• Մեր մասին
  • Ինչպես խոսել երեխայի հետ սեռականության մասին
  • Ինչպես հղել մեզ հարց
  • Կապ
[email protected]
Login

Login
ՍեռականությունՍեռականություն
  • Մեր մասին
  • Ինչպես խոսել երեխայի հետ սեռականության մասին
  • Ինչպես հղել մեզ հարց
  • Կապ

Սեռական կողմնորոշում և գենդերային ինքնություն

Սեռականություն

Սեռականությունը մարդու կյանքի հիմնական բնութագրիչներից է և ընկած է մեր անհատականության հիմքում: «Սեռականությունը» եզրույթ է, որ բնորոշում է անձի սեռական վարքագիծը, գրավչությունները, հակակրանքները, հակումները, նախասիրությունները և այլն: Յուրաքանչյուրս էլ օժտված ենք սեռականության բոլոր բաղադրիչներով, որոնցից են նաև անհատի սեռը, սեռական կողմնորոշումը, գենդերային ինքնությունը և գենդերային արտահայտումը:

Հնարավոր է անակնկալի գաք, բայց սեռականությունը ամենուր է՝ գրքերում, ֆիլմերում, համացանցում և այն ազդում է մեր ինքնադրսևորման ձևերի վրա (օր՝․ինչպես ենք մենք հագնվում, խոսում և այլն )։

Սեռ ու գենդեր եզրույթները հաճախ շփոթություն են առաջացնում մեզ մոտ, դրանք երկու տարբեր, բայց միևնույն ժամանակ միմյանց հետ փոխկապակցված երևույթներ են: Սեռը պատմականորեն հասկացվել է որպես ընդամենը երկու կատեգորիա՝ արական և իգական: Բայց դա միշտ չէ, որ տեղավորվում է երկու «պարզ» կատեգորիաների մեջ։

Սեռ ասելով` մենք սովորաբար ի նկատի ենք ունենում անհատի կենսաբանական սեռը, որը մարդու կենսաբանական հատկանիշների ամբողջությունն է՝ մասնավորապես արտաքին և ներքին սեռական օրգանների կառուցվածքն ու ֆունկցիաները, հորմոնների մակարդակը, քրոմոսոմները և գեները, որոնք էլ մարդուն բնորոշում են որպես արական, իգական կամ ինտերսեքս:

«Ինտերսեքս»-ն ընդհանրական եզրույթ է, որն օգտագործվում է անվանելու մի շարք կարգավիճակներ, որոնց դեպքում անհատը ծնվում է այնպիսի վերարտադրողական կամ սեռական համակարգի կառուցվածքով, որը հնարավոր չէ միանշանակ առանձնացնել` որպես իգական կամ արական: Այսպիսի կարգավիճակներն ընդունված է անվանել «ինտերսեքս կարգավիճակներ», իսկ մարդկանց` ինտերսեքս կարգավիճակ ունեցող անհատներ:

Ինտերսեքս կարգավիճակի դեպքում անհատն ունի սեռի հակասական կամ ոչ միանշանակ կենսաբանական չափորոշիչներ: Որոշ դեպքերում ինտերսեքս հատկանիշները կարող են տեսանելի լինել ծննդյան ժամանակ, բայց հաճախ դրանք պարզ չեն դառնում մինչև սեռական հասունացումը և անգամ որոշ քրոմոսոմային ինտերսեքսային հատկանիշներ կարող են երբեք տեսանելի չլինել: Օրինակ, անհատը կարող է ծնվել արտաքնապես իգականին բնորոշ սեռական համակարգով, սակայն ունենալ արականին բնորոշ ներքին սեռական կառուցվածք: Կամ անհատը կարող է ծնվել արական ու իգական սեռերին բնորոշ սեռական օրգանների միջանկյալ տարբերակներով. օրինակ, աղջիկը կարող է ծնվել տեսանելի մեծ ծլիկով (կլիտոր) կամ չունենալ հեշտոցամուտք, կամ տղան կարող է ծնվել նկատելի փոքր առնանդամով կամ սեռական շրթերի նման բաժանված փոշտով: Անհատը կարող է ծնվել նաև մոզայիկ գենետիկական կազմով, երբ իր բջիջներից որոշներն ունեն XX քրոմոսոմային կազմ և որոշները` XY:

Ցավոք, երբեմն բուժաշխատողները ծնողների հետ խորհրդակցելուց  հետո ինտերսեքս կարգավիճակ ունեցող երեխաներին  ենթարկում են վիրահատական միջամտության, որպեսզի սեռական օրգանները «համապատասխանեցնեն» նշանակված սեռին։ Խոշտանգումների հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցողի 2013 թվականի հայտարարությունը դատապարտում է ինտերսեքս կարգավիճակ ունեցող անձանց նկատմամբ «համապատասխանեցման/ նորմալացման» վիրահատությունների անհամաձայն կիրառումը, քանի որ դրանք «կարող են առաջացնել սպիներ, սեռական զգացողության կորուստ, ցավ, անմիզապահություն և դեպրեսիա, ինչպես նաև քննադատվել են լինելով ոչ գիտական, վնասակար և նպաստող խարանին[1]։

Գենդերը լայն հասկացություն է և իր մեջ ներառում է անհատի սեռի վրա հիմնված հասարակական սպասելիքները, վարքագծերը և դերերը, որոնք փոփոխական են` կախված պատմությունից, հասարակություններից, մշակույթներից և դասակարգերից: Այն ներառում է նաև մարդկանց առնականության և կանացիության ներքին ընկալումը, որն անվանում ենք գենդերային ինքնություն: Գենդերային ինքնությունն այն հարցի պատասխանն է, թե մեր ներաշխարհում մենք ինքներս մեզ որ սեռի ներկայացուցիչ ենք համարում՝ տղամարդ, կին կամ այլ գենդեր (տրանս):

[1] Տե՛ս, Report of the Special Rapporteur on torture and other cruel, inhuman or degrading treatment or punishment, Juan E. Méndez

Գենդերային ինքնություն․ ինչպես ենք մենք մեզ անվանում

Տարբեր երկրներում, այդ թվում նաև ՀՀ-ում հաճախ շատ կոնկրետ պատկերացումներ ունեն այն մասին, թե ինչպես պետք է տղամարդիկ և կանայք իրենց պահեն, ինչպիսի տեսք պետք է ունենան կամ հագնվեն: Այլ կերպ ասած, օրինակ, եթե նորածինը ծնվում է իգական սեռական օրգաններով` ունի հեշտոց, արգանդ, ապա նա պատկանում է իգական սեռի: Նրան անվանում են աղջիկ և ենթադրում, որ երբ աղջիկը մեծանա, լինելու է կին, ով կունենա «կանացի» կեցվածք, հագնվելու և խոսելու ոճ, կսիրի և կամուսնանա տղամարդու հետ ու երեխաներ կունենա: Նմանապես նաև արական սեռի դեպքում է: Մարդկանց մեծամասնության մոտ պահպանվում է հետևյալ օրինաչափությունը` իգական սեռի անհատը պետք է դաստիարակվի «կանացի» սպասելիքներին համապատասխան և իրեն զգա կին, իսկ արական սեռի անհատը` «տղամարդկային» սպասելիքներին համապատասխան և իրեն զգա տղամարդ: Սակայն, կան բազմաթիվ մարդիկ, ովքեր մարտահրավեր են նետում այն պատկերացմանը, որ մեր բոլոր ֆիզիկական, հուզական ու հոգեբանական հատկանիշները պայմանավորված են ի ծնե մեզ տրված սեռական օրգաններով: Լինում են դեպքեր, երբ երեխան ծնվում է, օրինակ, իգական սեռական օրգաններով, նրան անվանում են աղջիկ և դաստիարակում հասարակությունում առկա «կանացիության» սպասելիքներին, վարքագծերին ու դերերին համապատասխան, սակայն աղջիկը իրեն ավելի ներդաշնակ է զգում հասարակությունում առկա «տղամարդկային» սպասելիքների, վարքագծերի ու դերերի հետ և իր ինքնընկալման մեջ (գենդերային ինքնություն) իրեն համարում է տղամարդ:

Այսպիսով որոշ մարդիկ կարող են զգալ, որ իրենց ամբողջ գենդերային ինքնությունը սահմանվում է իրենց մարմնի կողմից: Մյուսները կարող են զգալ, որ իրենց մարմինը և իրենց գենդերի զգացումը լիովին տարբեր են: Մարդկանց զգացմունքները իրենց մարմնի և գենդերային ինքնության միջև փոխհարաբերությունների վերաբերյալ կարող են փոփոխվել ժամանակի ընթացքում:

Գենդերային ինքնությունն անհատի կողմից իր իսկ գենդերի ընկալումն է և անհատական փորձը, որը կարող է համապատասխանել կամ չհամապատասխանել ծննդյան ժամանակ հաստատված սեռին: Այն սոցիալական ինքնության կատեգորիա է և վերաբերում է անհատի նույնականացմանը` որպես տղամարդ, կին կամ այլ գենդեր: Այն կարող է դրսևորվել մարմնի արտաքին տեսքի փոփոխությամբ կամ բժշկական/ վիրաբուժական միջամտությամբ ներառյալ հագուստի, խոսքի փոփոխությամբ:

Յուրաքանչյուրս ունի իր գենդերային ինքնությունը, անկախ այն բանից՝ ուզում ենք այն ունենալ, թե ոչ: Գենդերային ինքնությանն անդրադառնալիս կարևոր է տարանջատել տրանսգենդեր հասկացությունը, որը կարող է ներառել տրանսսեքսուալ և տրանսվեստիտ հասկացությունները:

Ցիսգենդերն այն անհատն է, ով նույնականացնում է իրեն ծննդյան ժամանակ հաստատված նույն գենդերի հետ, օրինակ կինն իրեն նույնականացնում է որպես կին, կամ տղամարդը՝ որպես տղամարդ: Ցիսգենդեր եզրույթը վիրավորանք չէ: Մարդիկ, ովքեր ցիսգենդեր են, պետք է խուսափեն իրենց գենդերային ինքնությունը «նորմալ» անվանելուց (ինչպես հաճախ արվում է) և փոխարենը անվանեն իրենց ցիսգենդեր:

Տրանսգենդեր եզրույթը, նկարագրում է անձի գենդերային ինքնությունը, որը պարտադիր չէ, որ համընկնի ծննդյան ժամանակհաստատված սեռի հետ: Որոշ տրանսգենդերներ իրենց համարում են հակառակ սեռի ներկայացուցիչ:

Այլ կերպ ասած` մարդիկ են, ովքեր անհարմար են զգում ծննդյան ժամանակ իրենց վերագրված գենդերից, ապրում ու դրսևորում են իրենց այլ գենդերին բնորոշ ձևով և ամենակարևորը`զգում են որպես այլ գենդերի պատկանող անհատ: Օրինակ, նրանք, որոնք մեծացել են որպես իգական սեռի անհատներ, սկսում են իրենց դրսևորել այնպես, ինչպես դա սովորաբար անում են տղամարդիկ. կարող են հագուստ գնել խանութի տղամարդկանց բաժնից, կարող են շատ կարճ կտրել գլխի մազերը և այլն, ինչպես նաև իրենց համարում են տղամարդ:

Տրանսսեքսուալն այն անհատն է, ով լիովին նույնականանում է հաստատված սեռին հակառակ գենդերային դերին և մշտապես ցանկանում է ապրել նախընտրած գենդերային դերով: Տրանսսեքսուալ անհատները  որպես իրենց սեռը արտահայտելու գործընթացի մաս, դիտարկում կամ օգտվում  են բժշկական միջամտություններից, ինչպիսիք են՝ հորմոնալ թերապիան կամ սեռը հաստատող վիրահատությունները, որը նաև կոչում են սեռափոխության վիրահատություն (SRS)։ Տրանսսեքսուալ անհատը կարող է ցանկանալ բժշկական միջամտություն իրականացնել, սակայն վերջինս պարտադիր պայման չի հանդիսանում։

Այլ կերպ ասած`տրանսսեքսուալ անձանց ոչ միայն գենդերային ինքնությունն է, որ չի համապատասխանում ծննդյան ժամանակ նրանց վերագրվող գենդերին, այլև նրանք ունեն նշանակալի անհարմություն սեփական կենսաբանական սեռի հետ: Օրինակ, եթե անհատի կենսաբանական սեռն արական է, սակայն նա զգում է, որ «սխալ»մարմնում է ծնվել և ցանկանում է լինել իգական սեռի, ապա նա ունի անհարմարություն սեփական կենսաբանական սեռի նկատմամբ: Որոշ տրանսսեքսուալ մարդիկ իրենց չեն նույնականացնում որպես տրանսգենդեր և հակառակը:

Կարևոր է տարանջատել տրանսգենդեր և տրանսեսքսուալ անձանց տրանսվեստիտ մարդկանցից (cross dresser): Եթե տրանսգենդեր անհատի անհարմարությունը կապված է գենդերային ինքնության ու դրա արտահայտման հետ, իսկ տրանսսեքսուալ անհատի դեպքում ավելանում է նաև սեփական կենսաբանական սեռի հետ անհարմարությունը, ապա տրանսվեստիտ անհատի դեպքում խոսքը վերաբերում է միայն հագուստին կամ կերպարանքին (այս բառի հիմքը իտալերեն “vestire” (հագնվել, հագնել) բառն է: Ներկայումս տրանսվեստիտ բառն այնքան էլ կիրառելի չէ, սակայն բնութագրում է մարդկանց,որոնք երբեմն կրում են այլ գենդերին բնորոշ հագուստ կամ կերպարանք: Այն կապ չունի սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հետ. տրանսվեստիտ անհատը կարող է լինել ինչպես նույնասեռական, այնպես էլ տարասեռական, երկսեռական կամ անսեռական, իսկ իր գենդերային ինքնությամբ` ինչպես ցիսգենդեր կին կամ ցիսգենդեր տղամարդ, այնպես էլ տրանսգենդեր կին կամ տրանսգենդեր տղամարդ:

Մարդիկ,որոնք կրում են այլ գենդերին բնորոշ հագուստ պարտադիր չէ, որ տրանս անձինք  լինեն: Սա կարող է լինել ինքնաարտահայտման, զվարճանքի կամ անձնական ոճի մաս, պարտադիր չէ, որ գենդերային ինքնության արտահայտում լինի։

Կարևոր է հիշել այժմ առավել զգայուն և համապարփակ եզրույթ է,  «տրանս» տերմինը, որը նկարագրում է սեռին չպատկանելու բոլոր տարբեր ձևերը։ Այսպիսով տրանսեքսուալ տերմինը պետք է օգտագործել միայն այն դեպքում, երբ մեջբերում եք անհատին, ով ինքն իրեն տրանսսեքսուալ է համարում:

Սեռական կողմնորոշում. ինչպես ենք մենք մեզ անվանում

Բառերը ու լեզուն, որ մենք ընտրում ենք սեռականության մասին խոսելիս կարող են խոցել դիմացինին, այդ պատճառով շատ կարևոր է օգտագործել զգայուն լեզու հաղորդակցվելիս և դրա մաս է կազմում նաև սեռականության տարբեր բաղադրիչների ընկալումը որոնցից է նաև սեռական կոմնորոշումը։

Մեզանից շատերը շփոթում են գենդերային ինքնությունը սեռական կողմնորոշման հետ: Դրանք երկուսն էլ յուրաքանչյուրիս բնորոշ սեռականության բաղկացուցիչ մասերն են, սակայն  տարբեր են: Տարբերությունն այդ երկու հասկացությունների միջև շատ պարզ է՝ գենդերային ինքնությունը վերաբերում է մեր ինքնընկալմանը որպես տղամարդ, կին կամ տրանսգենդեր, մինչդեռ սեռական կողմնորոշումն այն է, թե որ սեռի կամ գենդերի մարդկանց ենք մենք հիմնականում գրավիչ համարում:

Սեռական կողմնորոշումը յուրաքանչյուր անհատի խորը զգացմունքային, հուզական և սեռական գրավչությունների ամբողջությունը, ինտիմ և սեռական հարաբերությունները կամ դրանց ցանկությունն էտարբեր սեռի, նույն սեռի կամ մեկից ավելի սեռի անհատների նկատմամբ:

Առանձնացնում են սեռական կողմնորոշման հետևյալ տեսակները.

  • Տարասեռական կամ հետերոսեքսուալ. անհատ, որ վերոնշյալ գրավչությունների ամբողջությունը և ցանկությունները տածում էհակառակ սեռի կամ գենդերի անհատի նկատմամբ օրինակ՝ տղամարդ, ում գրավում են միայն կանայք կամ կին, ում գրավում են միայն տղամարդիկ։
  • Նույնասեռական կամ հոմոսեքսուալ (արական սեռ` գեյ, իգական սեռ` լեսբի). անհատ, ով վերոնշյալ գրավչությունների ամբողջությունը և ցանկությունները տածում է նույն սեռի կամ գենդերի անհատի նկատմամբ
  • Երկսեռական կամ բիսեքսուալ. անհատ, ով զգացմունքային և/կամ սեռական գրավչություն ունի երկու սեռերի կամ/և գենդերների նկատմամբ պարտադիր չէ, որ ունենա հավասար սեռական կամ ռոմանտիկ փորձ կամ այդ գրավչությունը լինի միաժամանակ  և դրսևորվի նույն կերպ տարբեր գենդերների ներկայացուցիչների հանդեպ։
  • Անսեռական կամ ասեքսուալ (որոշ աղբյուրներ այն համարում են սեռական կողմնորոշման տեսակ, իսկ որոշ աղբյուրներ` ոչ). անհատ, ով չունի սեռական գրավչության ցանկություն, սակայն ունի նույն հուզական կարիքները, ինչ բոլորը և ընդունակ է ձևավորել ինտիմ հարաբերություններ:

Այս չորս կատեգորիաները սեռական կողմնորոշման միակ տեսակները չեն, դրանք բազմազան են: Սեռական կողմնորոշումը պետք է դիտարկվի տարասեռականությունից (հետերոսեքսուալից) մինչև նույնասեռականություն (հոմոսեքսուալ) շարունակականության վրա, որոնց միջև կան բազմաթիվ այլ տարբերակներ: Ավելին, որոշ մարդիկ կարող են որոշել իրենց չնույնականանալ որևէ կերպ: Ի վերջո սեռական կողմնորոշումը ընտրություն կամ նախապատվություն չէ, և այն չի կարող փոփոխվել ըստ ցանկության։

Սեռական կողմնորոշման վերաբերյալ մի շարք դատողություններ

  • Տարբեր ժամանակաշրջաններում, հասարակություններում և մշակույթներում մարդկանց 5-10%-ն իրենց նույնականացնում են որպես ԼԳԲՏ (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) համայնքի անդամ:
  • Ներկայիս միջազգային գիտական աշխարհում սեռական կողմնորոշումը համարվում է բազմագործոնային երևույթ, ինչպես մարդու ցանկացած այլ հատկանիշ: Եվ ինչպես ցանկացած այլ առանձահատկություն, այն ի հայտ է գալիս ի ծնե` զարգանալով ու ձևավորվելով սոցիալականացման ընթացքում և հետագա ամբողջ կյանքում: Հետևաբար, այն չի հանդիսանում անհատի ընտրություն, այլ պարզապես հատկանիշ է, որը դրսևորվում է կյանքի ընթացքում:
  • 1992թ-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հեռացրել է նույնասեռականությունը Հոգեկան և վարքային խանգարումների միջազգային դասակարգումից։ Սա ընդունվում և կիրառվում է աշխարհի տարբեր երկրներում այդ թվում նաև ՀՀ-ում[1]։
  • Բացասական փորձ, ինչպիսիք են, օրինակ, սեռական բռնությունը կամ անբարենպաստ պայմաններում ապրող ընտանիքները, չեն նպաստում սեռական կողմնորոշման փոփոխությանը:
  • Սեռական կողմնորոշման փոփոխություն հնարավոր չէ իրականացնել նաև հոգեբուժական, հոգեբանական կամ այլ մասնագիտական միջամտության միջոցով: ԼԳԲՏՔ+ մարդկանց ուղղված ցանկացած մասնագիտական միջամտություն ուղղված է միայն առկայության դեպքում սեռական կողմոնորշման նկատմամբ անհարմության զգացման վերացմանը:
  • Սեռական կողմնորոշումը մարդու սեռականության մի մաս է, որը նույնչափ արժանապատիվ վերաբերմունք է ենթադրում երևույթի հանդեպ, ինչպես սեռականության մնացած այլ բաղադրիչները:

Կարևոր է սեռական կողմնորոշումն առանձնացնել ոչ միայն անհատի սեռից ու գենդերային ինքնությունից, այլև սեռականության մեկ այլ բաղադրիչից, որն է սեռական վարքագիծը:

Յուրաքանչյուր ոք դրսևորում է որոշակի սեռական վարքագիծ, որը կենսակերպն ու սեռական բնույթի գործողություններն են արական, իգական կամ այլ սեռի անձի, ինչպես նաև սեփական մարմնի հետ (ձեռնաշարժություն) հետ։

Սեռական վարքագիծը սովորաբար համապատասխանում է անձի սեռական կողմնորոշմանը։ Այսինքն` եթե անհատը տարասեռական է, ապա ամենայն հավանականությամբ նա սեռական հարաբերություններ կունենա հակառակ սեռի անձանց հետ, կամ եթե անհատը նույնասեռական է, ապա ամենայն հավանականությամբ նա հարաբերություններ կունենա նույն սեռի անձանց հետ: Սակայն, լինում են դեպքեր, երբ անհատի սեռական վարքագիծը չի համապատասխանում սեփական սեռական կողմնորոշմանը: Օրինակ, նույնասեռական անհատը, ելնելով հասարակության կողմից իր նկատմամբ սպասելիքներից, կարող է սեռական հարաբերություններ ունենալ, ամուսնանալ և երեխաներ ունենալ հակառակ սեռի անհատի հետ: Կամ, օրինակ, հաճախ է հանդիպում, որ տարասեռական անհատն հակառակ սեռի մարդկանց բացակայության դեպքում` հիմնականում կարող է պատահել փակ հաստատություններում (քրեակատարողական հիմնարկներ, բանակ, հոգեբուժարան և այլն), սեռական հարաբերություն է ունենում նույն սեռի անհատի հետ: Կարևոր է հիշել, որ անհատի կողմից դրսևորվող սեռական վարքագծով ոչ միշտ է հնարավոր հասկանալ նրա սեռական կողմնորոշումը:

 

[1] ՀՀ Էկոնոմիկայի նախարարի N871 հրաման։ https://www.arlis.am/DocumentView.aspx?docID=86263 (Մուտք 23․04․24), Տե՛ս հրամանի հավելվածում

Ի՞նչպես վարվել, երբ երեխան բացահայտ խոսում է իր սեռական կողմնորոշման մասին

Ծննդյան պահից սկսած մինչև հասուն տարիք ծնողների հետ հարաբերությունները ազդում են անձի հետագա ողջ կյանքի վրա։

Երեխայի վաղ հասակից մենք որոշակի պատկերացումներ ենք ունենում նրա ապագայի վերաբերյալ՝ վստահ լինելով, որ գիտենք թե մեր երեխան ինչ ցանկություններ, երազանքներ ու հետաքրքրություններ ունի։ Բայց հաճախ մենք կարող ենք անակնկալի գալ մեր երեխաների ինքնադրսևորման բազմազանությունից։ Երբ ձեր երեխան կիսվի ձեզ հետ իր սեռական կողմնորոշման մասին հիշեք, որ նա չի փոխվել պարզապես դուք սկսել եք ավելի լավ ճանաչել նրան։

Երեխաները հաճախ դժվարանում են կիսվել իրենց ծնողների հետ սեռական կողմնորոշման հարցերի շուրջ, որովհետև այդ հարցերը երբևէ չեն շոշափվում ընտանիքներում, իսկ հասարակության մեջ սովորաբար բացասական արձագանք են ունենում կամ էլ հաճախ ծնողների կողմից ընկալվում է որպես կատակ: Ուստի, երեխաները հաճախ նախընտրում են թաքցնել իրենց սեռական կողմնորոշումը: Բացի այդ երեխաները կարող են անցկացնել ամիսներ, տարիներ՝ բացահայտելու և հասկանալու այն, իսկ ճշգրիտ տեղեկատվություն նման հարցերի շուրջ դժվար է գտնել: Ծնողների հետ հարաբերություններում լարվածությունն էլ ավելի հեռու կարող է պահել երեխաներին՝ զրույց սկսելու մտքից: Թերևս սա նրանց կյանքում ամենալուրջ քայլերից մեկն է, քանի որ երեխաներն ակնկալում են բացասական հետադարձ կապ ծնողներից, գրեթե միշտ առկա է վախի մթնոլորտ ու չհասկացման վտանգ: Այդուհանդերձ, եթե երեխան որոշել է խոսել Ձեզ հետ դրա մասին, աշխատեք լսել առավելագույնս հանգիստ և աջակցեք նրան: Կարևոր է հիշել, որ երեխաների համարիրենց կողմնորոշումը թաքցնելը Ձեզնից հավասարազոր է իրենցից զգալի մաս թաքուն պահելուն: Եթե երեխան համարձակվել է խոսել այդ մասին, ուրեմն նա  անցել  ինքնաբացահայտման ցավոտ ճանապարհը և իր համար կարևոր են Ձեր սերն ու ընդունումը: Այժմ դուք կարող եք սիրել ձեր երեխային և ոչ թե նրա մասին ձեր պատկերացումները:

Ի՞նչպես աջակցել Ձեր երեխաներին

  • Երբ Ձեր երեխան պատմի իր կողմնորոշման մասին, ինչքան էլ դժվար լինի Ձեզ ընդունել դա, քննադատելու փոխարեն աջակցեք, գրկեք Ձեր երեխային: Նա, առավել քան երբևէ, Ձեր հոգատարության կարիքն ունի:
  • Դուք կարող եք շոկ ապրել, փորձել հերքել լսածը, մեղքի զգացում ունենալ կամ տառապել: Այդ բոլոր ապրումները հասկանալի են, քանի որ Ձեր երեխան հասարակության համար անընդունելի վարքագիծ է ցուցաբերել: Ընդունե’ք Ձեր հույզերն ու հիշե’ք, որ Ձեր երեխան նույնն է, ինչ Ձեր զրույցից առաջ:
  • Փորձել բժշկի կամ հոգեբանի մոտ աջակցություն գտնել՝ «բուժելու» համար անիմաստ է, քանի որ կողմնորոշումը հիվանդություն չէ, այլ սեռականության արտահայտման մի մաս: 1992թ.-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) պաշտոնապես դուրս է հանել նույնասեռականությունը հոգեկան խանգարումների միջազգային դասակարգումից` սահմանելով այն որպես անհատին բնորոշ բնական առանձնահատկություն[1]: Հետևաբար, ոչ մի մասնագետ չի կարող ու իրավասու չէ «բուժել» Ձեր երեխայի սեռական կողմնորոշումը:
  • Մի կիսվե’ք Ձեր երեխայի սեռական կողմնորոշման մասին ընտանիքի անդամների կամ ընկերների հետ` առանց Ձեր երեխայի համաձայնության: Այդ թեմայի շրջանակներում ուրիշների հետ խոսելուց առաջ վստահ եղեք, որ Ձեր հույզերը հանդարտվել են, որպեսզի բացասական հույզեր չկուտակեք:
  • Ձեր երեխայի սեռական կողմնորոշման մասին լուրը կարող է բազում հարցեր առաջացնել Ձեզ մոտ: Շատ կարևոր է հստակ ու վստահելի տեղեկություն ձեռք բերել սեռական կողմնորոշման և դրան առնչվող հարցերի մասին: Եթե փնտրում եք տեղեկություն, ապա փորձեք հավաստիանալ դրանց հուսալիության մասին (օրինակ, միջազգային առողջապահական կազմակերպությունների կողմից ներկայացվող տեղեկատվությունը հնարավոր է համարել վստահելի` Առողջապահության համաշխարհային կազմակերպություն (ԱՀԿ), տեղական և միջազգային հոգեբանական ու հոգեբուժական ասոցիացիաներ` օրինակ, Ամերիկյան հոգեբանական ասոցիացիա (ԱՀԱ), Ավստրալական հոգեբանական հասարակություն (ԱՀՀ) և այլն):
  • Աջակցության կարիք կարող է ունենալ ոչ միայն Ձեր երեխան, այլ նաև Դուք: Փորձե’ք կապ հաստատել տեղական ԼԳԲՏՔ+ կազմակերպությունների հետ, որոնքկարող են աջակցել Ձեզ, ծանոթացնել այլ ծնողների հետ, քննարկել ամենատարբեր հարցեր և տալ տեղեկատվություն Ձեր երեխայի սեռական կողմնորոշման մասին:
  • Եթե ձեր երեխան երկար ժամանակ չի պատմել ձեզ իր սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության մասին , չի նշանակում, որ նա ձեզ չի վստահում, նրանք անցնում են ինքնաբացահայտման ճանապարհով և հաճախ բառերով չեն կարող արտահայտել, թե ինչ է իրենց հետ կատարվում։
  • Հիշե՛ք մշտապես նրա մասին, որ ձեր երեխայի համար սա խիզախ քայլ է, և նա առավել քան երբևէ ունի ձեր աջակցության կարիքը:

Ընտանիքի կողմից ընդունումն օգնում է երեխային՝

  • կանխարգելել դեպրեսիան և ինքնասվնասման փորձերը
  • Բարելավել ինքնավերաբերմունքը, ինքնագնահատականը և ընդհանուր առողջությունը

Երեխային աջակցելը առաջնային կարևորություն ունի: Յուրաքանչյուր երեխա յուրահատուկ վերաբերմունքի կարիք ունի և հաղորդակցումը նրա հետ կարող է լինել խիստ յուրահատուկ:  ԼԳԲՏՔ+ երիտասարդության խնդիրների մասին իրազեկվելը, երևույթին ծանոթանալը կարող են հանդիսանալ երեխայի աջակցության առաջին քայլերը: Հնարվոր է նաև ձեր երեխային պարզապես պետք լինի խոսել իր զգացմունքների մասին, տվեք նրան այդ տարածքը կիսվելու, գուցե նա դժվար իրավիճակում է հայտնվել և այդ զրույցը օգնի նրան և արդյունքում դուք ավելի մտերմանաք։

[1] World Health Organization. The ICD-10 classification of Mental and Behavioral Disorders , https://iris.who.int/bitstream/handle/10665/37958/9241544228_eng.pdf?sequence=8&isAllowed=y:

Ինքնարտահայտում

Ինքնաարտահայտումը մի գործընթաց է, որի ընթացքում անհատը բացահայտում և ընդունում է իր սեռական կողմնորոշումն ու գենդերային ինքնությունը, համոզվում է դրանցում և որոշում կայացնում՝ ինչպես արտահայտել այդ ամենը: Մենք մեծացել ենք այնպիսի մշակույթում, որտեղ ենթադրվում է, որ բոլոր մարդիկ հետերոսեքսուալ են և որ մարդկանց գենդերը համապատասխանում է իրենց սեռին, այդ իսկ պատճառով այլ սեռական կողմնորոշում ու գենդերային ինքնություն ունեցող մարդիկ բացահայտ չեն արտահայտվում դրա մասին:

Հաճախ տրվող հարցեր

  • Հարց․–Արդյո՞ք բոլոր գեյ տղամարդիկ կանացի են, իսկ բոլոր լեսբի կանայք՝ առնական

Պատասխան․– Ոչ, ոչ բոլոր գեյ տղամարդիկ  են կանացի, և ոչ բոլոր լեսբի կանայք են առնական: Սեռական կողմնորոշումը և գենդերային արտահայտությունը անձի ինքնության երկու տարբեր կողմերն են: Գենդերային արտահայտությունը վերաբերում է նրան, թե ինչպես են մարդիկ արտաքնապես արտահայտում իրենց սեռը, որը կարող է շատ տարբեր լինել ՝ անկախ սեռական կողմնորոշումից:  Կարևոր է խուսափել կարծրատիպերից և ընդունել, որ անհատներն իրենց արտահայտում են յուրահատուկ և բազմազան ձևերով՝ անկախ իրենց սեռական կողմնորոշումից:

  • Հարց․–Նույնասեռականությունը օտա՞ր արժեք է։

Պատասխան․– Այն կարծիքը, որ ԼԳԲՏՔ+ լինելը արևմտյան ազդեցություն է, թյուր կարծիք է: ԼԳԲՏՔ+ ինքնություններն ու փորձառությունները գոյություն են ունեցել պատմության ընթացքում և ամբողջ աշխարհի մշակույթներում՝ արևմտյան ազդեցությունից շատ առաջ: Շատ մշակույթներ ճանաչել և ընդունել են տարբեր գենդերային և սեռական ինքնություններ՝ ներառելով դրանք իրենց ավանդույթների, կրոնների և հասարակությունների մեջ:

Նույնասեռականությունը սեռական կողմնորոշման տեսակ է և կարող է բնորոշ  լինել յուրաքանչյուր անհատի։ Իսկ հայաստանյան իրականությունում նույնասեռական և երկսեռական դրսևորումների մասին են վկայում , Պապ թագավորի, Գրիգոր Աղթամարեցի կաթողիկոսի, Վահան Թեքեյանի և այլ հայ հայտնիների պատմությունները։

  • Հարց․–Արդյո՞ք նույնասեռ զույգերը կարող են առողջ երեխաներ մեծացնել։

Պատասխան․– Բազմաթիվ ուսումնասիրություններ ցույց են տվել, որ նույնասեռ ծնողների կողմից մեծացած երեխաները նույնքան զարգացած են էմոցիոնալ, սոցիալական և ակադեմիական առումով, որքան հետերոսեքսուալ ծնողների կողմից մեծացած երեխաները:

Երեխայի բարեկեցության համար ամենակարևորը սիրալիր և աջակցող ընտանեկան միջավայրն է՝ անկախ ծնողների սեռական կողմնորոշումից կամ գենդերային ինքնությունից:

 

  • Հարց․–Արդյո՞ք ԼԳԲՏՔ+ անձինք կարող են որևէ կրոնի պատկանել

Պատասխան․– Այո, ԼԳԲՏՔ+ անձ և որևէ կրոնին պատկաները միմյանց բացառող չեն: Կարևոր է գիտակցել, որ կրոնական տեքստերի և ուսմունքների մեկնաբանությունները շատ տարբեր են, և կրոնական համայնքներում կան տարբեր տեսակետներ ԼԳԲՏՔ+ անձանց վերաբերյալ: Շատ կրոնական առաջնորդներ և համայնքներ հանդես են գալիս ԼԳԲՏՔ+ իրավունքների և ներառման համար՝ ընդգծելով սիրո, կարեկցանքի և ընդունման սկզբունքները: Թեև որոշ կրոնական հաստատություններ կարող են պահպանողական հայացքներ ունենալ սեռականության և սեռի վերաբերյալ, կան նաև առաջադեմ և հաստատող տարածքներ, որտեղ ԼԳԲՏՔ+ անհատները կարող են ընդունելություն և աջակցություն գտնել:

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ

© 2016 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս, ռադիո եւ հեռուստաընթերցումների դեպքում, հղումը serakanutyun.org-ին պարտադիր է: Serakanutyun.org- ի հեղինակային հոդվածները, լուսանկարներն արտատպելու համար պարտադիր է ստանալ գրավոր համաձայնությունը:

  • Մեր մասին
  • Ինչպես խոսել երեխայի հետ սեռականության մասին
  • Ինչպես հղել մեզ հարց
  • Կապ