• Մեր մասին
  • Ինչպես խոսել երեխայի հետ սեռականության մասին
  • Ինչպես հղել մեզ հարց
  • Կապ
[email protected]
Login

Login
ՍեռականությունՍեռականություն
  • Մեր մասին
  • Ինչպես խոսել երեխայի հետ սեռականության մասին
  • Ինչպես հղել մեզ հարց
  • Կապ

Տղամարդու սեռական օրգաններ

Տղամարդու սեռական օրգաններ

Արական արտաքին սեռական և վերարտադրողական օրգաններ

vvv

  • Առնանդամը բաղկացած է երկու հիմնական մասից՝ սպունգաձև մարմնից և գլխիկից: Սպունգաձև մարմնի ներսի հյուսվածքը նույնպես սպունգանման է, ինչը թույլ է տալիս առնանդամին էրեկցիայի ժամանակ պնդանալ, իսկ հետո վերադառնալ սովորական փափուկ վիճակին: Գլխիկն ունի արտաքին բացվածք, որը կոչվում է միզածորանի ճեղք, որի միջոցով մեզն ու սերմնահեղուկը օրգանիզմից դուրս են գալիս:
    Տղաները ծնվում են թլիպով, այն առնանդամը ծածկող մաշկն է: Որոշ մշակույթներում և ընտանիքներում տղաներին թլպատում են՝ հեռացնելով առնանդամի ծայրամաշկը՝ թլիպը: Թեև շատերի դեպքում թլպատումը բժշկական տեսանկյունից անհրաժեշտ չէ, սակայն որոշ ծնողներ ընտրում են այն՝ ելնելով մշակութային, կրոնական կամ հիգիենիկ նկատառումներից:
  • Ամորձապարկը մաշկամկանային պարկ է, որտեղ գտնվում են ամորձիները: Այն օգնում է կարգավորելու դրանց ջերմաստիճանը, ինչն էլ շատ կարևոր է սերմնաբջիջների արտադրության համար: Ամորձապարկի ջերմաստիճանը սովորաբար կազմում է մոտ 32°C, ինչը մի փոքր ավելի ցածր է մարմնի մնացած մասի ջերմաստիճանից: Ամենանպաստավոր ջերմաստիճանը պահպանելու համար ամորձապարկը կարող է փոխել չափերը: Ցրտի դեպքում այն կարող է փոքրանալ, իսկ շոգի դեպքում՝ լայնանալ: Ջերմաստիճանի այս կարգավորումը կենսական նշանակություն ունի սերմնաբջիջների առողջության և պտղաբերության պահպանման համար: Բացի այդ՝ ամորձապարկը կատարում է պաշտապանողական ֆունկցիա՝ ապահովելով ամորձիների ֆիզիկական անվտանգությունը:
  • Ամորձիները գտնվում են ամորձապարկի մեջ և պատասխանատու են սերմնաբջիջների և տեստոստերոն հորմոնի արտադրության համար: Ամորձիները և՛ վերարտադրողական, և՛ էնդոկրին համակարգերի մի մասն են կազմում: Բնական է, երբ մի ամորձին մյուսից ավելի ցածր է տեղադրված, ինչը, ենթադրաբար, թույլ չի տալիս իրար սեղմվել՝ նվազեցնելով անհարմարությունը և պաշտպանելով վնասվածքներից:
  • Մակամորձին ոլորված խողովակ է, որը գտնվում է յուրաքանչյուր ամորձու հետևի մասում: Այնտեղ են պահվում ու հասունանում սերմնաբջիջները: Ամորձիներում արտադրվող սերմնահեղուկը շարժվում է դեպի մակամորձի, որտեղ էլ ձեռք է բերում շարժունակություն և ձվաբջիջը բեղմնավորելու ունակություն:

 

Արական ներքին սեռական և վերարտադրողական օրգաններ

  • Սերմնածորանը մկանային հաստ խողովակ է, որի միջով սերմնահեղուկը սերմնաժայթքման համար մակամորձուց տեղափոխվում է շագանակագեղձ և միզուկ:
  • Միզուկը բարակ խողովակ է, որն անցնում է առնանդամի միջով և վերջանում դրա գլխիկի վրա գտնվող բացվածքով: Այն կատարում է երկակի ֆունկցիա․ դրա միջով օրգանիզմից դուրս են գալիս մեզն ու սերմնահեղուկը: Միզուկը կապված է միզապարկի և վերարտադրողական օրգանների հետ, սակայն միզապարկի հիմքում գտնվող փականի մեխանիզմի պատճառով այն թույլ է տալիս միաժամանակ օրգանիզմից դուրս գալ միայն մեկ տեսակի հեղուկ՝ մեզ կամ սերմնահեղուկ:
  • Սերմնաբշտերը միզապարկի մոտ տեղակայված զույգ գեղձեր են: Դրանք արտադրում են հատուկ հեղուկ, որը սնուցում է սերմնահեղուկը և բարձրացնում դրանց շարժունակությունը, ինչն էլ կարևոր է հաջող բեղմնավորման համար:
  • Շագանակագեղձը գտնվում է միզապարկից անմիջապես ներքև և շրջագրկում է միզուկի մի մասը։ Այն արտադրում է կաթնանման թանձր հեղուկ, որը կազմում է սերմնահեղուկի բաղադրության մեծ մասը, ինչն էլ օգնում է պաշտպանելու սերմնահեղուկը, սնուցելու այն և ապահովելու դրա կենսունակությունը, երբ այն անցնում է կանանց  վերարտադրողական օրգաններով:
  • Միզապարկը մկանային պարկ է, որն իր մեջ պահպանում է մեզը, մինչև այն միզածորանի միջոցով դուրս կմղվի  մարմնից: Թեև այն վերարտադրողական համակարգի մաս չէ, այնուամենայնիվ, վերարտադրողական օրգաններին, հատկապես միզուկին շատ մոտ է տեղակայված, իսկ միզուկը կատարում է ինչպես միզուղիների, այնպես էլ վերարտադրողական գործառույթներ:

Ծնողի դերը

Երեխաները մեծանալու և հասունանալու ընթացքում սկսում են ուսումնասիրել իրենց մարմնի բոլոր մասերը: Ծնողները պետք է ըմբռնումով մոտենան իրենց երեխայի բնական հետաքրքրասիրությանը, որովհետև իր հետաքրքրությունն ու սեփական մարմնի մասերի ուսումնասիրությունը երեխայի զարգացման գործընթացի բնական մասն են կազմում: Ծնողները պետք է խուսափեն երեխային պատժելուց կամ քննադատելուց, քանի որ դա կարող է հանգեցնել իր մարմնի հանդեպ ամոթի զգացում առաջացնելուն:

Շատ կարևոր է օգտագործել մարմնի մասերին համապատասխան անատոմիական ճիշտ լեզու: Մենք մեր երեխաներին սովորեցնում ենք իրենց ձեռքերի, ոտքերի և բերանի ճիշտ անունները, ինչը պետք նաև անենք, երբ խոսքը վերաբերում է սեռական օրգաններին: Ճիշտ տերմինաբանության օգտագործումն օգնում է երեխաներին հասկանալու, որ իրենց մարմնի բոլոր մասերը կարևոր են ու բնական: Այս տերմիններից խուսափելը երեխայի համար կարող է նշան լինել, որ իր սեռական օրգանները տաբու են կամ պակաս կարևոր, ինչն էլ հավանաբար բացասաբար կազդի իր մարմնի պատկերի և սեռական զարգացման վրա: Պետք է երեխային խրախուսել ուսումնասիրելու և ավելի լավ ճանաչելու սեփական մարմինը, սակայն կարևոր է նաև ասել, որ դա պետք է անել մենակ ու առանձին եղած ժամանակ: Սա օգնում է երեխաներին զարգացնելու դրական վերաբերմունք իրենց մարմնի նկատմամբ և նպաստում է սեփական անատոմիայի առողջ ըմբռնմանը:

Ծնողները կարևոր դեր են խաղում իրենց երեխաների ձևավորման փուլում և իրենց աջակցությամբ, նրբանկատությամբ ու անկաշկանդ վերաբերմունքով կարող են օգնել իրենց երեխաներին՝ զարգացնելու առողջ ինքնագնահատական և մարմնի դրական ընկալում:

Հաճախ տրվող հարցեր

  • Հարց – Արդյոք ճի՞շտ է հեռացնել սեռական օրգանների հատվածի մազածածկույթը:
  • Պատասխան – Չկա ճիշտ կամ սխալ, կա այն, թե ինչպես է քեզ հարմար: Ուստի ինքդ պիտի որոշես՝ մազահեռացում անե՞լ այդ հատվածում, թե՞ թողնել՝  ինչպես կա: Միայն պետք է հիշես, որ սեռական օրգանների և ցայլքի հատվածում աճող մազերը բնական երևույթ են, և կարիք չկա դրանք հեռացնելու, քանի որ ունեն պաշտպանողական գործառույթ․ մեղմացնում են հագուստի և մաշկի անմիջական շփման ազդեցությունը: Այնուամենայնիվ, եթե այդ մազերը քեզ խանգարում են, կարող ես եղունգները կտրելու համար նախատեսված մկրատով զգուշորեն կտրատել դրանք: Իսկ եթե որոշել ես հեռացնել, ապա ընտրի՛ր քո մարմնին և մաշկին համապատասխան ու ամենաանվտանգ միջոցը:
  • Հարց – Սեռական հարաբերության ժամանակ կուսաթաղանթի պատռվելը մի՞շտ է ցավոտ:
  • Պատասխան – Ո՛չ, միշտ չէ, որ ցավոտ է: Կուսաթաղանթի ձևն ու գտնվելու վայրը յուրաքանչյուր կնոջ մոտ տարբեր է: Անգամ լինում են այնպիսի դեպքեր, երբ կուսաթաղանթը առաձգական (էլաստիկ) է կամ ունի անսովոր դիրք ու սեռական հարաբերության ժամանակ չի պատռվում:
  • Հարց – Ես վախենում եմ, որ իմ առաջին հարաբերության ժամանակ կուսաթաղանթս չի պատռվի, և արյուն չի գա: Ինչպե՞ս պետք է ապացուցեմ զուգընկերոջս, որ ես կույս եմ:
  • Պատասխան – Ընդհանրապես, առաջին հարաբերության ժամանակ կուսաթաղանթը միշտ չէ, որ պատռվում է, ու արյուն է գալիս: Երբեմն լինում են դեպքեր, որ կուսաթաղանթը պատռվում է առանց արյան հոսքի կամ ընդհանրապես չի պատռվում: Կուսաթաղանթը կարող է պատռվել նաև որոշ տեսակի սպորտաձևերով զբաղվելիս կամ տամպոն տեղադրելիս: Ուստի հնարավոր չէ նախապես իմանալ, թե ինչ տեղի կունենա սեռական հարաբերության ժամանակ: Եթե ձեր  հարաբերություններում կա փոխադարձ վստահություն ու հարգանք, ապա զուգընկերոջդ որևէ բան ապացուցելու կարիք չկա: Անկախ նրանից՝ կի՞ն ես, թե՞ տղամարդ, ինքդ պետք է որոշես՝ ունենա՞լ սեռական հարաբերություններ, թե՞ ոչ: Եթե սեռապես ակտիվ ես եղել մինչև ամուսնությունը, ապա դա քո որոշումն է, ու լրիվ օրինաչափ է, ինչը պետք է նաև քո զուգընկերը հարգի: Եթե քեզ համար կարևոր է մինչև ամուսնությունը կույս լինելը, ապա սա ևս քո որոշումն է, ու դա էլ է լրիվ օրինաչափ ու բնական: Եթե առաջին սեռական հարաբերության ժամանակ արյուն չի գալիս, ապա դա դեռ չի նշանակում, որ կույս չես: Ուղղակի մարդիկ հաճախ կուսաթաղանթի և կուսության վերաբերյալ ունեն սխալ պատկերացումներ, ինչը քո մեղքը չէ:
  • Հարց – Օրինաչա՞փ  է, որ հեշտոցից արտադրություն է գալիս:
  • Պատասխան – Այո՛, օրինաչափ է, բայց պետք է ուշադրություն դարձնել արտադրության քանակությանը, հոտին և գույնին: Եթե արտադրությունը սպիտակավուն է կամ թափանցիկ և չունի սուր հոտ, ապա անհանգստանալու կարիք չկա: Արտադրության հետ կապված փոփոխություններ կարող են լինել դաշտանային ցիկլի ընթացքում, և դա օրինաչափ է։ Եթե արտադրությունը սովորականից ավելի առատ է, ունի սուր ու տհաճ հոտ, սեռական օրգանների շրջանում քոր է գալիս, կամ միզելու և սեռական հարաբերության ընթացքում ցավում է, ապա պարտադիր պետք է դիմել մասնագետի օգնությանը:
  • Հարց – Արդյոք օրինաչա՞փ է այն, որ կրծքերի ու պտուկների միջև տարբերություն կա:
  • Պատասխան – Ա՛յո, օրինաչափ է: Յուրաքանչյուր մարդու կրծքի ձևն ու չափը կարող է իրարից տարբեր լինել, ու բնության մեջ շատ քիչ են հանդիպում դեպքեր, երբ կնոջ կրծքերն իրարից չեն տարբերվում: Պտուկները ևս կարող են տարբերվել: Որոշ մարդկանց մոտ դրանք կարող են արտահայտված լինել կամ էլ ոչ այդքան, կարող են նաև գույնի ու չափի տարբերություններ ունենալ:
  • Հարց – Արդյոք ճի՞շտ է տղաներին թլպատելը:
  • Պատասխան – Պետք է հասկանալ, թե դա ինչ նպատակ է հետապնդում: Հաճախ ծնողները կարծում են, որ դա հիգիենայի կարևոր մաս է կազմում, բայց դա այդպես չէ: Ճիշտ չէ երեխայի փոխարեն որոշում կայացնելը․ դա մարմնի անձեռնմխելիության կարևոր հիմնահարցերից մեկն է: Տղամարդու առնանդամի գլխիկի մաշկն ի սկզբանե ավելի փակ է լինում, սակայն ժամանակի ընթացքում այն ծածկող մաշկը հետ է քաշվում: Թլպատելու փոխարեն ուղղակի պետք է հետևել ու սովորեցնել հիգիենայի ճիշտ կանոնները: Բոլոր այն դեպքերում, երբ երեխան բորբոքվածության կամ կարմրության պատճառով միզել չի կարողանում, անհրաժեշտ է դիմել բժշկի:
  • Հարց – Որտեղի՞ց է դուրս գալիս տղամարդու մեզը:
  • Պատասխան – Ի տարբերություն կանանց, որոնց միզանցքը գտնվում է հեշտոցից ավելի վերև և ունի միզելու համար առանձին հատված, տղամարդիկ միզում են առնանդամի գլխիկում գտնվող միզածորանի ճեղքով, որտեղից դուրս է գալիս ինչպես մեզը, այնպես էլ սերմնահեղուկը:
  • Հարց – Տղաներն ունե՞ն կուսաթաղանթ:
  • Պատասխան – Ո՛չ, տղաները կուսաթաղանթ չունեն:

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ

© 2016 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս, ռադիո եւ հեռուստաընթերցումների դեպքում, հղումը serakanutyun.org-ին պարտադիր է: Serakanutyun.org- ի հեղինակային հոդվածները, լուսանկարներն արտատպելու համար պարտադիր է ստանալ գրավոր համաձայնությունը:

  • Մեր մասին
  • Ինչպես խոսել երեխայի հետ սեռականության մասին
  • Ինչպես հղել մեզ հարց
  • Կապ