• Մեր մասին
  • Ինչպես խոսել երեխայի հետ սեռականության մասին
  • Ինչպես հղել մեզ հարց
  • Կապ
[email protected]
Login

Login
ՍեռականությունՍեռականություն
  • Մեր մասին
  • Ինչպես խոսել երեխայի հետ սեռականության մասին
  • Ինչպես հղել մեզ հարց
  • Կապ

Ձեռնաշարժություն

Ի՞նչ է ձեռնաշարժությունը

Ձեռնաշարժությունը սեփական սեռական օրգանների ինքնախթանումն է՝ սեռական հաճույք ստանալու նպատակով: Դա լրիվ բնական է, և կյանքի տարբեր փուլերում շատերն են դրանով զբաղվում: Ձեռնաշարժությունը սեռական զարգացման և ինքնազննման մի մասն է կազմում: Այն օգնում է անհատներին հասկանալու իրենց մարմինն ու այն ամենը, ինչը իրենց կարող է հաճույք պատճառել:

Հետազոտությունները ցույց են տվել, որ նույնիսկ արգանդում որոշ պտուղներ, դիպչելով իրենց սեռական օրգաններին, կարող են դրսևորել ձեռնաշարժությանը նման վարքագիծ: Երեխաների համար ձեռնաշարժությունը կարող է լինել ինքնահանգստացման միջոց, և շատ հաճախ նրանք դրանով զբաղվում են, երբ հոգնած են, ձանձրանում են կամ էլ սթրեսի մեջ են:

Ի՞նչու է իմ երեխան ձեռնաշարժությամբ զբաղվում

Երեխաները զարգանում են ինչպես ֆիզիկապես, սոցիալապես, հուզականորեն, այնպես էլ սեռապես: Դեռևս նախադպրոցական տարիքի երեխաների մեծ մասը բացահայտում է, թե ինչ է ձեռնաշարժությունը, երբ սկսում է ուսումնասիրել իր մարմինը՝ ներառյալ սեռական օրգանները:

Երեխաները կարող են զբաղվել ձեռնաշարժությամբ տարբեր պատճառներով: Դա կարող է լինել հարմարավետության զգացում առաջացնող, հանգստանալու ու թուլանալու միջոց կամ էլ պարզապես սեփական մարմնի հանդեպ բնական հետաքրքրասիրություն: Որոշ երեխաներ կարող են ավելի հաճախ զբաղվել ձեռնաշարժությամբ, հատկապես, երբ նրանք անհանգստացած են, ձանձրացած կամ էլ ուղղակի հոգնած:

Ո՞րքան ժամանակ է տևում ձեռնաշարժությունը

Այն պահից սկսած, երբ երեխան բացահայտում է ձեռնաշարժությունը, այն կարող է շարունակվել ողջ կյանքի ընթացքում: Քանի որ երեխաները մեծանում են և ժամանակի ընթացքում ավելի լավ են հասկանում սոցիալական կարգերն ու նորմերը, ձեռնաշարժությունը կարող է փոխել իր հաճախականությունն ու ձևը:

Վաղ մանկություն
Այս շրջանում երեխան կարող է զբաղվել ձեռնաշարժությամբ ժամանակ առ ժամանակ՝ այսպիսով նաև բավարարելով իր մարմինն ուսումնասիրելու բնական ցանկությունը: Նա կարող է լիովին չհասկանալ ու չընկալել այդ ամենը, բայց շարունակել զբաղվել դրանով, քանի որ ամբողջ ընթացքը հաճելի է ու հանգստացնող:

Միջին մանկություն (5-6 տարեկան)
Միջին մանկության շրջանում երեխան կարող է շարունակել ձեռնաշարժությամբ զբաղվել, բայց նաև հասկանալ, որ դա պետք է անել առանձին: Անձնական սահմանների զգացողությունը նրանց սոցիալական զարգացման հիմնական մասն է:

Դեռահասություն
Սեռական հասունացմանն ուղեկցող հորմոնալ փոփոխություններն ու սեռական գիտակցության բարձրացումը դեռահասության շրջանում ձեռնաշարժությունը դարձնում են ավելի հաճախակի ու կանոնավոր: Սա սեռական զարգացման բնականոն կողմերից է, և շատ դեռահասներ ձեռնաշարժությունն օգտագործում են որպես իրենց սեռական զգացմունքները բացահայտելու և սեռական լարվածությունը թուլացնելու միջոց:

Ինչու է ծնողների համար դժվար ձեռնաշարժության մասին խոսելը

Սեռականության թեման բավականին փակ է մեր հասարակության համար: Չնայած այն բանին, որ շատ ծնողներ զբաղվել կամ շարունակում են զբաղվել ձեռնաշարժությամբ,  այնուամենայնիվ, իրենց համար դժվար է երեխաների հետ խոսել այդ մասին: Սեռականության հետ կապված այս նախապաշարմունքները մարդկանց հաճախ ստիպում են մտածել, որ իրենց արածը սխալ է կամ ամոթալի, բայց պետք չէ մոռանալ, որ սեփական մարմինն ուսումնասիրելն ու հասկանալը, թե ինչ է մեզ դուր գալիս, կազմում են մեր հասունացման բնականոն մասը, և դրա մեջ ոչ մի վատ կամ ամոթալի բան լինել չի կարող:

Խոր արմատացած համոզմունքների, նաև սխալ տեղեկություն տալու վախի պատճառով ծնողների համար երբեմն իրոք դժվար է իրենց երեխաների հետ խոսել այս թեմայի շուրջ: Այնուամենայնիվ, թեմայից խուսափելը կամ այն ​​որպես ամոթալի բան համարելը երեխայի մոտ կարող է իր մարմնի և սեռականության վերաբերյալ շփոթության կամ բացասական զգացմունքների պատճառ դառնալ:

Ինչու է կարևոր հասկանալ, որ երեխաների ձեռնաշարժությամբ զբաղվելը իրենց զարգացման բնականոն ընթացքն է

Սեփական մարմնի գիտակցում
Ձեռնաշարժությունը երեխայի համար իր մարմինն ուսումնասիրելու, էլ ավելի լավ ճանաչելու միջոց է, և այն իրեն օգնում է հասկանալու, թե ինչպես է իր մարմինն աշխատում:

Մարմնի դրական պատկեր
Երբ ծնողները առանց քննադատելու պատասխանում են իրենց երեխայի հարցերին կամ ըմբռնումով են մոտենում ձեռնաշարժությամբ զբաղվելու նրա ցանկությանը, դա կարող է օգնել երեխային զարգացնելու առողջ և դրական վերաբերմունք իր մարմնի նկտմամբ՝ նվազեցնելով ապագայում ամոթի անառողջ զգացումն ունենալու հավանականությունը:

Ինքնահանգստացում
Որոշ երեխաների համար ձեռնաշարժությունը կարող է հանգստանալու և թուլանալու միջոց լինել, հատկապես եթե քնելու հետ կապված խնդիրներ ունեն: Սա գիտակցելն ու ընդունելը նույնպես օգնում է ծնողներին ավելի ըմբռնումով մոտենալու այս հարցին:

Սեռական զարգացում
Ձեռնաշարժությունը օգնում է ճանաչելու սեփական կարիքներն ու նախասիրությունները, ինչը կարող է նպաստել ապագայում ավելի որակյալ և առողջ սեռական կյանք ունենալուն: Այն կազմում է սեռական զարգացման բնական մասը, ինչը ապագայում անձնական սահմանները նշելու ու սեռական համաձայնությունը հասկանալու հիմքն է:

Ձեռնաշարժությունն արդյոք առաջացնում է առողջական խնդիրներ

Ձեռնաշարժությունն ընդհանուր առմամբ առողջ գործողություն է և չի առաջացնում ոչ մի առողջական խնդիր, բայց կարևոր է հետևել անվտանգության հիմնական ուղեցույցներին:

Հիգիենա
Ինֆեկցիաները կանխելու համար շատ կարևոր է ձեռնաշարժությունից առաջ ձեռքերը մանրակրկիտ լվանալ: Սա օգնում է նվազագույնի հասցնելու բակտերիաների կամ այլ ախտածինների՝ սեռական տարածք ներմուծելու վտանգը:

Անվտանգության միջոցներ
Ձեռնաշարժության ժամանակ անհրաժեշտ է խուսափել սուր կամ կոպիտ առարկաներ օգտագործելուց, քանի որ դրանք կարող են վնասել սեռական օրգանները և հանգեցնել առողջական լուրջ խնդիրների:

Հուզական բարեկեցություն
Կարևոր է, որ ծնողները կամ խնամակալները ձեռնաշարժության թեմային մոտենան ըմբռնումով և առանց քննադատության: Բացասական արձագանքը կարող է վատ ազդեցություն ունենալ երեխայի հուզական և հոգեբանական բարեկեցության վրա: Նման արձագանքը կարող է սերմանել մեղքի կամ ամոթի զգացում, ինչը հետագայում սեռական կյանքում կարող է բերել դժվարությունների կամ սեռականության նկատմամբ անառողջ վերաբերմունքի:

Ծնողն ինչպես կարող է օգնել երեխային

Սահմանե՛ք իրատեսական ակնկալիքներ
Կարևոր է հասկանալ, որ ձեռնաշարժությունը երեխայի սեռական զարգացման ընթացքի բնական մասն է կազմում: Պետք չէ և ոչ էլ իրատեսական է արգելել երեխային դրանով զբաղվելը: Փոխարենը ծնողները պետք է կենտրոնանա երեխային ուղղորդելու վրա՝ հասկանալու ձեռնաշարժության համար հարմար պահն ու վայրը: Սովորեցրե՛ք երեխային, որ ձեռնաշարժությունը շատ նեղ անձնական է ու բացատրեք, որ դրանով պետք է զբաղվել առանձին եղած ժամանակ, օրինակ՝ իր ննջասենյակում: Նաև ընդգծեք, որ դրանով ինքը պետք է զբաղվի մենակ, և ուրիշ ոչ մեկը ոչ մի դեպքում իրավունք չունի իրեն դիպչելու: Ձեր երեխայի հետ բաց հաղորդակցությունը առանցքային դեր է խաղում, որովհետև թեման ամբողջովին անտեսելու դեպքում երեխայի մոտ կարող է սխալ տպավորություն ստեղծվել, թե երբ, որտեղ և ինչ պայմաններում է պետք դրանով զբաղվել: Ուստի շատ կարևոր է Ձեր երեխայի հետ խոսելն ու պայմանները բացատրելը: Հարգե՛ք Ձեր երեխայի անձնական տարածքը, ու եթե նա քնելուց առաջ զբաղվում է ձեռնաշարժությամբ, առանց դուռը թակելու՝ մի՛ մտեք իր սենյակ:

Անհրաժեշտության դեպքում շեղե՛ք ուշադրությունը
Եթե ​​նկատում եք, որ Ձեր երեխան օրվա ընթացքում հաճախ է զբաղվում ձեռնաշարժությամբ, ապա փորձե՛ք շեղել նրա ուշադրությունը: Նախ համոզվեք, որ նրա վարքի հետևում չկան այնպիսի ֆիզիկական պատճառներ, ինչպիսիք են սեռական օրգանների շրջանում գրգռվածություն կամ այնպիսի հագուստ, որն այդ հատվածում կարող է անհանգստություն պատճառել: Ստուգե՛ք երեխայի հագուստը՝ համոզվելու համար, որ տաբատը կամ ներքնազգեստը անհանգստություն չեն պատճառում, և իրավիճակին համապատասխան՝ լուծե՛ք խնդիրը: Բացառելով բոլոր նման գործոնները՝ փորձեք շեղել երեխայի ուշադրությունը և առաջարկել ուրիշ զբաղմունքներ, որոնք կհետաքրքրեն իրեն և նույնպես հաճույք կպատճառեն:

Շատացրե՛ք ֆիզիկական ուշադրությունն ու շփումը
Որոշ երեխաներ կարող են ավելի հաճախ զբաղվել ձեռնաշարժությամբ, երբ զգում են, որ իրենց խնամողների կողմից բավարար ջերմություն կամ ուշադրություն չեն ստանում: Անհրաժեշտ է ամեն օր ջերմությամբ ու ուշադրությամբ հագեցած ժամանակ անցկացնել միասին: Սա կարող է օգնել երեխային բավարարելու հուզական կապի կարիքը՝ նվազեցնելով ձեռնաշարժության միջոցով ինքնահանգստացման անհրաժեշտությունը:

Հաշվի՛ առեք դեռահասաներին բնորոշ վարքագիծը
Եթե Ձեր երեխայի սեռական հասունացման ընթացքում նկատում եք, որ նա չափից շատ է կենտրոնացած ձեռնաշարժության վրա, ինչն էլ խանգարում է նրա առօրյա գործունեությանը և սոցիալական շփումներին, ապա կարևոր է հետը հստակ ու բաց զրույց ունենալ: Իր ուշադրությունը շեղել փորձելու փոխարեն խոսե՛ք հետը՝ հասկանալու համար, թե արդյոք կան այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են սթրեսը կամ ցածր ինքնագնահատականը, որոնք դրդում են իրեն ձեռնաշարժությամբ զբաղվելու չափից դուրս շատ: Անկեղծ ու պարզ զրույցը կարող է ամրապնդել ձեր հարաբերություններն ու ամուր վստահություն ստեղծել ձեր միջև: Խուսափե՛ք քննադատությունից կամ մեղադրելուց, քանի որ դրանք կարող են մեղքի կամ ամոթի զգացում առաջացնել:

Հաճախակի հանդիպող սխալներ, որոնք ծնողները թույլ են տալիս
Ամենահաճախ հանդիպող սխալն այն է, որ ծնողները ստիպում են երեխաներին այլևս չզբաղվել ձեռնաշարժությամբ: Սա ապացուցում է այն, որ ծնողները փորձում են իշխանություն հաստատել իրենց երեխայի վրա, քանի որ հասարակության մեջ ընդունված չէ խոսել սեռականությունից և որոշ դեպքերում համարվում է ամոթալի երևույթ: Երեխաները չպետք է պատժվեն ձեռնաշարժության համար: Մի՛ փորձեք ամրապնդել այն նախապաշարմունքը, որ ձեռնաշարժությունը կեղտոտ ու ամոթալի մի բան է, կամ այն վնասակար է: Այս ամենը ի վերջո կհանգեցնի զգացմունքային ու սեռական երկարաժամկետ բարդությունների: Մի՛ վախեցրեք նրան հիմար պատմություններով, որոնց մեջ նա կընկնի, եթե նա շարունակի ձեռնաշարժությամբ զբաղվել, և առավել ևս երբեք ու ոչ մի դեպքում ֆիզիկապես մի՛ պատժեք նրան՝ կապելով ձեռքերը կամ ոտքերը: Դա ոչ միայն անարդյունավետ է, այլև անհետ կվերացնի Ձեր հանդեպ ունեցած նրա վտսահությունը ու, բնականաբար, բազմաթիվ հոգեբանական խնդիրներ կառաջացնի նրա մոտ:

Օգնելն ու աջակցելը, որպեսզի Ձեր երեխան հասկանա իր զարգացող սեռականությունը, կարևոր է նախ և առաջ նրա ընդհանուր բարեկեցության համար: Բաց ու պարզ հաղորդակցություն ապահովելով, նրա անձնական տարածքն ու սահմանները հարգելով, ուշադրություն և ջերմություն տրամադրելով՝ Դուք կարող եք ուղղորդել Ձեր երեխային զարգացման այս կարևոր փուլում:

Երբ է պետք անհանգստանալ և դիմել մասնագետի օգնությանը

Շարունակական ձեռնաշարժություն հանրային վայրերում
Եթե Ձեր երեխան շարունակում է ձեռնաշարժությամբ զբաղվել ուրիշների առջև նույնիսկ այն բանից հետո, երբ Դուք բացատրել եք, որ դա խիստ անձնական է, ապա հնարավոր է, որ նա չի հասկանում՝ ինչ են անձնական սահմանները, կամ էլ դժվարանում է վերահսկել իր ցանկությունները: Նման դեպքում կարող է օգտակար լինել մանկաբույժի կամ մանկական հոգեբանի հետ խորհրդակցելը ՝ վարքագիծն ավելի լավ հասկանալու և համապատասխան մեթոդներ ձեռնարկելու համար:

Ուրիշ անձանց ներգրավումը ձեռնաշարժության մեջ
Եթե ձեր երեխան փորձում է ուրիշներին ներգրավել իր ձեռնաշարժության մեջ կամ սեռական բացահայտ վարք է դրսևորում ուրիշների նկատմամբ, ապա պետք է հասկանալ, որ դա լուրջ մտահոգություն է: Նման վարքը հուշում է, որ Ձեր երեխան չի հասկանում, թե ինչ է սեռական համաձայնությունը կամ էլ հավանաբար ենթարկվել է սեռական ոտնձգության: Մասնագիտական ​​միջամտությունը կարևոր է այս խնդիրները լուծելու, երեխայի անվտանգությունն ապահովելու և համապատասխան սոցիալական վարքագիծ սովորեցնելու համար:

Վնասակար առարկաների օգտագործում
Եթե Ձեր երեխան ձեռնաշարժության ժամանակ օգտագործում է այնպիսի առարկաներ, որոնք կարող են վնասել իր սեռական օրգանները կամ մարմնի այլ մասերը, ապա կարևոր է անհապաղ դիմել բժշկական խորհրդատվության՝ համոզվելու համար, որ ոչ մի լուրջ վնասվածք չի ստացել:

Ձեռնաշարժության վրա չափից ավելի կենտրոնացում
Եթե ձեր երեխան օրվա ընթացքում չափից շատ ժամանակ է տրամադրում ձեռնաշարժությանը, ապա դրա հիմքում կարող է ընկած լինել հոգեբանական ինչ-որ խնդիր: Կարևոր է հասկանալ այս վարքագծի հիմնական պատճառը, ինչը կարող է պահանջել բուժաշխատողի կամ թերապևտի օգնություն: Նրանք կարող են օգնել ավելի արդյունավետ մեթոդներով լուծելու խնդիրը և ապահովելու երեխայի համար ավելի հավասարակշռված զարգացում:

Հարկադրանքի նշաններ
Եթե կասկածում եք, որ ինչ-որ մեկը ստիպել է Ձեր երեխային զբաղվել ձեռնաշարժությամբ, կամ եթե ձեր երեխան ականատես է եղել կամ էլ ուրիշի հետ ներգրավվել է սեռական հարաբերությունների մեջ, շատ կարևոր է անհապաղ դիմել մասնագետի օգնությանը: Այս իրավիճակը կարող է վկայել սեռական բռնության կամ վնասակար միջավայրի ազդեցության մասին, և այն պահանջում է երեխաների հոգեկան առողջությամբ զբաղվող մասնագետների հրատապ ուշադրությունը՝ նրա անվտանգությունն ու բարեկեցությունն ապահովելու համար:

Հաճախ տրվող հարցեր

Հարց. Արդյոք ձեռնաշարժությունը հիվանդություն է կամ շեղում:

Պատասխան. Ո՛չ, ձեռնաշարժությունը բնական երևույթ է: Այն սեփական մարմինը և ցանկությունները հասկանալու և ճանաչելու ձև է: Ձեռնաշարժությունը կարող է սկսվել փոքր տարիքից և շարունակվել ամբողջ կյանքի ընթացքում: Կարևորը միշտ հիշելն է, որ ձեռնաշարժությամբ կարելի է զբաղվել, երբ մենակ ես և չես խանգարում մյուսներին:

Հարց․ Արդյոք միայն տղաներն են զբաղվում ձեռնաշարժությամբ:

Պատասխան․ Ո՛չ, ձեռնաշարժությամբ կարող են զբաղվել բոլորը՝ անկախ սեռից:

 

Հարց․ Ձեռնաշարժությունն արդյոք կարող է առաջ բերել առողջական խնդիրներ, օրինակ՝ կուրություն:

Պատասխան․ Ո՛չ, ձեռնաշարժությունը չի հանգեցնում որևէ առողջական խնդրի՝ ո՛չ կուրության, ո՛չ լսողության խանգարումների և ո՛չ էլ որևէ այլ խնդրի: Արտաքին կամ ներքին սեռական օրգանները վնասելուց խուսափելու համար ձեռնաշարժության ժամանակ պետք է  օգտագործել մաքուր պարագաներ, որոնք ո՛չ սուր են և ո՛չ էլ կոպիտ:

 

Հարց․ Ամեն անգամ ձեռնաշարժությամբ զբաղվելիս ամոթից արտասվում եմ ու մտածում, որ կեղտոտ մի բան եմ անում, ու շատ վատ եմ զգում: Արդյոք դրանով զբաղվելը մեղք է:

Պատասխան․ Ձեռնաշարժությունը մեղք չէ և ոչ էլ ամոթալի երևույթ: Ձեռնաշարժությունը և առհասարակ սեռականության հետ կապված յուրաքանչյուր թեմա մեր հասարակության մեջ չբարձրաձայնվող է: Շատ քչերն են խոսում այդ թեմաներից: Խոսելու դեպքում էլ առաջ են մղում միայն բացասական երևույթները: Ձեռնաշարժությունը ինքդ քեզ բացահայտելու լավ միջոց է և օգնում է ավելի լավ հասկանալու, թե ինչպես է աշխատում քո օրգանիզմը:

Հարց․ Արդյոք ձեռնաշարժությունը կարող է խնդիրներ առաջացնել հետագայում՝ սեռական կյանքով ապրելիս:

Պատասխան․ Ո՛չ, սա տարածված թյուր պատկերացում է․ ձեռնաշարժությունն օգնում է ավելի լավ հասկանալու մեր մարմնի ցանկությունները, ինչն էլ իր հերթին խթանում է հետագայում ավելի որակյալ ու առողջ սեռական կյանք ունենալը:

 

Հարց․ Պարբերաբար սեռական հարաբերություններ ունեցող անձինք արդյոք այլևս ձեռնաշարժությամբ չեն զբաղվում:

Պատասխան․ Սա խիստ անհատական է․ յուրաքանչյուրի կյանքում սեռական հարաբերությունները զուգընկերոջ հետ կարող են իրենց տեղն ու դերն ունենալ, իսկ ձեռնաշարժությունը՝ իր ուրույն տեղը: Սեռապես ակտիվ շատ մարդիկ զբաղվում են նաև ձեռնաշարժությամբ, և դա բնականոն երևույթ է համարվում:

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ

© 2016 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս, ռադիո եւ հեռուստաընթերցումների դեպքում, հղումը serakanutyun.org-ին պարտադիր է: Serakanutyun.org- ի հեղինակային հոդվածները, լուսանկարներն արտատպելու համար պարտադիր է ստանալ գրավոր համաձայնությունը:

  • Մեր մասին
  • Ինչպես խոսել երեխայի հետ սեռականության մասին
  • Ինչպես հղել մեզ հարց
  • Կապ