Առողջ հարաբերությունները ապահով և աջակցող տարածք ստեղծելու մասին են: Դրանք պետք է կառուցված լինեն վստահության, հարգանքի և անկեղծ հաղորդակցության վրա: Առողջ հարաբերություններում զուգընկերներն իրենց գնահատված և հասկացված են զգում:
Փոխադարձ հարգանք
Առողջ հարաբերություններում փոխադարձ հարգանքն առանցքային է: Սա նշանակում է, որ և՛ դու, և՛ զուգընկերդ հարգում եք միմյանց կարծիքները, զգացմունքները և անձնական սահմանները: Դու պետք է հստակ զգաս, որ քո գաղափարներին ու մտահոգություններին լուրջ են վերաբերվում, և որ կարող ես առանց վախենալու արտահայտել մտքերդ ու չմտածել, որ դրանք կանտեսվեն կամ կարհամարհվեն: Հարգել նշանակում է գնահատել, վստահել միմյանց ու չխախտել անձնական սահմանները, և առանց այդ հարգանքի՝ անհնար է հարաբերություններում վստահության և անվտանգության հիմք ստեղծել:
Անկեղծ հաղորդակցություն
Հաղորդակցությունը ցանկացած առողջ հարաբերությունների սիրտն է: Պետք է հարմարավետության զգացում ունենաս, երբ զուգընկերոջդ հետ բաց ու անկեղծ քննարկումներ ես ունենում, վստահ լինես, որ քո արտահայտած մտքերն ու զգացմունքները երբեք չի քննադատի: Սա առանցքային դեր ունի, որովհետև բացի նրանից, որ առանց կաշկանդվելու կարող ես խոսել քեզ հուզող հարցերի շուրջ, նաև քո օրինակով օգնում ու քաջալերում ես զուգընկերոջդ անելու նույնը: Առանց կաշկանդվելու կիսվելը երկուսիդ էլ օգնում է ավելի լավ միմյանց հասկանալու և էլ ավելի ամրապնդելու ձեր կապը: Իհարկե, պետք չէ մոռանալ, որ երբեմն նաև դժվար ու ծանր զրույցներ են լինում, սակայն այս ամենը ձեզ օգնում է միասին աճելու և ձեր հարաբերություններից լիարժեքության ու բավարարվածության զգացում ունենալու:
Հավասարություն
Հարաբերություններում, երբ երկուսն էլ որոշումներ կայացնելու հավասար իրավունք ունեն, իրենք միանշանակ գտնվում են հավասարության մեջ, ինչն էլ միևնույն թիմում լինելու զգացողություն է առաջացնում: Զուգընկերներից ոչ մեկը չպետք է ավելի շատ վերահսկողություն կամ իշխանություն ունենա մյուսի նկատմամբ: Փոխարենը հարաբերությունների վերաբերյալ բոլոր որոշումները պետք է ընդունվեն միասին՝ հաշվի առնելով միմյանց կարիքներն ու ցանկությունները: Անկախ նրանից, թե ինչ ֆիլմ եք դիտելու կամ կյանքի վերաբերյալ ինչ կարևոր որոշումներ եք կայացնելու, երկուսդ էլ պետք է վստահ լինեք, որ յուրաքանչյուրիդ ձայնը կարևոր է:
Աջակցություն
Միմյանց անհատականությանը կամ նպատակներին ու պլաններին աջակցելն առողջ հարաբերությունների կարևոր մասն է կազմում: Սա նշանակում է ոգևորել ու աջակցել իրար ոչ միայն հարաբերությունների ներսում այլև դրանցից դուրս՝ կյանքի տարբեր իրավիճակներում, լինի դա աշխատանք, համալսարան թե հոբբի: Երազանքներին կամ նպատակներին հասնելու ճանապարհին իրար խրախուսելն ու ոգևորելը ամրացնում է ձեր կապը և ցույց տալիս, որ ձեզ համար կարևոր է մյուսի հաջողոթյունն ու երջանիկ լինելը: Այս ամենի հետ մեկտեղ նաև շատ կարևոր է սեփական անհատականությունը պահպանելն ու զուգընկերոջ կյանքի ու հետաքրքրությունների մեջ չտարրալուծվելը։
Անառողջ հարաբերությունների նշաններ
Կարևոր է իմանալ և նկատել անառողջ հարաբերությունների նշանները, որպեսզի հնարավոր լինի վաղաժամ լուծել խնդիրները կամ անհրաժեշտության դեպքում օգնության դիմել: Ահա մի քանի հիմնական բաներ, որոնց պետք է ուշադրություն դարձնել.
Մանիպուլյացիա
Երբ զուգընկերդ քեզ փորձում է վերահսկել կամ ազդում է քեզ վրա այնպես, որ դու քեզ անհարմար, երբեմն էլ ճնշված ես զգում:
Խանդ
Երբ զուգընկերդ չափից դուրս խանդոտ է, դա կարող է բերել վերահսկող վարքագծի: Չափից ավելի խանդը կարող է լինել անինքնավստահության և քեզ չվստահելու նշան:
Ճնշում
Երբ բաներ ես անում ոչ թե քո ցանկությամբ, այլ կողմնակի ճմշման հետևանքով, լինեն դրանք սեռական հարաբերություններ թե ուղղակի միասին ժամանակ անցկացնելը:
Անձնական սահմանների խախտում
Երբ զուգընկերդ չի հարգում անձնական սահմաններդ կամ էլ պարբերաբար փորձում է խախտել:
Եթե նկատում ես այս ամենը, ապա պետք է քայլեր ձեռնարկես: Քո մտահոգություններով միշտ էլ կարող ես կիսվել մտերիմ մարդու կամ տան անդամի հետ, ում հետ քեզ ամենաապահովն ու հարմարավետն ես զգում, կամ էլ կարող ես դիմել մասնագետի օգնությանը: Յուրաքանչյուր դեպքում էլ քեզ կաջակցեն ու կփորձեն հարթել իրավիճակը:
Հիշի՛ր, որ առողջ հարաբերություններում դու քեզ հարմարավետ ու գնահատված ես զգում, և այն քո կյանքը դարձնում է ավելի լավը, մինչ անառողջ հարաբերությունները քեզ անվերջ պահում են վախի, հուսահատության և անբավարարվածության զգացման մեջ: Միշտ առաջնահերթություն տուր քո բարեկեցությանը և մի՛ հապաղիր օգնություն փնտրել, եթե դրա կարիքը ունես: