• Մեր մասին
  • Ինչպես խոսել երեխայի հետ սեռականության մասին
  • Ինչպես հղել մեզ հարց
  • Կապ
[email protected]
Login

Login
ՍեռականությունՍեռականություն
  • Մեր մասին
  • Ինչպես խոսել երեխայի հետ սեռականության մասին
  • Ինչպես հղել մեզ հարց
  • Կապ

Սեռավարակներ

Սեռական ճանապարհով փոխանցվող վարակներ

Յուրաքանչյուր մարդ ինքն է որոշում, թե երբ է պատրաստ ունենալ սեռական հարաբերություն: Գիտակից և փոխադարձ համաձայնության դեպքում սեռական հարաբերությունները կարող են հաճույք պատճառել և նպաստել Ձեր և Ձեր զուգընկերոջ հետ ինտիմ հարաբերությունների հաստատմանը, բայց միևնույն ժամանակ դրանք կարող են սեռավարակների փոխանցման և անցանկալի հղիության պատճառ դառնալ։ Այդ իսկ պատճառով սեռական հարաբերություն ունենալուց առաջ ահնրաժեշտ է լինել պատրաստ և՛ հոգեբանորեն, և՛ ֆիզիկապես, ինչպես նաև շատ կարևոր է լինել տեղեկացված։

Սեռական ճանապարհով փոխանցվող վարակները կամ սեռավարակները վարակների մի խումբ են, որոնք մեկ անձից մյուսին են փոխանցվում սեռական կոնտակտի (շփման), արյան և կրծքի կաթի միջոցով: Սեռավարակները հարուցվում են վիրուսների, բակտերիաների և մանրէների մոտ 30 տարբեր տեսակներից, որոնք, ինչպես նշվեց, գերակշիռ դեպքերում փոխանցվում են սեռական ճանապարհով: Կարևոր է նշել, որ սեռավարակների մեծ մասը բուժվում է, և վարակվելը չի նշանակում մահանալ։ Անցանկալի հետևանքներից խուսափելու համար անհրաժետշ է ունենալ պաշտպանված սեռական հարաբերություն:

Սեռավարակների փոխանցման ուղիներ են

Սեռավարակները կարող են փոխանցվել տարբեր ճանապարհներով

  • Անպաշտպան սեռական հարաբերության ցանկացած տեսակի ժամանակ՝ օրալ սեռական հարաբերություն (բերան-սեռական օրգաններ, բերան-հետանցք շփում),հեշտոցային սեռական հարաբերություն (առնանդամ-հեշտոց կամ հեշտոց-հեշտոց շփում),անալ սեռական հարաբերություն (առնանդամ-հետանցք շփում),սեռական օրգանների շփում, երբ պարտադիր չէ, որ բուն սեռական հարաբերություն լինեն. որոշ սեռավարակներ կարող են փոխանցվել նաև սեռական օրգանների շփման արդյունքում:
  • Այն միկրո օրգանիզմները, որոնք առաջացնում են սեռավարակներ, կարող են տարածվել նաև արյան ճանապարհով և հյուսվածքների փոխպատվաստման ժամանակ, հղիության և ծննդաբերության ընթացքում երեխային, ինչպես նաև կրծքի կաթի միջոցով:

Սեռավարակների տեսակներ

Հայաստանում ամենատարածված սեռավարակներն են

  • Խլամիդիա, որի հարուցիչը բակտերիա է:Այն հնարավոր է բուժել հակաբիոտիկներով։ Չբուժվելու դեպքում, կարող է վարակել միզուղիները և առաջացնել արգանդափողերի բորբոքում, ինչպես նաև արտարգանդային հղիության պատճառ հանդիսանալ։
  • Սեռական հերպես, որի ամենատարածված երկու տեսակներն են ՀՀՎ-1-ը, որը փոխանցվում է բերանով և արտահայտվում է բշտիկների տեսքով և ՀՀՎ-2-ը, որը փոխանցվում է սեռական շփման միջոցով և ախտահարում է սեռական օրգանները։
  • Տրիքոմոնիազ, որի հարուցիչը բակտերիա է և որի ախտանիշներն ավելի հաճախ դրսևորվում են կանանց մոտ։ Տրիքոմոնիազը բուժվում է հակաբիոտիկներով, ինչպես և մյուս բակտերիայից առաջացած վարակները։
  • Գոնորեա, որի հարուցիչը բակտերիա է: Այն բնակվում է միզածորանի, հեշտոցի, ուղիղ աղու, բերանի, կոկորդի և աչքերի լորձաթաղանթներում, փոխանցվում է բերան-սեռական օրգաններ և սեռական օրգաններ – սեռական օրգաններ շփման ճանապարհով։ Հիվանդների մեծ մասը կարող է բուժվել հակաբիոտիկներով։
  • Սիֆիլիս, որի հարուցիչը բակտերիա է: Այն դրսևորվում է միզասեռական ուղու, բերանի, կամ ուղիղ աղու խոցերով։ Չբուժելու դեպքում բարդություններ է առաջ բերում և նույնիսկ կարող է հանդիսանալ մահված պատճառ. սակայն սիֆիլիսը բուժվում է հակաբակտերիաներով։
  • Հեպատիտ B, որի հարուցիչը HBV վիրուսն է: Այն ախտահարում է լյարդը` առաջացնելով լյարդի ցեռոզ կամ ուռուցք։ Վիրուսը փոխանցվում է բոլոր տեսակի սեռական հարաբերությունների և մասնավորապես արյան միջոցով։ Հիվանդությունը կարելի է կանխարգելել հատուկ պատվաստում ստանալով։
  • ՄԻԱՎ` մարդու իմունային անբավարարության վիրուս, այն ախտահարում է օրգանիզմի իմունային համակարգը՝ ոչնչացնելով արյան այն սպիտակ բջիջները, որոնք օգնում են պայքարելու տարբեր վարակների դեմ։ ՄԻԱՎ-ն ունի գաղտնի շրջան, որը կարող է տևել վարակման պահից մինչ երեք ամիս: Եզակի դեպքերում գաղտնի շրջանը կարող է տևել մինչև մեկ տարի: Այս շրջանն առավել վտանգավոր է վարակը փոխանցելու առումով, քանի որ ՄԻԱՎ-ի նկատմամբ հակամարմինների հայտնաբերման արյան հետազոտության արդյունքը լինում է բացասական`չի հայտնաբերվում վիրուսը: Ուստի ռիսկային վարքագիծ ցուցաբերելիս հետազոտվիր վեց ամիս անց: ՄԻԱՎ-ը փոխանցվում է սեռական ճանապարհով, արյան հետ շփման միջոցով, կրծքով կերակրելիս, ծննդաբերության ժամանակ, և մորից երեխային՝ հղիության ընթացքում, եթե վնասված է լինում ընկերքը: Այժմ մորից երեխային վարակի փոխանցման հավանականությունը խիստ նվազել է ՀՌՎ դեղամիջոցների ընդունման շնորհիվ: ՁԻԱՀ-ը (ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշը) ՄԻԱՎ-ի վերջնային փուլն է, երբ օրգանիզմն անպաշտպան է դառնում շատ տարբեր վարակիչ և ուռուցքային հիվանդությունների նկատմամբ։ Այսօր բժշկությունը բավականին զարգացած է և չնայած լիովին բուժում չկա, այնուամենայնիվ ՄԻԱՎ-ով ապրող մարդիկ կարող են ապրել լիարժեք կյանքով` ընդունելով ՀՌՎ դեղահաբեր: Բուժվելու ընթացքում ՄԻԱՎ-ի քանակը արյան մեջ` վիրուսային ծանրաբեռնվածությունը, բավականին իջնում է և զգալիորեն նվազում է հետագա փոխանցման հավանականությունը: ՄԻԱՎ առկա է օրգանիզմի բոլոր կենսական հեղուկներում՝թուք, քրտինք, մեզ և այլն, սակայն վարակման առումով վտանգավոր չեն, քանի որ ՄԻԱՎ-ի քանակն այդ հեղուկներում բավարար չէ վարակելու համար:

Հիշե‘ք, ՄԻԱՎ-ը չի փոխանցում՝

  • Համբուրվելիս, գրկախառնվելիս և ձեռքսեղման ժամանակ
  • Մոծակի խայթոցից
  • Միևնույն կենցաղային իրերի օգտագործման ժամանակ

ՄԻԱՎ-ով ապրող մարդիկ կարող են լիարժեք կյանքով ապրել, ամուսնանալ և առողջ երեխաներ ունենալ և որոշ դեպքերում նաև չվարակել զուգընկերոջը: Գոյություն ունի ՄԻԱՎ–ի հետկոնտակտային կանխարգելում, երբ օրինակ անպաշտպան հարաբերություն ես ունեցել և գիտես տվյալ անձի ՄԻԱՎ-ով վարակված լինելու մասին`  72 ժամվա ընթացքում կարող ես օգտագործել հատուկ դեղաչափով դեղորայք, որը կկանխի քո ՄԻԱՎ-ով վարակվելը, բայց միայն տվյալ ժամանակ և ոչ ամբողջ կյանքի ընթացքում:

  • Մարդու պապիլոմայի վիրուսը, որը կարող է փոխանցվել սեռական հարաբերության և սեռական օրգանների հետ շփման, ինչպես նաև օրալ սեռական հարաբերության միջոցով և առաջացնել արգանդի վզիկի քաղցկեղ կամ գորտնուկներ սեռական օրգանների շրջանում։ Արգանդի վզիկի քաղցկեղ կանխարգելելու համար կարևոր է, որ կանայք անցնեն ՊԱՊ քսուքի հետազոտություն (տեսե՛ք հետազոտություն և բուժում)։ Մոտավորապես 90% դեպքերում մարդու իմունային համակարգը երկու տարվա ընթացքում բնական ճանապարհով վիրուսն ազատում է օրգանիզմից։

Սեռավարակների ախտանշաններ

Սեռավարակների մեծ մասը չունի արտահայտված նշաններ կամ ընդհանրապես չի դրսևորվում որևէ կերպ. սեռավարակները հաճախ շփոթում են այլ հիվանդությունների հետ, ինչպես օրինակ` միզուղիների վարակի կամ սնկային վարակի հետ: Այդ է պատճառը, որ խիստ կարևոր է սեռավարակների նկատմամբ անցնել պարբերական հսկողություն և հետազոտություն: Հնարավոր չէ արտաքնապես հաստատել՝ արդյոք տվյալ անձն ունի սեռավարակ, թե ոչ, և հնարավոր է վարակը փոխանցել մեկ ուրիշին նույնիսկ այն ժամանակ, երբ որևէ ախտանշան չկա։ Սեռավարակների առկայության դեպքում առավել հաճախ հանդիպող նշաններն են.

  • տհաճ հոտ սեռական օրգաններից
  • քոր սեռական օրգանների շրջանում
  • սեռական օրգանների շրջանում բշտիկներ կամ խոցեր
  • ցավ միզելու ժամանակ,
  • ցավ սեռական հարաբերության ընթացքում
  • գրիպի ախտանշաններ
  • գերհոգնածություն
  • ոչ կանոնավոր դաշտան և անսովոր արյունահոսություն (աղջիկների/կանանց մոտ)
  • ցավ հեշտոցի/ամորձիների շրջանում
  • հեշտոցից արտասովոր արտադրություն (կանանց մոտ)
  • արտադրություն միզուկից (տղամարդկանց մոտ)
  • ցավ որովայնային հատվածում

Այս ախտանշանները կարող են ի հայտ գալ վարակվելուց անմիջապես հետո, որոշ ժամանակ հետո, կամ նույնիսկ մի քանի տարի անց։ Սակայն պարտադիր չէ, որ վերը նշված ախտանշանները վկայեն որևէ հիվանդության կամ սեռավարակի մասին, նման ախտանշաններ կարող եք ունենալ նաև այլ խնդիրների դեպքում:

Ի՞նչու են կանայք առավել խոցելի սեռավարակների և ՄԻԱՎ-ի նկատմամբ

Սեռավարակներով հիվանդանում են ինչպես կանայք, այնպես էլ տղամարդիկ, սակայն կան մի շարք պատճառներ,  որոնք կանանց առավել խոցելի են դարձնում սեռավարակների նկատմամբ։

❖    կենսաբանական գործոններ. Հեշտոցի պատերն ավելի մեծ մակերես ունեն, քան առնանդամը, որի պատճառով կանանց մոտ վարակումն ավելի հավանական է։ Երիտասարդ աղջիկները` մինչև 25 տարեկան, և 45-ից վեր կանայք ավելի խոցելի են, որովհետև արգանդի վզիկի առաձգականությունը փոխվում է այս տարիների ընթացքում և վարակներն էլ ավելի հեշտ են փոխանցվում: Կանանց և աղջիկների դեպքում ոչ միայն սեռավարակ ձեռք բերելու հականականությունն է ավելի մեծ, այլ նաև ձեռք բերելու դեպքում առկա լուրջ բարդություններն և առողջական խնդիրներն են ավելի բարդ: Տղամարդ-կին անպաշտպան սեռական հարաբերության ժամանակ տղամարդու սերմնահեղուկը կնոջ հեշտոցում կարող է մնալ և ակտիվ լինել 5-7 օր, որի ժամանակ կարող է վարակել:Իսկ տղամարդը, եթե չի վարակվում կնոջից սեռական հարաբերություն ունենալու պահին, այլևս չի կարող վարակվել:

❖    սոցիալական գործոններ. սա կանանց դարձնում է ավելի խոցելի: Այն մշակույթներում, որտեղ իշխում են տղամարդիկ, կանայք ավելի զիջող են, և նրանց համար դժվար է հրաժարվել անցանկալի սեռական հարաբերությունից և իրենց զուգընկերներին առաջարկել պահպանակի օգտագործել։ Շատ կանանց համար սեռական բռնության վախը և ֆինանսական կախվածությունը տղամարդուց դժվարեցնում է անվտանգ սեռական հարաբերություն պահանջելը։ Մեծ է նաև արտագնա աշխատողներից վարակների փոխանցման (խոպան գնալու) հարցը։ Շատ արտագնա աշխատողներ հետ են գալիս վարակված ու վարակում են նաև իրենց կանանց, քանի որ ավելի հաճախ են ներգրավված լինում անպաշտպան սեռական կապերի մեջ. հասարակության մեջ տղամարդու դավաճանությունը համարվում է նորմալ և բնական երևույթ:

Կանխարգելում

Սեռավարակներից խուսափելու ամենահուսալի և վստահելի ճանապարհը սեռական հարաբերություններից զերծ մնալն է.սակայն, գոյություն ունեն մի շարք քայլեր և ուղիներ, որոնց միջոցով հնարավոր է նվազեցնել սեռավարակ ձեռք բերելու վտանգը: Այս քայլերը պետք է ձեռնարկի զույգից յուրաքանչյուրը:

  • Պահպանակների օգտագործումը, ինչը սեռական հարաբերության ժամանակ անհրաժեշտ է օգտագործել սեռավարակներից և անցանկալի հղիությունից պաշտպանվելու համար (այլ հակաբեղմնավորիչ միջոցները, ինչպիսիք են, օրինակ, հակաբեղմնավորիչ հաբերը և ներարգանդային պարույրը, չեն պաշտպանում սեռավարակներից)
  • Կանոնավոր բժշկական հետազոտությունների և բժշկական զննությունների իրականացում` սեռավարակների վաղ ախտորոշման և բուժման նպատակով
  • Հավատարմություն կամ սեռավարակ չունեցող մեկ զուգընկերոջ հետ հավատարիմ հարաբերությունների պահպանում
  • Զուգընկերոջ հետ զրուցելն ու սեռական անցյալի քննարկումը ևս կօգնի ճիշտ քայլեր անել սեռավարակներից զերծ մնալու համար
  • Շատերը կարծում են, որ սեռական հարաբերությունից անմիջապես հետո ներքին լվացումները կարող են օգնել, որպեսզի սեռավարակ չփոխանցվի, սակայն հակառակը, ներքին լվացումներն նպաստում են, որպեսզի սերմնահեղուկն արագ վերև բարձրանա և դրանով իսկ վարակվելն ավելի հավանական է դարձնում
  • Նախքան բերանային սեռական հարաբերություն ունենալը, զույգերից որևէ մեկը կամ երկուսը որոշում են խոզանակել ատամները, որպեսզի բերանից տհաճ հոտ չգա կամ բակտերիաներ չանցնեն սեռական օրգաններին, սակայն, խոզանակելով ատամները, բարենպաստ պայմաններ է ստեղծվում սեռավարակի ներթափանցման համար, քանի որ լնդերն այդ ժամանակ կարող են վնասվել և չնչին արյան առկայության դեպքում սեռավարակը շատ ավելի հեշտ կփոխանցվի: Ուստի, խուսափիր ատամներդ խոզանակելուց: Կարելի է օգտագործել հատուկ պահպանակներ, որոնք նախատեսված են բերանային հարաբերության համար:
  • Հետանցքային հարաբերությունն իր տեսակով առավել խոցելի է սեռավարակ ձեռքբերելու տեսանկյունից, քանի որ հետանցքի պատերը բավական նուրբ են և ներհրման ժամանակ հեշտ կարող են պատռվել, ուստի շատ կարևոր է նախապես պատրաստվել. սկզբից հետանցք ներթափանցել մեկ մատի օգնությամբ, որպեսզի հետզհետե անցքը բացվի և այնուհետև օգտագործել հատուկ անալ հարաբերության համար նախատեսված պահպանակ, որը պատված է խոնավեցնող քսուկով և ավելի կհեշտացնի առնանդամի ներթափանցումը:
  • Եթե տղամարդ–կին անպաշտպան սեռական հարաբերության ժամանակ սերմնահեղուկը ներթափանցել է հեշտոց, պետք է հարաբերությունից անմիջապես հետո մտնել սանհանգույց և փորձել հրելով դուրս հանել սերմնահեղուկը: Ճիշտ է սերմնահեղուկի որոշակի մաս միանգամից բարձրանում է և անհնարին է դուրս հանել, բայց, այնուամենայնիվ, դա կիջեցնի սեռավարակ ձեռքբերելու տոկոսը:
  • Գոյություն ունի ՄԻԱՎ-ի հետկոնտակտային կանխարգելում, երբ օրինակ անպաշտպան հարաբերություն ես ունեցել և գիտես տվյալ անձի ՄԻԱՎ–ով վարակված լինելու մասին` 72 ժամվա ընթացքում կարող ես օգտագործել հատուկ դեղաչափով դեղորայք, որը կկանխի քո ՄԻԱՎ–ով վարակվելը, բայց միայն տվյալ ժամանակ և ոչ ամբողջ կյանքի ընթացքում: Տվյալ դեղորայքը կարելի է ձեռք բերել` դիմելով Երևանի ՁԻԱՀ–ի կանխարգելման հանրապետական կենտրոն /http://www.armaids.am/:

Սեռավարակների բուժում

Սեռավարակները մեծ մասամբ բուժվում են։ Բակտերիալ և մանրէային վարակները ընդունված է բուժել հակաբիոտիկներով կամ բժշկի նշանակած այլ դեղամիջոցներով: Վիրուսային վարակները, ինչպիսիք են ՄԻԱՎ-ը և մարդու պապիլոմային վիրուսը, լիարժեք չեն բուժվում, բայց բուժումը կարող է թեթևացնել ախտանիշները: Որոշ սեռավարակներ կարող են լիովին բուժվել, բայց կարելի է նորից ձեռք բերել, եթե զույգերը շարունակում են անպաշտպան սեռական հարաբերություն ունենալ: Սեռավարակի առկայության դեպքում զույգերը պետք է բուժումն անցնեն երկուսով և միաժամանակ։ Հակառակ դեպքում վարակն էլի կփոխանցեն մեկմեկու:

Սեռավարակների յուրաքանչյուր տեսակը կարող է առաջացնել որոշակի առողջական խնդիրներ և բարդություններ: Չբուժվելու դեպքում որոշ սեռավարակներ կարող են լուրջ երկարատև առողջական հետևանքներ ունենալ և առաջացնել, օրինակ, արգանդի վզիկի քաղցկեղ, փոքր կոնքի օրգանների բորբոքային հիվանդություններ, անպտղություն, հղիության հետ կապված խնդիրներ, վարակների տարածում այլ մարմնի մասերի վրա և օրգանների վնասումներ: Վերջին թվարկվածները հանդիպում են շատ ծայրահեղ դեպքերում:

Սեռավարակի առկայությունն ավելացնում է ՄԻԱՎ-ով վարակվելու հավանականությունը: Չբուժվելու և չպաշտպանված սեռական վարքագիծը շարունակելու դեպքում տվյալ անձը կարող է վարակվել այլ սեռավարակներով ևս, քանի որ վերքերը, մաշկի և լորձաթաղանթների պատռվածքները, վարակների առկայությանը իջեցնում են օրգանիզմի դիմադրողականությունը (իմունիտետը), որը մեր օրգանիզմը պաշտպանում է տարբեր վարակներից: Այդ իսկ պատճառով այն անձը, ով ունի սեռավարակ, ավելի հեշտությամբ կարող է ձեռք բերել ուրիշ սեռավարակներ, ինչպես նաև հեշտությամբ վարակել իր զուգընկերոջը: Պետք է շտապ բուժվել սեռավարակից, որպեսզի նվազի այլ սեռավարակներ ձեռք բերելու և զուգընկերներին վարակելու հավանականությունը:

Հետազոտում և բուժում

Յուրաքանչյուր սեռավարակ ունի իր հետազոտման եղանակը: Անհրաժեշտ է անպայման դիմել բժշկի, որպեսզի բժիշկ ինքը որոշի, թե ինչ հետազոտություններ է անհրաժեշտ իրականցանել: Սեռավարակների նկատմամբ հետազոտություններն իր մեջ ներառում է.

  • արտաքին սեռական օրգանների ֆիզիկական հետազոտություն, երբ բժիշկը ճշտում է գորտնուկների, արտադրության, բորբոքային մակերեսների կամ սեռական օրգանների շրջանում վերքերի առկայությունը
  • արյան հետազոտություն
  • մեզի հետազոտությունը
  • արտադրության կամ հյուսավածքների հետազոտությունը, որի պարագայում հատուկ մանրադիտակով հետազոտվում է սեռական ուղիներից արտադրությունը կամ քսուկը։

Բուժումը կախված է սեռավարակների տեսակից: Մի շարք սեռավարակների դեպքում բուժումը ներառում է որոշ դեղամիջոցների ընդունում կամ ներարկումներ: Օրինակ՝խլամիդիան և գոնորեան հեշտությամբ բուժվում են հակաբիոտիկներով։ Սակայն, կարևոր է հիշել, որ որոշ դեպքերում, երբ սեռավարակների բուժումն ավարտված է և ախտանշանները վերացել են, այն դեռևս հնարավոր է փոխանցել զուգընկերներին։ Կան մի շարք սեռավարակներ, որոնց դեպքում հնարավոր չէ հասնել ամբողջական բուժման, ինչպես հերպեսի և ՄԻԱՎ-ի դեպքում. այս պարագայում խոսքն ախտանիշների մեղմացման մասին է: Ճիշտ է՝ ՄԻԱՎ-ը բուժելի չէ, սակայն ՄԻԱՎ-ով ապրող մարդիկ կարող են երկար, առողջ կյանք ունենալ, եթե ընդունեն հատուկ դեղամիջոցներ /ՀՌՎ/։ Պետք է հիշել, որ վիրուսը կարող է փոխանցվել սերմնահեղուկի, հեշտոցային արտազատուկների, արյան և կաթի միջոցով։ ՄԻԱՎ վարակի բուժումն զգալիորեն նվազեցնում է վիրուսի փոխանցման հավանականությունը:

Սեռավարակների հետ կապված կարևոր է անցնել «Պապ» հետազոտություն կամ«Պապ քսուկ»։ Այս հետազոտության միջոցով կարելի է որոշել կնոջ արգանդի վզիկի բջիջներում առկա շեղումները, այն կարող է առաջանալ մարդու պապիլոմա վիրուսի որոշ տեսակների պատճառով։ Նայած տեսակի, պապիլոմա վիրուսը կարող է առաջացնել արգանդի վզիկի քաղցկեղ ։ Տեսակներ կան, որոնք անախտանիշ են կամ առաջացնում են կոշտունկեր սեռական օրգանների շրջանում։ Բոլոր 30-60 տարեկան սեռականորեն ակտիվ կանայք պետք է տարին մեկ անգամ անցնեն “պապ քսուկ” հետազոտություն, որպեսզի կանխարգելեն արգանդի վզիկի քաղցկեղի առաջացումը և ճիշտ ժամանակին ստանան համապատասխան բուժում։

Ծնողի դերը

Անհրաժեշտ է, երբ ծնողները խոսում են երեխաների հետ սեռականության և սեռական հարաբերությունների մասին, խոսեն նաև հետևանքների մասին և բացատրեն, թե ինչ են իրենցից ներկայացնում սեռավարակները, ինչպես են փոխանցվում և ինչպես կարելի է կանխել սեռավարակների տարածումը: Ինչպես նաև շատ կարևոր է վաղ տարիքից սովորեցնել հոգ տանել նաև դիմացինի սեռական առողջության մասին`տեղեկացնելով սեռավարակ ունենալու փաստը:  Այս պարագայում դիմացինն ինքը կկայացնի գիտակցված որոշում ունենալ սեռական հարաբերություն, թե՝ ոչ: Երբեք գաղտնի չպահեք կամ չխաբեք զուգընկերոջը:

Սեռավարակների վերաբերյալ սխալ կարծիքները և փաստերը

Սխալ կարծիք՝ մարդուն  նայելով  կարելի է  հասկանալ՝  ունի արդյո՞ք  սեռավարակ, թե՞ ոչ:

Փաստ՝ արտաքին տեսքից հնարավոր չէ հասկանալ անձն ունի որևէ սեռավարակ, թե ոչ: Շատ մարդիկ նույնիսկ իրենք չգիտեն, իրենց վարակված լինելու մասին, քանզի կան սեռավարակներ, որոնք անախտանշան են:

Սխալ կարծիք՝ հակաբեղմնավորման բոլոր միջոցները պաշտպանում են սեռավարակներից:

Փաստ՝ պահպանակները հակաբեղմնավորման միակ միջոցն են, որ պաշտպանում են սեռավարակներից: Մնացած բոլոր հակաբեղմնավորիչները` հաբեր, ներարգանդային պարույր (սպիրալը) և այլն չեն պաշտպանում սեռաարակներից:

Սխալ կարծիք՝ զուգընկերներից մեկը սեռավարակ ունի և արդեն սեռական հարաբերություն է ունեցել,  ուրեմն այլևս իմաստ չունի օգտագործել պահպանակ:

Փաստ՝ անվտանգ սեռական հարաբերություն ունենալը դարձյալ կարևոր է: Եթե նույնիսկ երկու զուգընկերն էլ վարակված են, նրանք կարող են վարակվել նույն վարակի տարբեր տեսակներով, որն ավելի կբարդացնի հիվանդությունը: Նրանք չբուժվելու դեպքում անընդհատ կարող են իրար փոխանցել վարակը:

Սխալ կարծիք՝ առաջին անգամ սեռական հարաբերություն ունենալիս որևիցե սեռավարակի փոխանցումը հնարավոր չէ:

Փաստ՝ ցանկացած սեռական հարաբերությունից կարելի է սեռավարակ ձեռքբերել՝ անկախ այն հանգամանքից՝ առաջին անգամ է այդ հարաբերությունը, թե ոչ:

Սխալ կարծիք՝ հնարավոր չէ վարակվել ՍՃՓՎ-ներով, եթե հեշտոցային կամ անալ հարաբերություն չեն ունեցել:

Փաստ՝  իհարկե, դա նվազեցնում է վարակվելու հավանականությունը, բայց որոշ վարակներ փոխանցվում են նաև մաշկի և օրալ սեռական հարաբերության միջոցով:

Սխալ կարծիք՝ սեռական հարաբերությունից առաջ և հետո լվացվելով՝ կարելի է պաշտպանվել սեռավարակից:

Փաստ՝ լվացումը չի կանխարգելում սեռավարակների փոխանցումը,  չնայած ճիշտ հիգիենան կարող է կանխարգելել միզուղիների վարակները: Հիշեք, որ հեշտոցային ներլվացումը շատ վնասակար է, քանի որ կարող է խախտել հեշտոցի բնական միջավայրը և վարակը, կնոջ վարակված լինելու դեպքում, կարող է տարածվել` ընդգրկելով ուրիշ վերարտադրողական օրգաններ։

Սխալ կարծիք՝ մեկ զուգընկեր ունենալը պաշտպանում է ՍՃՓՎ-ներից։

Փաստ՝ ճիշտ է, որ այդ հանգամանքը նվազեցնում է վարակման վտանգը, բայց իրականությունն այն է, որ շատ մարդիկ նոր հարաբերության մեջ մտնելիս տեղյակ չեն, որ սեռավարակ ունեն, իսկ շատ մարդիկ իրենց նախկին սեռական փորձի մասին ճշմարտությունը չեն ասում:

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ

© 2016 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս, ռադիո եւ հեռուստաընթերցումների դեպքում, հղումը serakanutyun.org-ին պարտադիր է: Serakanutyun.org- ի հեղինակային հոդվածները, լուսանկարներն արտատպելու համար պարտադիր է ստանալ գրավոր համաձայնությունը:

  • Մեր մասին
  • Ինչպես խոսել երեխայի հետ սեռականության մասին
  • Ինչպես հղել մեզ հարց
  • Կապ