• Մեր մասին
  • Ինչպես խոսել երեխայի հետ սեռականության մասին
  • Ինչպես հղել մեզ հարց
  • Կապ
[email protected]
Login

Login
ՍեռականությունՍեռականություն
  • Մեր մասին
  • Ինչպես խոսել երեխայի հետ սեռականության մասին
  • Ինչպես հղել մեզ հարց
  • Կապ

Կնոջ սեռական օրգաններ

Կնոջ սեռական օրգաններ

Իգական արտաքին սեռական և վերարտադրողական օրգաններ

mmm

  • Մեծ սեռաշուրթերը մաշկի արտաքին ծալքեր են, որոնք ծածկում են և նաև պաշտպանում փոքր սեռաշուրթերն ու արտաքին սեռական օրգանների այլ հատվածները: Յուրաքանչյուրի մոտ դրանք կարող են լինել տարբեր գույնի, չափի և ձևի, ինչպես նաև մի սեռաշուրթը կարող է տարբերվել մյուսից: Սեռական գրգռման ժամանակ մեծ սեռաշուրթերը կարող են փքվել և փոխել գույնը: Մեծ սեռաշուրթերը ծածկված են ցայլքի հատվածում աճող մազերով, որոնք նուրբ մաշկը լրացուցիչ պաշտպանում են անմիջական հպումներից։
  • Փոքր սեռաշուրթերը շրջափակում են հեշտոցային բացվածքը և ծածկված են մեծ սեռաշուրթերով: Ի տարբերություն մեծ սեռաշուրթերի՝ դրանք մազածածկույթ չունեն և նյարդային վերջավորությունների մեծ խտության պատճառով սովորաբար ավելի զգայուն են: Այս նյարդային վերջավորությունները նպաստում են սեռական ակտից հաճույք ստանալուն: Ինչպես մեծ սեռաշուրթերը, այնպես էլ փոքրերը յուրաքանչյուրի մոտ կարող են տարբեր լինել՝ վառ արտահայտված կամ էլ, հակառակը, ներս ընկած: Կարող են նաև իրարից տարբեր լինել, իսկ սեռական գրգռման ժամանակ նույնպես կարող են փոխել գույնն ու չափերը: Փոքր սեռաշուրթերի մոտ գտնվում են բարտոլինյան գեղձերը, որոնք արտադրում են հեշտոցային բացվածքը խոնավացնող արտազատուկ:
  • Հեշտոցամուտք․ սա դեպի հեշտոցի ներսը տանող բացվածքն է և գտնվում է միզածորանի բացվածքի ու հետանցքի միջև:
  • Միզանցքը փոքր բացվածք է, որը գտնվում է հեշտոցամուտքի անմիջապես վերևում: Այն ծառայում է որպես անցուղի, որի միջով մեզը դուրս է գալիս օրգանիզմից: Քանի որ այն հեշտոցային բացվածքին մոտ է տեղակայված, ապա հիգիենայի պահպանումը և սեռական ակտիվությունից առաջ ու հետո միզելը, կարող է նվազեցնել վարակների հավանականությունը:
  • Հետանցքը մարսողական տրակտի վերջում գտնվող բացվածքն է, որի միջով կղանքը մարմնից դուրս է գալիս: Այն գտնվում է հեշտոցամուտքի հետևում և կատարում է վերարտադրողական օրգաններից տարբերվող գործառույթներ։
  • Ծլիկը փոքր, զգայուն նյարդային հանգույց է, որը գտնվում է փոքր սեռաշուրթերի միացման տեղում՝ միզածորանի բացվածքից վեր։ Այն պարունակում է բազմաթիվ նյարդային վերջավորություններ և հանդիսանում է սեռական հաճույքի առաջնային աղբյուր: Ծլիկը մարմնի միակ օրգանն է, որը ստեղծված է պարզապես հաճույք ստանալու համար: Այն ունի երկար արմատներ, որոնք հասնում են հեշտոցի մինչև մեկ երրորդ հատվածը և կպած են հեշտոցի ներքին պատերին: Այնպես որ ծլիկը շատ ավելի մեծ է, քան կարող է թվալ։

Իգական ներքին սեռական և վերարտադրողական օրգաններ

aaa

  • Կրծքագեղձերը կենսական նշանակություն ունեն սեռական և վերարտադրողական առողջության համար: Յուրաքանչյուր կին ունի կրծքի յուրահատուկ առանձնահատկություններ, ներառյալ՝ տարբեր հյուսվածքներ, զգայունության հատվածներ, անհամաչափություն երկու կրծքերի միջև: Կրծքերը փոխվում են դաշտանային ցիկլի ընթացքում, տարիքի հետ, հղիության և կրծքով կերակրման ընթացքում: Պատանեկության ընթացքում սեռական հորմոնների զգալի ակտիվացման հետևանքով յուրաքանչյուր կրծքագեղձում սկսում է զարգանալ և չափերով մեծանալ կաթնարտադրող համակարգը: Վերարտադրողական ամբողջ ցիկլի ընթացքում յուրաքանչյուր կին ունենում է մոտավորապես նույն քանակի կաթնարտադրող հյուսվածքներ: Կրծքագեղձերի չափերի տարբերությունը պայմանավորված է նրանցում ճարպային հյուսվածքի քանակից: Սրանով է բացատրվում այն, որ կրծքերի մեծությունը կապ չունի դրանց սեռազգացողության կամ նրանցում արտադրվող կաթի քանակության հետ: Կարևոր է կուրծքը պարբերաբար զննել՝ հասկանալու համար, թե արդյոք կրծքերի հետ կապված խնդիրներ կան, ինչպես նաև դրանք ժամանակին կանխարգելելու համար։
  • Հեշտոցը մոտ 8-12 սմ երկարությամբ մկանային խողովակաձև օրգան է, որը տարածվում է արգանդի վզիկից (արգանդի ստորին հատվածից) մինչև արտաքին սեռական օրգաններ։ Այն ծառայում է որպես դաշտանային արյան, սեռական հարաբերության և ծննդաբերության անցուղի։ Քանի որ հեշտոցը մկանային օրգան է, ապա կնոջ լարվելու դեպքում այն կարող է նեղանալ, իսկ եթե կինը հանգիստ է կամ ունի սեռական ցանկություն, ապա հեշտոցը կարող է լայնանալ և խոնավանալ: Բնական է սպիտակավուն կամ թափանցիկ, առանց սուր հոտի հեշտոցային արտադրություն ունենալը: Բորբոքային պրոցեսի դեպքում հեշտոցային արտադրության ծավալը կարող է շատանալ, փոխել գույնն ու հոտը: Նման իրավիճակում պետք է դիմել մասնագետի օգնության:
  • Արգանդը սնամեջ, տանձաձև, մկանային օրգան է՝ մոտ 7-9 սմ երկարությամբ և 5 սմ լայնությամբ։ Այն գտնվում է որովայնի ստորին հատվածում՝ միզապարկի և ուղիղ աղիքի միջև։ Արգանդում հղիության ընթացքում զարգանում է պտուղը: Այն բաղկացած է երկու հիմնական մասից՝ արգանդի վզիկից, որը միանում է վերին հեշտոցին, և մարմնից, որը հղիության ընթացքում մի քանի անգամ մեծանում է, որպեսզի պտուղը տեղավորվի, իսկ ծննդաբերությունից հետո՝ վերադառնում իր սկզբնական չափին:
  • Արգանդափողերը նեղ, 10-13 սմ երկարությամբ խողովակներ են, որոնք ձգվում են արգանդից մինչև ձվարանները։ Արգանդափողերն իրենց պատերի ռիթմիկ կծկումների շնորհիվ ձվաբջիջները ձվարաններից տեղափոխում են արգանդ։ Ձվաբջջի բեղմնավորումը տեղի է ունենում արգանդափողերից մեկում, ապա բեղմնավորված ձվաբջիջը տեղափոխվում է արգանդ, որտեղ այն ամրանում է արգանդի պատին: Երբեմն բեղմնավորված ձվաբջիջն ամրանում է արգանդափողին՝ առաջացնելով արտարգանդային հղիություն, ինչը կարող է շատ վտանգավոր լինել կնոջ համար։ Սա հազվադեպ երևույթ է, և կնոջ չբուժված սեռավարակները դրա առաջացման պատճառ կարող են դառնալ:
  • Ձվարանները փոքր, նշաձև գեղձեր են, որոնք տեղակայված են արգանդի երկու կողմերում: Դրանք արտադրում են ֆոլիկուլներ, որտեղ պահվում են ձվաբջիջները և սեռական հորմոններ՝ էստրոգեն ու պրոգեստերոն։ Ի տարբերություն տղամարդկանց օրգանիզմի, որն անընդհատ սերմնաբջիջներ է արտադրում, կանայք ծնվում են սահմանափակ քանակությամբ ձվաբջիջներով, որոնց քանակը իրենց կյանքի ընթացքում չի շատանում:
  • Միզապարկը, որտեղ հավաքվում է մեզը, մկանային օրգան է և գտնվում է միզասեռական ստոծանու վրա՝ արգանդից և հեշտոցից առաջ։
  • Կուսաթաղանթը բարակ թաղանթ է, որը մասամբ ծածկում է հեշտոցի բացվածքը։ Յուրաքանչյուր կնոջ մոտ այն կարող է տարբերվել իր չափերով, ձևով է ունենալ մի քանի բացվածք: Կուսաթաղանթի գործառույթը լիովին պարզ չէ, թեև ժամանակին կարծում էին, որ այն պաշտպանում է մանրէների ներթափանցումից, սակայն դա հաստատող ոչ մի հավաստի աղբյուր չկա: Կուսաթաղանթը կարող է պատռվել առաջին սեռական հարաբերության ժամանակ, սակայն դա կարող է լինել նաև այլ պատճառներով, օրինակ՝ մարզվելիս կամ տամպոն օգտագործելիս: Որոշ կանայք առաջին սեռական հարաբերության ժամանակ չեն արյունահոսում և ոչ էլ ցավ են զգում, իսկ կան կանայք, որոնք ծնվում են առանց կուսաթաղանթի, և դրա առկայությունը կամ բացակայությունը չի վկայում սեռական ակտիվության մասին:

Ծնողի դերը

Երեխաները մեծանալու և հասունանալու ընթացքում սկսում են ուսումնասիրել իրենց մարմնի բոլոր մասերը: Ծնողները պետք է ըմբռնումով մոտենան իրենց երեխայի բնական հետաքրքրասիրությանը, որովհետև երեխայի հետաքրքրությունն ու սեփական մարմնի մասերի ուսումնասիրությունը նրա զարգացման գործընթացի բնական մասն են կազմում: Ծնողները պետք է խուսափեն երեխային պատժելուց կամ քննադատելուց, քանի որ դա կարող է հանգեցնել իր մարմնի հանդեպ ամոթի զգացում առաջացնելուն։

Շատ կարևոր է կիրառել մարմնի մասերին համապատասխան անատոմիական ճիշտ լեզու: Մենք մեր երեխաներին սովորեցնում ենք իրենց ձեռքերի, ոտքերի և բերանի ճիշտ անունները, ինչը պետք նաև անենք, երբ խոսքը վերաբերում է սեռական օրգաններին: Ճիշտ եզրույթների (տերմինների) օգտագործումն օգնում է երեխաներին հասկանալու, որ իրենց մարմնի բոլոր մասերը կարևոր են ու բնական: Այս եզրույթներից խուսափելը երեխայի համար կարող է նշան լինել, որ իր սեռական օրգանները տաբու են կամ պակաս կարևոր, ինչն էլ հավանաբար բացասաբար կազդի իր մարմնի ամբողջական ընկալման և սեռական զարգացման վրա: Պետք է երեխային խրախուսել ուսումնասիրելու և ավելի լավ ճանաչելու սեփական մարմինը, սակայն կարևոր է նաև ասել, որ դա պետք է անել մենակ ու առանձին եղած ժամանակ: Սա օգնում է երեխաներին զարգացնելու դրական վերաբերմունք իրենց մարմնի նկատմամբ և նպաստում է սեփական անատոմիայի առողջ ըմբռնմանը:

Ծնողները կարևոր դեր են խաղում իրենց երեխաների ձևավորման փուլում և իրենց աջակցությամբ, նրբանկատությամբ ու անկաշկանդ վերաբերմունքով կարող են օգնել իրենց երեխաների մոտ զարգացնելու առողջ ինքնագնահատական և մարմնի դրական ընկալում:

Հաճախ տրվող հարցեր

  • Հարց – Արդյոք ճի՞շտ է սեռական օրգանների հատվածի մազածածկույթը հեռացնելը:
  • Պատասխան – Չկա ճիշտ կամ սխալ, կա այն, թե ինչպես է քեզ հարմար: Ուստի ինքդ պիտի որոշես՝ մազահեռացնում անե՞լ այդ հատվածում, թե՞ թողնել, ինչպես կա: Միայն պետք է հիշես, որ սեռական օրգանների և ցայլքի հատվածում աճող մազերը օրինաչափ են, և կարիք չկա դրանք հեռացնել, քանի որ ունեն պաշտպանողական ֆունկցիա․ մեղմացնում են հագուստի և մաշկի անմիջական շփման ազդեցությունը: Այնուամենայնիվ, եթե այդ մազերը քեզ խանգարում են, կարող ես եղունգները կտրելու համար նախատեսված մկրատով զգուշորեն կտրատել դրանք: Իսկ եթե որոշել ես հեռացնել, ապա ընտրի՛ր քո մարմնին և մաշկին համապատասխան ու ամենաանվտանգ միջոցը:
  • Հարց – Սեռական հարաբերության ժամանակ կուսաթաղանթի պատռվելը մի՞շտ է ցավոտ:
  • Պատասխան – Ո՛չ, միշտ չէ, որ ցավոտ է: Կուսաթաղանթի ձևն ու գտնվելու վայրը յուրաքանչյուր կնոջ մոտ տարբեր են: Անգամ լինում են այնպիսի դեպքեր, երբ կուսաթաղանթը առաձգական (էլաստիկ) է կամ ունի անսովոր դիրք, ու սեռական հարաբերության ժամանակ այն չի պատռվում:
  • Հարց – Ես վախենում եմ, որ իմ առաջին հարաբերության ժամանակ կուսաթաղանթս չի պատռվի, և արյուն չի գա: Ինչպե՞ս պետք է ապացուցեմ զուգընկերոջս, որ ես կույս եմ:
  • Պատասխան – Ընդհանրապես, առաջին հարաբերության ժամանակ կուսաթաղանթը միշտ չէ, որ պատռվում է, ու արյուն գալիս: Երբեմն լինում են դեպքեր, որ կուսաթաղանթը պատռվում է առանց արյան հոսքի կամ ընդհանրապես չի պատռվում: Կուսաթաղանթը կարող է պատռվել նաև որոշ տեսակի սպորտաձևերով զբաղվելիս կամ տամպոն տեղադրելիս: Ուստի հնարավոր չէ նախապես իմանալ, թե ինչ տեղի կունենա սեռական հարաբերության ժամանակ: Եթե ձեր հարաբերություններում կա փոխադարձ վստահություն ու հարգանք, ապա զուգընկերոջդ որևէ բան ապացուցելու կարիք չկա: Անկախ նրանից՝ կին ես թե տղամարդ, ինքդ պետք է որոշես՝ ունենա՞լ սեռական հարաբերություններ, թե՞ ոչ: Եթե սեռապես ակտիվ ես եղել մինչև ամուսնությունը, ապա դա քո որոշումն է, ու լրիվ օրինաչափ է, ինչը պետք է նաև քո զուգընկերը հարգի: Եթե քեզ համար կարևոր է մինչև ամուսնությունը կույս լինելը, ապա սա ևս քո որոշումն է, ու դա էլ է լրիվ օրինաչափ ու բնական: Եթե առաջին սեռական հարաբերության ժամանակ արյուն չի գալիս, ապա դա դեռ չի նշանակում, որ կույս չես: Ուղղակի մարդիկ կուսաթաղանթի և կուսության վերաբերյալ հաճախ ունեն սխալ պատկերացումներ, ինչը քո մեղքը չէ:
  • Հարց – Օրինաչա՞փ  է, որ հեշտոցից արտադրություն է գալիս:
  • Պատասխան – Այո՛, օրինաչափ է, բայց պետք է ուշադրություն դարձնել արտադրության քանակությանը, հոտին և գույնին: Եթե արտադրությունը սպիտակավուն է կամ թափանցիկ և չունի սուր հոտ, ապա անհանգստանալու կարիք չկա: Արտադրության հետ կապված փոփոխություններ կարող են տեղի ունենալ դաշտանային ցիկլի ընթացքում, և դա բնական է։ Եթե արտադրությունը սովորականից ավելի առատ է, ունի սուր ու տհաճ հոտ, սեռական օրգանների շրջանում քոր է գալիս, կամ միզելու ու սեռական հարաբերության ընթացքում ցավում է, ապա պարտադիր պետք է դիմել մասնագետի օգնությանը:
  • Հարց – Արդյոք օրինաչա՞փ է, որ կրծքերի ու պտուկների միջև տարբերություն կա:
  • Պատասխան – Ա՛յո, օրինաչափ է: Յուրաքանչյուր մարդու կրծքի ձևն ու չափը կարող է իրարից տարբեր լինել, ու բնության մեջ շատ քիչ են դեպքերը, երբ կնոջ կրծքերն իրարից չեն տարբերվում: Պտուկները ևս կարող են տարբերվել: Որոշ մարդկանց մոտ դրանք կարող են արտահայտված լինել կամ էլ ոչ այդքան, կարող են նաև գույնի ու չափի տարբերություններ ունենալ:
  • Հարց – Արդյոք ճի՞շտ է տղաներին թլպատելը:
  • Պատասխան – Պետք է հասկանալ, թե դա ինչ նպատակ է հետապնդում: Հաճախ ծնողները կարծում են, որ դա հիգիենայի կարևոր մաս է կազմում, բայց դա այդպես չէ: Ճիշտ չէ երեխայի փոխարեն որոշում կայացնելը․ դա մարմնի անձեռնմխելիության կարևոր հիմնահարցերից մեկն է: Տղամարդու առնանդամի գլխիկի մաշկն ի սկզբանե ավելի փակ է լինում, սակայն ժամանակի ընթացքում այն ծածկող մաշկը հետ է քաշվում: Թլպատելու փոխարեն ուղղակի պետք է հետևել ու սովորեցնել հիգիենայի ճիշտ կանոնները: Բոլոր այն դեպքերում, երբ երեխան բորբոքվածության կամ կարմրության պատճառով միզել չի կարողանում, անհրաժեշտ է դիմել բժշկի:
  • Հարց – Որտեղի՞ց է դուրս գալիս տղամարդու մեզը:
  • Պատասխան – Ի տարբերություն կանանց, որոնց միզանցքը գտնվում է հեշտոցից ավելի վերև և ունի միզելու համար առանձին հատված, տղամարդիկ միզում են առնանդամի գլխիկում գտնվող միզածորանի ճեղքով, որտեղից դուրս է գալիս ինչպես մեզը, այնպես էլ սերմնահեղուկը:
  • Հարց – Տղաներն ունե՞ն կուսաթաղանթ:
  • Պատասխան – Ոչ, տղաները չունեն կուսաթաղանթ:

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ

© 2016 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս, ռադիո եւ հեռուստաընթերցումների դեպքում, հղումը serakanutyun.org-ին պարտադիր է: Serakanutyun.org- ի հեղինակային հոդվածները, լուսանկարներն արտատպելու համար պարտադիր է ստանալ գրավոր համաձայնությունը:

  • Մեր մասին
  • Ինչպես խոսել երեխայի հետ սեռականության մասին
  • Ինչպես հղել մեզ հարց
  • Կապ