• Մեր մասին
  • Ինչպես խոսել երեխայի հետ սեռականության մասին
  • Ինչպես հղել մեզ հարց
  • Կապ
[email protected]
Login

Login
ՍեռականությունՍեռականություն
  • Մեր մասին
  • Ինչպես խոսել երեխայի հետ սեռականության մասին
  • Ինչպես հղել մեզ հարց
  • Կապ

Սեռական կողմնորոշում

Սեռականություն

Սեռականությունը մարդու անքակտելի առանցքներից է և ընկած է մեր անհատականության հիմքում: Յուրաքանչյուրս էլ օժտված ենք սեռականության բոլոր բաղադրիչներով, որոնցից են նաև անհատի սեռը, սեռական կողմնորոշումը, գենդերային ինքնությունը և գենդերային արտահայտումը:

Սեռ ու գենդեր եզրույթները երկու տարբեր, բայց միևնույն ժամանակ միմյանց հետ փոխկապակցված երևույթներ են: Սեռ ասելով` մենք սովորաբար ի նկատի ենք ունենում անհատի կենսաբանական սեռը, որը մարդու կենսաբանական հատկանիշների ամբողջությունն է՝ մասնավորապես արտաքին և ներքին սեռական օրգանների կառուցվածքն ու ֆունկցիաները, որոնք էլ մարդուն բնորոշում են որպես արական, իգական կամ միջին սեռ (ինտերսեքս):

«Ինտերսեքս»-ն ընդհանրական եզրույթ է, որն օգտագործվում է անվանելու մի շարք կարգավիճակներ, որոնց դեպքում անհատը ծնվում է այնպիսի վերարտադրողական կամ սեռական համակարգի կառուցվածքով, որը հնարավոր չէ միանշանակ առանձնացնել` որպես իգական կամ արական: Այսպիսի կարգավիճակներն ընդունված է անվանել «ինտերսեքս կարգավիճակներ», իսկ մարդկանց` ինտերսեքս կարգավիճակ ունեցող անհատներ:

Ինտերսեքս կարգավիճակի դեպքում անհատն ունի սեռի հակասական կամ ոչ միանշանական կենսաբանական չափորոշիչներ: Օրինակ, անհատը կարող է ծնվել արտաքնապես իգականին բնորոշ սեռական համակարգով, սակայն ունենալ արականին բնորոշ ներքին սեռական կառուցվածք: Կամ անհատը կարող է ծնվել արական ու իգական սեռերին բնորոշ սեռական օրգանների միջանկյալ տարբերակներով. օրինակ, աղջիկը կարող է ծնվել տեսանելի մեծ ծլիկով (կլիտոր) կամ չունենալ հեշտոցամուտք, կամ տղան կարող է ծնվել նկատելի փոքր առնանդամով կամ սեռական շրթերի նման բաժանված փոշտով: Անհատը կարող է ծնվել նաև մոզայիկ գենետիկական կազմով, երբ իր բջիջներից որոշներն ունեն XX քրոմոսոմային կազմ և որոշները` XY:

Իսկ գենդերը, չնայած, հաճախ անվանում են “սոցիալական սեռ”, սակայն կապված է հասարակության ակնկալիքների հետ և միայն կեսաբանական հարց չէ: Գենդերը լայն հասկացություն է և իր մեջ ներառում է անհատի սեռի վրա հիմնված հասարակական սպասելիքներները, վարքագծերը և դերերը, որոնք փոփոխական են` կախված պատմությունից, հասարակություններից, մշակույթներից և դասակարգերից: Այն ներառում է նաև մարդկանց առնականության և կանացիության ներքին ընկալումը, որն անվանում ենք գենդերային ինքնություն: Գենդերային ինքնությունն այն հարցի պատասխանն է, թե մեր ներաշխարհում մենք ինքներս մեզ որ սեռի ներկայացուցիչ ենք համարում՝ տղամարդ, կին կամ այլ գենդեր (տրանս):

Գենդերային ինքնություն. Ի՞նչպես ենք մենք մեզ անվանում

Տարբեր մշակույթների, այդ թվում նաև ՀՀ-ի համընդհանուր տեսակետն այն է, որ գենդերը բխում է մարդու սեռից: Այլ կերպ ասած, օրինակ, եթե նորածինը ծնվում է իգական սեռական օրգաններով` ունի հեշտոց, արգանդ, ապա նա պատկանում է իգական սեռի: Նրան անվանում են աղջիկ և ենթադրում, որ երբ աղջիկը մեծանա, լինելու է կին, ով կունենա “կանացի” կեցվածք, հագնվելու և խոսելու ոճ, կսիրի և կամուսնանա տղամարդու ու երեխաներ կունենա: Նմանապես նաև արական սեռի դեպքում է: Մարդկանց մեծամասնության մոտ պահպանվում է հետևյալ օրինաչափությունը` իգական սեռի անհատը պետք է դաստիարակվի “կանացի” սպասելիքներին համապատասխան և իրեն զգա կին, իսկ արական սեռի անհատը` “տղամարդկային” սպասելիքներին համապատասխան և իրեն զգա տղամարդ: Սակայն, կան բազմաթիվ մարդիկ, ովքեր մարտահրավեր են նետում այն պատկերացմանը, որ մեր բոլոր ֆիզիկական, հուզական ու հոգեբանական հատկանիշները պայմանավորված են ի ծնե մեզ տրված սեռական օրգաններով: Լինում են դեպքեր, երբ երեխան ծնվում է, օրինակ, իգական սեռական օրգաններով, նրան անվանում են աղջիկ և դաստիարակում հասարակությունում առկա “կանացիության” սպասելիքներին, վարքագծերին ու դերերին համապատասխան, սակայն աղջիկը իրեն ավելի ներդաշնակ է զգում հասարակությունում առկա “տղամարդկային” սպասելիքների, վարքածգերի ու դերերի հետ և իր ինքնընկալման մեջ (գենդերային ինքնություն) իրեն համարում է տղամարդ:

Գենդերային ինքնությունն անհատի կողմից իր իսկ գենդերի ընկալումն է և անհատական փորձը, որը կարող է համապատասխանել կամ չհամապատասխանել ծննդյան ժամանակ հաստատված սեռին: Այն սոցիալական ինքնության կատեգորիա է և վերաբերում է անհատի նույնականացմանը` որպես տղամարդ, կին կամ այլ գենդեր:

Յուրաքանչյուրս ունի իր գենդերային ինքնությունը, անկախ այն բանից՝ ուզում ենք այն ունենալ, թե ոչ: Գենդերային ինքնությանն անդրադառնալիս կարևոր է տարանջատել տրանսգենդեր հասկացությունը, որը կարող է ներառել տրանսսեքսուալ և տրանսվեստիտ հասկացությունները:

Ցիսգենդերն այն անհատն է, ով նույնականացնում է իրեն ծննդյան ժամանակ հաստատված նույն գենդերի հետ, օրինակ կինն իրեն նույնականացնում է որպես կին, կամ տղամարդը՝ որպես տղամարդ:

Տրանսգենդերությունը գենդերային ինքնության և կենսաբանական սեռի անհամապատասխանելիությունն է: Որոշ տրանսգենդերներ իրենց համարում են հակառակ սեռի ներկայացուցիչ:

Այլ կերպ ասած` մարդիկ են, ովքեր անհարմար են զգում ծննդյան ժամանակ իրենց վերագրված գենդերից, ապրում ու դրսևորում են իրենց այլ գենդերին բնորոշ ձևով և ամենակարևորը`զգում են որպես այլ գենդերի պատկանող անհատ: Օրինակ, նրանք, ովքեր մեծացել են որպես իգական սեռի անհատներ, սկսում են իրենց դրսևորել այնպես, ինչպես դա սովորաբար անում են տղամարդիկ. կարող են հագուստ գնել խանութի տղամարդկանց բաժնից, կարող են շատ կարճ կտրել գլխի մազերը և այլն, ինչպես նաև իրենց համարում են տղամարդ:

Տրանսսեքսուալն այն անհատն է, ով լիովին նույնականանում է հաստատված սեռին հակառակ գենդերային դերին և մշտապես ցանկանում է ապրել նախընտրած գենդերային դերով: Այն հաճախ ուղեկցվում է սեփական առաջնային և երկրորդային սեռային հատկանիշների ուժեղ մերժմամբ և նախընտրած գենդերին բնորոշ մարմին ունենալու ցանկությամբ: Տրանսսեքսուալ անհատը կարող է ցանկանալ բժշկական միջամտություն իրականացնել, սակայն վերջինս պարտադիր պայման չի հանդիսանում, ինչպես նաև կարող է իրականացնել սոցիալական փոփոխություն արականից իգական կամ իգականից արական, որը բազմաթիվ , բայց ոչ բոլոր դեպքերում, ներառում է նաև սոմատիկ փոփոխություն հակառակ սեռի հորմոնային թերապիայի և սեռական օրգանների վիրահատությամբ/սեռի փոփոխության վիրահատություն/:

Այլ կերպ ասած`տրանսսեքսուալ անձանց ոչ միայն գենդերային ինքնությունն է, որ չի համապատասխանում ծննդյան ժամանակ նրանց վերագրվող գենդերին, այլև նրանք ունեն նշանակալի անհարմություն սեփական կենսաբանական սեռի հետ: Օրինակ, եթե անհատի կենսաբանական սեռն արական է, սակայն նա զգում է, որ “սխալ” մարմնում է ծնվել և ցանկանում է լինել իգական սեռի, ապա նա ունի անհարմարություն սեփական կենսաբանական սեռի նկատմամբ: Նման զգացողություն ունեցող անհատները կամ պետք է համակերպվեն սեփական մարմնի հետ, կամ փոփոխեն սեռը` հորմոնային թերապիայի և վիրահատության միջոցով:

Այն անհատներին, ում արդեն իրականացրել են սեռի փոփոխություն, անվանում ենք ԻՍՏ (իգական սեռը արականի հետ փոխած տրանսսեքսուալ անհատ) կամ ԱԻՏ (արական սեռը իգականի հետ փոխած տրանսսեքսուալ անհատ):

Կարևոր է տարանջատել տրանսգենդեր և տրանսեսքսուալ անձանց տրանսվեստիտ մարդկանցից (cross dresser): Եթե տրանսգենդեր անհատի անհարմարությունը կապված է գենդերային ինքնության ու դրա արտահայտման հետ, իսկ տրանսսեքսուալ անհատի դեպքում ավելանում է նաև սեփական կենսաբանական սեռի հետ անհարմարությունը, ապա տրանսվեստիտ անհատի դեպքում խոսքը վերաբերում է միայն հագուստին կամ կերպարանքին (այս բառի հիմքը իտալերեն “vestire” (հագնվել, հագնել) բառն է): Ներկայումս տրանսվեստիտ բառն այնքան էլ կիրառելի չէ, սակայն բնութագրում է մարդկանց, ովքեր երբեմն կրում են այլ գենդերին բնորոշ հագուստ կամ կերպարանք: Այն կապ չունի սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հետ. տրանսվետիտ անհատը կարող է լինել ինչպես նույնասեռական, այնպես էլ տարասեռական, երկսեռական կամ անսեռական, իսկ իր գենդերային ինքնությամբ` ինչպես ցիսգենդեր կին կամ ցիսգենդեր տղամարդ, այնպես էլ տրանսգենդեր կին կամ տրանսգենդեր տղամարդ:

Սեռական կողմնորոշում. Ի՞նչպես ենք մենք մեզ անվանում

Մեզանից շատերը շփոթում են գենդերային ինքնությունը սեռական կողմնորոշման հետ: Դրանք երկուսն էլ յուրաքանչյուրիս բնորոշ սեռականության բաղկացուցիչ մասերն են, սակայն  տարբեր են: Տարբերությունն այդ երկու հասկացությունների միջև շատ պարզ է՝ գենդերային ինքնությունը վերաբերում է մեր ինքնընկալմանը որպես տղամարդ, կին կամ տրանսգենդեր, մինչդեռ սեռական կողմնորոշումն այն է, թե որ սեռի կամ գենդերի մարդկանց ենք մենք հիմնականում գրավիչ համարում:

Սեռական կողմնորոշումը յուրաքանչյուր անհատի խորը զգացմունքային, հուզական և սեռական գրավչությունների ամբողջությունը, ինտիմ և սեռական հարաբերությունները կամ դրանց ցանկությունն է այլ անհատի նկատմամբ:

Առանձնացնում են սեռական կողմնորոշման հետևյալ տեսակները.

  • Տարասեռական կամ հետերոսեքսուալ. անհատ, ով վերոնշյալ գրավչությունների ամբողջությունը և ցանկությունները տածում է այլ սեռի կամ գենդերի անհատի նկատմամբ
  • Նույնասեռական կամ հոմոսեքսուալ (արական սեռ` գեյ, իգական սեռ` լեսբի). անհատ, ով վերոնշյալ գրավչությունների ամբողջությունը և ցանկությունները տածում է նույն սեռի կամ գենդերի անհատի նկատմամբ
  • Երկսեռական կամ բիսեքսուալ. անհատ, ով զգացմունքային և/կամ սեռական գրավչություն ունի մեկից ավել սեռերի նկատմամբ
  • Անսեռական կամ ասեքսուալ (որոշ աղբյուրներ այն համարում են սեռական կողմնորոշման տեսակ, իսկ որոշ աղբյուրներ` ոչ). անհատ, ով չունի սեռական գրավչության ցանկություն, սակայն ունի նույն հուզական կարիքները, ինչ բոլորը և ընդունակ է ձևավորել ինտիմ հարաբերություններ

Սեռական կողմնորոշման մասին մի քանի կետեր.

  • Տարբեր ժամանակաշրջաններում, հասարակություններում և մշակույթներում մարդկանց 5-10%-ն իրենց նույնականացնում են որպես ԼԳԲՏ (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) համայնքի անդամ:
  • Ներկայիս միջազգային գիտական աշխարհում սեռական կողմնորոշումը համարվում է բազմագործոնային երևույթ, ինչպես մարդու ցանկացած այլ հատկանիշ: Եվ ինչպես ցանկացած այլ առանձահատկություն, այն ի հայտ է գալիս ի ծնե` զարգանալով ու ձևավորվելով սոցիալականացման ընթացքում և հետագա ամբողջ կյանքում: Հետևաբար, այն չի հանդիսանում անհատի ընտրություն, այլ պարզապես հատկանիշ է, որը դրսևորվում է կյանքի ընթացքում:
  • Բացասական փորձ, ինչպիսիք են, օրինակ, սեռական բռնությունը կամ անբարենպաստ պայմաններով ընտանիքները, չեն նպաստում սեռական կողմնորոշման փոփոխությանը:
  • Սեռական կողմնորոշման փոփոխություն հնարավոր չէ իրականացնել նաև հոգեբուժական, հոգեբանական կամ այլ մասնագիտական միջամտության միջոցով: ԼԳԲՏ մարդկանց ուղղված ցանկացած մասանգիտական միջամտություն ուղղված է միայն առկայության դեպքում սեռական կողմոնորշման նկատմամբ անհարմության զգացման վերացմանը:
  • Սեռական կողմնորոշումը մարդու սեռականության մի մաս է, որը նույնչափ արժանապատիվ վերաբերմունք է ենթադրում երևույթի հանդեպ, ինչպես սեռականության մնացած այլ բաղադրիչները:

Կարևոր է սեռական կողմնորոշումն առանձնացնել ոչ միայն անհատի սեռից ու գենդերային ինքնությունից, այլև սեռականության մեկ այլ բաղադրիչից, որն է սեռական վարքագիծը:

Սեռական վարքագիծը սեռական բնույթի գործողությունները, սեռական կենսակերպն են արական, իգական կամ այլ սեռի անձի, ինչպես նաև սեփական մարմնի հետ (ձեռնաշարժություն):

Հիմնականում անհատի սեռական վարքագիծը լինում է սեփական սեռական կողմնորոշմանը համապատասխան: Այսինքն` եթե անհատը տարասեռական է, ապա ամենայն հավանականությամբ նա սեռական հարաբերություններ կունենա այլ սեռի անձանց հետ, կամ եթե անհատը նույնասեռական է, ապա ամենայն հավանականությամբ նա հարաբերություններ կունենա նույն սեռի անձանց հետ: Սակայն, լինում են դեպքեր, երբ անհատի սեռական վարքագիծը չի համապատասխանում սեփական սեռական կողմնորոշմանը: Օրինակ, նույնասեռական անհատը, ելնելով հասարակության կողմից իր նկատմամբ սպասելիքներից, կարող է սեռական հարաբերություններ ունենալ, ամուսնանալ և երեխաներ ունենալ այլ սեռի անհատի հետ: Կամ, օրինակ, հաճախ է հանդիպում, որ տարասեռական անհատն այլ սեռի մարդկանց բացակայության դեպքում` հիմնականում կարող է պատահել փակ հաստատություններում (քրեակատարողական հիմնարկներ, բանակ, հոգեբուժարան և այլն), սեռական հարաբերություն է ունենում նույն սեռի անհատի հետ: Կարևոր է հիշել, որ անհատի կողմից դրսևորվող սեռական վարքագծով ոչ միշտ է հնարավոր հասկանալ նրա սեռական կողմնորոշումը:

Ի՞նչպես վարվել, երբ երեխան բացահայտ խոսում է իր սեռական կողմնորոշման մասին:

Երեխաները հաճախ դժվարանում են կիսվել իրենց ծնողների հետ սեռական կողմնորոշման հարցերի շուրջ, որովհետև այդ հարցերը երբևէ չեն շոշափվում ընտանիքներում, իսկ հասարակության մեջ սովորաբար բացասական արձագանք են ունենում: Ուստի, երեխաները հաճախ նախընտրում են թաքցնել իրենց սեռական կողմնորոշումը: Բացի այդ երեխաները կարող են անցկանցնել ամիսներ, տարիներ՝ բացահայտելու և հասկանալու այն, իսկ ճշգրիտ տեղեկատվություն նման հարցերի շուրջ դժվար է գտնել: Ծնողների հետ հարաբերություններում լարվածությունն էլ ավելի հեռու կարող է պահել երեխաներին՝ զրույց սկսելու մտքից: Թերևս սա նրանց կյանքում ամենալուրջ քայլերից մեկն է, քանի որ երեխաներն ակնկալում են բացասական հետադարձ կապ ծնողներից, գրեթե միշտ առկա է վախի մթնոլորտ ու չհասկացման վտանգ: Այդուհանդերձ, եթե երեխան որոշել է խոսել Ձեզ հետ դրա մասին, աշխատեք լսել առավելագույնս հանգիստ և աջակցեք նրան: Կարևոր է հիշել, որ երեխաների համար՝ իրենց կողմնորոշումը թաքցնելը Ձեզնից հավասարազոր է իրենցից զգալի մաս թաքուն պահելուն: Եթե երեխան համարձակվել է խոսել այդ մասին, ուրեմն նրա համար կարևոր են Ձեր սերն ու ընդունումը:

Ի՞նչպես աջակցել Ձեր երեխաներին

  • Երբ Ձեր երեխան պատմի իր կողմնորոշման մասին, ինչքան էլ դժվար լինի Ձեզ ընդունել դա, քննադատելու փոխարեն աջակցեք, գրկեք Ձեր երեխային: Նա, առավել քան երբևէ, Ձեր հոգատարության կարիքն ունի:
  • Դուք կարող եք շոկ ապրել, փորձել հերքել լսածը, մեղքի զգացում ունենալ կամ տառապել: Այդ բոլոր ապրումները հասկանալի են, քանի որ Ձեր երեխան հասարակության համար անընդունելի վարքագիծ է ցուցաբերել: Ընդունե’ք Ձեր հույզերն ու հիշե’ք, որ Ձեր երեխան նույնն է, ինչ Ձեր զրույցից առաջ:
  • Փորձել բժշկի կամ հոգեբանի մոտ աջակցություն գտնել՝ «բուժելու» համար անիմաստ է, քանի որ կողմնորոշումը հիվանդություն չէ, այլ սեռականության արտահայտման մի մաս: 1991թ.-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) պաշտոնապես դուրս է հանել նույնասեռականությունը հոգեկան խանգարումների միջազգային դասակարգումից` սահմանելով այն որպես անհատին բնորոշ բնական առանձնահատկություն: Հետևաբար, ոչ մի մասնագետ չի կարող ու իրավասու չէ “բուժել” Ձեր երեխայի սեռական կողմնորոշումը:
  • Մի կիսվե’ք Ձեր երեխայի սեռական կողմնորոշման մասին ընտանիքի անդամների կամ ընկերների հետ` առանց Ձեր երեխայի համաձայնության: Այդ թեմայի շրջանակներում ուրիշների հետ խոսելուց առաջ վստահ եղեք, որ Ձեր հույզերը հանդարտվել են, որպեսզի բացասական հույզեր չկուտակեք:
  • Ձեր երեխայի սեռական կողմնորոշման մասին լուրը կարող է բազում հարցեր առաջացնել Ձեզ մոտ: Շատ կարևոր է հստակ ու վստահելի տեղեկություն ձեռք բերել սեռական կողմնորոշման և դրան առնչվող հարցերի մասին: Եթե փնտրում եք տեղեկություն, ապա փորձեք հավաստիանալ դրանց հուսալիության մասին (օրինակ, միջազգային առողջապահական կազմակերպությունների կողմից ներկայացվող տեղեկատվությունը հնարավոր է համարել վստահելի` Առողջապահության համաշխարհային կազմակերպություն (ԱՀԿ), տեղական և միջազգային հոգեբանական ու հոգեբուժական ասոցիացիաներ` օրինակ, Ամերիկյան հոգեբանական ասոցիացիա (ԱՀԱ), Ավստրալական հոգեբանական հասարակություն (ԱՀՀ) և այլն):
  • Աջակցության կարիք կարող է ունենալ ոչ միայն Ձեր երեխան, այլ նաև Դուք: Փորձե’ք կապ հաստատել տեղական ԼԳԲՏ կազմակերպությունների հետ, ովքեր կարող են աջակցել Ձեզ, ծանոթացնել այլ ծնողների հետ, քննարկել ամենատարբեր հարցեր և տալ տեղեկատվություն Ձեր երեխայի սեռական կողմնորոշման մասին:
  • Հիշե՛ք մշտապես նրա մասին, որ ձեր երեխայի համար սա խիզախ քայլ է, և նա առավել քան երբևէ ունի ձեր աջակցության կարիքը:

Երևույթներ, որ պետք է հաշվի առնել:

Առհասարակ ԼԳԲՏ երիտասարդությունը հաճախ առնչվում է տարատեսակ ռիսկերի, քանի որ նրանք փոքրամասնություն են և քանի որ դպրոցներն ու այլ հաստատությունները դեռևս չունեն փորձ աշխատելու և աջակցություն ցուցաբերելու նման մարդկանց: Հասարակությունն էլ մյուս կողմից  բավականին ագրեսիվ է տրամադրված՝ հիմնականում ԶԼՄ-ների և այլ աղբյուրներից ստացված ապատեղեկատվության պատճառով: Մի քանի փաստեր ԱՄՆ-ում արված հետազոտությունների արդյունքում՝

  • ԼԳԲՏ երիտասարդությունը մոտավորապես 4-5 անգամ ավելի խորն է վերապրում դեպրեսիան, քան նրանց տարասեռական հասակակիցները:
  • Ավագ դպրոցի երիտասարդության 97%-ը ստացել են մարդատյաց և ԼԳԲՏ-ատյաց արտահայտություններ իրենց տարեկիցների կողմից:
  • ԼԳԲՏ երիտասարդության շրջանում ինքնասպանության փորձերը 2-3 անգամ ավելի հաճախ են տեղի ունենում, քան նրանց տարեկից հասակակիցների մոտ:
  • ԼԳԲՏ երիտասարդության 9%-ը նշել են, որ դպրոցը, քոլլեջը երբեք չի սաստել մարդատյաց և ԼԳԲՏ-ատյաց արտահայտություններ արված տարեկիցներին կամ մանկավարժներին:

Երեխային աջակցելը առաջնային կարևորություն ունի: Յուրաքանչյուր երեխա յուրահատուկ վերաբերմունքի կարիք ունի և հաղորդակցումը նրա հետ կարող է լինել խիստ յուրահատուկ: ԼԳԲՏ երիտասարդության խնդիրների մասին իրազեկվելը, երևույթին ծանոթանալը կարող են հանդիսանալ երեխայի աջակցության առաջին քայլերը:

Ինքնաարտահայտում

Ինքնաարտահայտումը մի գործընթաց է, որի ընթացքում անհատը բացահայտում և ընդունում է իր սեռական կողմնորոշումն ու գենդերային ինքնությունը, համոզվում է դրանցում և որոշում կայացնում՝ ինչպես արտահայտել այդ ամենը: Մենք մեծացել ենք այնպիսի մշակույթում, որտեղ ենթադրվում է, որ բոլոր մարդիկ հետերոսեքսուալ են և որ մարդկանց գենդերը համապատասխանում է իրենց սեռին, այդ իսկ պատճառով այլ սեռական կողմնորոշում ու գենդերային ինքնություն ունեցող մարդիկ բացահայտ չեն արտահայտվում դրա մասին:

Հաճախ տրվող հարցեր

  • Հարց – Արդյո՞ք նույնասեռականությունը հիվանդություն է:

Պատասխան – Նույնասեռականությունը հիվանդություն չէ, նույնասեռականությունը սեռական կողմնորոշման տարատեսակներից է համարվում, ինչպես տարասեռականությունը և երկսեռականությունը: 1991թ.-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) պաշտոնապես դուրս է հանել նույնասեռականությունը հոգեկան խանգարումների միջազգային դասակարգումից:

  • Հարց – Ինչու՞ այլևս ընդունված չէ նույնասեռականներին անվանել արվամոլ:

Պատասխան – Արվամոլ եզրույթն իր մեջ մոլ տարրն է պարունակում, որն ինքնին նշանակում է հիվանդություն կամ կախվածություն: Սակայն նույնասեռականությունը չի համարվում հիվանդություն կամ շեղում:

  • Հարց – Ի՞նչու են դառնում նույնասեռական:

Պատասխան – Կարևոր է հիշել, որ նույնասեռական կամ տարասեռական չեն դառնում, նույնասեռականությունը սեռականության մի մաս է կազմում, որը ծնվում և արտահայտվում է մարդու հետ: Չկա որևէ հստակ տեսություն, որն ապացուցում է, թե մարդ ինչու է ծնվում նույնասեռական, տարասեռական կամ երկսեռական: Իսկ երբեմն կարիք չկա նաև փնտրել պատճառ կամ հանգամանք, որովհետև իրականության մեջ չկա որևէ կոնկրետ գործոն, որից հետո “դառնում են” նույնասեռական կամ տարասեռական: Քանի որ սեռականությունն ինքնին բավականին լայն ուսմունք է և բավական տատանվող կյանքի յուրաքանչյուր փուլում, հնարավոր է, որ մարդ տարիներ հետո նոր կարողանա բացահայտել իրեն և հանգիստ զգա դրա հետ:

  • Հարց – Արդյո՞ք սխալ դաստիարակությունը նպաստում է նույնասեռականության ձևավորմանը:

Պատասխան – Ո’չ: Դաստիարակության ճիշտ կամ սխալ լինելը շատ անհատական է: Մի ծնողի կամ ընտանիքի համար դաստիարակման մի մոդելը կարող է ճիշտ և ընդունելի լինել, մինչդեռ մյուսների համար` սխալ: Ուստի, ասել որն է ճիշտ և որն է սխալ շատ սուբյեկտիվ և անհատական բնույթ է կրում: Իհարկե կան որոշակի դաստիարակման մոդելներ, որոնք կարող են բացասական ազդեցություն ունենալ երեխաների ֆիզիկական ու հոգեկան ներդաշնակության ու բարօրության վրա` հանգեցնելով բազմաթիվ ներանձնային և միջանձնային խնդիրների:  Օրինակ, դաստիարակության մեջ դիրեկտիվության գերակայումը, որտեղ ծնողն է միշտ որոշում` ինչպես երեխան վարվի, երբեմն կարող է ուղեկցվել հոգեբանական և ֆիզիկական բռնությամբ, կարող է հանգեցնել երեխայի մոտ բազում խնդիրների` տագնապայնություն, անինքնավստահություն և այլն: Եվ չկա նման տեսություն, որն ապացուցի, թե որևէ դաստիարակություն բերում է նույնասեռականության ձևավորմանը: Նույնասեռականությունը կամ մնացած կողմնորոշման տեսակները կախված չեն դաստիարակության մոդելներից:

  • Հարց – Եթե փոքր ժամանակ երեխաները խաղում են սխալ խաղալիքներով, օրինակ տղաները տիկնիկներով, իսկ աղջիկները՝ մեքենաներով, ապա դա կարո՞ղ է առաջ բերել նույնասեռականության զարգացման:

Պատասխան – Ո’չ: Խաղալիքները խաղալիքներ են, չկան ճիշտ կամ սխալ խաղալիքներ, բոլոր խաղալինքերը երեխաների համար են անկախ սեռից: Դա հասարակությունն է, որ սովորեցնում է մեզ, թե մենք որ խաղալիքով պետք է խաղանք: Ե´վ տղաները, և´ աղջիկները կարող են խաղալ այն խաղալիքներով, որոնք իրենց դուր են գալիս: Եթե տղաները նախընտրում են տիկնիկներ, ապա դա բնական է և կախված չէ սեռական կողմնորոշման հետ:

  • Հարց – Տրանսվեստիտները կարո՞ղ են լինել տարասեռական:

Պատասխան – Ա’յո, նրանք կարող են լինել երկսեռական, տարասեռական կամ անսեռական, ինչպես նաև կին, տղամարդ կամ տրանսգենդեր:

  • Հարց – Ո՞րն է երկսեռականների սեռական կողմնորոշումը:

Պատասխան – Երկսեռականների սեռական կողմնորոշումը հենց երկսեռականությունն է: Հաճախ մարդիկ չեն կարողանում հասկանալ, թե ինչպես է ստացվում, որ մարդ կարողանում է հրապուրվել, ինչպես այլ, այնպես էլ նույն սեռի ներկայացուցիչներով և դա բնական է: Դա չի նշանակում, որ երկսեռականները միաժամանակ պետք է միշտ հրապուրվեն մի քանի մարդկանցով, որն ամենամեծ սխալ պատկերացումն է շատերի կողմից: Սա նշանակում է, որ առաջին հերթին մարդը սիրում է մարդուն` անկախ նրանից, թե նա ինչ սեռի կամ գենդերի է պատկանում:

  • Հարց – Արդյո՞ք ճիշտ է, որ երկսեռականները հաճախ են դավաճանում իրենց զուգընկերներին:

Պատասխան – Ո’չ, սա սխալ պատկերացում է: Հավատարմությունն անձնային որակ է, որը բնորոշ է բոլոր մարդկանց` թե´ երկսեռականներին, թե´ նույնասեռականներին և թե´ տարասեռականներին:

  • Հարց – Արդյո՞ք ճիշտ է, որ մարդ կարող է փոխել իր սեռական կողմնորոշման տեսակը սեռական բռնությունից հետո, դառնալով, օրինակ, նույնասեռական:

Պատասխան – Ո’չ, սա շատ տարածված սխալ պատկերացումներից է, որ բռնաբարությունը կամ սեռական բռնության այլ տեսակները հանգեցնում են նույնասեռականության: Սեռական բռնության պատճառով անձը կարող է ունենալ թե’ ֆիզիկական, թե’ հոգեբանական բավականին լուրջ խնդիրներ, բայց սեռական կողմնորոշման փոփոխության վրա այն չի ազդում:

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ

© 2016 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս, ռադիո եւ հեռուստաընթերցումների դեպքում, հղումը serakanutyun.org-ին պարտադիր է: Serakanutyun.org- ի հեղինակային հոդվածները, լուսանկարներն արտատպելու համար պարտադիր է ստանալ գրավոր համաձայնությունը:

  • Մեր մասին
  • Ինչպես խոսել երեխայի հետ սեռականության մասին
  • Ինչպես հղել մեզ հարց
  • Կապ