• Մեր մասին
  • Ինչպես խոսել երեխայի հետ սեռականության մասին
  • Ինչպես հղել մեզ հարց
  • Կապ
[email protected]
Login

Login
ՍեռականությունՍեռականություն
  • Մեր մասին
  • Ինչպես խոսել երեխայի հետ սեռականության մասին
  • Ինչպես հղել մեզ հարց
  • Կապ

Սեռական հասունացում

Սեռական հասունացում

Սեռական հասունացումը զարգացման կարևոր փուլ է, որի ընթացքում երեխան մանկությունից անցում է կատարում պատանեկություն: Այս ժամանակահատվածում երեխաները զգալի ֆիզիկական, հուզական և հոգեբանական փոփոխություններ են ունենում, որոնք սերտորեն կապված են հասունացող սեռականության հետ: Սեռականությունը միայն սեռական հարաբերությունները չեն: Այն լայն հասկացություն է և  ներառում է ոչ միայն ֆիզիկական ասպեկտներ, այլև հուզական, հոգեբանական, սոցիալական և մշակութային: Ֆիզիկական ասպեկտների մեջ մտնում է մեր մարմնի ֆիզիկական արձագանքը, օրինակ՝ գրգռումն ու վերարտադրողական ֆունկցիան: Էմոցիոնալի մեջ մտնում են սերը, սիրահարվածությունն ու կապվածությունը: Հոգեբանականը ներառում է սեռական ինքնության և կողմնորոշման ըմբռնումն ու արտահայտումը: Սոցիալականը պատասխանատու է ուրիշների հետ փոխազդեցության և հարաբերությունների ձևավորման համար, իսկ մշակութայինը՝ սեռական վարքի ու հարաբերությունների վերաբերյալ մեր ունեցած արժեքների ու հասարակական նորմերի համար: Փոխակերպման այս կարևոր փուլում ծնողների դերը վճռորոշ է, որովհետև նրանք կարող են երեխային առաջնորդել ու տալ ճշգրիտ տեղեկություն: Ծնողների աջակցության շնորհիվ երեխայի մոտ իր մարմնի ու սեռականության նկատմամբ զարգանում է դրական վերաբերմունք, ինչն էլ իր հերթին հիմք է հանդիսանում առողջ սեռական զարգացման համար:

Սեռականությունն սկսվում է ծնված պահից և ավարտվում կյանքի վերջում: Առանձնացվում են սեռականության հետևյալ փուլերը:

Նորածնային փուլ (մինչև 2 տարեկան)
Երեխայի ծնվելու պահից սկսած՝ ծնողները սկսում են ձևավորել նրա աշխարհընկալումը, և դա անում են հպման, սիրո և նաև հաղորդակցման միջոցով: Անգամ այդ հասակում երեխան իր մարմինը ուսումնասիրելու բնական պահանջ ունի: Այդ ամբողջ ընթացքը ներառվում է նրանց զգայական հետազոտման փուլի մեջ, և այս փուլում ծնողների ֆիզիկական ներկայությունը, սիրո ու հոգատարության դրսևորումը վճռորոշ դեր են խաղում, որովհետև դրա միջոցով երեխան ունենում է անվտանգության ու պաշտպանվածության զգացում: Շատ կարևոր է, թե ինչպես ենք մենք դիպչում մեր երեխային, ինչպես ենք նրան գրկում կամ շոյում, որովհետև անհրաժեշտ է նրա հետ լինել նուրբ ու մեղմ․ դա ոչ միայն հանգստության ու խաղաղության զգացում է առաջացնում նրա մոտ, այլև սովորեցնում է հասուն տարիքում նուրբ ու հոգատար լինել նախ իր նկատմամբ, այնուհետև՝ մյուսների:
Անգամ այս վաղ տարիքում կարևոր է կիրառել մարմնի մասերի ճիշտ անվանումները, որովհետև ապագայում դա թույլ կտա երեխայի հետ սեռականության վերաբերյալ անկեղծ զրույցներ ունենալ՝ առանց անհարմարության զգացում ունենալու:
Ջերմ ու հոգատարությամբ լի միջավայրի ստեղծումը առանցաքային նշանակություն ունի երեխայի ապագա զարգացման համար, ու դա պետք է սկսել նրա ծնվելուց անմիջապես հետո:

Վաղ մանկություն (2-5 տարեկան)
Վաղ մանկության շրջանում երեխայի մոտ իր և մյուսների մարմինների հանդեպ ունեցած հետաքրքրասիրությունը մեծանում է: Հենց այդ պատճառով էլ այս տարիքում երեխաները սկսում են տարվել այնպիսի խաղերով, ինչպիսին, օրինակ, «բժիշկ-բժիշկն» է, որովհետև խաղալու ընթացքում կարող են ավելի երկար զննել և՛ իրենց մարմինը, և՛ մյուսների: Այս փուլում նաև սկսվում են մարմնի գործառույթների և վերարտադրողականության մասին հարցերը, և կարևոր է, որ ծնողները երեխային սովորեցնեն անձնական սահմանների մասին, անկեղծ պատասխանեն բոլոր հարցերին, պարզ ձևեր ընտրեն բացատրելու այնպիսի թեմաներ, ինչպիսիք են մարմնի  գործառույթները, կամ թե որտեղից են հայտնվում երեխաները: Առանցքային կարևորություն ունի երեխայի մոտ այս տարիքում իր մարմնի հանդեպ սեր ու հարգանք առաջացնելը:
Երբ երեխան դիպչում է իր սեռական օրգաններին, կարևոր է կտրուկ ռեակցիա չտալ, այլ հանգիստ բացատրել, որ դա բնական է, ու դրա մեջ ոչ մի արտասովոր կամ ամոթալի բան չկա, օրինակ․
–
Լրիվ բնական է ինքդ քեզ դիպչելը, ու դրա մեջ ոչ մի վատ բան չկա, բայց դա պետք է անել, երբ մենակ ես:

Իրականում սա հրաշալի առիթ է երեխային բացատրելու հարգանքի, իր ու մյուսների անձնական սահմանների մասին՝ առանց նրա մոտ ամոթի զգացում առաջացնելու: Կարևոր է հստակ կանոններ սահմանել, թե որ տեսակի հպումն է նորմալ և որը՝ ոչ: Պարտադիր է շարունակել մարմնի մասերն իրենց ճիշտ անուններով անվանել, որպեսզի երեխայի մոտ հստակ կարծիք ձևավորվի, որ մարմնի յուրաքանչյուր մաս հավասարաչափ կարևոր է, ու որ բացարձակապես ամոթ չէ դրանք իրենց անուններով անվանելը:
Այսպիսի մոտեցումը կօգնի երեխայի մոտ սեռականության մասին ճիշտ կարծիք ձևավորելուն:

Մանկություն (6-9 տարեկան)
Երեխաները այս շրջանում սկսում են ավելի շատ նկատել գենդերային դերերն ու տարբերությունները: Նրանց հարցերը սեքսի և երեխաների ծնվելու վերաբերյալ դառնում են ավելի կոնկրետ, իսկ ընկերների կարծիքն այս բոլոր թեմաների շուրջ՝ շատ ավելի կարևոր: Ծնողները պիտի շարունակեն օգտագործել ճիշտ բառապաշար մարմնի մասերի մասին խոսելիս և պիտի սկսեն ավելի շատ խոսել ինտիմության և ուրիշների անձնական սահմանները հարգելու մասին: Նաև պետք է սկսել սեռահասունության մասին քննարկումները՝ հայտնելով իր տարիքին համապատասխան տեղեկություն: Սա երեխային  օգնում է հասկանալու սպասվող բոլոր փոփոխությունները, պատրաստվելու դրանց և շարունակելու առողջ վերաբերմունք պահպանելն իր ձևավորվող ու զարգացող մարմնի նկատմամբ:
Այս փուլում շատ կարևոր է բարձր պահել երեխայի ինքնագնահատականը: Շարունակել մարմնի մասերը անվանել իրենց ճիշտ անուններով և ելնելով իր տարիքից՝ սկսել օգտագործել այնպիսի բառեր, ինչպիսիք են՝ կուրծք կամ առնանդամ, որպեսզի երեխան իր ձևավորվող մարմնի մասին անհանգստություններն ու հարցերը առանց կաշկանդվելու քննարկի ծնողների հետ:

Նախադեռահասություն (10-12 տարեկան)
Նախադեռահասության այս շրջանում երեխայի մոտ նկատվում են սեռական հասունացման այնպիսի նշաններ, ինչպիսիք են մարմնի և մազածածկույթի արագ աճը: Նա կարող է նաև սիրահարվել և ավելի շատ հետաքրքրվել հարաբերություններով ու սեռականությամբ: Խոսելով սեռական հասունացման ինչպես ֆիզիկական, այնպես էլ հուզական կողմերի մասին՝ ծնողները կարող են նախապատրաստել իրենց երեխային այս փոփոխություններին: Հարաբերությունների, միմյանց հանդեպ հարգանքի և համաձայնության մասին բաց քննարկումներն իսկապես կարևոր են, քանի որ դրանք օգնում են երեխային սեռականության վերաբերյալ առողջ վերաբերմունք ձևավորելու: Որպեսզի երեխան ավելի հեշտ հաղթահարի դեռահասության մարտահրավերները, կարևոր է նրա ինքնագնահատականը բարձր պահել և նրա մոտ մարմնի առողջ պատկեր ստեղծել: Պետք է շարունակել օգտագործել տարիքին համապատասխան բառապաշար, օրինակ՝ դաշտան կամ էրեկցիա: Սա օգնում է երեխային հասկանալու և հարգելու իր և ուրիշների մարմինները, նաև օգնում է տեղեկացված լինելու ու չանհանգստանալու այն փոփոխություններից, որոնց միջով անցնում է:

Դեռահասություն (13-18 տարեկան)
Դեռահասությունն իր հետ ֆիզիկական, հուզական ու հորմոնալ մեծ փոփոխություններ է բերում: Սեռական հասունացման ընթացքում դեռահասը սկսում է հասկանալ իր սեռական ինքնությունը և կարող է ունենալ ռոմանտիկ ու սեռական հարաբերություններ: Ծնողները առանցքային դեր են խաղում այս ընթացքում ու պիտի իրենց երեխային տան սեռական առողջ դաստիարակություն, լուսաբանեն այնպիսի թեմաներ, ինչպիսիք են համաձայնությունը, ծնելիության վերահսկումը և սեռական ճանապարհով փոխանցվող վարակները (ՍՃՓՎ): Իրոք կարևոր է ունենալ հարաբերությունների և սեռական առողջության մասին անկեղծ զրույցներ, որովհետև կօգնեն դեռահասին ապահով և  պատասխանատու կերպով անցնելու  այս նոր փորձառությունների միջով: Իսկ երբ դեռահասը հասկանա իր սեռական ինքնությունը, ծնողները պետք է աջակցեն, հարգեն, ցույց տան, որ ընդունում են նրան այնպիսին, ինչպիսին կա: Դեռահասությանը համապատասխան բառապաշար օգտագործելը, օրինակ՝ «ծնելիության վերահսկում» կամ «սեռավարակներ», և սեռականության մասին անկաշկանդ խոսելը ապահովում են, որ դեռահասը հստակ և հարգալից պատկերացում ունենա իր մարմնի և հարաբերությունների մասին, նաև օգնում են նրան՝ իր սեռական առողջության վերաբերյալ խելացի որոշումներ կայացնելու:
Սեռական հասունացումը այն փուլն է, երբ երեխաները զգում են բազմաթիվ ֆիզիկական և հուզական փոփոխություններ: Հենց այդ շրջանում են սկսում զարգանալ երկրորդական սեռական հատկանիշները, ինչպիսիք են մարմնի մազերը և մարմնի ձևի փոփոխությունները:
Յուրաքանչյուր երեխայի սեռահասունացման ժամկետները տարբեր են: Աղջիկների մոտ այն կարող է սկսվել մոտ 9 տարեկանում և տևել մինչև մոտ 18 տարեկանը, իսկ տղաների դեպքում՝ մոտ 10-ից 20 տարեկանն ընկած ժամանակահատվածը: Գենետիկան է հիմնականում որոշում, թե երբ է սկսվելու սեռական հասունացումը, բայց դրան կարող են նպաստել նաև շրջակա միջավայրի այնպիսի գործոններ, ինչպիսիք են ֆիզիկական ակտիվությունը կամ սննդակարգը:

Տղաների սեռական հասունացումը

Սեռահասունացման ընթացքում տղաները անցնում են ֆիզիկական փոփոխությունների մի քանի փուլերով, որոնցից յուրաքանչյուրը ընթանում է տարբեր տարիքում:

Սեռական հասունացման վաղ փուլ (մոտ 9-13 տարեկան)
Երբ տղաների մոտ սկսվում է սեռական վաղ հասունացումը, նրանց մոտ հաճախ նկատվում է ֆիզիկական արագ աճ, որի հետևանքով նրանք կտրուկ կարող են հասակ առնել և քաշ հավաքել: Նրանց վերջույթները կարող են ավելի երկար թվալ, քանի որ նրանց օրգանիզմը գտնվում է աճման անդադար պրոցեսում: Հորմոնալ ներքին փոփոխությունները խթանում են ամորձապարկի և ամորձիների աճը, որոնք աստիճանաբար մգանում են և մեծանում: Առնանդամը նույնպես մեծանում է՝ սկսելով սեռական հասունացման գործընթացը։

Սեռական հասունացման միջին փուլ (մոտ 14-16 տարեկան)
Սեռական հասունացման այս փուլում տղաները շարունակում են հասակ առնել և ձեռք բերել մկանային զանգված: Դեմքին՝ վերին շրթունքի հատվածում և կզակի շուրջ, սկսում են հայտնվել նոսր մազեր և ի վերջո տարածվում են այտերի և պարանոցի վրա: Թևատակերի և ցայլքի հատվածում մազերը ավելի նկատելի են դառնում, երբեմն էլ՝ կրծքավանդակի և մեջքի հատվածում։ Դեմքին, մեջքին, կրծքավանդակին առաջանում են բշտիկներ, որովհետև մաշկը փոփոխությունների է ենթարկվում, և բարձրանում է յուղարտադրությունը: Ձայնի փոփոխությունները նկատելի են դառնում կոկորդի աճի հետ մեկտեղ, ինչը հանգեցնում է ձայնի խորացման և երբեմն՝ ժամանակավորապես կտրվելուն:

Սեռական հասունացման վերջին փուլ (մոտ 17-20 տարեկան)
Ուշ հասունացման շրջանում տղաների մարմինն ու հասակը սովորաբար մոտենում են իրենց վերջնական զարգացմանը: Դեմքի մազերը դառնում են ավելի հաստ, լիարժեք ու զարգացած: Մարմնի մազերը շարունակում են տարածվել և դառնալ ավելի կոպիտ: Ամորձիներն ու առնանդամը հասնում են իրենց վերջնական չափերին: Այս փուլում տղաները հասնում են լիարժեք սեռական հասունացման և ունակ են արտադրելու սերմնահեղուկ: Մաշկը բարելավվում է, քանի որ կայունանում են հորմոնալ տատանումները:

Ֆիզիկական փոփոխությունների այս փուլը տղաների պատանեկության կարևոր մասն է: Նրանց համար կարևոր է իրենց կողքին ունենալ աջակցող մեծահասակ, որն իրեն կուղղորդի և կպատասխանի այս շրջանի վերաբերյալ հարցերին: Ֆիզիկական փոփոխությունները հասկանալը նրանց օգնում է զարգացնելու մարմնի դրական պատկերը ու էլ ավելի վստահորեն հաղթահարելու սեռական հասունացման բոլոր դժվարությունները:

Աղջիկների սեռական հասունացումը

Աղջիկների սեռական հասունացումը նույնպես դրսևորվում է տարբեր փուլերով, որոնցից յուրաքանչյուրը տարբեր տարիքում բերում է որոշակի ֆիզիկական փոփոխություններ:

Սեռական հասունացման վաղ փուլ (մոտ 8-12 տարեկան)

Աղջիկների սեռական հասունացման վաղ փուլի առաջին նշաններից մեկը կրծքագեղձերի զարգացումն է, որի ​​ժամանակ պտուկների տակ փոքր գնդիկներ են ձևավորվում: Այս ընթացքը ուղեկցվում է ֆիզիկական նկատելի արագ աճով, որի ընթացքում նրանք կտրուկ հասակ են առնում և քաշ հավաքում: Սկզբում երկարում են ոտքերը, իսկ այնուհետև աճում է նաև իրանը։ Այս ընթացքում ձվարանները սկսում են մեծանալ և սկսում են արտադրել էստրոգեն հորմոնը, որն էլ հետագայում կհանգեցնի սեռական հասունացման շատ փոփոխությունների:

Սեռական հասունացման միջին փուլ (մոտ 11-14 տարեկան)
Այս փուլում աղջիկների կրծքագեղձերը շարունակում են զարգանալ, և կրծքերը նկատելիորեն փոփոխության են ենթարկվում՝ դառնալով ավելի մեծ ու կլոր: Մարմնի վրա՝ ցայլքի հատվածում, սկսում են մազեր աճել, որին հաջորդում են թևատակերի մազերը: Այս շրջանում փոփոխությունները շատ արագ են տեղի ունենում, և աղջիկները կարող են նկատել իրենց հասակի և մարմնի ձևի այնպիսի կտրուկ փոփոխություններ, ինչպիսիք են կոնքերի լայնացումն ու ընդգծված գոտկատեղը: Մոտավորապես այս ժամանակահատվածում էլ աղջիկների մոտ առաջին անգամ սկսվում է դաշտանը՝ մենարխեն, ինչն էլ սեռական հասունացման հիմնական փուլն է: Դաշտանի առկայությունը նշանակում է, որ մարմինը պատրաստ է վերարտադրվելուն, և ցիկլերը սովորաբար կանոնավոր են դառնում հաջորդ մի քանի տարիների ընթացքում:

Սեռական հասունացման վերջին փուլ (մոտ 15-18 տարեկան)
Սեռական հասունացման այս շրջանում աղջիկների մարմինն ու հասակը մոտենում են ձևավորման վերջին փուլին: Կրծքագեղձերը շարունակում են զարգանալ և հասնել իրենց վերջնական չափին և ձևին: Մարմնի մազերը դառնում են ավելի խիտ և կարող են աճել ինչպես ոտքերին, այնպես էլ որովայնի ստորին հատվածում: Դաշտանային ցիկլը դառնում է ավելի կանոնավոր, և աղջիկները կարող են ունենալ դաշտանի հետ կապված ընդհանուր ախտանիշներ՝ ճնշման զգացում որովայնի ստորին հատվածում և տրամադրության կտրուկ փոփոխություններ: Մաշկը կարող է ավելի յուղոտ դառնալ՝ առաջացնելով ակնե, բայց դա հաճախ անցնում է, երբ հորմոնների մակարդակը կայունանում է:

Շատ կարևոր է այս ամբողջ ընթացքում լինել նրանց կողքին, պատասխանել նրանց հուզող հարցերին, տալ ճիշտ տեղեկություն, առվելագույնս աջակցել, վստահություն ներշնչել՝ նրանց կյանքի այս փուլը դարձնելով ավելի հասկանալի ու հեշտ հաղթահարելի:

Աղջիկների և տղաների ֆիզիկական նմանատիպ փոփոխություններ

Սեռական հասունացման ընթացքում և՛ տղաները, և՛ աղջիկները ենթարկվում են բազմաթիվ ֆիզիկական և հուզական փոփոխությունների: Հորմոնները սկսում են մարմնում արտազատվել, ինչի հետևանքով էլ առաջանում են երկրորդային սեռական հատկանիշներ։ Յուրաքանչյուր անձի մոտ այս փոփոխությունները կարող են տարբեր լինել:

Թե՛ աղջիկների, թե՛ տղաների ձայնը փոփոխության է ենթարկվում, իսկ թևատակերին, աճուկներին և մարմնի այլ մասերում սկսում են մազեր աճել: Քրտնարտադրությունը շատանում է, իսկ մաշկի յուղայնության բարձրացման պատճառով կարող են բշտիկներ առաջանալ։ Եվ այս ամենը հասունանալու նորմալ մասն է կազմում:

Ե՛վ աղջիկների և՛ տղաների մոտ հնարավոր է արտադրություն սեռական օրգաններից: Տղաների սեռական օրգանը մեծանում է, իսկ աղջիկների մոր սկսվում է դաշտանային ցիկլը: Տղաների մոտ նաև սկսվում է սերմնաժայթքման պրոցեսը, ինչն էլ վերարտադրողական համակարգի հասունացման նշան է:

Սեռական հասունացումը յուրահատուկ փորձառություն է բոլորի համար: Ոմանց համար այն կարող է մի փոքր դժվար լինել, մինչդեռ մյուսները կարող են ավելի հեշտությամբ անցնել դրա միջով: Կարևոր է հիշել, որ այս փոփոխությունները հասունանալու սովորական մասն են կազմում, և աջակցող ընտանիքը այդ ամբողջ ուղին անցնելը կարող է ավելի հեշտացնել:

Սեռական հասունացման ընթացքում հոգեբանական և ֆիզիկական փոփոխությունները

Սեռական հասունացումը միայն ֆիզիկական փոփոխություններ չեն․ այդ շրջանում տեղի են ունենում նաև հոգեբանական տարբեր փոփոխություններ: Սեռահասուանցման ամբողջ ընթացքում տղաներն ու աղջիկներ ունենում են հուզական և մտավոր տարաբնույթ ձևափոխություններ, որոնք հասունացման համար առանցքային կարևորություն ունեն: Այս բոլոր փոփոխությունները մեծապես պայմանավորված են նաև հորմոնալ տատանումներով: Հասունացման շրջանում դրանք կառուցվածքային դեր են խաղում՝ օրգանիզմում առաջացնելով մի շարք վարքային ու հոգեբանական փոփոխություններ։ Անհրաժեշտ է ցուցաբերել առավելագույն ուշադրություն, աջակցել ու պատասխանել հուզող բոլոր հարցերին:

Հուզական և ֆիզիկական փոփոխություններ
Սեռական հասունացման ընթացքում հորմոնալ տատանումները կարող են հանգեցնել հույզերի ուժեղացման և տրամադրության փոփոխության: Դեռահասները կարող են մի պահ ուրախ լինել և հուզված, իսկ հաջորդ պահին՝ տխուր կամ դյուրագրգիռ: Այս զգացմունքային վերելքներն ու անկումները սեռական հասունացման նորմալ մասն են կազմում, քանի որ ուղեղը հարմարվում է այնպիսի հորմոնների նոր քանակին, ինչպիսիք են էստրոգենն ու տեստոստերոնը:

Հորմոնների արտադրության պատճառով հասունացման շրջանում տղաների և աղջիկների մեծ մասը սկսում է մտածել սեռականության և սեռական հարաբերությունների մասին, ինչը ամբողջովին բնական երևույթ է։ Նման մտքերը կարող են առաջացնել ձեռքի ափի քրտնարտադրություն, սրտի արագացած զարկեր և աղեստամոքսային համակարգի գործունեության խանգարումներ: Տղաները կարող են էրեկցիա ունենալ, իսկ աղջիկների սեռական օրգանների շրջանը կարող է ավելի զգայուն դառնալ։
Հուզական և ֆիզիկական փոփոխությունները կարող են առաջացնել անհանգստություններ, մտահոգություններ և հուզական սթրես։ Դեռահասը կարող է լաց լինել կամ ջղայնանալ ոչ այնքան լուրջ իրավիճակներում։ Նման դեպքերում դեռահասի համար շատ օգտակար է հարազատ մարդկանց հետ կիսել ապրումները: Ծնողներն էլ պիտի լինեն համբերատար, աջակցող ու ոչ մի դեպքում չզսպեն դեռահասի հույզերն ու արցունքները։

Ինքնության ձևավորում
Սեռահասունացման ընթացքում երիտասարդների մոտ սրվում է ինքնության զգացումը: Նրանք սկսում են ուսումնասիրել իրենց արժեքներն ու համոզմունքները, և ինքնաբացահայտման այս շրջանը երբեմն կարող է բերել տարբեր դերերի փորձարկումներին և ծնողներից անկախանալու ձգտմանը: Իրենց կյանքի այս փուլը ինքնություն ձևավորելու և ինքնագիտակցություն ձեռք բերելու վճռորոշ ժամանակաշրջան է:

Հասակակիցների մեծ ազդեցություն
Քանի որ այս ընթացքում դեռահասները ձգտում են անկախության, հասակակիցների ազդեցությունն ավելի էական է դառնում: Ընկերությունը և սոցիալական փոխազդեցությունները առանցքային դեր են խաղում նրանց ինքնագնահատականի և սոցիալական հմտությունների ձևավորման գործում: Հասակակիցների հավանությունը դառնում է շատ կարևոր, որովհետև դրա շնորհիվ դեռահասը զգում է, որ կոնկրետ սոցիալական խմբին համապատասխան է և ընդունված:

Կոգնիտիվ զարգացում
Հասունանալու ընթացքում դեռահասները զարգացնում են մտածողական ավելի լայն հմտություններ: Նրանց միտքը դառնում է ավելի վերացական ու քննադատական, ինչն էլ օգնում է հասկանալու բարդ իրավիճակներն ու նաև հաշվի առնելու ապագա հնարավորությունները: Այս շրջանում նրանք սովորում են ավելի լավ պլանավորել, խնդիրներ լուծել, նաև իրավիճակներին նայել այլ մարդկանց տեսնակյուններից:

Սեռականության մասին գիտելիքներ
Սեռական հասունացումը բերում է սեռականության մասին իրազեկվածություն: Դեռահասները սկսում են ունենալ սեռական բնույթի տարբեր զգացողություններ և կարող են սիրահարվել ու սկսել ռոմանտիկ հարաբերություններ: Նրանց համար կարևոր է վստահելի մեծահասակից ռոմանտիկ և սեռական հարաբերությունների, համաձայնության ու սեռական առողջության վերաբերյալ ճշգրիտ տեղեկություն ստանալ:

Սեփական արժանապատվության սրված զգացում
Սեռահասունացման ընթացքում դեռահասների մոտ զարգանում և սրվում է արժանապատվության զգացումը: Սա այն ժամանակն է, երբ նրանք սկսում են գնահատել իրենց անհատականությունը, կարողություններն ու ձեռքբերումները: Նրանք կարող են կասկածի տակ դնել կանոններն ու հեղինակությունները և ըմբոստ վարքագիծ դրսևորել՝ հաճախ վիճելով ծնողների հետ կամ չենթարկվելով դպրոցի կանոններին:
Ընտանիքի, ընկերների և ուսուցիչների աջակցությունը վստահության ու ինքնագնահատականի ​​ձևավորման հարցում վճռորոշ դեր է խաղում: Նրանց ջանքերը խրախուսելը, նրանց ձեռքբերումները ճանաչելը և կառուցողական հետադարձ կապի ապահովումը կարող են նրանց օգնել իրենց զգալու ունակ և գնահատված: Յուրաքանչյուր հաջողության կամ ձեռքբերման խրախոսումը բարձրացնում է նրանց ինքնագնահատականը ու դարձնում ավելի ինքնավստահ:
Արժանապատվության այս զգացումը կարևոր է նրանց հոգեկան առողջության և ընդհանուր բարեկեցության համար, քանի որ այն ազդում է մարտահրավերներին դիմակայելու և նպատակներ հետապնդելու նրանց ունակության վրա: Գնահատված լինելն օգնում է դեռահասներին՝ զարգացնելու ճկունությունն ու մոտիվացիան: Ծնողների և խնամակալների համար կարևոր է հավասարակշռված ազատություն տրամադրել դեռահասին՝ թույլ տալով որոշումներ կայացնել և սովորել իր փորձառություններից: Օրինակ՝ կարելի է թույլատրել կառավարել սեփական գրաֆիկը կամ գործերը, ինչն էլ նրան կօգնի ավելի ունակ և վստահ զգալու:

Մարմնի պատկեր
Դա այն պատկերն է, որն ինքներս ունենք մեր արտաքին տեսքի վերաբերյալ, հույզերը, որոնք ունենք՝ կապված այդ արտաքին տեսքի հետ, և նաև համոզմունքը, թե ինչիպիսին են մեզ տեսնում և ընկալում մյուսները: Տղաների և աղջիկների մարմնի պատկերը ազդում է իրենց զգացմունքների և վարքագծի վրա։ Սեռահասունության շրջանում երիտասարդները կարող են չսիրել իրենց մարմինը կամ վատ զգալ դրա պատճառով։ Տղաները շատ անգամ անհանգստանում են, որ կարճահասակ են, նիհար կամ իրենց մարմնի մասերը համամասն չեն։ Աղջիկները հաճախ մտահոգվում են, որ չափազանց նիհար են կամ էլ հակառակը՝ գեր, ունեն փոքր կամ մեծ կրծքեր, իսկ մարմնի վրայի մազերը, համեմատած մյուսների հետ, ավելի արտահայտված են: Դրանում իր մեղքի մեծ չափաբաժինն ունի մեդիան, որը մեզ տարբեր աղբյուրների միջոցով անընդհատ գեղեցկության գոյություն չունեցող չափանիշներ է թելադրում, որոնք, իհարկե, ոչ մի կապ չունեն իրականության հետ: Յուրաքանչյուր մարդ ունի իր յուրահատուկ կազմվածքը, և եթե դա ընդունված չափանիշների մեջ չի մտնում, ապա ամենևին չի նշանակում, որ այն տգեղ է կամ էլ ոչ ընդունելի: Անկախ քո հասակից, քաշից ու մաշկի գույնից՝ դու գեղեցիկ ես հենց այնպիսին, ինչպիսին կաս, ու քեզ գեղեցիկ դարձնում են քո յուրահատկությունն ու անհատականությունը:

Կարևոր է հիշել, որ բոլորն անցնում են այս փուլը, ու սա կյանքի բնականոն մասն է:

Հիգիենա և մարմնի խնամք

Սեռական հասունացման ընթացքում դեռահասների համար կարևոր է սովորելը, թե ինչպես հոգ տանեն իրենց մարմնի մասին և պահպանեն հիգիենա: Հորմոնալ փոփոխությունները կարող են հանգեցնել քրտնարտադրության, յուղոտ մաշկի և մարմնի մազերի ավելացման, ինչն էլ մարմնի խնամքն ավելի կարևոր է դարձնում:

Մազերի խնամք
Դեռահասության ընթացքում ակտիվանում են սեռական հորմոնները, ինչի հետևանքով մաշկը դառնում է նորմայից ավելի յուղոտ: Խրախուսե՛ք մազերի կանոնավոր լվացումը շաբաթը երկու կամ երեք անգամ և ընտրե՛ք մաշկի յուղայնությանը համապատասխան օճառ կամ օճառափրփուր: Ցանկության դեպքում սովորեցրե՛ք օգտվել մազերի հարդարման միջոցներից և խուսափե՛ք մազերը վնասող ջերմային գործիքների չափից ավելի օգտագործումից:

Ականջների խնամք
Բացատրե՛ք, որ ամեն անգամ լողանալիս պետք է ականջները լվանալ, հետո դրանք բամբակյա փայտիկով զգուշորեն մաքրել: Տարբեր տեսակի վարակներն էլ կանխելու համար կարևոր է ականջները չոր պահել:

Աչքերի խնամք
Սովորեցրե՛ք կեղտոտ ձեռքերով աչքերին չդիպչել: Էկրանի դիմաց շատ ժամանակ անցկացնելու դեպքում հիշեցրե՛ք ընդմիջումների մասին՝ աչքերի լարվածությունը նվազեցնելու համար, և հաշվի՛ առեք 20-20-20 կանոնը՝ յուրաքանչյուր 20 րոպեն մեկ առնվազն 20 վայրկյան նայել 20 ոտնաչափ (մոտավորապես 6 մետր) հեռավորության վրա գտնվող որևէ կետի։ Եթե դեռահասն ունի տեսողության խնդիրներ, ապա անպայման պետք է դիմել ակնաբույժի և դպրոցում էլ զգուշացնել, որ հնարավոր լինի գրատախտակին մոտ նստել: Ակնոց կրելը կարող է դեռահասի մոտ բարդույթներ առաջացնել, հատկապես եթե դպրոցում կամ դրսում տհաճ  մեկնաբանություններ է լսում դրա վերաբերյալ կամ բուլլինգի ենթարկվում: Կարևոր է բացատրել, որ ակնոց կրելը լրիվ բնական բան է, և շատերն են այն կրում, անգամ աշխարհահռչակ մարդիկ: Կարևոր է նրա մեջ վստահություն ստեղծել, որ ակնոց կրելու մեջ իրոք ոչ մի տարօրինակ կամ վատ բան չկա, քանի որ երբ ինքն էլ սկսի դրան նորմալ վերաբերվել, ապա իր համար ավելի հեշտ կլինի անտեսել տհաճ մեկնաբանությունները կամ էլ անհրաժեշտության դեպքում հաստատակամ պատասխան տալ:

Դեմքի խնամք
Շատ հաճախ դեռահասության ընթացքում դեմքի յուղայնության բարձրացման պատճառով դեմքին կարող են բշտիկներ առաջանալ: Խրախուսե՛ք լվանալ դեմքը փափուկ օճառով օրական մեկ անգամ ու սովորեցրե՛ք բշտիկներին երբեք ձեռք չտալ՝ բակտերաիների տարածումից խուսափելու, իսկ հետագայում էլ սպիներ չունենալու համար:

Ատամների խնամք
Քաջալերե՛ք դեռահասին՝ լվանալու ատամները փափուկ խոզանակով օրական առնվազն երկու անգամ՝ նախաճաշից հետո և քնելուց առաջ: Օգտագործե՛ք ֆտոր պարունակող ատամի մածուկ․ այն օգնում է վերականգնելու էմալը՝ լրացնելով կալցիումի և ֆոսֆորի պակասը և դարձնելով ատամներն ավելի ամուր: Ատամները պետք է խոզանակել առնվազն երկու րոպե․ դա օգնում է հեռացնելու ատամնափառը ու կանխելու կարիեսը: Բացի դրանք խոզանակելուց՝ պետք է օգտագործել ատամի թել, ինչի շնորհիվ հնարավոր է հեռացնել սննդի մասնիկները այն հատվածներից, որտեղ ատամի խոզանակը չի հասնում: Ատամների հետ խնդիրներ ունենալու դեպքում անպայման պետք է դիմել ատամնաբույժի և դեռահասին նախապես բացատրել, թե ինչ միջամտություններ են իրեն սպասում: Մրգերով, բանջարեղենով և սպիտակուցներով հարուստ սննդակարգը նպաստում է ատամների առողջությանը: Քաղցր նախուտեստների և ըմպելիքների սահմանափակումն էլ կարող է օգնել կանխելու կարիեսը և ատամների քայքայումը: Բրեկետներ կրող դեռահասները պետք է լվանան ատամներն ուտելուց հետո՝ ամեն անգամ: Կարևոր է հիշել, որ բրեկետներ կրելը նույնպես կարող է բարդույթների պատճառ դառնալ, և անհրաժեշտ է բացատրել, որ դա բնական բան է և ժամանակավոր բնույթ է կրում:

Ոտքերի խնամք
Սովորեցրե՛ք նրան մանրակրկիտ լվանալ և չորացնել ոտքերը՝ սնկային վարակները կանխելու համար: Խրախուսե՛ք կրել մաքուր գուլպաներ և հարմարավետ կոշիկներ՝ կոշտուկներից և ոտքերի այլ խնդիրներից խուսափելու համար:

Առողջ սննդակարգ
Հորդորե՛ք օգտագործել մրգերով, բանջարեղենով, ձավարեղենով, սպիտակուցներով և առողջ ճարպերով հարուստ սնունդ: Ընդգծե՛ք սննդի բազմազանության և հավասարակշռության կարևորությունը՝ աճի և զարգացման համար անհրաժեշտ սննդանյութերն ապահովելու համար: Խթանե՛ք նախուտեստներ և կանոնավոր սնունդ ուտելու սովորությունը: Խրախուսե՛ք օրվա ընթացքում շատ ջուր խմելը և քաղցր, գազավորված և էներգետիկ ըմպելիքները սահմանափակելը․ վերջիններս կարող են քայքայել ատամները և գիրացնել: Խորհո՛ւրդ տվեք ընտրել առողջ նախուտեստներ՝ մրգեր, բանջարեղեն, ընկույզ, մածուն կամ յոգուրտ, և խուսափել արագ պատրաստման սննդից․ այն պարունակում է մեծ քանակությամբ շաքար, աղ և անառողջ ճարպեր:
Բացատրե՛ք, որ քաշի պահպանումը կախված է հավասարակշռված սնվելուց և կանոնավոր ֆիզիկական ակտիվությունից, այլ ոչ թե դիետաներից: Տեղեկացրե՛ք, որ յուրաքանչյուր դիետա կարող է հանգեցնել սնուցման անբավարարության, իմունային համակարգի թուլացման և նյութափոխանակության դանդաղեցման: Դրանք կարող են բացասաբար ազդել նաև հոգեկան առողջության վրա։

Պարտադիր է խոսել սննդային խանգարումների՝ անորեքսիայի ու բուլիմիայի մասին: Անորեքսիան բնութագրվում է գիրանալու ուժեղ վախով և մարմնի խեղաթյուրված պատկերով, ինչը հանգեցնում է սննդի խիստ սահմանափակման և քաշի կտրուկ կորստի: Անորեքսիա ունեցող մարդը որպես կանոն ուտում է շատ քիչ: Նա կարող է խուսափել բարձր կալորիականությամբ կամ շատ ճարպեր ու ածխաջրեր պարունակող սննդից: Սննդային վարքագիծը կարող է դառնալ խիստ ծիսական, օրինակ՝ սնունդը մանր կտորների բաժանելը, շատ դանդաղ ուտելը կամ սնվելու ժամերը խստությամբ պահպանելը: Շատերը կարող են ավելորդ ֆիզիկական ակտիվություն դրսևորել՝ կալորիաներ այրելու և քաշ կորցնելու համար: Նրանք կարող են շարունակել մարզվել նույնիսկ այն ժամանակ, երբ հոգնած են կամ վատառողջ: Կարող են հաճախ կշռվել և կենտրոնանալ քաշի անգամ փոքր փոփոխությունների վրա: Չնայած նրան, որ անորեքսիա ունեցողը խուսափում է սննդից, նա կարող է անընդհատ մտածել դրա մասին՝ ներառյալ խոհարարական գրքեր կարդալը կամ խոհարարական հաղորդումներ դիտելը: Կարող է ուրիշների համար հաճախ կերակուրներ պատրաստել, բայց երբեք դրանք չուտել: Անորեքսիան կարող է առաջացնել առողջական լուրջ խնդիրներ, այդ թվում՝ սրտի և ոսկորների հետ կապված խնդիրներ և անպտղություն:

Բուլիմիան բնութագրվում է շատակերության ցիկլով, որին հաջորդում են այնպիսի փոխհատուցվող վարքագծերը, ինչպիսիք են փսխումը, չափից դուրս ֆիզիկական վարժությունները կամ լուծողականների օգտագործումը՝ քաշի ավելացումը կանխելու համար: Բուլիմիայով տառապող անհատները շատ մեծ քանակությամբ սնունդ օգտագործելու դեպքում հաճախ ունենում են ինքնատիրապետման կորստի զգացում և հետևանքները վերացնելու նպատակով դիմում են փոխհատուցման վարքագծին՝ արհեստական փսխում առաջացնելով կամ լուծողական խմելով: Բուլիմիան կարող է առաջացնել սրտանոթային, ստամոքսի և աղիքային տրակտի հետ կապված լուրջ խնդիրներ:

Քրտնարտադրություն
Հորմոնալ փոփոխությունների պատճառով դեռահասները կարող են ավելի շատ քրտնել, և կարևոր է ընտրել ճիշտ միջոց, որն օգտագործելիս կպահպանվի քրտնարտադրությունը, սակայն կկանխվի տհաճ հոտը: Պետք է զերծ մնալ հակաքրտինքային միջոցներից, քանի որ դրանք չեն թողնում, որ դեռահասը քրտնի, ինչն էլ թույլ չի տալիս օրգանիզմից դուրս բերել թունավոր նյութերը`տոքսինները: Պետք է խուսափել անտիպերսպիրանտներից, որովհետև դրանք դադարեցնում են քրտնարտադրությունը, մինչ դեզոդորանտ օգտագործելիս քրտնարտադրությունը շարունակվում է, բայց կանխվում է տհաճ հոտը: Կարևոր է ամեն օր լվանալ թևատակերը, չորացնել և քսել դեզոդորանտ կամ ոչինչ չօգտագործել, եթե օգտագործելու ցանկություն չկա: Չի կարելի քրտնած վիճակում քսել դեզոդորանտ, քանի որ դա ավելի կուժեղացնի և կսրի տհաճ հոտը:

Կրծքերի խնամք
Սեռահասունացման ժամանակ դեռահաս աղջիկների կրծքագեղձերը սկսում են մեծանալ և փոխվել: Կարևոր է բացատրել դեռահասին, որ կրծքի չափը խիստ անհատական ​​է, և դրանով չի որոշվում կնոջ արժեքը կամ կանացիությունը: Յուրաքանչյուր աղջկա մարմինը զարգանում է իր տեմպերով, և բոլոր չափերն էլ նորմալ են և գեղեցիկ: Եթե աղջիկը  կրծկալ կրելու ցանկություն է հայտնել, ապա անհրաժեշտ է ընտրել հնարավորինս համապատասխանը և հարմարավետը, որպեսզի այն կրելու ընթացքում դեռահասի մոտ անհարմարություններ ու խանգարող բաներ չառաջանան: Ամենօրյա կրելու դեպքում պետք է ընտրել անլար ու բամբակյա փափուկ, հարմարավետ կրծկալ, քանի որ բամբակյա կրծկալը ավելի քիչ հավանկանություն ունի մաշկը գրգռելու, իսկ մաշկի խնամքը կարևոր է, քանի որ սեռահասունացման ժամանակ այն շատ զգայուն է: Այնուամենայնիվ, եթե ընտրել եք լարով կրծկալ, ապա հիշեք, որ կրծկալից լարերի դուրս գալու դեպքում հարկ չկա դրանք հետ տեղադրել, քանի որ, միևնույն է, նորից դուրս են գալու, և հնարավոր է՝ սեղմեն ու վնասեն կուրծքը: Պետք է հիշել, որ կրծկալ ընտրելիս անհրաժեշտ է ուշադրություն դարձնել կրծկալի և կրծքագեղձի ճիշտ չափերին ու համապատասխանությանը, հակառակ դեպքում կարող են առաջանալ առողջական խնդիրներ: Կարևոր է նաև աղջկան բացատրել, որ այն ամբողջ օրը կրելը կրծքերի առողջության համար լավ չէ, և օրվա ընթացքում ցանկալի է երբեմն առանց դրա լինել, իսկ քնելու ժամանակ էլ պետք է անպայման հանել:

Մարմնի մազահեռացում
Եթե ​​դեռահասը հետաքրքրված է մարմնի մազահեռացմամբ, կարևոր է քննարկել անվտանգ տարբեր մեթոդներ և համոզվել, որ նա հասկանում է, թե դա ինչպես ճիշտ անել՝ առանց մաշկը վնասելու և գրգռելու: Սափրելը ամենատարածված ու մատչելի տարբերակներից մեկն է ու ապահովում է արագ արդյունք: Պետք է օգտագործել մաքուր, սուր ածելի և սափրվելու քսուք կամ գել՝ կտրվածքների և մաշկի գրգռման վտանգը նվազեցնելու համար: Մեղրամոմով մազահեռացումը ևս տարբերակ է: Այս մեթոդն օգտագործելիս մազերը հեռացնում են արմատից:Սկզբում տաք մոմը քսում են մաշկին ու այնուհետև մազերի հետ միասին հեռացնում: Սափրելու համեմատ մեղմրամոմով մազահեռացումը տալիս է ավելի երկարատև արդյունք, բայց ցավոտ է ու կարող է առաջացնել ժամանակավոր կարմրություն կամ բշտիկներ: Կարելի է նաև մազահեռացնող քսուք օգտագործել: Այն շատ հեշտ է օգտագործել, բայց քանի որ մաշկի վրա կարող է ալերգիկ ռեակցիաներ առաջացնել, կարևոր է նախօրոք մաշկի մի փոքր հատվածի վրա փորձարկում անել ու համոզվելուց հետո, որ ամեն ինչ կարգին է, նոր անցնել ամբողջական մազահեռացման: Կարելի է օգտվել նաև էպիլյատորից, ինչը, ի տարբերություն սափրելու և մազահեռացման քսուքի, մազերը հեռացնում է արմատից ու կարող է երաշխիք լինել ավելի երկարատև արդյունքի համար: Պետք է հիշել, որ ինչպես մեղմրամոմ, այնպես էլ էպիլյատոր օգտագործելը ցավոտ է, որովհետև այս մեթոդների ժամանակա մազը ոչ թե կտրվում է, այլ արմատով հեռացվում: Կա նաև լազերային էպիլյացիա, թեև այն արդյունավետ է ու երկարատև արդյունք է ապահովում, միևնույն է, դեռահասների դեպքում այն պետք է զգուշությամբ օգտագործել և մազահեռացումը իրականացնել միայն բարձրակարգ մասնագետի մոտ:

Ցայլքի հատվածի մազերը ավելի կոկիկ դարձնելու նպատակով դեռահասին կարող եք խորհուրդ տալ օգտագործել ածելի ու բացատրել, որ կարևոր է սափրել մազերի աճի ուղղությամբ՝ հետագայում ներաճած մազեր չունենալու համար, լինել շատ զգույշ, չվնասել ու չկտրել մաշկը, իսկ վերջում մաշկը հանգստացնելու համար խոնավացնող քսուք քսել: Կարելի է նաև կտրատել մազերը, բայց ցանկալի է ոչ ամբողջությամբ, որովհետև տվյալ հատվածի մազերը նաև պաշտպանական դեր են ունեն: Պետք նաև բացատրել, որ ցայլքի հատվածի մազերի հեռացումը անձնական ընտրություն է, չկա ճիշտ կամ սխալ որոշում, և յուրաքանչյուրը պիտի անի այնպես, ինչպես իրեն է դուր գալիս:

Դաշտանային ցիկլ

Ինչ է դաշտանը, և ինչու է այն լինում
Դաշտանը կանանց ու աղջիկների մոտ ամիսը մեկ անգամ հեշտոցային արյունահոսություն է, երբ մարմինը ազատվում է արգանդի լորձաթաղանթից: Կնոջ մարմինն անկրկնելի է, և այն ամեն ամիս պատրաստվում է հղիանալուն, բայց չհղիանալու դեպքում մարմինն այդ լորձաթաղանթի կարիքը չունի ու հենց այդ պատճառով էլ ազատվում է դրանից:

Դաշտանային ցիկլը վերահսկվում է էստրոգեն ու պրոգեստերոն հորմոնների կողմից: Այդ նույն հորմոնների ազդեցության շնորհիվ էլ արգանդի լորձաթաղանթը հաստանում է ու պատրաստվում հղիության: Այս հորմոնները նաև պատասխանատու են ձվազատման՝ օվուլյացիայի, և բեղմնավորված ձվաբջջի՝ արգանդում ներդրման համար: Բայց երբ հղիությունը բացակայում է, ձվազատումից մոտավորապես երկու շաբաթ անց սկսվում է դաշտանը։

Էստրոգենի և պրոգեստերոնի քանակը դաշտանային ցիկլի ընթացքում փոփոխվում է: Ցիկլի առաջին կեսի ընթացքում ձվարանները հիմնականում էստրոգեն են արտադրում: Ցիկլի երկրորդ կեսի ընթացքում արգանդի լորձաթաղանթը հաստանում է, ու ստեղծվում է ներքին շերտ, որպեսզի հղիանալու դեպքում սաղմի հետագա զարգացման և աճի համար բարենպաստ պայման ստեղծվի:  Ցիկլի ընթացքում, երբ արգանդի լորձաթաղանթը հասնում է բավարար հաստության, ձվարաններից մեկից արտազատվում է ձվաբջիջ: Այս փուլը կոչվում է ձվազատում: Այնուհետև ձվաբջիջն արգանդափողերով ուղևորվում է դեպի արգանդ: Այդ ընթացքում կինը բեղուն է ու եթե սեռական հարաբերություն ունենա, ապա տղամարդու սերմնահեղուկը կարող է միանալ ձվաբջջին և հղիացնել կնոջը: Ձվաբջիջն արգանդափողում սպասում է մոտ 24 ժամ, իսկ տղամարդու սերմնահեղուկը կնոջ օրգանիզմում կարող է գոյատևել 5-7 օր: Ուստի եթե նույնիսկ չպաշտպանված սեռական հարաբերությունը տեղի է ունեցել  ձվազատումից մի քանի օր առաջ, ապա կինը միևնույն է կարող է հղիանալ: Ցիկլի երկրորդ կեսի ընթացքում՝ մինչև հաջորդ դաշտանի սկսվելը, կնոջ օրգանիզմը արտադրում է պրոգեստերոն հորմոնը: Պրոգեստերոնի արտադրությունը օրգանիզմում կարող է հոգնածության զգացում, քնկոտություն և ընդհանուր պասիվություն առաջացնել: Դրա պատճառով էլ կանայք մինչև դաշտանային արյունահոսությունը և այդ ընթացքում էլ ունենում են վատ տրամադրություն, իսկ դաշտանից հետո առավել ակտիվ են լինում: Եթե ձվաբջիջը չի բեղմնավորվում, ապա արգանդի լորձաթաղանթի հաստացած շերտն այլևս անհրաժեշտ չէ: Ձվարանները դադարում են համապատասխան հորմոններ արտադրելուց, և լորձաթաղանթի այդ հաստ շերտը սկսում է քայքայվել ու ձվաբջջի հետ միասին դաշտանային արյան միջոցով դուրս է գալիս օրգանիզմից:

Երբ է սկսվում դաշտանը
Աղջիկների մեծամասնության մոտ առաջին դաշտանը լինում է 10-ից 16 տարեկանում: Իհարկե, լինում են դեպքեր, երբ այն սկսվում է 9 տարեկանում, որովհետև յուրաքանչյուր օրգանիզմ տարբեր է, բայց 16 տարեկանից բարձր հասակում դաշտանի բացակայության դեպքում պետք է դիմել բժշկի։ Երբեմն դեռահասների դաշտանի կանոնավոր դառնալը կարող է տևել մի քանի տարի:

Որոնք են դաշտանի նախանշանները
Դաշտանի նախանշաններն են՝ ծակոցներ, ճնշման զգացում կամ ցավ որովայնի ստորին հատվածում: Դաշտանից առաջ կրծքերը կարող են ցավել, մի քիչ ուռչել ու զգայուն դառնալ, որովայնի հատվածում կարող է փքվածություն առաջանալ։ Հնարավոր են գլխացավեր, երբեմն էլ հոգնածության զգացում, ինչպես նաև տրամադրության կտրուկ փոփոխություններ:

Որքան է դաշտանի տևողությունը
Դաշտանը սովորաբար տևում է 3-7 օր:
Սովորական դաշտանային ցիկլը տևում է մոտ 28 օր: Հասուն կանանց մոտ կարող է տևել 21-ից 35 օր, իսկ դեռահասների մոտ՝ 21-ից 45 օր: Այն սկսվում է դաշտանի առաջին օրվանից և ավարտվում հաջորդ դաշտանի սկսվելուց մեկ օր առաջ:

21 օրից կարճ, 35 օրից երկար ցիկլը, 7 օրից ավելի տևողությամբ դաշտանը, շատ առատ արյունահոսությունը, ցիկլի երկարության զգալի փոփոխությունները կամ դաշտանի հաճախակի բացակայությունները օրինաչափ չեն, ու պետք է խորհրադակցել բժշկի հետ:

Դաշտանային արյունահոսության քանակությունն ու գույնը
Դաշտանի ընթացքում հեշտոցից դուրս է գալիս մոտ 30-ից 90 գրամ արյուն, և այն կարող է լինել վառ կարմիր, մուգ կարմիր, շագանակագույն կամ նույնիսկ սև: Երբեմն կարող են լինել նաև արյան մուգ մակարդուկներ, ինչը լրիվ բնական է։

Ինչը կարող է ազդել դաշտանային ցիկլի վրա
Սթրեսը կարող է անկանոն դարձնել դաշտանային ցիկլը, ինչպես նաև ինտենսիվ ֆիզիկական վարժություններն ու քաշի կտրուկ նվազումը կարող են խախտել ցիկլն ու այն դարձնել անկանոն: Ցիկլի խախտմանը կարող են նպաստել նաև հակաբեղմնավորիչները կամ հակադեպրեսանտները: Քրոնիկ հիվանդություններն ու հորմոնալ խախտումները նույնպես կարող են խախտել ցիկլի կանոնավոր գործընթացը: Այդ իսկ պատճառով խարխուսելի է դաշտանային ցիկլի օրացույց ունենալ և նշել ցիկլի օրերը, որովհետև դրա շնորհիվ հեշտ կլինի վերահսկել ցիկլն ու նկատել յուրաքանչյուր փոփոխություն:

Դաշտանի հետ կապված խնդիրներ

Երբեմն ձվարանը ձվաբջիջ չի արտազատում: Այս դեպքում կնոջ օրգանիզմն ավելի քիչ պրոգեստերոն է արտադրում, ինչի ազդեցության ներքո փոփոխության է ենթարկվում նաև դաշտանային ցիկլի հաճախականությունն ու առատությունը: Այն երիտասարդ աղջիկները, ում մոտ դաշտանը նոր է սկսվում, կամ կանայք, որոնք վերջերս են դադարել կրծքով կերակրելուց, կարող են մի քանի ամիսը մեկ դաշտանային արյունահոսություն ունենալ: Երբեմն էլ արյունահոսությունը կարող է չափազանց առատ կամ սակավ լինել: Սակայն ցիկլը ժամանակի ընթացքում կարգավորվում է: Ավելի տարեց կանանց մոտ, որոնք դեռ դաշտանադադար չունեն, ամսական արյունահոսությունը կարող է ավելի հաճախակի բնույթ կրել և ավելի առատ լինել, քան երիտասարդ ժամանակ: Երբ մոտենում է դաշտանադադարը, կանանց մեծամասնության մոտ մի քանի ամիս շարունակ դաշտան չի լինում, այնուհետև ցիկլը վերականգնվում է, սակայն այս ամենը կարող է մի որոշ ժամանակ պահանջել:

Անմիջապես պետք է դիմել բժշկի հետևյալ ախտանիշների դեպքերում․

  • Մենարխեից մի քանի տարի անց դաշտանը կանոնավոր չի դարձել:
  • 90 օրից ավել դաշտանը բացակայում է:
  • Կանոնավոր դաշտանից հետո առաջացել են դաշտանային ֆունկցիայի խանգարումներ:
  • Դաշտանի ընթացքում արյունահոսությունը տևում է 7 օրից ավել:
  • Դաշտանի արյունահոսությունն այնքան առատ է, որ միջադիրը ժամը մեկ փոխելու անհրաժեշտություն կա:
  • Դաշտանային ցիկլը 21 օրից կարճ է կամ 35 օրից ավել:
  • Երկու դաշտանային ցիկլերի միջև կա արյունահոսություն:
  • Դաշտանն ուղեկցվում է սուր ցավով, որը չկար նախկինում:
  • Տամպոն օգտագործելուց հետո ինքնազգացողությունը վատն է, և կա ջերմություն:
  • Դաշտանը չի սկսվել մինչև 16 տարեկանը կամ կրծքերը ձևավորվելուց 3 տարի անց:

Բժշկի պետք է դիմել նաև այնպիսի ախտանիշների դեպքում, ինչպիսիք են անկանոն դաշտանը, մարմնի մազերի կտրուկ աճը, ակնեն, կոնքային ցավը կամ հղիանալու դժվարությունը:

Սովորաբար դաշտանային ցիկլի խախտումը լուրջ խնդիր չէ, բայց կարող է նաև հղիության կամ էլ առողջական որոշակի խնդիրների նշան լինել:

Դաշտան և սեռական հարաբերություններ

Սեռական հարաբերությունը դաշտանի ընթացքում վնասակար չէ օրգանիզմի համար, իհարկե, եթե համոզված ես, որ զուգընկերդ չունի սեռավարականեր (ՍՃՓՎ), որովհետև դաշտանի ընթացքում կնոջ համար սեռավարակ ձեռք բերելու հավանականությունը ավելի բարձր է, քանի որ արգանդի վզիկը փոքր ինչ լայնանում է, ինչն էլ իր հեթին բարձրացնում է վարակվելու հավանականությունը: Այսպիսի իրավիճակում անհրաժեշտ է պաշտպանվել ու օգտագործել պահպանակ: Յուրաքանչյուր զույգ ինքն է որոշում՝ դաշտանի օրերին ունենա՞լ սեռական հարաբերություն, թե՞ ոչ, և դա լրիվ բնական է։

Հղիություն դաշտանի ընթացքում
Շատ կանանց ու աղջիկներին թվում է, թե դաշտանային արյունահոսության օրերին տղամարդու հետ չպաշտպանված սեռական հարաբերություններ ունենալու դեպքում չեն կարող հղիանալ: Սա ճիշտ է միայն այն դեպքում, եթե կնոջ դաշտանային ցիկլը երկար է տևում, այսինքն՝ նրա դաշտանը սկսվում է յուրաքանչյուր 30 ու ավելի օրը մեկ: Այս դեպքում կինը չի կարող հղիանալ դաշտանի օրերի ընթացքում, սակայն եթե նրա դաշտանը սկսվում է յուրաքանչյուր 21 օրը մեկ, ապա ձվազատման մոտակա օրերը կարող են լինել դաշտանային արյունահոսության վերջին օրերը: Այս դեպքում հղիանալը հավանական է:

Նախադաշտանային համախտանիշ

Նախադաշտանային համախտանիշը (ՆԴՀ) ֆիզիկական և հուզական  փոփոխություններն են, որոնք շատ կանայք և աղջիկներ ունենում են դաշտանի սկսվելուց մեկ կամ երկու շաբաթ առաջ:
Այն ունի հետևյալ նշանները․

  • ցավոտ ու այտուցված կրծքեր․
  • որովայնի ներքևի հատվածում ծանրության և փքվածության զգացում․
  • գլխացավ կամ միգրեն․
  • հոգնածության զգացում․
  • մարմնի ու դեմքի վրա բշտիկների առաջացում․
  • փորկապություն կամ լուծ․
  • քաղցր կամ աղի ուտելու մեծ ցանկություն․
  • միզելու հետ կապված դժվարություններ․
  • որովայնի և մեջքի մկանների ցավ․
  • հեշտոցի խոնավության փոփոխություն․
  • տրամադրության կտրուկ փոփոխություններ․
  • դյուրագրգիռություն․
  • տագնապայնության բարձրացում․
  • տխրության զգացում․
  • կենտրոնանալու հետ կապված դժվարություններ․
  • քնի խափանում։

 

Շատ կանայք յուրաքանչյուր ամիս ունենում են այս ախտանիշներից մեկը կամ մի քանիսը, իսկ ոմանք՝ բոլորը միասին: Ամիսների ընթացքում ախտանիշների բնույթը կարող է փոփոխվել: Բազմաթիվ կանանց համար նախադաշտանային օրերը տհաճ և անհանգիստ են լինում, սակայն որոշ կանայք էլ պնդում են, որ այդ ժամանակահատվածում իրենք շատ ավելի կենսունակ են և ակտիվ:

Յուրաքանչյուր կնոջ համար նախադաշտանային համախտանիշը հաղթահարելու մեթոդներն ու միջոցները տարբեր են: Ստորև ներկայացնում ենք դրանցից մի քանիսը․

  • հետևել առողջ սննդակարգին՝ նվազեցնելով աղի ու շաքարի քանակությունը․
  • պահպանել բարձր ֆիզիկական ակտիվություն՝ մարզվելով շաբաթական մի քանի օր․
  • օրական մոտավորապես 8 բաժակ ջուր խմել՝ փքվածության զգացումը նվազեցնելու համար․
  • անհրաժեշտության դեպքում ցավազրկող ընդունել․
  • սթրեսն ու դյուրագրգիռությունը նվազեցնելու նպատակով մեդիտացիաներ կամ յոգա անել․
  • գիշերվա ընթացքում քնել 7-9 ժամ․
  • նվազեցնել կոֆեին ու ալկոհոլ պարունակող ըմպելիքները:

Հիգիենան դաշտանային ցիկլի ժամանակ

Դաշտանային ցիկլի ընթացքում առողջության և հարմարավետության համար հիգիենայի պահպանումը կարևոր է: Պետք է ամեն օր լոգանք ընդունել և սեռական օրգանները լվանալ մեղմ ու անհոտ օճառով: Անհրաժեշտ է կրել փափուկ և բամբակյա ներքնազգեստ: Եվ, իհարկե, դաշտանային պարագաները տեղադրելուց առաջ և հետո ձեռքերն անպայման պետք է լվանալ:

Դաշտանային պարագաների վերաբերյալ մի քանի խորհուրդներ, որոնք կօգնեն դաշտանի ընթացքում մաքուր և թարմ մնալ:

Միջադիրներ
Միջադիրը պետք է փոխել յուրաքանչյուր 4-6 ժամը մեկ կամ ավելի հաճախ, եթե կա դրա անհրաժեշտությունը: Արյան արտահոսքը կանխելու համար անհրաժեշտ է ընտրել արյան ծավալին համապատասխան միջադիր: Միջադիրները հիանալի տարբերակ են բոլորի համար, քանի որ դրանք տեղադրվում են վարտիքի վրա, և հեշտոցի ներսում տեղադրելու կարիք չկա: Մաշկի գրգռվածությունից և ցանից խուսափելու համար պետք է ընտրել փափուկ և բամբակյա միջադիրներ: Որոշ միջադիրներ ունեն նաև թևիկներ, որոնք օգնում են էլ ավելի լավ ֆիքսել միջադիրը վարտիքի վրա և կանխել արտահոսքը:

Տամպոններ
Տոքսիկ շոկի համախտանիշից (ՏՇՀ) խուսափելու համար տամպոնները պետք է փոխել յուրաքանչյուր 4-ից 8 ժամը մեկ: Տամպոնն օգտագործելու համար պետք է հարմարավետ դիրք ընդունել, տամպոնը նրբորեն մտցնել հեշտոցային բացվածքի մեջ և այն զգուշությամբ ներս հրել: Տամպոնը տեղադրելուց առաջ և հետո ձեռքերը միշտ պետք է լվանալ: Նուրբ և զգայուն մաշկ ունենալու դեպքում պետք է գնել տամպոններ, որոնք պատրաստված են օրգանական բամբակից: Տամպոնները լինում են տարբեր չափերի, ձևերի և հաստության, և յուրաքանչյուր կին ինքն է ընտրում, թե դրանցից կոնկրետ որն է իրեն ավելի համապատասխան: Կան հատուկ տամպոններ՝ ավելի նեղ ու կարճ, որոնք նախատեսված են կույս աղջիկների համար:

Դաշտանային բաժակ
Դաշտանային բաժակը պետք է դատարկել և ողողել յուրաքանչյուր 8-12 ժամը մեկ: Բաժակը տեղադրելուց առաջ և հետո ձեռքերն անպայման պետք է լվանալ: Օգտագործելուց հետո այն անհրաժեշտ է մանրէազերծել, ինչպես նշված է արտադրողի ցուցումների մեջ: Կույս աղջիկները նույնպես կարող են օգտագործել դաշտանային բաժակներ, բայց հնարավոր է՝ որոշակի պրակտիկա պահանջվի դրանք ճիշտ տեղադրելու և հանելու համար: Պետք է ընտրել ավելի փոքր չափս, որը նախատեսված է դեռահասների կամ կույս աղջիկների համար: Դաշտանային բաժակը տեղադրելու համար այն պետք է ծալել, ինչպես պատկերված է հրահանգների մեջ, մտցնել հեշտոցային բացվածքի մեջ և բաց թողնել, որպեսզի այն հեշտոցի ներսում լիովին բացվի: Լավագույն որակի և անվտանգության համար կարևոր է ձեռք բերել բժշկական սիլիկոնից պատրաստված դաշտանային բաժակներ:

Դաշտանային վարտիք
Դաշտանային վարտիքը կարելի է կրել մինչև 12 ժամ: Օգտագործելուց հետո այն սկզբում պետք է լվանալ սառը ջրով, այնուհետև լվանալ ցուցումներին համաձայն։ Այս վարտիքները լավ տարբերակ են բոլորի համար, քանի որ դրանք կրում են, ինչպես սովորական ներքնազգեստը: Պետք է ընտրել առավելագույնս ներծծող և շնչող գործվածքով դաշտանային վարտիքներ:

Դաշտանային ցավեր
Դաշտանի ընթացքում արգանդի խոռոչում կուտակված արյան մակարդուկների հեռացման և նաև արգանդի հաստացած լորձաթաղանթի շերտանջատման հետևանքով արգանդը կրճատվում է, և դա որովայնի կամ մեջքի ներքևի հատվածում ցավի առաջացման պատճառ կարող է լինել:

Նմանօրինակ դեպքերում անհրաժեշտ է․

  • մերսել որովայնի ներքևի հատվածը, մկանները թուլացնելու նպատակով․
  • որովայնի կամ մեջքի ներքևի հատվածում տաք ջրով տարա տեղադրել կամ որևէ հաստ կտոր տաք ջրով թրջել, քամել և դնել ցավող հատվածին․
  • ֆիզիկապես ակիտվ լինել՝ շատ քայլել, մարզվել, զբոսնել․
  • խուսափել կոֆեին ու ալկոհոլ պարունակող ըմպելիքներից:

Սերմնաժայթքում և պոլյուցիա՝ երազախաբություն

Տղամարդիկ դաշտան չեն ունենում, քանի որ նրանք չունեն վերարտադրողական նույն համակարգը, ինչ կանայք: Այնուամենայնիվ, սեռական հասունացման ընթացքում նրանց օրգանիզմը նույնպես ենթարկվում է փոփոխությունների: Դրանցից մեկը սերմնաժայթքումն է, և այն կարող է լինել արթուն կամ քնած ժամանակ: Այն հաճախ նաև անվանում են երազախաբություն:

Պոլյուցիա կամ երազախաբություն
Սեռական հասունացման ընթացքում տղաների մարմինը սկսում է արտադրել սեռական հորմոններ, որոնք ձևավորում են սերմնահեղուկը: Երբեմն քնի ընթացքում սերմնահեղուկը դուրս է գալիս մարմնից: Երազախաբությունը հաճախ լինում է էրոտիկ բնույթ կրող երազների ժամանակ, բայց այն կարող է լինել նաև առանց դրանց:

Թաց ներքնազգեստ
Տղաների դեպքում բնական է արթնանալն ու ներքնազգեստի կամ սավանի վրա թաց հետքեր գտնելը: Սա կարող է երբեմն նաև շփոթեցնող լինել, և ոմանք այն նույնիսկ կարող են շփոթել գիշերամիզության հետ: Կարևոր է դեռահասին բացատրել, որ այդ ձևով օրգանիզմը ազատվում է ավելորդ սերմնահեղուկից,և դա հասունանալու միանգամայն բնական մասն է կազմում:

Պատահական էրեկցիա
Տղաները կարող են նկատել, որ երբեմն առավոտյան կամ օրվա ընթացքում՝ տարբեր ժամերի, իրենց մոտ էրեկցիա է առաջանում: Էրեկցիայի ժամանակ առնանդամը պնդանում է և կանգնում: Էրեկցիա ունենալը կարող է պայմանավորված լինել ոչ միայն էրոտիկ բնույթի մտքերով, այլև ուրիշ հանգամանքներով:

Փոփոխությունների պատճառները
Այս փոփոխությունները լինում են սեռական հասունացման ընթացքում սեռական հորմոնների ավելացման պատճառով: Տղաների մոտ հիմնական պատասխանատու հորմոնը տեստոստերոնն է։ Այս հորմոնը խթանում է սերմնահեղուկի արտադրությունը և առաջացնում այնպիսի փոփոխություններ, ինչպիսիք են դեմքի մազերի աճը և ձայնի փոփոխությունը:

Հաճախ տրվող հարցեր

Հարց – Ե՞րբ են ավարտվում սեռական հասունացման շրջանում դիտվող փոփոխությունները:

Պատասխան – Սեռական հասունացման ընթացքում դիտվող փոփոխությունների ավարտը շատ անհատական է, մեկի մոտ դրանք կարող են ավելի շուտ ավարտվել, մյուսի մոտ՝ ավելի ուշ, սակայն այս գործընթացն ավարտվում է մոտավորապես  մինչև 18 տարեկան հասակը:

Հարց – Որքա՞ն կարող է մեծանալ կուրծքը:

Պատասխան – Շատ անհատական է, լիմոնի չափից մինչև նարնջի չափ և այլն, այստեղ դեր ունի  նաև ժառանգական գործոնը, բայց հիմնականում կրծքագեղձերի չափն անհատական է:

Հարց -Որքա՞ն պետք է լինի առնանդամի ճիշտ չափը:

Պատասխան – Գոյություն չունի ճիշտ չափ: Հաճախ տղաներն անհանգստանում են և կարծում են, որ իրենց առնանդամն ավելի մեծ պետք է լիներ՝ համեմատելով մյուսների հետ: Յուրաքանչյուրի մոտ այս օրգանը զարգանում է յուրովի և առնանդամի չափը սեռական հարաբերության ընթացքում որևէ որակ չի կարող ապահովել: Շատերին թվում է` որքան մեծ լինի առնանդամը, այնքան հաճույքն ավելի ուժգին կլինի, սակայն այն չի համապատասխանում իրականությանը:

Հարց – Ե՞րբ է սկսվում դաշտանային ցիկլը:

Պատասխան – Անհատական բնույթ է կրում: Մեկի մոտ կարող է սկսվել 9-10 տարեկանում, մյուսի մոտ՝ 13-14 կամ ավելի ուշ և սա բնական է:

Հարց – Տղաներն ունենու՞մ են դաշտանային ցիկլ:

Պատասխան – Տղաները չեն կարող ունենալ դաշտան, քանի որ չունեն կնոջ վերարտադրողական օրգաններ: Տղաների և աղջիկների սեռական և վերարտադրողական օրգանները տարբերվում են միմյանցից:

Հարց – Ինչպե՞ս անել, որ գեղեցիկ մարմին ունենաս:

Պատասխան – Գեղեցկությունը չունի որևէ չափանիշ, յուրաքանչյուր մարդ գեղեցիկ է յուրովի՝ նիհար, թե գեր, կարճահասակ, թե բարձրահասակ, բոլորը գեղեցիկ են և պետք չէ փորձել նմանվել մյուսներին: Պետք է փորձել գնահատել և սիրել այն մարմինը, որն ունեք և տարբեր զոհողությունների չգնաք հանուն որոշակի չափանիշների, քանի որ վերջիններս կարող են լուրջ հետևանքներ թողնել առողջության վրա:

Հարց – Արդյո՞ք տամպոնների օգտագործումը վնասակար չէ առողջության համար

Պատասխան – Այս թեմայի շուրջ առկա են տարբեր հակասական տեսություններ: Ոմանք պնդում են, որ դրանք կարող են առաջացնել հեշտոցի հետ կապված  խնդիրներ: Համաձայն գրականության որոշ աղբյուրների էլ`տամպոններն առավել անվտանգ են, քան միջադիրները, քանի որ դրանք բամբակյա են: Մեր խորհուրդն է` փորձել ինքնուրույն հասկանալ, արդյոք այն որևէ վնասակար կամ ալերգիկ երևույթներ չի առաջացնում օրգանիզմում: Եթե զգում եք, որ հանգիստ եք տամպոն օգտագործելիս, ապա կարելի է լիարժեք կերպով այն օգտագործել, իսկ եթե կինն օգտագործելիս անհարմարավետություն է զգում, ապա կարելի է օգտագործել միջադիր կամ կտոր:

Հարց – Քանի՞ օրը մեկ կարող է լինել երազախաբությունը և ե՞րբ է ավարտվում տվյալ երևույթը:

Պատասխան – Երազախաբությունն սկսվում է սեռական հասունացման ժամանակ և շատ անհատական բնույթ է կրում, մեկի մոտ այն կարող է դիտվել ամեն օր, մինչդեռ մյուսի մոտ`ոչ հաճախ և սա բնական է: Երազախաբությունը կարող է շարունակվել ամբողջ կյանքի ընթացքում և սակավանալ կյանքի ընթացքում, եթե տղամարդը սեռապես ակտիվ է:

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ

© 2016 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս, ռադիո եւ հեռուստաընթերցումների դեպքում, հղումը serakanutyun.org-ին պարտադիր է: Serakanutyun.org- ի հեղինակային հոդվածները, լուսանկարներն արտատպելու համար պարտադիր է ստանալ գրավոր համաձայնությունը:

  • Մեր մասին
  • Ինչպես խոսել երեխայի հետ սեռականության մասին
  • Ինչպես հղել մեզ հարց
  • Կապ