաներին դադարեցնել զբաղվել ձեռնաշարժությամբ: Սա ապացուցում է այն, որ ծնողները փորձում են իշխանություն հաստատել իրենց երեխայի վրա, քանի որ հասարակության մեջ ընդունված չէ խոսել սեռականության վերաբերյալ և որոշ դեպքերում համարվում է ամոթալի երևույթ: Երեխաները չպետք է պատժվեն ձեռնաշարժության համար: Մի փորձեք ամրապնդել այն նախապաշարմունքը, որ ձեռնաշարժությունը վատ, կեղտոտ, սատանայական արարք է, մի փորձեք վախեցնել Ձեր երեխային, իբրև եթե շարունակեն զբաղվել ձեռնաշարժությամբ, ապա ձեռքերի մեջ փոսեր կառաջանան և առավել ևս մի կապեք Ձեր երեխայի ձեռքերը և ոտքերը քնելու ժամանակ: Բոլոր այս մոտեցումները հանգեցնելու են միայն դիմադրության և հնարավոր է հետագայում առաջացնեն սեռական բարդույթներ:
- Երբ երեխան շարունակում է ձեռնաշարժությամբ զբաղվել ուրիշ անձանց մոտ, անգամ երբ բացատրվել է այն, որ սա անձնական գործողություն է:
- Երբ Ձեր երեխան ձեռնաշարժություն է անում ուրիշներին:
- Երբ ձեռնաշարժությամբ զբաղվելու ընթացքում օգտագործում է այնպիսի իրեր, որոնք վնասել են իր ներքին սեռական օրգանները:
- Երբ Ձեր երեխան ամբողջ օրը շարունակ ֆիքսված է տվյալ գործողության վրա:
- Երբ զգում եք, որ Ձեր երեխային մեկը ստիպել է իրականացնել ձեռնաշարժություն կամ իր մոտ են իրականացնում ձեռնաշարժություն:
- Արդյո՞ք ձեռնաշարժությունը հիվանդություն կամ շեղում է – Ո’չ, ձեռնաշարժությունը բնական և նորմալ երևույթ է, որը կարող է սկսվել դեռևս փոքր տարիքից ինքնաճանաչման նպատակով և շարունակվել ամբողջ կյանքի ընթացքում: Կարևորը միշտ հիշեք, որ ձեռնաշարժությամբ կարելի է զբաղվել, երբ մենակ ես և չես խանգարում մյուսներին:
- Տղանե՞րն են միայն ձեռնաշարժություն անում – Ո’չ, ձեռնաշարժությամբ կարող են զբաղվել բոլորը անկախ սեռից:
- Արդյո՞ք ձեռնաշարժությունը կարող է առաջ բերել առողջական խնդիրներ, օրինակ կուրություն – Ո’չ, ձեռնաշարժությունը չի հանգեցնում որևէ առողջական խնդրի, ոչ կուրության, ոչ լսողության խանգարումների և այլն: Ձեռնաշարժության ժամանակ անհրաժեշտ է հավաստիանալ, որ այդ ժամանակ օգտագործվող առարկաներն ու իրերը լինեն մաքուր և ոչ սուր կամ կոպիտ`արտաքին կամ ներքին սեռական օրգանները չվնասելու համար:
- Ամեն անգամ ձեռնաշարժություն իրականացնելիս ես ամոթից արտասվում եմ և կարծում եմ, որ կեղտոտ մի բան եմ անում և շատ վատ եմ զգում ինձ: Արդյո՞ք ձեռնաշարժությունը մեղք է – Ձեռնաշարժությունը բնավ մեղք և ամոթալի բան չէ: Ձեռնաշարժությունը և առհասարակ սեռականության հետ կապված յուրաքանչյուր թեմա մեր հասարակության մեջ փակ թեմա է համարվում և շատ քչերն են խոսում այդ մասին կամ խոսելիս միայն առաջ են բերում բացասական երևույթներ: Պետք չէ ամաչել կամ վատ զգալ այն բանից, ինչը քեզ հաճույք է պատճառում, քանի որ ձեռնաշարժությունը լավ առիթ է`բացահայտելու ինքդ քեզ և օգնում է անձին ավելի լավ հասկանալու, թե ինչպես է աշխատում օրգանիզմը: Միգուցե ժամանակ է հարկավոր այս ամենը գիտակցելու և խաղաղվելու համար:
- Ձեռնաշարժությունը հետագայում սեռական կյանքով ապրելիս կարո՞ղ է առաջացնել խնդիրներ – Ո’չ, սա տարածված սխալ պատկերացում է, հակառակը, ձեռնաշարժությունն օգնում է անձին լավ պատկերացնելու սեփական մարմնի ցանկությունները, որն օգնում է հետագա սեռական հարաբերություններն առավել հաճելի դարձնելուն:
- Արդյո՞ք այն մարդիկ, ովքեր պարբերաբար սեռական հարաբերություններ են ունենում, այլևս չեն դիմում ձեռնաշարժության – Սա կախված է անհատից, սեռական հարաբերությունները զուգընկերոջ հետ կարող են իրենց տեղն ու դերն ունենալ, ձեռնաշարժությունն իր ուրույն տեղն ունենա յուրաքանչյուրի կյանքում: Շատ մարդիկ կան, ովքեր սեռապես ակտիվ են, բայց նաև ձեռնաշարժությամբ են զբաղվում , որը բնականոն երևույթ է համարվում: