• Մեր մասին
  • Ինչպես խոսել երեխայի հետ սեռականության մասին
  • Ինչպես հղել մեզ հարց
  • Կապ
[email protected]
Login

Login
ՍեռականությունՍեռականություն
  • Մեր մասին
  • Ինչպես խոսել երեխայի հետ սեռականության մասին
  • Ինչպես հղել մեզ հարց
  • Կապ

Սեռական հասունացում

Սեռական հասունացում

Սեռականությունը մարդու դաստիարակության կարևոր մասն է կազմում: Խոսելով սեռականության մասին`մենք մեր երեխաներին փոխանցում ենք կարևոր արժեքներ՝ հարգանք, հոգածություն, սեր, պաշտպանվածություն: Սեռականությունը լայն հասկացություն է և ընդգրկում է ֆիզիկական և գիտակցական ոլորտները: Սեռականությունը ներառում է անձի արժեքները, վերաբերմունքը, վարքը, ֆիզիկական տեսքը, հավատքներն ու զգացմունքները: Սեռականությունը միայն սեռական հարաբերությունները չեն, այն ներառում է տարբեր թեմաներ /վերարտադրողականություն, հակաբեղմնավորիչ մեթոդներ, սեռավարակներ և դրանցից պաշտպանվածություն, հիգիենա, առողջ հարաբերություններ, սեռական վարք և պատասխանատվություն, անատոմիա, ֆիզիոլոգիա, հղիություն/, որոնք կարևոր են և որոնց մասին անհրաժեշտ է խոսել փոքր հասակից: Շատերը դժվարանում են իրենց երեխաների հետ խոսել սեռականության մասին, քանի որ հասարակության մեջ այն արգելված թեմա է համարվում: Երբեք ուշ կամ շուտ չէ խոսել սեռականության մասին: Սեռականությունն սկսվում է ծնված պահից և ավարտվում կյանքի վերջում: Առանձնացվում են սեռականության հետևյալ փուլերը՝

Նորածնային փուլ – Երբ ծնվում են մեր երեխաները, մենք սկսում ենք զարգացնել իրենց սեռականությունը մեր վերաբերմունքով, մեր հոգատարությամբ, իրենց մարմնի հանդեպ մեր մեղմ վերաբերմունքով: Կարևոր է ինչպես ենք մենք դիպչում, գրկում իրենց, ինչպես ենք մենք շոյում իրենց մեջքը կամ գլուխը, կարևոր է չցավեցնել և նուրբ լինել, զգուշորեն խնամել սեռական օրգանները, ավելորդ անգամ չդիպչել կամ համբուրել, քանի որ տվյալ արտահայտումները փոքրիկին կարող են դուր չգալ: Նման մոտեցումով մենք փոխանցում ենք մեր վերաբերմունքն իրենց հանդեպ, վերաբերմունք, որ իրենք պետք է սիրեն և հոգ տանեն իրենց մարմնի մասին և իրենք դա հետագայում սպասում են նաև դիմացինից և նույն կերպ վերաբերվում են դիմացինի հանդեպ: Հակառակը, եթե մենք կոպիտ ենք վարվում, հաճախ ցավեցնում ենք` երեխաների շորերը փոխելուց, խնամելուց, լողացնելուց, ապա նման վերաբերմունքը ևս ամրագրվում է իրենց մոտ որպես բնականոն երևույթ:

Մեկից-երեք տարեկան երեխաների շրջան – Երբ երեխաները մի փոքր մեծանում են, սկսվում է ուսումնասիրության շրջանը, նրանք սկսում են ուսումնասիրել իրենց մարմինը, ձեռքերը, ոտքերը, ամբողջ մարմինը և մենք ևս մեր վերաբերմունքով ցույց ենք տալիս, թե որքան կարևոր են բոլոր օրգանները և չենք պատժում կամ քննադատում նրանց,  երբ իրենք ուսումնասիրում, շոշափում և ձեռք են տալիս իրենց սեռական օրգաններին: Սա միանգամայն բնականոն երևույթ է և կազմում է ճանաչողական գործընթացների մի մասը: Կարևոր է բոլոր օրգանները, այդ թվում նաև սեռական օրգանները անվանել իրենց ճիշտ անուններով, քանի որ, երբ մենք օրինակ ձեռքերին ասում ենք ձեռք, բայց առնանդամին կամ հեշտոցին տարբեր անվանումներ ենք հորինում կամ ընդհանրապես ոչինչ չենք ասում, ապա երեխաների մոտ կարող է ձևավորվել ամոթի կամ այնպիսի զգացում, ասես սեռական օրգանները բոլորովին կարևոր չեն՝ ի համեմատ մյուս օրգանների և դա կարող է ազդել իրենց հետագա սեռականության զարգացման ընթացքի վրա: Օրինակ` երբ ծնողները հաճախ կերակրում են իրենց երեխաներին, ասում են`« բաց բերանդ» կամ` «սա քո բերանն է», նույն օրինակը կարող ենք կիրառել, երբ փոխում ենք տակդիրը` տալով օրգանների ճիշտ անունները, օրինակ` « ես հիմա կմաքրեմ քո հեշտոցը» կամ «առնանդամը»: Այս մոտեցումն արդեն իսկ մեր երեխաների մոտ ճիշտ վերաբերմունք կձևավորի սեռականության մասին և դա իրենք կդիտեն որպես սովորական երևույթ:

Նախադպրոցականների շրջան – Այս շրջանում երեխաները սկսում են  բավական շատ հարցեր տալ, ում ծնողները պետք է պատրաստված լինեն և տան ճշգրիտ և հստակ պատասխաններ` համապատասխանեցնելով տարիքին: Այս փուլը շատ կարևոր է նաև վստահություն ձեռք բերելու առումով, քանի որ, եթե մենք չենք պատասխանում իրենց հարցերին կամ քննադատաբար ենք մոտենում դրանց, ապա կարող է անդառնալիորեն կորչել երեխայի և ծնողի միջև առկա վստահությունը և երեխաները սկսեն ուրիշ աղբյուրներից գտնել իրենց հուզող հարցերի պատասխանները:

Դպրոցականների շրջան – Գաղտնի շրջան է համարվում, երբ երեխաները հարցեր շատ քիչ կարող են տալ կամ ընդհանրապես չտան: Սա լավ ժամանակ է առիթն օգտագործել գրքեր կարդալու, ուսումնասիրելու համար, քանի որ սրանից հետո գալիս է ավելի նոր փուլ:

Դեռահասության շրջան – Սա այն փուլն է, որի ընթացքում տեղի են ունենում բավականաչափ ֆիզիոլոգիական և հոգեբանական փոփոխություններ: Սկսվում է սեռական հասունացման շրջանը, որի ընթացում ձևավորվում են երկրորդային սեռական հատկանիշները:

Սեռական հասունացումն այն փուլն է, որի ընթացքում տեղի են ունենում բավականաչափ ֆիզիոլոգիական և հոգեբանական փոփոխություններ: Սեռական հասունացման ընթացքում ձևավորվում են երկրորդային սեռական հատկանիշները:

Սեռական հասունացման շրջանը տարբեր է տարբեր երեխաների մոտ, այն կարող է սկսվել ինը տարեկան հասակից և տևել աղջիկների մոտ մինչև 18 տարեկան, իսկ տղաների մոտ մինչև 19-20 տարեկան: Սեռահասունության տարիքը մեծապես պայմանավորված է ժառանգականությամբ, թեպետ դեր կարող են խաղալ նաև շրջապատող միջավայրի այնպիսի գործոններ, ինչպիսիք են սննդակարգը, ֆիզիկական ակտիվությամբ զբաղվելը:

Տղաների սեռական հասունացումը

Տղաների սեռահասունության միջին տարիքը տատանվում է 10-12 տարեկան հասակը: Տղաների ամորձիները և ամորձապարկը սկսում են զարգանալ 10-13 տարեկանում, իսկ զարգացումն ավարտվում է 17-18 տարեկանում։ Սա հիմնականում սեռահասունացման ամենաառաջին նշանն է։ Ամորձապարկի մաշկը սկսում է կարմրել և կնճռոտվել։ Ամորձիները սերմնահեղուկ և տեստոստերոն հորմոն են արտադրում։ Այս հորմոնը վերահսկում և պահպանում է տղամարդու սեռահասունությունը և ապահովում է առնանդամի  էրեկցիան: Տեստոստերոն հորմոնի ազդեցությամբ սկսում է մազածածկվել աճուկային հատվածը:

Ամորձիների փոփոխությունից մոտավորապես մեկ տարի անց, սկսվում է տղաների բուռն աճը, հիմնականում 13-14 տարեկանում։ Առաջին մազերը արտահայտիչ են դառնում վերին շուրթի մոտ, սովորաբար 14-17 տարեկան հասակում, որից հետո զարգանում են բեղերը՝ վերին շուրթի երկայնքով: Այս փոփոխություններից հետո մազածածկույթ է ձևավորվում սկզբում` այտերի վերին հատվածում, որից հետո՝ ստորին շուրթի ներքևի հատվածում: Դրանից հետո` կզակի վրա, երեսի այլ հատվածներում և դեմքի ստորին այլ հատվածներում ձևավորվում է մորուքը: Ինչպես բոլոր կենսաբանական գործընթացների  դեպքում, այնպես էլ` այս փոփոխությունների հերթականությունը տարբերվում է անհատից անհատ: Դեռահասության արդեն ուշ տարիքում` 17-18 տարեկանում, առկա է դեմքի զարգացած մազածածկույթը:

Դեռահասության շրջանում մարմինն ավելի շատ է քրտնում, մաշկը և մազերը դառնում են ավելի ճարպոտ, ինչը նպաստում է այդ տարիքում դեմքի, ճակատի, ուսերի, մեջքի վրա պզուկների առաջացմանը։ Քաշը և հասակը նկատելիորեն ավելանում են, ուսերը լայնանում են, մեծանում է կրծքի շրջագիծը, զարգանում են մկանները, դեմքին, ցայլքի շրջանում և թևատակերում՝ անութային փոսերում, նկատվում է մազերի աճ, թևերի և ոտքերի մազածածկը խտանում է, մազեր են հայտնվում կրծքավանդակին, ձայնը կոշտանում է, պարանոցի վրա առավել արտահայտվում է ադամախնձորը։ 16-18 տարեկան երիտասարդի առնանդամը երկարում և հաստ է դառնում, իսկ սերմնահեղուկի արտադրությունն արդեն ձևավորված է լինում։

Աղջիկների սեռական հասունացումը

Աղջիկների հասունացման շրջանը սկսվում է 8-12 տարեկանում (միջին տարիքը տատանվում է 10-11 տարեկան հասակը), ավարտվում՝ 16-ում կամ ավելի ուշ։ Աղջիկներն իրենց վերարտադրողական հասունացումը ձեռք են բերում սեռական հասունացմանը հաջորդող առաջին չորս տարիներից հետո: Ի հակառակ դրա, տղաները հասունանում են առավել ուշ, սակայն շարունակում են աճել առավել դանդաղ, սեռական հասունացման առաջին նշաններին հաջորդող դեռևս հետագա վեց տարիների ընթացքում:

Սեռական հասունացման շրջանում աղջիկների օրգանիզմում մեկը մյուսի հետևից տեղի են ունենում մի շարք փոփոխություններ։ Ձվարանները սկսում են արտադրել էստրոգեն հորմոնը, որը վերահսկում և պահպանում է կնոջ սեռական զարգացումը: Այս ժամանակաշրջանում մարմնի մասերն աճում են տարբեր չափով։ Սեռահասունության առաջին նշաններից մեկը կրծքագեղձերի զարգացումն է։ 11-12 տարեկանում աղջիկների պտուկների տակ հայտնվում են կոճականման կոշտուկներ։ Ձվարանների կողմից էստրոգեն արտադրվելուց հետո պտուկի զանգվածն աճում է, որից հետո աճում է կրծքագեղձի հյուսվածքը։ Հիմնականում կրծքագեղձի զարգացումը դիտվում է վերը նշված տարիների ընթացքում։ Այնուհետև կուրծքն աստիճանաբար մեծանում է`13-14 տարեկանում ձևավորված տեսք ստանալով։ Տարբեր աղջիկներ ունեն կրծքերի տարբեր չափեր և ձևեր։ Նույն աղջկա մոտ կրծքերը կարող են տարբերվել իրենց չափերով։ Երբեմն կրծքից մի քիչ կաթնահեղուկ է դուրս գալիս, որը նորմալ է։

Աճուկի մազերը սկսում են աճել կրծքերի մեծանալուց մի որոշ ժամանակ հետո։ Կոնքերը, ազդրերը և հետույք նույնպես մեծանում են և մարմնի տեսքը դառնում է ավելի կլորացած։ Մաշկի ձգվելու հետևանքով կարող են առաջանալ փոքրիկ սպիներ մարմնի այն մասերում, որտեղ մաշկը արագ է աճում, բայց դրանք սովորաբար գունաթափվում են ժամանակի ընթացքում։ Տեղի է ունենում նաև քաշի և հասակի զգալի ավելացում, ձայնն աստիճանաբար նրբանում է։ Ցայլքի շրջանում և թևատակին հայտնվում են մազեր, մազակալումը սովորաբար ավարտվում է 15-16 տարեկանում։ Սեռական հասունացման շրջանում զարգանում են քրտնագեղձերն ու ճարպագեղձերը, մարմինը սկսում է ավելի շատ քրտնել, մաշկը և մազերը դառնում են ավելի ճարպոտ։

Նման ֆիզիկական փոփոխություններ տղաների և աղջիկների մոտ

Այս ժամանակահատվածում դեռահասների մոտ առաջանում են ինչպես ֆիզիոլոգիական, այնպես էլ`հոգեբանական փոփոխություններ: Օրգանիզմում սկսում են արտազատվել սեռական հորմոններ և այդ հորմոնների ակտիվության շնորհիվ զարգանում են երկրորդային սեռական հատկանիշները: Այդ ձևափոխությունը կանանց և տղամարդկանց մոտ կարող է տարբեր լինել`ըստ յուրաքանչյուր անհատի: Կանանց և տղամարդկանց մոտ փոփոխվում է ձայնը, մազածածկույթ է առաջանում թևատակերին, ցայլքի շրջանում, մարմնի տարբեր հատվածներում, ակտիվանում է քրտնարտադրությունը, մաշկի վրա առաջանում են  պզուկներ`մաշկի յուղայնության բարձրացման պատճառով: Կանանց և տղամարդկանց մոտ սեռական օրգաններից կարող է արտադրություն դիտվել, տղամարդու սեռական օրգանը սկսում է չափերով մեծանալ: Կանանց մոտ սկսվում է դաշտանային ցիկլը, իսկ տղամարդկանց մոտ սկսվում է սերմնաժայթքման պրոցեսը: Յուրաքանչյուրի մոտ սեռական հասունացումը յուրովի է տեղի ունենում, մեկի մոտ կարող է փոքր-ինչ բարդ լինել, մյուսի մոտ՝ ավելի հեշտ:

Հոգեբանական փոփոխությունները սեռահասունացման ընթացքում

Ֆիզիոլոգիական փոփոխությունների հետ մեկտեղ սեռահասունացման շրջանում դեռահասների մոտ տեղի են ունենում բազմաթիվ հոգեբանական փոփոխություններ։ Դեռահասության տարիքը մարդու կյանքում համարվում է դժվար և խիստ էական տարիք: Այս տարիքում են դիտվում մի շարք որակական փոփոխություններ, որոնք հիմնված են նախկինում երեխայի ունեցած  հետաքրքրությունների, սեփականության, հարաբերությունների նկատմամբ վերաբերմունքի վրա և դիտվում են էական տեղաշարժեր վերոնշյալ ոլորտներում: Անհրաժեշտ է նախապես պատրաստել դեռահասին տվյալ փոփոխություններին, լսել և պատասխանել նրա բոլոր հարցերին:

Այս բոլոր փոփոխությունները մեծապես պայմանավորված են նաև հորմոնալ ոլորտում դիտվող տեղաշարժերով: Հորմոնները կառուցվածքային դեր են խաղում, հասունացման տարիքում օրգանիզմում առաջացնելով մի շարք փոփոխություններ, որոնք վկայում են անձի հասունացման գործընթացի մասին, բացի այդ պայմանավորում են նաև վարքագծային և հոգեբանական մի շարք փոփոխություններ։

Գլխուղեղն արտադրում է մակերիկամների սթրեսային հորմոնը, սեռական հորմոնները և աճի հորմոնը, որն իր հերթին անդրադառնում է գլխուղեղի զարգացման վրա: Հասունացման տարիքում ակտիվանում են արական և իգական սեռական գեղձերը, որոնք սկսում են արագ աճել ու զարգանալ, որի արդյունքում սկսում են արտադրվել մեծ քանակությամբ քիմիական նյութեր: Այս պատճառով է, որ սեռահասունացման շրջանում երիտասարդները սովորում են ինչպես վերլուծել տարբեր իրավիճակներ և պատկերացնել, թե ինչպիսի հետևանքներ կարող են լինել յուրաքանչուր որոշումից հետո: Եվ, քանի որ բացի ֆիզիոլոգիական փոփոխություններից տեղի են ունենում նաև հոգեբանական փոփոխություններ, անհրաժեշտ է նախապես պատրաստել դեռահասին տվյալ փոփոխություններին, լսել և պատասխանել նրա բոլոր հարցերին:

Սեփական արժանապատվության սրված զգացում

Դեռահասության տարիքում անձը սկսում է հանդես գալ իր իրավունքների կիրառման պահանջով, որը ներկայացնում է մեծահասակներին և մեծահասակների հետ իր հարաբերություններն սկսում է կառուցել` ելնելով իր իրավունքների գերակայության տեսանկյունից: Դեռահասի մոտ սկսում է ձևավորվել սեփական արժանապատվության սրված զգացում, նա ինքն իրեն դիտարկում է որպես անձ, ում պետք է հարգել, գնահատել և չզրկել ազատության իր իրավունքից:

Նախկինում ինքնակամ կերպով իրականացվող իր առօրեական դերերի շուրջ դեռահասի մոտ սկսում է ձևավորվել դիմադրություն: Դեռահասը սկսում է դիմակայել բոլոր այն դեպքերում, երբ իր անկախության նկատմամբ, որոշակի հանգամանքներից և գործոններից ելնելով, դրվում են արգելքներ, երբ նրան վերաբերվում են որպես «փոքրիկի»,  «երեխայի», պաշտպանում են, ուղղորդում, վերահսկում կամ հորդորում են լինել ենթարկվող, սպառնում են տարատեսակ պատժամիջոցներով, երբ իր կարծիքը հաշվի չեն առնում որոշակի իրավիճակներում:

Մարմնի պատկեր

Յուրաքանչյուր մարդ որոշակի պատկերացում ունի իր մարմնի մասին, որը կոչում ենք մարմնի պատկեր։ Տղաների և աղջիկների մարմնի պատկերը ազդում է իրենց զգացմունքների և վարքագծի վրա։ Սեռահասունության շրջանում մարմինը կարող է թվալ շատ տարբեր և դա կարող է առաջացնել բացասական զգացողություններ։ Կարևոր է հիշել, որ բոլորն են այս փուլն անցնում, սա կյանքի մի մասն է, և բոլոր տղաներն ու աղջիկները աճում են իրենց բնական տեմպով։

Սեռահասունության շրջանում երիտասարդները կարող են չսիրել իրենց մարմինը կամ վատ զգալ դրա պատճառով։ Տղաները շատ անգամ անհանգստանում են, որ կարճահասակ են, նիհար կամ իրենց մարմնի մասերը համամասն չեն։ Աղջիկները հաճախ մտահոգվում են, որ չափազանց նիհար կամ գեր են, ունենում են փոքր կամ մեծ կրծքեր կամ մազածածկույթը առավել արտահայտված է։ Սա հատկապես լինում է այն դեպքերում, երբ համեմատում են մոդելների կամ հայտնի մարդկանց նկարների հետ։ Բայց կարևոր է հիշել, որ այն ինչ տեսնում են համացանցում կամ ամսագրերում միշտ չէ, որ համապատասխանում է իրականությանը։

Յուրաքանչյուր մարդ ունի իրեն հատուկ կազմվածքը և եթե դա սահմանված “ստանդարտի” մեջ չի մտնում`չի նշանակում, որ այն տգեղ կամ ոչ ընդունելի է: Անկախ այն բանից դու բարձրահասակ ես, թե ոչ, սպիտակ, թե ավելի մուգ մաշկ ունես, գեր ես, թե նիհար, դու գեղեցիկ ես և ունես անհատականություն: Իսկ տարբեր գովազդային տեսահոլովակներ դիտելիս պետք է իմանալ, որ դրանց մեծամասնությունն իրական չեն և նկարահանվում են, որպեսզի դրանց նկատմամբ ձևավորվի որոշակի պահանջարկ:

Դեռահասների մոտ հասունացումը կարող է երբեմն հանգեցնել ինքնագիտակցության առավել արտահայտվածության, քանի որ նրանց մարմինը սկսում է արագ զարգանալ. հասունացող դեռահասները կարող են նաև դառնալ ավելի անվստահ և կախյալ: Հետևաբար կարող են ունենալ շատ խնդիրներ քաշի հետ կապված. իրենց թվում է, թե իրենք շատ գեր են և սկսում են տարբեր դիետաներ պահել, որպեսզի նիհարեն, որը շատ վտանգավոր կարող է լինել զարգացող, աճող օրգանիզմի համար: Շատ կարևոր է այս ամենի մասին խոսել և բացատրել, թե ինչու է այդպես և որ իրենք ամեն դեպքում միշտ գեղեցիկ են:

Շփոթեցնող զգացումներ

Շատ պատանիներ սեռահասունության շրջանում ունենում են տրամադրության փոփոխություններ։ Մարմնի և զգացմունքների փոփոխությունները կարող են առաջացնել անհանգստություններ և մտահոգություններ, ինչպես նաև հուզական սթրես, երբ նրանց տրամադրությունը փոխվում է արագ և անկանխատեսելի ձևով։ Նրանք կարող են լաց լինել կամ ջղայնանալ ոչ այնքան լուրջ իրավիճակներում։ Նման դեպքերում հաճախ տղաներին և աղջիկներին օգնում է իրենց մտահոգությունները ընկերների, ծնողների և ընտանիքի մյուս անդամների հետ կիսելը։ Շատ անգամ ասվում է, որ հատկապես տղաները չպետք է իրենց զգացմունքները ցույց տան, քանի որ դա «առնական» չէ, սակայն պետք է կոտրել այդ կարծրատիպը և ոչ մեկը չպետք է ամաչի զգացմունքերն արտահայտելուց։

Հորմոնների արտադրության պատճառով հասունացման շրջանում տղաների և աղջիկների մեծ մասը սկսում են մտածել սեռականության և սեռական հարաբերությունների մասին, որը բոլորովին բնական երևույթ է։ Նման մտքերը կարող են առաջացնել ձեռքի ափի քրտնածություն, սրտի արագացած զարկեր և աղեստամոքսային համակարգի գործունեության խանգարումներ: Տղաները կարող են ունենալ էրեկցիաներ, իսկ աղջիկները զգայունություն` սեռական օրգանների շրջանում։

Կարևոր է նշել, որ այս տարիքում տղաները և աղջիկները կարող են հայտնվել դժվար իրավիճակներում և կարիք ունենան սեռական կյանքի մասին որոշումներ կայացնելու։

Հարաբերությունների ստեղծումը

Մեծահասակների հետ մանկական տարիքում դեռահասի ունեցած փոխհարաբերությունների բնույթն այլևս նրա համար դառնում է ոչ ընդունելի, քանի որ, ըստ դեռահասի, այն չի համապատասխանում իր իսկ հասունության վերաբերյալ տրված ինքնագնահատականին:

Այս տարիքում դեռահասի կյանքը պարունակում է բազմաթիվ հակասություններ: Նրանք ձգտում են ճանաչման և գնահատման, սակայն այն չեն ստանում: Այդ իսկ պատճառով ձգտում են շփվել իրենց տարեկից-հասակակիցների հետ, ովքեր ամենամեծ դերն են խաղում նրանց կյանքում:  Յուրաքանչյուր դեռահաս ունի որոշակի «լավագույն ընկերներ», ուզում է ունենալ դրական մթնոլորտով հագեցած տուն և ընտանիք, իսկ դպրոցական հարցերում ունենալ ընկերական պահվածք ունեցող ծնող:

Սեռահասունացման շրջանում զարգանում են անկախության դրսևորումներ: Երիտասարդներն սկսում են ավելի շատ ճանաչվել իրենց շրջապատի մարդկանց, մանավանդ իրենց նույն տարիքի հասակակիցների կողմից։ Նրանք կարող են ավելի շատ ընկերանալ մարդկանց հետ և մտերիմ հարաբերություններ ունենալ։ Ընտանիքի անդամների հետ հարաբերությունները կարող են փոխվել ավելի շատ անկախություն դրսևորելու պատճառով։ Սա նորմալ է, բայց դեռ պետք է հարգել և լսել ծնողների կամ այլ խնամակալների խորհուրդները, ովքեր կօգնեն դեռահասներին` ճիշտ կառուցել կյանքի հետագա ուղին:

Կարևոր է նաև պատրաստել դեռահասին հիգիենայի ճիշտ և ինքնուրույն իրականացնելու կանոններին` ինչից կարելի է օգտվել, ինչից պետք է խուսափել: Ստորև ներկայացնում ենք մի քանի խորհուրդներ՝

  • Մազերի խնամք – քանի որ դեռահասության փուլում ակտիվանում են սեռական հորմոնները, տվյալ հորմոնների ազդեցության շնորհիվ տեղի են ունենում մի շարք փոփոխություններ: Այդ փոփոխություններից են, օրինակ մաշկի առավել յուղոտությունը: Կարևոր է մազերը լվանալիս հաշվի առնել մազերի յուղոտվածության աստիճանը և ընտրել ճիշտ օճառ կամ շամպուն: Սանրել մազերը և սանրն ամեն անգամ լվանալ հատուկ հեղուկով և ազատել մազերից: Մազերը հարկավոր է լվանալ առնվազն շաբաթը մեկ անգամ:
  • Ականջների խնամք – Ականջները հարկավոր է լվանալ ամեն լողանալու ժամանակ կամ լվացվելիս: Լողանալուց հետո անհրաժեշտ է ականջները բամբակով չորացնել և բացի բամբակից ուրիշ ոչինչ չօգտագործել:
  • Աչքերի խնամք – Եթե աչքերը լավ չեն տեսնում, անպայման պետք է դիմել ակնաբուժի, որպեսզի նշանակվեն ճիշտ ակնոցներ: Հարկավոր է վատ տեսնելու դեպքում զգուշացնել ուսուցչին, որպեսզի գրատախտակին մոտ նստեցնի: Ակնոցներ կրելիս շատ հաճախ երեխաները բարդութավորվում են, առավել ևս, եթե դպրոցում կամ դրսում որոշակի մեկնաբանություններ են լսում դրա վերաբերյալ: Կարևոր է խոսել երեխայի հետ, բացատրել` ինչու է կարևոր կրել ակնոցներ և խոսել, թե ինչու են հաճախ մարդիկ նման դեպքերում խտրականության ենթարկում ուրիշներին:
  • Դեմքի խնամք – Շատ հաճախ դեռահասության ընթացքում դեմքի յուղոտվածության բարձրացման պատճառով դեմքի վրա հայտնվում են կորյակներ, որոնց պետք չէ ձեռք տալ, պոկել կամ ճզմել, քանի որ տվյալ դեպքում իրավիճակն ավելի կբարդանա և հետքեր կմնան: Հարկավոր է ամեն օր մեկ անգամ լվանալ դեմքը և ձեռք չտալ, քանի որ բակտերիաները ձեռքերից կփոխացվեն մաշկին:
  • Ատամների խնամք – Ատամների խնամքի ժամանակ պետք է ամեն ինչ անել, որպեսզի խուսափեք կարիեսից, ընտրել ճիշտ խոզանակ, փոխել խոզանակն ամեն երեք ամիսը մեկ անգամ, ընտրել միջին չափի փափկության խոզանակ, օրը երկու անգամ լվանալ ատամները, յուրաքանչյուր խոզանակման ժամանակ խոզանակել մոտ երկու-երեք րոպե, անպայման լվանալ նաև լեզուն, քանի որ հիմնական բակտերիաները հավաքվում են լեզվի վրա և ամեն օր պետք է դրանք հեռացնել: Ատամները լվանալուց հետո անհրաժեշտ է թելով մաքրել դրանք: Եթե ատամների հետ խնդիրներ կան, անպայման պետք է դիմել ատամնաբուժի, չհետաձգել և լավ կլինի երեխային նախապես պատրաստել, թե ինչ միջամտություններ են իրեն սպասվում: Շատ հաճախ երեխաների մոտ լինում են խնդիրներ ատամնաշարի հետ կապված և անհրաժեշտություն է առաջանում ատամներին տեղադրել «բռեկետներ» և շատ երեխաներ սկսում են բարդութավորել այդ իրավիճակից: Կրկին անհրաժեշտ է խոսել, թե ինչու է կարևոր «բռեկետներ» կրելը:
  • Քրտնարտադրության խնդիրներ – Սեռական հորմոնների ակտիվացման ժամանակ սկսում է ուժեղանալ քրտնարտադրությունը և կարևորվում է տհաճ հոտից պաշտպանումը: Կարևոր է ընտրել ճիշտ միջոց, այնպիսի տարբերակ, որի կիրառման դեպքում կպահպանվի քրտնարտադրությունը, սակայն կձերբազատի տհաճ հոտից, օրինակ դեզոդորանտ: Պետք է զերծ մնալ հակաքրտնեցնող միջոցներից, անտիպերսպիրանտներից, քանի որ դրանք չեն թողնում, որպեսզի դեռահասը քրտնի, որը վատ է և անբնական: Այն թույլ չի տալիս դուրս բերելու քրտինքը, որի հետ օրգանիզմից դուրս է բերվում վնասակար հատկությամբ օժտված թունավոր նյութերը`տոքսինները: Կարևոր է ամեն օր լվանալ թևատակերը, չորացնել և քսել դեզոդորանտ կամ ոչինչ չօգտագործել, երբեք չի կարելի քրտնած վիճակում քսել, քանի որ դա ավելի կուժեղացնի և կգրգռի տհաճ հոտը:
  • Ոտքերի խնամք – Ամեն օր լվանալ ոտքերը և լավ չորացնել, չորացնել նաև ոտքերի մատերի արանքները: Ընտրել հարմար և շնչող կոշիկ, ոչ բարձր կրունկներով:
  • Կրծքեր – Սեռական հասունացման ժամանակ սկսում են նաև մեծանալ և փոխվել կրծքերը և յուրաքանչյուրի մոտ դա լինում է անհատական, մեկի մոտ կրծքագեղձերը մեծ են, մյուսների մոտ՝ փոքր: Տարիքից ելնելով`աղջիկները ցանկություն են հայտնում կրել կրծքալներ: Եթե որոշում եք կայացրել կրծքալ կրել, ապա անհրաժեշտ է ընտրել հնարավորինս անվտանգ տեսակ: Կրծքալը պետք է լինի բամբակյա և առանց ներսի փայտիկների, որոնք ձգում են կուրծքը և պարբերաբար կրծքերը պահում կաղապարի մեջ: Եթե, այնուամենայնիվ, ընտրել եք փայտիկներով կրծքալ, ապա հիշեք, որ կրծքալից փայտիկների դուրս գալու պարագայում հարկ չկա նորից դրանք տեղադրեք ներս, քանի որ միևնույնն է`դրանք դուրս են գալու և սեղմելու են կուրծքը: Պետք է հիշել, որ կրծքալ ընտրելիս անհրաժեշտ է ուշադրություն դարձնել կրծքալի և կրծքագեղձի ճիշտ չափին, հակառակ դեպքում կարող են առաջանալ առողջական խնդիրներ: Կարևոր է նաև սովորեցնել, որ ամբողջ օրը կրծքալ կրելը կրծքերի առողջության համար լավ տարբերակ չէ, ընտրեք ժամեր, երբ կկարողանաք հանել այն և հանգստանալ, առավել ևս հանեք կրծկալը քնելու ժամանակ:
  • Մազերի հեռացում – Յուրաքանչյուր մարդ ընտրում է իրեն հարմար մազահեռացման տարբերակը և մարդիկ կան, ովքեր անհարմարավետություն են զգում մազերը հեռացնել և դա լիովին բնական պրոցես է, ուղղակի մազահեռացման տարբերակից օգտվելու համար հարկ է հիշել, որ անհրաժեշտ է զերծ մնալ լազերային էպիլյացիայից, քանի որ տվյալ ճառագայթների ծագումնաբանությունը դեռևս ապացուցված և պարզաբանված չէ: Պետք է օգտվել մաշկին ամենահարմար և ընդունելի տարբերակից՝ ոմանք հարմարվում են մազերը սափրելուն, մյուսները` այլ  տեսակի մազահեռացման: Ցայլքի շրջանի մազերը ևս առավել կոկիկ դարձնելու նպատակով կարող եք կտրատել, բայց ոչ ամբողջովին հեռացնել, քանի որ տվյալ հատվածի մազերը նաև պաշտպանական ֆունկցիա են կատարում: Անհրաժեշտ է հիշել, որ յուրաքանչյուր մազ հենց այնպես չի առաջանում մարմնի հատվածներին, ուղղակի կարևոր է հասկանալ, թե յուրաքանչյուր մարդ ինչպես է իրեն ավելի հարմարավետ զգում:
  • Հասակ և քաշ – Յուրաքանչյուր մարդ ունի իրեն հատուկ կազմվածքը և եթե այն սահմանված «ստանդարտի» մեջ չի մտնում, ապա դա դեռևս չի նշանակում, որ այն տգեղ է կամ ոչ ընդունելի: Անկախ այն հանգամանքից` տվյալ անձը բարձրահասակ է, թե ոչ, սպիտակամաշկ է, թե ավելի մուգ մաշկով,  գեր է, թե նիհար, նա գեղեցիկ է և ունի իրեն բնորոշ  անհատականությունը: Իսկ եթե անձը դիտում է տարբեր տեսահոլովակներ, պետք է իմանա, որ դրանց մեծամասնությունն իրական չէ և նկարահանվում են, որպեսզի դու սկսես նմանակել իրենց: Դեռահասները կարող են ունենալ շատ խնդիրներ քաշի հետ կապված, իրենց թվում է, թե իրենք շատ գեր են և սկսում են տարբեր դիետաներ պահել, որպեսզի նիհարեն, որը շատ վտանգավոր է զարգացող, աճող  օրգանիզմի համար: Շատ կարևոր է այս ամենի մասին խոսել և բացատրել:
  • Սննդակարգ – Շատ կարևոր է դեռահասներին բացատրել, թե ինչու է անհրաժեշտ ճիշտ սնվելը և ինչ է այն իրենից ներկայացնում, ինչու է կարևոր ռեժիմով սնվելը և ինչով են վտանգավոր դիետաները: Կարևոր է իմանալ, որ գոյություն ունեն սննդի հետ կապված խնդիրներ՝ բուլիմիա և անորեքսիա: Անորեքսիան այն երևույթն է, երբ մարդուն թվում է, թե ինքը շատ գեր է և ընդհանրապես հրաժարվում է սննդից կամ ուտելուց հետո արհեստականորեն փսխում է առաջացնում, իսկ բուլիմիան այն երևույթն է, երբ անձը սթրեսի արդյունքում սկսում է չափից ավելի սնվել կամ այնպիսի բաներ ուտել, որոնք ուտելու ենթակա չեն: Հարկավոր է ճանաչել տվյալ խնդիրների նշանները և կանխարգելել:
  • Սեռական ցանկություն – Սեռական հասունացման ընթացքում, թե’ տղաների, թե’ աղջիկների մոտ կարող է արթնանալ սեռական ցանկություն, որը միանգամայն բնական երևույթ է:
  • Սեռական հասունացում – Այս ընթացքում աղջիկների մոտ սկսվում է դաշտանային ցիկլը, որին պարտադիր պետք է նախապես պատրաստված լինեն բոլոր դեռահաս աղջիկները: Պետք է բացատրել` ինչ է դաշտանային ցիկլը, ինչպես է ընթանում, բացատրել, որ դա հիվանդություն չէ, այլ զարգացման բնականոն ընթացք է, խոսել նաև, որ ոչ բոլոր աղջիկները կարող են ունենալ դաշտանային ցիկլ: Տղաների հետ պետք է խոսել սերմնաժայթքման մասին, ինչպես և ինչու է այն տեղի ունենում, որպեսզի, երբ սկսվի այդ ընթացքը նրանք լինեն պատրաստված և տեղեկացված: Պետք է նախապատրաստել դեռահասին, որ սկզբնական շրջանում դաշտանը կարող է լինել անկանոն և հետո նոր կարգավորվել: Պետք է ընտրել միջադիրի տեսակը կամ օգտվել տամպոններից:

Դաշտանային ցիկլ

Վերարտադրողական կյանքի յուրաքանչյուր ամսում մի քանի օր շարունակ կնոջ արգանդից արյունային արտադրություն է լինում, որն անցնելով հեշտոցով, դուրս է գալիս օրգանիզմից: Սա կոչվում է ամսական արյունահոսություն կամ դաշտան: Սա առողջ գործընթաց է, և կանանց մեծամասնությունը դաշտանը համարում է կյանքի նորմալ ընթացքի երաշխիք: Սակայն հաճախ նրանք անտեղյակ են լինում, թե ինչու է դա տեղի ունենում և կամ ինչու է դրա բնույթը երբեմն փոփոխվում:

Կրծքագեղձերը մեծանալուց 1-2 տարի հետո ի հայտ է գալիս դաշտանային ցիկլը։ Աղջիկների սեռական հասունացման կարևոր իրադարձություններից է առաջին դաշտանը։ Որոշ դեպքերում դաշտանից առաջ կամ դրա ընթացքում կարող են ծակոցներ կամ որովայնի ստորին հատվածներում թույլ ցավեր լինել։ Շատ աղջիկներ նաև դաշտանի ընթացքում կրծքերի շրջանում զգում են որոշակի փոփոխություններ. դաշտանից առաջ կրծքերը կարող են ցավել, մի քիչ ուռչել ու զգայուն դառնալ։ Մեծ մասամբ, դրանք բնական զգացողություններ են։ Դաշտանը սովորաբար սկսվում է 13-14 տարեկանում, բայց երբեմն կարող է սկսվել ավելի վաղ՝ 9 տարեկանում, կամ ավելի ուշ՝ 16 տարեկանում։ 16 տարեկանից բարձր հասակում դաշտանի բացակայության դեպքում կարող եք անպայման դիմել բժշկի։

Մի դաշտանի առաջին օրից մինչև հաջորդի առաջին օրն ընկած ժամանակաշրջանը կոչվում է դաշտանային ցիկլ։

Դաշտանային ցիկլը յուրաքանչյուր կնոջ մոտ տարբեր է: Այն սկսվում է դաշտանի անմիջապես առաջին օրվանից: Կանանց մեծամասնության մոտ դաշտանային ցիկլը սկսվում է 28 օրը մեկ: Սակայն ոմանք ունենում են ավելի հաճախ, ոմանք էլ`ավելի սակավ պարբերականությամբ:

Բնականոն են համարվում նաև դաշտանի 21-ից 35-օրյա ցիկլերը։ Եթե ցիկլը տևում է 21 օրից ավելի քիչ կամ 35 օրից երկար՝ կարող եք խորհրդակցել բժշկի հետ։ Դաշտանը սովորաբար տևում է 2-7 օր (միջին՝ 3-5 օր): Դաշտանային արյունահոսությունը կարող է լինել թեթև, միջին և շատ։ Երբեմն արյան գույնը կարող է լինել բաց կամ մուգ։ Կարող են դիտվել նաև արյան մուգ մակարդուկներ, որը նորմալ է։ Դաշտանային ցիկլը սկսվելուց մի քանի տարիներ շարունակ կարող է նաև անկանոն լինել. դաշտանի տևողությունը, արյան կորստի և անհարմարավետության աստիճանը կարող են փոփոխվել, որը ևս նորմալ է։ Ժամանակի ընթացքում դաշտանային ցիկլը դառնում է ավելի կանոնավոր։

Լավ սովորություն է դաշտանային ցիկլի օրերի նշումը` կարևոր փոփոխությունները նկատելու համար: Գրանցումը հնարավորություն կտա հասկանալ, թե երբ է լինելու հաջորդ դաշտանը, ինչպես նաև հիշել` արդյոք այդ ամիս դաշտան եղել է թե ոչ, ունենալ դաշտանային ցիկլի օրացույց, որը կարելի է ցույց տալ բժիշկ-գինեկոլոգին: Դաշտանային ֆունկցիայի վրա ազդում են տարբեր գործոններ և դաշտանային ցիկլը դարձնում անկանոն հետևյալ գործոնները՝

  • Սթրես. եթե աղջիկները սթրես են ունեցել, դաշտանը կարող է դադարել որոշ ժամանակով, բայց սովորաբար վերսկվսում է սթրեսից հետո:
  • Մարզանք. ծանրաբեռնված ֆիզիկական ակտիվությունը կարող է պատճառ դառնալ, որ օրգանիզմում ցածր լինի ճարպային հյուսվածքի քանակությունը, որի հետևանքով դաշտանը կարող է ուշանալ կամ դադարել:
  • Քաշի մեծ կորուստ. անորեքսիա ունեցող աղջիկների դաշտանը սովորաբար կամ հետաձգվում է կամ ընդհատվում:
  • Հորմոնային խնդիրներ. նորմալ դաշտանային ցիկլի դեպքում հորմոնների քանակը տատանվում է, երբեմն լինում են հորմոնային խնդիրներ, օրինակ՝ պոլիկիստոզ (ձվարանների վրա փոքր կիստաներ), որը առաջացնում է դաշտանային ցիկլի խանգարումներ:

Դաշտանի հայտնվելը նշանակում է, որ ձվարաններում ձվաբջիջներ են սկսում զարգանալ և արտազատվել, այսինքն սեռական հարաբերություն ունենալու դեպքում աղջիկն արդեն կարող է հղիանալ։

Ձվարաններում արտադրվող հորմոնների՝ էստրոգենի և պրոգեստերոնի քանակը դաշտանային ցիկլի ընթացքում փոփոխվում է: Ցիկլի առաջին կեսի ընթացքում ձվարանները հիմնականում էստրոգեն են արտադրում: Ցիկլի երկրորդ կեսի ընթացքում արգանդի լորձաթաղանթը հաստանում է` այսպիսով  ստեղծվում է ներքին շերտ, որպեսզի հղիանալու դեպքում սաղմի հետագա զարգացման և աճի համար ձևավորվի բարենպաստ պայման:  Ցիկլի ընթացքում, երբ արգանդի լորձաթաղանթը հասել է բավարար հաստության, ձվաբջիջ է արտազատվում ձվարաններից մեկից: Այս փուլը կոչվում է ձվազատում: Այնուհետև ձվաբջիջն արգանդափողերով ուղևորվում է դեպի արգանդ: Այդ ընթացքում կինը բեղուն է և կարող է հղիանալ: Եթե կինը սեռական հարաբերություն ունենա, ապա տղամարդու սերմնահեղուկը կարող է միանալ ձվաբջջին: Ձվաբջիջն արգանդափողում սպասում է մոտ 24 ժամ, իսկ տղամարդու սերմնահեղուկը կնոջ օրգանիզմում կարող է գոյատևել 5-7 օր: Ուստի, նույնիսկ եթե չպաշտպանված սեռական հարաբերությունը տեղի է ունեցել  ձվազատումից մի քանի օր առաջ, ապա կինը կարող է հղիանալ: Այս գործընթացը կոչվում է բեղմնավորում և հանդիսանում է հղիության սկիզբը: Էստրոգեն հորմոնի արտադրումն օրգանիզմում կարող է առաջացնել հետևյալ զգացողությունները՝ կինը կարող է ավելի ակտիվ և աշխույժ լինել, լավ տրամադրություն և ախորժակ ունենալ, մարսողական համակարգն ավելի լավ աշխատի, ակտիվ սեռական ցանկություն ցուցաբերի և այլն: Ցիկլի երկրորդ կեսի ընթացքում՝ մինչ հաջորդ դաշտանի սկսվելը, կնոջ օրգանիզմը նաև պրոգեստերոն է արտադրում: Պրոգեստերոն հորմոնի արտադրությունը կնոջ օրգանիզմում կարող է առաջացնել  հետևյալ զգացողությունները՝ կինը նվազ ակտիվ և քնկոտ է լինում, հոգնածության զգացում է ունենում, երբեմն նյարդայնանում է առանց պատճառների, սեռապես ավելի պակաս ակտիվ է լինում: Սա է պատճառը, որ կանայք մինչ ամսական արյունահոսությունը և այդ ընթացքում ևս ունենում են վատ տրամադրություն, իսկ ամսական արյունահոսությունից հետո առավել ակտիվ են լինում: Եթե ձվաբջիջը չի բեղմնավորվել, ապա արգանդի լկորձաթաղանթի հաստացած շերտն այլևս անհրաժեշտ չէ: Ձվարանները դադարում են համապատասխան հորմոններ արտադրել և լորձաթաղանթի այս շերտը սկսում է քայքայվել: Երբ արգանդի հաստացած լորձաթաղանթը պոկվում է և դուրս  գալիս օրգանիզմից դաշտանային արյան հետ, ձվաբջիջը նույնպես արտազատվում է: Սա ամսական նոր ցիկլի սկիզբն է: Դաշտանից հետո ձվարանները կրկին սկսում են ավելի քիչ քանակությամբ էստրոգեն արտադրել և արգանդի խոռոչի լորձաթաղանթում սկսում է զարգանալ մեկ այլ շերտ:

Դաշտանի հետ կապված խնդիրներ

Երբեմն ձվարանը ձվաբջիջ չի արտազատում: Այս դեպքում կնոջ օրգանիզմն ավելի քիչ պրոգեստերոն է արտադրում, ինչի ազդեցության ներքո փոփոխության է ենթարկվում  նաև դաշտանային ցիկլի հաճախականությունն ու առատությունը: Աղջիկներն, ում մոտ դաշտանը հենց նոր է սկսվել, կամ կանայք, ովքեր վերջերս են դադարել կրծքով կերակրել, կարող են մի քանի ամիսը մեկ արյունահոսել: Երբեմն էլ արյունահոսությունը կարող է չափազանց առատ կամ սակավ լինել: Սակայն ցիկլը ժամանակի ընթացքում կարգավորվում է: Ավելի տարեց կանանց մոտ, ում մոտ դեռ դաշտանադադար չի սկսվել, ամսական արյունահոսությունը կարող է ավելի հաճախակի բնույթ կրել և ավելի առատ լինել, քան երիտասարդ ժամանակ: Երբ մոտենում է դաշտանադադարը, կանանց մեծամասնության մոտ մի քանի ամիս շարունակ դաշտան չի լինում, այնուհետև ցիկլը վերականգնվում է և սա կարող է տևել որոշ ժամանակ:

Անմիջապես պետք է դիմել բժշկի հետևյալ ախտանիշների դեպքերում.

  • Դաշտանը դադարում է 90 օրից ավել
  • Կանոնավոր դաշտանից հետո առաջացել են դաշտանային ֆունկցիայի խանգարումներ
  • Դաշտանի ընթացքում արյունահոսությունը տևում է 7 օրից ավել
  • Դաշտանի արյունահոսությունն ավելի առատ է, այնքան, որ միջադիրը պետք է փոխվի 1-2 ժամից ավելի շուտ
  • Դաշտանային ցիկլը 21 օրից կարճ է կամ 35 օրից ավելի
  • Երկու դաշտանային ցիկլերի միջև դիտվում է արյունահոսություն
  • Սուր ցավ դաշտանի ընթացքում, որը բացակայում էր նախկինում
  • Ջերմություն և վատ ինքնազգացողություն` տամպոն օգտագործելուց հետո
  • Դաշտան չեն ունեցել մինչև 15 տարեկանը կամ կրծքերի մեծանալուց 3 տարի հետո

Սովորաբար դաշտանային ցիկլի խախտումները լուրջ խնդիր չեն, բայց կարող են նաև  առողջական որոշակի խնդիրների մասին հուշել: Եթե աղջիկներն ունեցել են սեռական հարաբերություն, դաշտանի ընդհատումը կարող է հղիության նշան լինել։

Դաշտան և սեռական հարաբերություններ

Ամսական արյունահոսության օրերի ընթացքում կարելի է ունենալ սեռական հարաբերություններ: Եթե զուգընկերներն իրենց հանգիստ են զգում և ցանկանում են սեռական հարաբերություններ ունենալ, ապա սեռական հարաբերությունները վնասակար չեն օրգանիզմի համար: Սակայն պետք է հիշել, որ արյունային օրերի ընթացքում կնոջ սեռավարակ ձեռք բերելու հավանականությունն առավել մեծ է, քանի որ կնոջ արգանդի վզիկը փոքր-ինչ լայնանում է` այսպիսով առավել խոցելի դառնալով սեռավարակների նկատմամբ: Ուստի, եթե համոզված չեք, որ Ձեր զուգընկերը առողջ է /չունի սեռավարակներ/, ապա անհրաժեշտ է անպայման պաշտպանվել՝ օգտագործելով պահպանակ:

Դաշտան և հղիություն

Շատ կանանց թվում է, որ դաշտանային արյունահոսության օրերի ընթացքում, եթե ունենան չպաշտպանված սեռական հարաբերություններ տղամարդու հետ, ապա չեն կարող հղիանալ: Սա ճիշտ է այն դեպքում, երբ կնոջ դաշտանային ցիկլը պարբերաբար երկար է տևում, այսինքն կինն արյուն է տեսնում օրինակ ամեն 30 կամ ավելի օրը մեկ: Այս դեպքում կինը չի կարող հղիանալ իր դաշտանի օրերի ընթացքում, սակայն, եթե կնոջ մոտ առկա է ավելի հաճախակի դիտվող արյունահոսություն, օրինակ 21 օրը մեկ, ապա ձվազատման մոտակա օրերը կարող են լինել հենց արյունային օրերի վերջին օրերը: Ուստի զգույշ եղեք, եթե չեք պլանավորում հղիություն:

Նախադաշտանային ախտանիշներ

Որոշ կանայք և աղջիկներ դաշտանին նախորդող մի քանի օրերի ընթացքում տհաճ զգացողություններ են ունենում: Նրանց մոտ կարող են նախադաշտանային ախտանիշների մեկ կամ մի քանի նշաններ հայտնվել ինչպիսիք են օրինակ`

  • Ցավոտ կրծքեր,
  • Որովայնի ներքևի հատվածում ծանրության և հագեցվածության զգացում,
  • Դժվարամիզություն,
  • Չափազանց հոգնած լինելու զգացողություն,
  • Մկանների ցավոտություն՝ հատկապես որովայնի և մեջքի հատվածում,
  • Հեշտոցի խոնավության փոփոխություն,
  • Դեմքի մաշկի յուղոտվածություն կամ կորյակներ,
  • Դժվար կառավարելի զգացումներ և զգացմունքներ:

Շատ կանայք յուրաքանչյուր ամիս ունենում են այս ախտանիշներից մեկը, իսկ ոմանք բոլորը միասին: Երբեմն էլ, ամիսների ընթացքում ախտանիշների բնույթը փոփոխվում է: Բազմաթիվ կանանց համար նախադաշտանային օրերը տհաճ և անհանգիստ են լինում: Սակայն որոշ կանայք էլ պնդում են, որ իրենք շատ ավելի կենսունակ և գործունյա են դառնում այդ ժամանակահատվածում:

Ի՞նչ անել

Նախադաշտանային ախտանիշները հաղթահարելու մեթոդներն ու միջոցները տարբեր են յուրաքանչյուր կնոջ համար: Որպեսզի հասկանալ, թե որ միջոցն է ավելի արդյունավետ, կինը պետք է փորձի դրանցից մի քանիսը: Լավ կլինի հետևել ստորև նշված խորհուրդներին՝

  • Խմե’ք օրեկան ութ բաժակ բնական ջուր:
  • Փորձե’ք խուսափել կոֆեին պարունակող ըմպելիքներից:
  • Փորձե’ք անմշակ հացահատիկ, թարմ ձուկ, միս, կաթ և այլ սպիտակուցներով հարուստ սնունդ ընդունել:
  • Մարզվե’ք շատ:

Հիգիենան դաշտանային ցիկլի ժամանակ

Միջադիրն այն հատուկ հիգիենիկ փաթեթն է, որն աղջիկներն ու կանայք դաշտանային ցիկլի ժամանակ տեղադրում են ներքնաշորին՝ արյունը հավաքելու համար։ Տամպոնն ավելի փոքր հիգիենիկ փաթեթ է, որը տեղադրվում է հեշտոցի ներսում, իսկ դրա թելը կախվում է դուրս։ Կարելի է գնել տարբեր տեսակի միջադիրներ և տամպոններ՝ տարբեր չափերի, ձևերի և հաստության, ըստ կնոջ նախապատվության և հարմարության: Որոշ աղջիկներ վախենում են օգտագործել տամպոններ` կարծելով, թե այն կվնասի կուսաթաղանթը: Կան հատուկ տամպոններ, որոնք նախատեսված են կույս աղջիկների համար՝ ավելի փոքր են և նեղ: Միջադիրներ ընտրելիս ուշադրություն դարձրեք, որ լինեն հնարավորինս բամբակյա արտադրության և անհոտ, քանի որ կարող են առաջ բերել մի շարք ալերգիկ ռեակցիաներ: Եթե օգտագործում եք միջադիր և այն Ձեզ անհարմար է թվում, ապա փոխեք մեկ այլ միջադիրի հետ, կամ օգտագործեք բամբակյա կտոր կամ տամպոն: Տամպոն օգտագործելը անվտանգ է կանանց և աղջիկների համար, տամպոն օգտագործելիս պետք է փոխեք այն ամեն 3 ժամը մեկ և չմոռանաք տեղադրել մեկ այլ տամպոն, եթե հեշտոցի ներսում արդեն կա մեկը:

Դաշտան և ցավ

Դաշտանի ընթացքում արգանդը կրճատվում է` արգանդի հաստացած լորձաթաղանթի շերտանջատման, ինչպես նաև` արգանդի խոռոչում կուտակված արյան մակարդուկների հեռացման նպատակով:  Արգանդի կրճատումը կարող է առաջացնել ցավեր` որովայնի կամ մեջքի ներքևի հատվածում:

Ի՞նչ է անհրաժեշտ ձեռնարկել նմանօրինակ դեպքերում

  • Տրորե’ք Ձեր որովայնի ներքևի հատվածը. դա օգնում է, որպեսզի մկանները թուլանան:
  • Որևէ տարա լցրե’ք տաք ջրով և դրեք որովայնի կամ մեջքի ներքևի հատվածում: Կամ որևէ հաստ կտոր թրջեք տաք ջրով, քամեք և դրեք ցավացող հատվածին:
  • Փորձե’ք շատ քայլել, մարզվել և զբոսնել:
  • Փորձե’ք խուսափել կոֆեին պարունակող ըմպելիքներից /սուրճ, թեյ/:

Սերմնաժայթքում կամ երազախաբություն

Տղամարդիկ դաշտան չեն տեսնում, քանի որ օժտված չեն այն օրգան համակարգով, ինչով որ օժտված են կանայք: Տղամարդիկ իրենց սեռական հասունացման ընթացքում կարող են ունենալ սերմնաժայթքում կամ այսպես ասած երազախաբություն: Քանի որ սեռական հասունացման ժամանակ տղաների մոտ սկսում են արտադրվել սեռական հորմոնները, դրանց արդյունքում սերմնահեղուկ է ձևավորվում, որը  սկսում է դուրս գալ օրգանիզմից: Տվյալ գործընթացը կարող է դիտվել  քնած ժամանակ և կարող է նույնիսկ ուղեկցվել էրոտիկ բնույթի երազներով, որի ընթացքում տեղի կունենա սերմնաժայթքում: Հաճախ տղաներն առավոտյան կարող են չհասկանալ, թե ինչ արտադրություն է իրենց ներքնազգեստի վրա և նույնիսկ կարող են այն շփոթել և խառնել գիշերամիզության հետ: Կարևոր է նրանց բացատրել, որ տվյալ երևույթը բնական գործընթաց  է: Հաճախ առավոտյան կամ օրվա ընթացքում տղաների մոտ կարող է դիտվել առնանդամի կանգ /էրեկցիա/, որը ևս տարբեր հարցեր կարող է առաջացնել տղաների մոտ: Այս գործընթացը ևս բնական է և նշան է այն բանի, որ օրգանիզմն աճում ու զարգանում է իր հունով:

Հաճախ տրվող հարցեր

  • Հարց – Ե՞րբ են ավարտվում սեռական հասունացման շրջանում դիտվող փոփոխությունները:

Պատասխան – Սեռական հասունացման ընթացքում դիտվող փոփոխությունների ավարտը շատ անհատական է, մեկի մոտ դրանք կարող են ավելի շուտ ավարտվել, մյուսի մոտ՝ ավելի ուշ, սակայն այս գործընթացն ավարտվում է մոտավորապես  մինչև 18 տարեկան հասակը:

  • Հարց – Որքա՞ն կարող է մեծանալ կուրծքը:
  • Պատասխան – Շատ անհատական է, լիմոնի չափից մինչև նարնջի չափ և այլն, այստեղ դեր ունի  նաև ժառանգական գործոնը, բայց հիմնականում կրծքագեղձերի չափն անհատական է:
  • Հարց -Որքա՞ն պետք է լինի առնանդամի ճիշտ չափը:

Պատասխան – Գոյություն չունի ճիշտ չափ: Հաճախ տղաներն անհանգստանում են և կարծում են, որ իրենց առնանդամն ավելի մեծ պետք է լիներ՝ համեմատելով մյուսների հետ: Յուրաքանչյուրի մոտ այս օրգանը զարգանում է յուրովի և առնանդամի չափը սեռական հարաբերության ընթացքում որևէ որակ չի կարող ապահովել: Շատերին թվում է` որքան մեծ լինի առնանդամը, այնքան հաճույքն ավելի ուժգին կլինի, սակայն այն չի համապատասխանում իրականությանը:

  • Հարց – Ե՞րբ է սկսվում դաշտանային ցիկլը:

Պատասխան – Անհատական բնույթ է կրում: Մեկի մոտ կարող է սկսվել 9-10 տարեկանում, մյուսի մոտ՝ 13-14 կամ ավելի ուշ և սա բնական է:

  • Հարց – Տղաներն ունենու՞մ են դաշտանային ցիկլ:

Պատասխան – Տղաները չեն կարող ունենալ դաշտան, քանի որ չունեն կնոջ վերարտադրողական օրգաններ: Տղաների և աղջիկների սեռական և վերարտադրողական օրգանները տարբերվում են միմյանցից:

  • Հարց – Ինչպե՞ս անել, որ գեղեցիկ մարմին ունենաս:

Պատասխան – Գեղեցկությունը չունի որևէ չափանիշ, յուրաքանչյուր մարդ գեղեցիկ է յուրովի՝ նիհար, թե գեր, կարճահասակ, թե բարձրահասակ, բոլորը գեղեցիկ են և պետք չէ փորձել նմանվել մյուսներին: Պետք է փորձել գնահատել և սիրել այն մարմինը, որն ունեք և տարբեր զոհողությունների չգնաք հանուն որոշակի չափանիշների, քանի որ վերջիններս կարող են լուրջ հետևանքներ թողնել առողջության վրա:

  • Հարց – Արդյո՞ք տամպոնների օգտագործումը վնասակար չէ առողջության համար

Պատասխան – Այս թեմայի շուրջ առկա են տարբեր հակասական տեսություններ: Ոմանք պնդում են, որ դրանք կարող են առաջացնել հեշտոցի հետ կապված  խնդիրներ: Համաձայն գրականության որոշ աղբյուրների էլ`տամպոններն առավել անվտանգ են, քան միջադիրները, քանի որ դրանք բամբակյա են: Մեր խորհուրդն է` փորձել ինքնուրույն հասկանալ, արդյոք այն որևէ վնասակար կամ ալերգիկ երևույթներ չի առաջացնում օրգանիզմում: Եթե զգում եք, որ հանգիստ եք տամպոն օգտագործելիս, ապա կարելի է լիարժեք կերպով այն օգտագործել, իսկ եթե կինն օգտագործելիս անհարմարավետություն է զգում, ապա կարելի է օգտագործել միջադիր կամ կտոր:

  • Հարց – Քանի՞ օրը մեկ կարող է լինել երազախաբությունը և ե՞րբ է ավարտվում տվյալ երևույթը:

Պատասխան – Երազախաբությունն սկսվում է սեռական հասունացման ժամանակ և շատ անհատական բնույթ է կրում, մեկի մոտ այն կարող է դիտվել ամեն օր, մինչդեռ մյուսի մոտ`ոչ հաճախ և սա բնական է: Երազախաբությունը կարող է շարունակվել ամբողջ կյանքի ընթացքում և սակավանալ կյանքի ընթացքում, եթե տղամարդը սեռապես ակտիվ է:

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ

© 2016 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս, ռադիո եւ հեռուստաընթերցումների դեպքում, հղումը serakanutyun.org-ին պարտադիր է: Serakanutyun.org- ի հեղինակային հոդվածները, լուսանկարներն արտատպելու համար պարտադիր է ստանալ գրավոր համաձայնությունը:

  • Մեր մասին
  • Ինչպես խոսել երեխայի հետ սեռականության մասին
  • Ինչպես հղել մեզ հարց
  • Կապ