Մարդու սեռական և վերարտադրողական օրգանները բաժանվում են արտաքին և ներքին մասերի: Առանձնացվում են կնոջ և տղամարդու սեռական և վերարտադրողական օրգաններ: Գոյություն ունեն այնպիսի դեպքեր, երբ մարդիկ ծնվում են որևէ օրգանի կամ օրգանների բացակայությամբ, սակայն մեծամասնության դեպքում մարդիկ ծնվում են տվյալ օրգանների առկայությամբ:
Կնոջ արտաքին սեռական և վերարտադրողական օրգաններն են՝
- Մեծ սեռաշուրթեր. դրանք մաշկային ծալքեր են, որ ծածկում են փոքր շուրթերը և հիմնականում կատարում են պաշտպանողական ֆունկցիա՝ պաշտպանելով ամբողջ արտաքին սեռական օրգանները: Մեծ սեռաշուրթերի գույնը և չափը տարբեր կանանց մոտ կարող է տարբեր լինել և մի սեռաշուրթը մյուսից նույնպես կարող է տարբերվել: Սեռական ցանկության ժամանակ մեծ սեռաշուրթերի գույնը և չափը կարող է փոփոխվել և արտահայտիչ դառնալ: Մեծ սեռաշուրթերը պատված են մազածածկույթով, այն ունի իր դերը և նշանակությունը: Մազածածկույթը պաշտպանում է սեռաշուրթերի մաշկն անմիջական հպումներից:
- Փոքր սեռաշուրթեր. դրանք գտնվում են հեշտոցի բացվածքի շուրջ և ծածկված են մեծ սեռաշուրթերով։ Ի տարբերություն մեծ սեռաշուրթերի` օժտված չեն մազածածկույթով և առավել զգայուն են, քանի որ ունեն բազմաթիվ նյարդեր, որոնք նպաստում են սեռական հաճույք զգալուն: Փոքր սեռաշուրթերը ևս կարող են տարբերվել միմյանցից. կարող են ներս ընկած լինել մեծ սեռաշուրթերի արանքում կամ կարող են լինել ավելի դուրս եկած և արտահայտիչ: Փոքր սեռաշուրթերի երկայնքով տեղակայված են բարտոլինյան գեղձերը, որոնց աշխատանքի շնորհիվ կանայք ունենում են հեշտոցային արտադրություն: Փոքր սեռաշուրթերն ևս կարող են այտուցվել սեռական ցանկության ժամանակ:
- Հեշտոցամուտք. այն բացվածքն է, որը հանդիսանում է մուտք դեպի հեշտոց:
- Միզանցք. հեշտոցամուտքից առավել փոքր անցք է և մուտքն է դեպի միզապարկ, որտեղ մեզը պաշարվում է նախքան միզարձակումը: Քանի որ միզանցքը շատ մոտ է հեշտոցամուտքին, միզանցքի շրջանում բակտերիաները հեշտությամբ կարող են մտնել հեշտոց և առաջացնել բորբոքում: Այդ պատճառով, կարող եք միզապարկը դատարկել սեռական հարաբերությունից առաջ և հետո, ինչպես նաև մաքուր պահեք սեռական օրգանները:
- Հետանցք. այն ուղիղ աղու բացվածքն է, հաստ աղու ելքը, որտեղից դուրս է գալիս արտաթորանքը:
- Ծլիկ /կլիտոր/. այն փոքր թմբիկ է և գտնվում է մեծ և փոքր սեռաշուրթերի արանքում: Ծլիկն ունի երկար արմատներ, որոնք հասնում են մինչև հեշտոցի մեկ երրորդ հատվածը և կպած են հեշտոցի ներքին պատերին, այնպես որ ծլիկը շատ ավելի մեծ է, քան թվում է։ Ծլիկի հիմնական և միակ ֆունկցիան սեռազգացողություն ապահովելն է: Ի տարբերություն տղամարդկանց` կանայք ի վիճակի են ունենալ երկու տեսակի սեռական հաճույքներ /օրգազմ/՝ ծլիկային և հեշտոցային: Երբ կնոջ սեռական ցանկությունը բարձրանում է, ծլիկն ավելի կոշտանում և չափերով մեծանում է:
Կնոջ ներքին սեռական և վերարտադրողական օրգաններն են՝
Կրծքագեղձեր. մեզանից շատերը ժամանակ չեն տրամադրում առավել լավ ծանոթանալու սեփական կրծքագեղձերին և հասկանալու դրանց դերն ու նշանակությանը: Ինչպես և մատնահետքերը, երկու կրծքագեղձերը նույնպես միմյանց չեն կարող նման լինել և կատարյալ զույգ գոյություն չունի: Եթե երբեք ձեր կրծքագեղձերը չեք դիտարկել հայելու դիմաց, ապա այժմ փորձեք դա անել: Կարևոր է պատկերացում կազմել սեփական կրծքագեղձերի նորմայի մասին, քանի որ դրանց տեսքն ու կառուցվածքը փոփոխության են ենթարկվում դաշտանային ցիկլի ընթացքում և կնոջ տարիքի հետ մեկտեղ: Ձեր կրծքագեղձերը կարող են ունենալ կոշտ և փափուկ հատվածներ, տարբեր հյուսվածքաբանություն և զգայունությամբ օժտված տարբեր հատվածներ: Կրծքագեղձերի կանոնավոր կերպով հետազոտումը Ձեզ կօգնի տեղեկանալու Ձեր օրգանիզմին բնորոշ անհատական առանձնահաստկությունների մասին, ինչպես նաև հայտնաբերելու նորմայից դուրս թվացող որևէ երևույթ: Հայելու դիմաց կրծքագեղձերը զննելիս կարող եք տեսնել, որ դրանք տարբերվում են միմյանցից չափերով և ձևով: Երբեմն աջ կուրծքն ավելի փոքր է կամ էլ հակառակը: Եթե ժամանակի ընթացքում ուսումնասիրեք Ձեր կրծքերը, ապա կտեսնեք որ դրանք դառնում են ավելի թույլ և կախված, քանի որ Ձեր մաշկը տարիքի հետ կորցնում է առաձգականությունը, իսկ կաթնագեղձերը փոքրանում են: Քանի որ կրծքագեղձերը գտնվում են ձվարանային հորմոնների ազդեցության դաշտում, դուք կարող եք տեսնել դրանց արտառոց կազմափոփոխությունները դաշտանային ցիկլի տարբեր շրջաններում: Այսպես` դաշտանի ավարտից անմիջապես հետո Ձեր կրծքագեղձերը կարող են լինել ավելի մեծ, իսկ նախադաշտանային օրերին՝ առավել լարված: Հղիության և կրծքով կերակրման շրջանում կրծքագեղձերը զգալիորեն մեծանում են: Դրանք կարող են ուռչել և լարվել սեռական գրգռման ժամանակ: Պատանեկության շրջանում դիտվող սեռական հորմոնների զգալիորեն ակտիվացման հետ մեկտեղ յուրաքանչյուր կրծքագեղձում սկսում է զարգանալ և չափսերով մեծանալ կաթնարտադրող համակարգը: Վերարտադրողական ամբողջ ցիկլի ընթացքում յուրաքանչյուր կին ունենում է մոտավորապես նույն քանակի կաթնարտադրող հյուսվածքներ: Կրծքագեղձերը պատված են ճարպային և շարակցական հյուսվածքներով: Կրծքագեղձերի չափսերի տարբերությունը պայմանավորված է նրանցում ճարպային հյուսվածքի քանակից: Սրանով է բացատրվում այն, որ կրծքերի մեծությունը կապ չունի դրանց սեռազգացողության կամ նրանցում արտադրվող կաթի քանակության հետ:
- Հեշտոց. այն 8-12 սմ երկարությամբ մկանային խողովակաձև օրգան է, որի վերին հատվածում արգանդի վզիկն է /արգանդի ստորին հատվածը/, իսկ ստորին հատվածը /հեշտոցամուտք/ բացվում է դեպի դուրս: Հեշտոցն ուղի է հանդիսանում դաշտանային արյան դուրս մղման, սեռական հարաբերության և բնական ծննդաբերության համար: Քանի որ հեշտոցը մկանային օրգան է, ապա կնոջ լարվելու ընթացքում այն կարող է չափերով փոքրանալ ու լարվել և հակառակը, եթե կինը հանգիստ է իրեն զգում և բարձր է սեռական ցանկությունը, ապա այն կարող է լայնանալ, բացվել և փոքր-ինչ խոնավանալ: Շատ կանայք, բայց ոչ բոլորը, հաճույք են զգում հեշտոցի մի մասի գրգռվելիս։ Այս մասը գտնվում է հեշտոցի մեկ երրորդ հատվածում և կոչվում է Ջ կետ: Նորմալ է ունենալ սպիտակավուն կամ անգույն հեշտոցային արտադրություն, որն ուղեկցվում է առանց հոտի կամ թեթև կաթնաթթվային հոտով: Հիվանդագին երևույթների ժամանակ հեշտոցային արտադրությունը կարող է շատանալ և տարբեր դրսևորումներ ստանալ` փոխել գույնը և հոտը, բաղադրությունը և տեսքը:
- Արգանդ. այն սովորաբար 7-9 սմ երկարությամբ և 5 սմ լայնությամբ սնամեջ, տանձաձև մկանային օրգան է, որտեղ հղիության ժամանակ զարգանում է սաղմը և պտուղը: Այն գտնվում է որովայնի խոռոչի ներքևի մասում՝ միզապարկի և ուղիղ աղու միջև։ Արգանդը բաղկացած է երկու հատվածներից՝ վզիկից, որը ներքևից բացվում է հեշտոցի վերևի մասում և մարմնից, որը արգանդի հիմնական մասն է կազմում: Արգանդի մարմինը շատ առաձգական է և հղիության ընթացքում մեծանում է տասնյակ անգամ` տեղավորելու մեծացող պտուղը, այնուհետև հղիությունից հետո վերադառնում է իր նախնական չափերին:
- Արգանդափողեր. 10-13 սմ երկարության նեղ խողովակներ են, ձգվում են արգանդից աջ և ձախ՝ դեպի ձվարաններ: Արգանդափողերն իրենց պատերի կծկման շնորհիվ ծառայում են ձվաբջիջները ձվարաններից քաշելու և արգանդ հասցնելու համար: Արգանդափողերը միշտ շարժման մեջ են, այսպես ասած միշտ պարում են, որի շնորհիվ էլ կատարում են իրենց ֆունկցիան: Ձվաբջջի բեղմնավորումը սերմնաբջիջով տեղի է ունենում հենց արգանդափողերից մեկում, ապա բեղմնավորված ձվաբջիջը տեղափոխվում է արգանդ, որտեղ այն ամրանում է արգանդի պատին: Երբեմն բեղմնավորված ձվաբջիջն ամրանում է արգանդափոխին, որը կարող է շատ վտանգավոր լինել կնոջ համար։ Այն կոչվում է արտարգանդային հղիություն։ Այս երևույթը հազվադեպ է տեղի ունենում և լինում է կնոջ մոտ հիմնականում չբուժված սեռավարակների տարածման դեպքում:
- Ձվարաններ. նուշի չափ փոքր, օվալաձև գեղձեր են, որոնք գտնվում են արգանդի երկու կողմերում: Ձվարաններն արտադրում են սեռական հորմոններ և ֆոլիկուլներ (պարկիկներ)` որտեղ տեղադրված են ձվաբջիջներ: Տղամարդիկ շարունակաբար սերմնաբջիջներ են արտադրում, ի տարբերության կանանց, ովքեր ծնվում են բոլոր իրենց ձվաբջիջներով և իրենց կյանքի ընթացքում չեն արտադրում նոր ձվաբջիջներ
- Միզապարկ, որտեղ հավաքվում է մեզը:
- Կուսաթաղանթ. հեշտոցի բացվածքը մասնակիորեն ծածկված է բարակ հյուսվածքով, որն ունի մի քանի անցքեր և կոչվում է կուսաթաղանթ։
Կուսաթաղանթի չափը և ձևը տարբեր կանանց մոտ տարբեր է լինում։ Պարզ չէ՝ կուսաթաղանթը ինչ ֆունկցիա է կատարում, նախկինում համարվում էր, որ կուսաթաղանթը պաշտպանողական ֆունկցիա ունի և պաշտպանում է մանրէների ներթափանցումը դեպի հեշտոց, սակայն այն չի հաստատվել: Կանանց մեծ մասն ունի կուսաթաղանթ, որը ձգված է կամ պատռվում է առաջին սեռական հարաբերությունից հետո, սակայն պարտադիր չէ, որ կուսաթաղանթը պատռվի առաջին սեռական հարաբերությունից։ Այն կարող է պատռվել նաև այլ հանգամանքներից, օրինակ՝ մարզանքից կամ տամպոն տեղադրելիս։ Դրա համար անհնար է կուսաթաղանթի առկայությունով կամ բացակայությունով պարզել աղջիկն ունեցել է սեռական հարաբերություն, թե՝ ոչ։ Կանայք կան, ովքեր բոլորովին չեն արյունահոսում և ցավ չեն ունենում առաջին հարաբերությունից։ Կան կանայք, ովքեր նաև ծնվում են առանց կուսաթաղանթի և սա բոլորովին նորմալ երևույթ է: Կարևոր է իմանալ, որ կուսաթաղանթը բոլոր կանանց մոտ միատեսակ չի լինում: